If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Սովորիր ծրագրավորում «Քան» ակադեմիայի հետ

Այս դասընթացի շրջանակում կսովորենք JavaScript ծրագրավորման լեզվի հասկացություններն ու ProcessingJS գրադարանի այն ֆունկցիաները, որոնք կարող եք դրա հետ օգտագործել։ Սովորելուց առաջ արի հասկանանք, թե ինչպես ենք «Քան» ակադեմիայում ծրագրավորում դասավանդում, և ինչպես կարող ես սովորել հնարավորինս արդյունավետ։
«Քան» ակադեմիայում սովորական տեսանյութեր ենք օգտագործում, բայց ծրագրավորումը դասավանդելու համար օգտագործում ենք Հուշումների տեսանյութեր։ Հուշումների տեսանյութերը սովորական տեսանյութերից տարբերվում են նրանով, որ ինտերակտիվ են. ցանկացած պահի կարող ես տեսանյութը դադարեցնել և կոդի վրա փոփոխություններ անել։ Ավելին, եթե ուզես, կարող ես նույնի քո տարբերակը ստեղծել։ Ահա հուշումների տեսանյութի կարճ GIF (իրական հուշումների տեսանյութում, իհարկե, նաև ձայն կլինի)։
«Փոփոխականներով անենք ավելին» հուշումների տեսանյութի GIF
Հուշումների տեսանյութից հետո կստանաս քայլ առ քայլ ծրագրավորման մարտահրավեր, որն իրականացնելու համար կտանք հուշումներ ու հաղորդագրություններ։ Եթե զգաս, որ շատ ժամանակ ես ծախսում մեկ մարտահրավերի վրա, ինչն էլ հիասթափեցնում է քեզ, հուշումների տեսանյութը մեկ անգամ էլ նայիր կամ էլ պարզապես առաջ անցիր և փորձիր մարտահրավերը հաղթահարել ավելի ուշ։ Ահա Մեծ ատամներով նապաստակի մարտահրավերից մի GIF։
Մեծ ատամներով նապաստակի ծրագրավորման մարտահրավերի GIF
Ծրագրավորում սովորելիս դու պետք է անընդհատ պարապես։ Մարտահրավերները քո սովորածն օգտագործելու լավ միջոց են, սակայն մենք ուզում ենք, որ դու ավելին անես։ Այդ պատճառով մենք արդեն դասընթացի շրջանակում ունենք Նախագծեր, որոնք քեզ հնարավորություն կտան ավելի շատ ժամանակ տրամադրել ու ստեղծագործել, քան մարտահրավերները։ Նախագծերից մի քանիսը քո դասընկերները կգնահատեն, իսկ մի քանիսը՝ միայն դու։ Դու էլ հնարավորություն կունենաս քո դասընկերների նախագծերը գնահատելու, որպեսզի դրանցից կարողանաս սովորել։ Ծրագրավորման ոլորտում մենք անընդհատ սովորում ենք մեր ընկերներից․ միշտ սովորելու բան կա։
«Ինչ ենք ուտում ընթրիքին» նախագծի էկրանահան
Նախագծերից բացի, դու կարող ես նաև ցանկացած նոր ծրագիր ստեղծել։ Պարզապես ծրագրավորման գլխավոր էջում սեղմիր «Նոր ծրագիր» և օգտվիր փաստաթղթավորումից, որպեսզի հիշես՝ ինչն ինչպես անել։
Եվ հիշիր, սխալվելը շատ բնական է։ Ծրագրավորողներն ամբողջ օրը դրանով են զբաղված. մտածում ենք, սխալներ ենք անում ու սովորում ենք դրանցից։
Սխալ պարունակող նոր ծրագրի էկրանահան
Ծրագիրը գրելուց հետո կարող ես այն պահպանել և կիսվել ընկերներիդ ու ընտանիքիդ հետ։ Այն կցուցադրվի մեր համայնքի ծրագրերի բաժնում, և ուրիշ ծրագրավորողներ կարող են դրա վերաբերյալ մեկնաբանություններ թողնել կամ հարցնել, թե ինչպես ես ինչ-որ բան արել։ Դու էլ կարող ես նույնն անել քեզ հետաքրքրած ցանկացած ծրագրի վերաբերյալ, և եթե ուզես ինչ-որ ծրագիր ըստ քո ցանկության փոփոխել, պարզապես սեղմիր «Պահպանել որպես այլ տարբերակ» և կունենաս քո սեփական տարբերակը։
Այս դասընթացում 40 հուշումների տեսանյութ, 35 մարտահրավեր և 9 նախագիծ կա։ Կախված նախագծերի վրա քո աշխատանքի խորությունից՝ դասընթացը կտևի 15-40 ժամ։ Գուցե քեզ թվա, թե շատ ժամանակ է խլում, բայց արժե, քանի որ վերջում դու կունենաս ծրագրավորման այն հիմքը, որն ընդհանուր է ծրագրավորման բոլոր լեզուներում։
Բարի գալուստ ծրագրավորման աշխարհ։ Մենք իրար հետ սովորող ու մեր երազածն իրականություն դարձնելուն ոգևորող համայնք ենք։ Գնացինք առաջ։
Հ.Գ. Եթե ցանկություն ու ժամանակ ունես, կարող ես իմ ստեղծած ներածական տեսանյութը նայել։
«Քան» ակադեմիայի տեսաձայնագրող

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: