Հիմնական նյութ
Սկսիր այստեղից
Դասընթաց․ (Սկսիր այստեղից) > Բաժին 2
Դաս 1: Արվեստի պատմության ներածություն- Ինչ է արվեստի պատմությունը
- Արվեստի պատմական վերլուծություն. ներածություն
- Ինչպես կատարել արվեստի պատմության վիզուալ (ֆորմալ) վերլուծություն
- Արվեստի պատմական վերլուծություն (գեղանկարչություն)՝ ըստ Գոյայի «1808 թ. մայիսի 3» կտավի. ներածություն
- Մարմնի պատկերման արվեստը արևմտյան գեղանկարչության մեջ. պատմական ակնարկ
- Մարմնի պատկերման արվեստը արևմտյան քանդակագործության մեջ. պատմական ակնարկ
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Արվեստի պատմական վերլուծություն. ներածություն
Հեղինակ՝ դր Ռոբերտ Գլաս
Ինչո՞ւ արվեստի այս կամ այն նմուշն ունի հենց այն տեսքը, որ ունի: Ո՞վ է այն ստեղծել և ի՞նչ նպատակով: Ի՞նչ իմաստ է այն պարունակում: Այս և այլ հարցերը կենտրոնական տեղ են զբաղեցնում արվեստի պատմության մեջ: Արվեստաբանները տարբեր տեսակի վերլուծություններ են ներկայացնում այս հարցերի պատասխանները տալու համար: Ժամանակի ընթացքում հարցերը փոխվել են ու դեռ շարունակում են փոխվել, սակայն դրանց բնույթը մնում է նույնը: Smarthistory-ում տեղադրված էսսեներում ու տեսանյութերում օգտագործվում են տարբեր տեսակի վերլուծություններ, հաճախ առանց բացահայտ նույնացման: Հենց որ ծանոթանաք ներքևում գրված երեք կատեգորիաների հետ, կկարողանաք հեշտությամբ ճանաչել դրանք:
Արվեստը որպես ֆիզիկական օբյեկտ
Յուղաներկն ու ներկանյութերը կտավի վրա, փորագրված մարմարը, հյուսված մանրաթելը, բետոնե գմբեթները արվեստի ու ճարտարապետական գործեր են, բայց միաժամանակ ֆիզիկական իրեր են: Այս դեպքում նրանց տեսքի հարցում որոշիչ գործոն է համարվում այն նյութը, որից դրանք պատրաստվել են: Ճարտարապետության մեջ օգտագործում են ուղղակի «նյութ» բառը: Արվեստի ոլորտում կիրառվում է նաև «արտահայտչամիջոց» (medium) տերմինը:
Նյութերն ունեն իրենց բնորոշ հատկությունները, որոնք թելադրում են, թե ինչպես կարող են դրանք գործածվել, ու ինչ էֆեկտներ կարող են առաջացնել: Օրինակ՝ մարմարը կարող է կոտրվել իր իսկ ծանրությունիցից, եթե այն ինչպես հարկն է հավասարեցված ու ամրացված չլինի: Այս հատկությունը սահմանափակում է մարմարից պատրաստվող քանդակների ու ճարտարապետական իրերի ձևերը: Որմնանկարչության, գունավոր ապակու ու խճանկարների միջոցով կարելի է ապշեցուցիչ նմուշներ ստեղծել, սակայն դրանց վիզուալ հատկանիշները զգալիորեն կտարբերվեն՝ կախված ամեն մի նյութի ֆիզիկական հատկություններից ու աշխատանքի մեթոդներից: Այս վերջին ասպեկտը, թե ինչպես է նյութն օգտագործվում, կոչվում է տեխնիկա: Նյութի և տեխնիկայի համադրությունով են պայմանավորված ընդհանուր վիզուալ հատկանիշներն ու պարամետրերը, որոնց շրջանակում արվեստագետը կամ քանդակագործը պետք է աշխատի:
Առանձնահատուկ միջոցներին ու տեխնիկային տիրապետելը, ինչպես նաև դրանց պատմական կիրառության մասին տեղեկատվությանը տիրապետելը արվեստաբանության հիմնարար հմտությունների հիմքն են կազմում: Դրանք թույլ են տալիս ոչ միայն հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ են օժտված այս կամ այն վիզուալ հատկանիշները, այլև որոշել, թե երբ և որտեղ է արվեստի նմուշը պատրաստվել, քանի որ շատ դեպքերում միջոցներն ու տեխնիկան հատկանշական են հատուկ ինչ-որ վայրի կամ ժամանակաշրջանի համար:
Պահպանումը
Տեխնոլոգիական նորարարությունների արդյունքում առաջ են եկել նյութերի և տեխնիկայի ուսումնասիրության ու վերլուծության նոր մեթոդներ: Այսօր այդ ուսումնասիրությունը կատարվում է գլխավորապես
արվեստի պահապանների կողմից: Քանի որ արվեստի ու ճարտարապետական նմուշները, ինչպես և բոլոր այլ ֆիզիկական օբյեկտները ժամանակի ու շրջակա միջավայրի ազդեցության ներքո ենթարկվում են քայքայման, պահպանության գիտությունը չափազանց կարևոր տեղ ունի այդ հարցում: Արվեստի պահպանության գործում մասնագիտանալու համար հարկավոր է քիմիայի, ինչպես նաև արվեստի պատմության պրակտիկ դասընթացներ անցնել:
Մինչ արվեստի պահապանների հիմնական աշխատանքը նմուշների պահպանումն է, դրանց հետազոտման տեխնիկան կարող է օգտակար լինել նաև արվեստաբանների համար: Տեխնոլոգիաները, ինչպիսիք են X-ռադիոգրաֆիան, ուլտրամանուշակագույն լուսավորությունը և ինֆրակարմիր ռադիոգրաֆիան, կարող են բացահայտել անզեն աչքի համար անհասանելի հատկանիշներ, ինչպես, օրինակ՝ բրոնզե արձանի ներքին պարունակությունը, նկարի վրա արված փոփոխությունները կամ ներկի շերտի տակ թաքնված պատկերը: Ռենտգեն ֆլոուրեսցենտման միջոցով կարելի է բացահայտել նկարի կամ մետաղի գունանյութը: Ծառաժամանակաչափման միջոցով կարելի է որոշել, թե երբ է պատրաստվել փայտե այս կամ այն օբյեկտը՝ ըստ ծառի տարեկան օղակաշերտեր քանակի: Նման մեթոդների կիրառությամբ նյութերի ու տեխնիկայի վերլուծությունն օգնում է արվեստաբաններին պատասխանել այն հարցերին, թե երբ, որտեղ, ինչպես և ում կողմից է ստեղծվել արվեստի նմուշը:
Արվեստը որպես վիզուալ փորձառություն
Արվեստի նմուշների մեծամասնությունն արտաքնապես գրավիչ են: Ճիշտ է, նյութից ու տեխնիկայից շատ բան է կախված, սակայն աշխատանքն իր վերջնական տեսքը ստանում է արտիստի կողմից արված լրացուցիչ փոփոխություններից հետո միայն: Երբ նկարիչը յուղաներկերի օգնությամբ կտավին կին է պատկերում, նա պետք է որոշի կտավի չափերը, կնոջ պատկերի մասշտաբը կտավի վրա, բնորդի ու նրան շրջապատող տեսարանի գույների, գծերի տեսակները և վրձնահարվածները: Այդպես բոլոր մասնիկները միանում են իրար ու ստեղծում հրապուրիչ մի տեսարան:
Վիզուալ (ձևական) վերլուծություն
Այս փորձառությունը հասկանալու և նկարագրելու համար արվեստաբանները կիրառում են վիզուալ վերլուծության մեթոդը: Այն հաճախ կոչվում է ձևի (ֆորմա) վերլուծություն, քանի որ վերջինս ավելի շատ կենտրոնանում է ոչ թե պատմական կոնտեքստի, այլ ձևի վրա: Ձևական վերլուծությունը կազմված է երկու մասերից՝ աշխատանքի վիզուալ հատկանիշների նկարագրություն և դրանց ազդեցության վերլուծություն: Վիզուալ հատկանիշները համակարգված նկարագրելու համար արվեստաբանները հիմնվում են հաստատված տերմինների ու հասկացությունների շարքի վրա: Դրանցից են այնպիսի բնութագրիչներ, ինչպիսիք են ձևաչափը, մասշտաբը, կառուցվածքը, մոտեցումը. մարմնի ու տարածության մեկնաբանությունը. գծերի, գույների, լույսի ու տեքստուրայի ընտրությունը:
Վիզուալ հատկությունները նկարագրելիս ձևական վերլուծությունը սովորաբար բացահայտում է այն հատկանիշները, որոնք հաշվի առնելով կարելի է ընդհանուր տպավորություն կազմել արվեստի գործի մասին: Օրինակ՝ վառ արտահայտված գծային կառուցվածքները, եթե դրանք ուղիղ են և ուղղահայաց, ընդգծում են ուժը. եթե ալիքավոր են՝ նրբագեղությունն ու ցանկասիրությունը. եթե երկար են ու հորիզոնական՝ հանդարտությունն ու կայունությունը: Գունային կտրուկ հակադրություններն ու մուգ գույնի կիրառումը նկարն ավելի թավ ու դրամատիկ են դարձնում, մինչդեռ մեղմ գույները խոսում են նրբության ու մտերմության մասին: Վաղ անցյալում ձևական վերլուծությունը ենթադրում էր, որ մարդկանց մեջ վիզուալ տեսքի հարցում ձևավորված է մեկ ընդհանուր պարզ մակարդակ: Այսօր այդ մեթոդն ավելի շատ երկրորդական դեր ունի, բայց, միևնույնն է, չի կորցնում իր արժեքը նմուշի արտաքին տեսքը վերլուծելու հարցում: Այն հատկապես կարևոր տեղ է զբաղեցնում արվեստի պատմության ներածական դասընթացներում:
Ոճը
Ձևական վերլուծությունը հզորագույն գործիք է արվեստը գնահատելու գործում: Կարող ես վերլուծել արվեստի ցանկացած գործ՝ ուղղակի դրան նայելով: Այս մեթոդը կարևոր է նաև արվեստն իր պատմական համատեքստում հասկանալու համար: Պատճառն այն է, որ նույն ժամանակահատվածում ու նույն վայրում մի կամ մի խումբ արտիստների ստեղծած արվեստի գործերն ունեն ընդհանուր վիզուալ հատկանիշներ: Արվեստաբանները դրանք անվանում են ոճային ընդհանուր հատկանիշներ: Ինչպես Ջեյմս Էլկինսն է նրբանկատորեն նշում, ոճը «որակների հաջորդականությունն է ժամանակահատվածների կամ մարդկանց մեջ»[1]: Դա կարող է ներառել հետևողականություն այնպիսի հարցերում, ինչպիսիք են միջավայրը, գործառույթը կամ առարկան, սակայն երբ արվեստաբանները կիրառում են «ոճ» տերմինը, նրանք առաջին հերթին նկատի ունեն դրա արտաքին բնութագրերը:
Ինչպես արտահայտչամիջոցն ու տեխնիկան, ոճը նույնպես ժամանակի ու տեղի հետ փոխվում է և օգտագործվում է արվեստի գործի ծագումը որոշելու համար: Իր բարդության պատճառով ոճն ավելի տեսակարար ցուցիչ է, քան նյութերն ու տեխնիկան՝ միասին վերցրած: Վաղ շրջանի արվեստաբանները ոճական վերլուծության օգնությամբ դասակարգել են ահռելի մեծ քանակությամբ չփաստաթղթավորված արվեստի նմուշներ ու հիմնվելով արտաքին հատկանիշների վրա՝ վերագրել են դրանք այս կամ այն մշակույթին, գեղարվեստական շրջանակին կամ առանձին արվեստագետների: Այսօր ոճային վերլուծությունը շարունակում են կիրառել արվեստի անհայտ նմուշների ծագումը որոշելու կամ նախորդ հղումները ստուգելու համար:
Բացի աշխատանքները դասակարգելուց, ոճը թելադրել է այն, ինչը գրել են արվեստաբաններն իրենց հիմնական աշխատանքներում: Մինչև 20-րդ դարի կեսը արվեստաբաններից շատերը կենտրոնացած էին ոճային զարգացման ու ոճային փոփոխությունների վրա: Արդյունքում ավանդապես արևմտյան արվեստին վերաբերող ժամանակագրությունները հիմնված են ոճային ուսումնասիրության վրա: Հին Հունաստանում, օրինակ, երկրաչափական, արևելյան, արխաիկ և դասական ոճերը, միջնադարյան Եվրոպայում ՝ հռոմեական ու գոթական, ինչպես նաև վաղ, միջին և ուշ Վերածնունդը: Այսօր ոճը մեկն է այն բազմաթիվ ասպեկտներից, որոնցով հետաքրքրված են արվեստաբանները. ոճի վրա հիմնված ժամանակային ստորաբաժանումների ավանդույթն այնքան հզոր է, որ դրա բաղկացուցիչ շատ մասեր դեռ լայն կիրառում ունեն: Նման կերպ առանձին ժամանակահատվածների, վայրերի ու արտիստների ոճին ծանոթ լինելը շարունակում է մնալ արվեստի մասին հիմնական պատմական գիտելիք և հաճախ ընկած է ներածական արվեստի մասին գրքերի ու դասընթացների հիմքում:
Արվեստը որպես մշակութային արտիֆակտ
Չնայած արվեստի ֆիզիկական հատկություններն ու արտաքին փորձառությունը հասկանալը կարևոր է, այսօր արվեստին վերաբերող հետազոտությունների մեծ մասը կենտրոնացած է աշխատանքների՝ որպես մշակութային արտիֆակտի կարևորության վրա: Վերլուծական այս կատեգորիային բնորոշ են տարբեր մոտեցումներ, սակայն դրանք բոլորն այն կարծիքին են, որ պետք չէ արվեստի ուսումնասիրությունը բաժանել դրա պատմական համատեքստից: Շատ հաճախ դա աշխատանքի ստեղծման ժամանակն ու վայրն է, այսինքն՝ մենք ուզում ենք իմանալ, թե ով և ինչու է այն ստեղծել, և ինչպես է այն ի սկզբանե գործել: Քանի որ արվեստի և ճարտարապետական գործերը հաճախ պահպանվում են դարեր շարունակ, արվեստաբանները կարող են ուսումնասիրել աշխատանքի մշակութային նշանակությունը պատմական թեկուզ և ուշ շրջաններում:
Բովանդակային առարկա/պատկերագրություն
Բովանդակային վերլուծության հիմնական տեսակներից մեկը բովանդակային առարկայի մեկնաբանությունն է: Արվեստն ինքնին ներկայացուցչական է, և մենք, բնականաբար, ուզում ենք հասկանալ, թե ինչ է ցուցադրվում և ինչու: Արվեստաբանները նկարների բովանդակային առարկան անվանում են ուղղակի առարկա կամ պատկերագրություն: Պատկերագրական վերլուծությունը իմաստի մեկնաբանությունն է: Շատ դեպքերում, ինչպես, օրինակ՝ խաչված Քրիստոսի ու նստած Բուդդայի պատկերներն են, բովանդակային առարկան բացահայտելը դժվար չէ: Երբ պատկերագրությունն անըմբռնելի է կամ մատուցված է անսովոր ձևով, արվեստաբանները փորձում են հասկանալ դա՝ ուսումնասիրելով այն պատմական համատեքստը, որտեղ նկարը ստեղծվել է՝ համեմատություն անցկացնելով այդ շրջանի տեքստերի ու պատկերաշարի հետ: Լինում է, որ հետազոտողներն անհամաձայնություններ են ունենում այս կամ այն կոնտեքստուալ նյութերի վերաբերյալ, ինչը կարող է հանգեցնել հակասական մեկնաբանությունների: Բարդ կամ խորհրդավոր աշխատանքներից շատերի դեպքում բովանդակային առարկայի իմաստներն այսօր էլ շարունակում են քննարկվել ու կրկին մեկնաբանվել:
Արվեստի գործառույթը
Արվեստի կոնտեքստուալ վերլուծական ուսումնասիրության մեկ այլ ասպեկտներից է դրա գործառույթը: Պատմականորեն, արվեստի գործերի մեծ մասը ու ճարտարապետական գրեթե բոլոր նմուշները, բացի էսթետիկական տեսանկյունից, ինչ-որ նպատակի են ծառայել: Գործառույթը հասկանալը կարևոր է, քանի որ այն սովորաբար մեծ դեր է խաղում հատկանիշները՝ պատկերագրությունը, նյութը, ձևաչափը և ոճն ըմբռնելու համար: Մի խոսքով՝ արվեստաբանները վերլուծում են գործառույթը արվեստի գործի տեսակը բացահայտելուց հետո, որոնց մեջ կարող են լինել կրոնական բնույթի իրեր, դիմանկարներ, մահարձաններ, ապարանքներ և այլն: Պատմության ուսումնասիրությունն ու համապատասխան տեսակի գործածությունը ստեղծում են մի համատեքստ, որի շնորհիվ հնարավոր է դառնում առանձին օրինակների ուսումնասիրությունն ու ընկալումը:
Գործառույթի վերլուծությունը բարդանում է, երբ հարկավոր է դառնում հաշվի առնել աշխատանքը ստեղծողի անձնական մոտիվացիաները: Շատ դեպքերում սա վերաբերում է ոչ միայն արտիստներին, այլ նրանց աշխատանքը հանձնարարող հովանավորներին, իսկ որոշ դեպքերում նաև հովանավորների անունից հանդես եկող խորհրդատուներին: Նման մարդկանց գործոնի առկայության դեպքում նրանց մոտիվացիաները իմանալը կարևոր են աշխատանքի նպատակն ու արտաքին տեսքը հասկանալու համար:
Աշխատանքի բարդ լինելու դեպքում կարող են առաջանալ այն մեկնաբանելու դժվարություններ: Օրինակ՝ Սիքստինյան կապելլայի Միքելանջելոյի հայտնի որմնանկարները: Ո՞ր դեպքում այս բարձրորակ նկարները լավագույնս հասկանալի կլինեն. եթե կապենք դրանք մատուռի գործառույթի՞ (Վատիկանի ապարանքի հիմնական ծիսարանը), թե՞ նկարչի՝ Միքելանջելոյի մտքերի հետ, հովանավորի՝ Հուլիոս II պապի, թե՞ պապական արքունիքում Հուլիոսի խորհրդատուներից մեկի հետ: Պատասխանը հավանաբար այս բոլոր հարցերի համադրության մեջ է, սակայն ամեն մեկին վերաբերող կոնտեքստուալ վերլուծությունն այնքան լայնածավալ է ու զանազան, որ դրանց մեկնաբանության համար չկա մեկ ընդունված ձև:
Քննադատորեն մտածելիս
Սա է այն վերջնական կետը, որով ավարտվում է արվեստի ու ճարտարապետության՝ որպես արտիֆակտի վերլուծությունը: Չնայած արվեստաբաններն իրենց վերլուծություններում որքան հնարավոր է հիմնվում են փաստերի վրա և փորձում են պատմականորեն ճշգրիտ մեկնաբանություններ անել, մենք պետք է ընդունենք, որ այս հարցում սուբյեկտիվությունն անխուսափելի է: Ինչպես ասված է «Ինչ է արվեստի պատմությունը» բաժնում, մենք մեկնաբանում ենք անցյալն այնպես, որ այն իմաստավորվի ներկայում: Այսօր արվեստաբանները շարունակում են տալ վերոհիշյալ ավանդական հարցերը, սակայն նրանք միաժամանակ առաջ են քաշում նաև նոր հարցեր, որոնք կապված են սոցիալական զարգացումների հետ, ինչպես, օրինակ՝ ֆեմինիզմը, գլոբալիզմը, բազմամշակութայնությունը և ինքնության քաղաքականությունը:
Այսպիսով՝ կարդալիս, նայելիս ու լսելիս փորձեք հասկանալ, թե ինչ մոտեցումներ են կիրառվել ու քննադատորեն մտածեք դրանց մասին: Արդյո՞ք աշխատանքի մասին խոսողը կամ դրա մասին գրողը վերաբերվում է դրան որպես ֆիզիկական օբյեկտ, վիզուալ փորձառություն, թե մշակութային արտիֆակտ: (Հաճախ դա կլինի բոլոր պատասխանների համակցությունը): Ի՞նչ համատեքստում է բացատրվում նմուշի նշանակությունը: Ո՞ր համատեքստերն ընդհանրապես հաշվի չեն առնվել: Այս հարցերի պատասխանները կարող են ձեզ մոտ նոր հարցեր առաջացնել, սակայն դա շատ լավ է: Դուք այստեղ եք ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք բերելու, այլև աշխարհի հանդեպ հետաքրքրասիրություն զարգացնելու և դրա մասին քննադատական մտածողություն ունենալու համար:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։