If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Երկրների ՀՆԱ-ի համեմատություն

Հիմնական կետեր

  • Քանի որ ՀՆԱ-ն հաշվարկվում է տվյալ երկրի արժույթով, տարբեր երկրների ՀՆԱ-ները համեմատելու համար հարկավոր է դրանք արտահայտել նույն արժույթով։
  • Տարբեր երկրների ՀՆԱ-ները համեմատելու եղանակներից մեկը փոխարժեքը կիրառելն է, որը մի երկրի արժույթի գինն է՝ արտահայտված այլ երկրի արժույթով։
  • Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հաշվարկվում է՝ ՀՆԱ-ն բնակչության թվաքանակի վրա բաժանելով։

Ներածություն

ՀՆԱ-ն ընդունված է օգտագործել որպես երկրի տնտեսական բարեկեցության և կյանքի որակի ցուցիչ։ Սակայն այդ նպատակով տարբեր երկրների ՀՆԱ-ները համեմատելու ժամանակ անխուսափելիորեն ծագում է երկու խնդիր։
Նախ՝ երկրի ՀՆԱ-ն հաշվարկվում է այդ երկրի արժույթով․ օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում օգտագործվում է ԱՄՆ դոլար, Արևմտյան Եվրոպայի երկրների մեծ մասում՝ եվրո, Ճապոնիայում՝ իեն, Մեքսիկայում՝ պեսո։ Այդ պատճառով երկու երկրների ՀՆԱ-ները համեմատելու համար հարկավոր է դրանք արտահայտել մեկ արժույթով։
Երկրորդ խնդիրն այն է, որ երկրները բնակչության տարբեր թվաքանակ ունեն։ Օրինակ՝ ԱՄՆ-ն Մեքսիկայի և Կանադայի համեմատ շատ ավելի մեծ տնտեսություն ունի, բայց այն նաև մոտավորապես երեք անգամ ավելի շատ բնակչություն ունի, քան Մեքսիկան, և ինն անգամ ավելի շատ բնակչություն, քան Կանադան։ Այսպիսով՝ եթե մենք փորձում ենք համեմատել կյանքի որակը տարբեր երկրներում, պետք է բաժանենք ՀՆԱ-ն բնակչության թվաքանակին։

Արժույթների փոխարկումը փոխարժեքի միջոցով

Տարբեր արժույթներ օգտագործող երկրների ՀՆԱ-ները համեմատելու համար հարկավոր է ՀՆԱ-ներն արտահայտել ընդհանուր արժույթով, որը կատարվում է փոխարժեքի միջոցով, ինչը մի արժույթի գինն է՝ արտահայտված այլ արժույթով։
Փոխարժեքն արտահայտվում է որպես Ա երկրի արժույթի քանակը, որն անհրաժեշտ է Բ երկրի արժույթի միավորը գնելու համար․ օրինակ՝ որքա՞ն ճապոնական իեն է հարկավոր մեկ բրիտանական ֆունտի դիմաց, կամ հակառակը՝ որքա՞ն բրիտանական ֆունտ է պահանջվում մեկ ճապոնական իենի հետ փոխանակելու համար։ ՀՆԱ-ն համեմատելու համար փոխարժեքի երկու տեսակ կարող է կիրառվել՝ շուկայական փոխանակման արժեքը, ինչպես նաև գնողունակության համարժեքությամբ կամ պարիտետով (PPP) փոխարժեքը։
Շուկայական փոխարժեքը տատանվում է ամեն օր՝ կախված արժույթի փոխանակման շուկայում ձևավորված պահանջարկից և առաջարկից։ Իսկ գնողունակության համարժեքությամբ հաշվարկված փոխարժեքը ավելի երկարաժամկետ է, և այդ պատճառով հենց այն է սովորաբար օգտագործվում երկրների ՀՆԱ-ի համեմատության ժամանակ։

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն

Միացյալ Նահանգների տնտեսության ՀՆԱ-ն զգալիորեն գերազանցում է այլ երկրներինը։ Սակայն ԱՄՆ-ն նաև մեծ բնակչություն ունի։ Բնակչության թվաքանակով այն երրորդ խոշորագույն երկիրն է, չնայած զգալիորեն զիջում է Չինաստանին և Հնդկաստանին։ Այդ դեպքում տնտեսությամբ Միացյալ Նահանգների առաջատար լինելը պայմանավորված է բնակչության մեծ թվաքանակո՞վ, թե՞ մեկ բնակչի հաշվով մեծ համախառն ներքին արդյունք ունենալով։ Այս հարցի պատասխանը կստանանք՝ հաշվելով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, այսինքն՝ ՀՆԱ-ն՝ բաժանված բնակչության թվաքանակի վրա։
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հաշվելու համար կիրառում ենք հետևյալ բանաձևը․
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ=ՀՆԱ/Բնակչության թվաքանակ
Բանաձևով հաշվարկներ կատարելու համար կարող ենք օգտվել ստորև ներկայացված աղյուսակից։ Երկրորդ սյունակում ներկայացված են տարբեր երկրների՝ ԱՄՆ դոլարով արտահայտված ՀՆԱ-ները, երրորդում՝ յուրաքանչյուր երկրի բնակչության թվաքանակը, իսկ չորրորդում՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն․ բայց վերջին սյունակին դեռ պետք չէ նայել․ խաբել չկա։
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ստանում ենք երկու քայլով․
  1. Պետք է համոզվել, որ ՀՆԱ-ն և բնակչության թվաքանակը արտահայտված են նույն կարգի թվերով: Մեր օրինակում ՀՆԱ-ն ներկայացվում է միլիարդներով, իսկ բնակչության թվաքանակը՝ միլիոններով: Մենք պետք է բազմապատկենք ՀՆԱ-ն 1000-ով, որպեսզի այն ունենա նույն կարգը, ինչ բնակչության թվաքանակը:
  2. Պետք է ՀՆԱ-ն բաժանել բնակչության թվաքանակի վրա:
Յուրաքանչյուր երկրի համար հաշվարկները կատարելուն պես կարող ես չորրորդ սյունակի հետ համեմատել քո ստացած թվերը։
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ, 2013 թ.
ԵրկիրՀՆԱ, միլիարդ ԱՄՆ դոլարԲնակչության թվաքանակ, միլիոնՄեկ շնչին ընկնող ՀՆԱ, ԱՄՆ դոլար
Բրազիլիա2246,00199,2011172,50
Կանադա1826,8035,1052037,10
Չինաստան9469,101360,806958,70
Եգիպտոս271,4083,703242,90
Գերմանիա3636,0080,8044999,50
Հնդկաստան1876,801243,301509,50
Ճապոնիա4898,50127,338467,80
Մեքսիկա1260,90118,4010649,90
Հարավային Կորեա1304,4750,2025975,10
Միացյալ Թագավորություն2523,2064,1039371,70
Միացյալ Նահանգներ16768,10316,3053001,00
Ուշադրություն դարձրու, որ երկրների վարկանիշները տարբեր են՝ ըստ ՀՆԱ-ի և ըստ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի: Այսպես՝ Հնդկաստանը մի փոքր ավելի մեծ ՀՆԱ ունի, քան Հարավային Կորեան, բայց մեկ շնչի հաշվով Հարավային Կորեան ավելի քան 10 անգամ ավելի բարեկեցիկ է, քան Հնդկաստանը:

Ամփոփում

  • Քանի որ ՀՆԱ-ն հաշվարկվում է տվյալ երկրի արժույթով, տարբեր երկրների ՀՆԱ-ները համեմատելու համար հարկավոր է դրանք արտահայտել նույն արժույթով։
  • Տարբեր երկրների ՀՆԱ-ները համեմատելու եղանակներից մեկը փոխարժեքը կիրառելն է, որը մի երկրի արժույթի գինն է՝ արտահայտված այլ երկրի արժույթով։
  • Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հաշվարկվում է՝ ՀՆԱ-ն բնակչության թվաքանակի վրա բաժանելով։

Ինքնաստուգման հարցեր

Հնարավո՞ր է արդյոք, որ ՀՆԱ-ն աճի, երբ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն անկում է ապրում։ Իսկ հնարավո՞ր է, որ ՀՆԱ-ն նվազի, երբ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճում է։
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության ՀՆԱ-ն կազմում է 1,107,689 միլիոն ԿԱՀ ֆրանկ, իսկ երկրի բնակչությունը 4․862 միլիոն է։ Փոխարժեքը 284․681 ԿԱՀ ֆրանկ է՝ մեկ դոլարի դիմաց։ Հաշվել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն։

Կրկնության հարց

Տարբեր երկրների ՀՆԱ-ները համեմատելիս ո՞ր երկու հիմնական խնդիրներն են առաջ գալիս։

Քննադատական մտածողության հարցեր

  • Երկրների ՀՆԱ-ների համեմատության ժամանակ սովորաբար օգտագործվում է գնողունակության համարժեքությամբ հաշվարկված փոխարժեքը, որը փոխանակման արժեքի երկարաժամկետ հավասարակշռված մեծությունն է։ Այս հոդվածում նույնպես օգտագործվել է այդպիսի պարիտետային (PPP) փոխարժեք։ Իսկ ինչո՞ւ շուկայական փոխարժեքները, որոնք կտրուկ փոխվում են կարճ ժամանակահատվածում, կարող են սխալ, մոլորեցնող լինել։
  • Ինչո՞ւ է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն երկրի կյանքի որակի անկատար ցուցիչ։

Խնդիրներ

  • Եթովպիայի ՀՆԱ-ն 8 միլիարդ ԱՄՆ դոլար է, բնակչությունը՝ 55 միլիոն մարդ։ Կոստա Ռիկայի ՀՆԱ-ն 9 միլիարդ ԱՄՆ դոլար է, բնակչությունը՝ 4 միլիոն մարդ։ Հաշվել մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը երկու երկրների համար և պարզել՝ որտեղ է այն ավելի բարձր։
  • 1980 թ. Դանիայի ՀՆԱ-ն կազմում էր 70 միլիարդ դոլար, իսկ բնակչությունը՝ 5․1 միլիոն մարդ։ 2000 թ. Դանիայի ՀՆԱ-ն 160 միլիարդ դոլար էր, իսկ բնակչությունը՝ 5․3 միլիոն մարդ։ Քանի՞ տոկոսով է Դանիայի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել 2000 թ.՝ 1980 թ. համեմատ։
  • Չեխիայի ՀՆԱ-ն կազմում է 1,800 միլիարդ կրոնա։ Փոխարժեքը 1 դոլարի դիմաց 20 կրոնա է։ Չեխիայի բնակչությունը 20 միլիոն է։ Որքա՞ն է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Չեխիայում՝ ԱՄՆ դոլարով արտահայտված։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: