Եթե տեսնում ես այս հաղորդագրությունը, նշանակում է՝ մեզ չի հաջողվում կայքում արտաքին ռեսուրսներ բեռնել։

If you're behind a web filter, please make sure that the domains *.kastatic.org and *.kasandbox.org are unblocked.

Հիմնական նյութ

Ինչ է արվեստի պատմությունը

Հեղինակ՝ դր Ռոբերտ Գլաս
Արվեստի պատմությունը կարող է թվալ համեմատաբար պարզ հասկացություն. «արվեստը» և «պատմությունն» այն առարկաներն են, որ մեզնից շատերն առաջին անգամ սովորել են նախակրթարանում: Գործնականում, սակայն, «արվեստի պատմության» գաղափարն ինքնին բարձրացնում է խրթին հարցեր: Հենց այն, թե ինչ նկատի ունենք արվեստ ասելով, և կամ ինչպիսի պատմություն (կամ պատմություններ) պետք է ուսումնասիրենք: Սկսենք դիտարկել ամեն մի տերմին:
Պիտեր Պաուլ Ռուբենս, 24 նկարից բաղկացած շարքից երեք նկար Ռուբենսը նկարել է Փարիզի Լյուքսեմբուրգյան պալատում գտնվող Մեդիչիի պատկերասրահի համար (այժմ՝ Փարիզի Լուվրի թանգարանում), 1621-25թթ., յուղաներկ, կտավ: Ձախից աջ՝ Մարիա Մեդիչիի դիմանկարը ներկայացնելը, Մարիա Մեդիչիի հարսանիքը Հենրի IV թագավորի հետ, Մարիա Մեդիչիի ժամանումը (կամ ափ իջնելը) Մարսել, (լուսանկարը՝ Սթիվեն Ցուկերի, CC BY-NC-SA 2,0)

Արվեստը՝ ի հակադրություն արտիֆակտի

«Արվեստ» բառը ծագում է լատիներեն ars բառից, որ նախապես ունեցել է «հմտություն» կամ «արհեստ» իմաստը: Այս իմաստներն այժմ էլ առաջնային են անգլերեն այլ բառերում, որոնք ծագել են ars բառից, ասենք՝ «արտիֆակտ» (մարդու հմտությամբ ստեղծված իր) և «արհեստավոր» (մարդ, ով հմտացել է իրեր ստեղծելու գործում): Այսուհանդերձ, «արվեստ» և «արվեստագետ» բառերի իմաստներն այդքան էլ հասարակ հասկացություններ չեն: Մենք ընկալում ենք արվեստն իբրև մի երևույթ, որ ենթադրում է ավելին, քան միայն հմուտ վարպետությունը: Ի՞նչն է հատկապես տարբերակում արվեստի գործը արտիֆակտից կամ արվեստագետին արհեստավորից:
Որպես այս հարցի պատասխան՝ ուսանողները սովորաբար առաջ են բերում մի քանի գաղափար: Դրանցից մեկը գեղեցկությունն է: Արվեստի գործերից շատերը տեսողական առումով ապշեցնում են, և՛ 18-րդ, 19-րդ դարերում, և՛ 20-րդ դարի սկզբին արվեստի պատմության մեջ գեղագիտական որակների վերլուծությունը իսկապես կենտրոնական էր: Այս ժամանակաշրջանում արվեստը, որ նմանակում էր հին հունական և հռոմեական արվեստը (դասական հնության արվեստը), համարվում էր հավերժ կատարելության մարմնացում: Արվեստաբանները կենտրոնացան այսպես կոչված կերպարվեստի՝ նկարչության, քանդակագործության և ճարտարապետության վրա՝ վերլուծելով դրանց ձևերի արժանիքները: Սակայն անցյալ մեկ ու կես դարերի ընթացքում թե արվեստը և թե արվեստի պատմությունը հիմնովին զարգացել են ու ենթարկվել արմատական փոփոխությունների:
Ձախից՝ Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգր, «Գարուն», 1820-ականների սկիզբ, յուղաներկ, կտավ, 800 x 1630 սմ (Օրսե թանգարան, Փարիզ): Աջից՝ Լուսիեն Ֆրոյդ, «Լաթերի կողքին կանգնած», 1988-89 թթ., յուղաներկ, կտավ, 168,9 x 138,4 սմ (Թեյթ բրիտանական պատկերասրահ, Լոնդոն)
Արվեստագետները երես են թեքել դասական ավանդույթից՝ ընդունելով նոր մեդիա և գեղագիտական գաղափարներ, իսկ արվեստի պատմաբաններն իրենց ուշադրությունը շեղել են արվեստի ձևական գեղեցկության վերլուծությունից՝ շեշտելով արվեստի մշակութային նշանակության մեկնաբանությունը: Այսօր մենք գեղեցկությունն ընկալում ենք իբրև սուբյեկտիվ, մշակութային մի կառուցվածք, որը փոփոխվում է ժամանակի և տարածության մեջ, այն դեպքում, երբ արվեստի մեծ մասը շարունակում է մնալ հիմնականում տեսողական, իսկ տեսողական վերլուծությունն այսօր էլ արվեստի պատմաբանների համար մնում է դեռևս օգտագործվող հիմնական գործիք, գեղեցկությունն ինքնին այլևս չի համարվում արվեստի էական բնորոշիչ:
Երկրորդ ընդհանրական պատասխանը, թե ինչով է տարբերվում արվեստը, այն է, որ ընդգծում է ինքնատիպությունը, ստեղծարարությունը և երևակայությունը: Սա արտացոլում է արվեստի ժամանակակից ընկալումը՝ որպես արվեստագետի (նկարչի) հնարագիտության դրսևորում: Այս գաղափարը, սակայն, ծնվել է հինգ հարյուր տարի առաջ Եվրոպայում Վերածննդի դարաշրջանում, բայց և արվեստի պատմաբանների կողմից ուսումնասիրված աշխատանքների մեծ մասի հետ անմիջական կապ չունի: Օրինակ՝ հին եգիպտական արվեստի կամ բյուզանդական սրբապատկերների դեպքում ավանդույթի պահպանումն ավելի մեծ արժեք էր, քան նորարարությունը: Թեև արվեստի պատմության մեջ հնարագիտության գաղափարն անշուշտ կարևոր է, սակայն արվեստագետների կողմից ուսումնասիրված աշխատանքների համար համընդհանուր բնորոշիչ չէ:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ արվեստի սահմանումները, ինչպիսիք են գեղեցկության սահմանումները, սուբյեկտիվ են և անկայուն: Այս երկընտրանքի լուծումներից մեկն այն է, որ արվեստն ամենից առաջ տարբերվում է իր տեսողական գործոնով, այն է՝ դիտողներին գերելու իր ունակությամբ: Արտիֆակտները կարող են լինել հետաքրքիր, բայց ենթադրվում է, որ արվեստը կարող է մեզ հուզել զգացական առումով, մտավոր կամ այլ կերպ: Դա կարելի է անել տեսողական (վիզուալ) բնութագրումներով (մասշտաբ, կոմպոզիցիա, գույն և այլն), գաղափարների արտահայտմամբ, արհեստավարժությամբ, բացառիկությամբ կամ այլ հատկանիշների որոշակի համադրությամբ: Թե ինչով է գրավում արվեստը, տարբեր կարծիքներ կարող են լինել, բայց ինչ-որ առումով արվեստը մեզ հանում է ամենօրյա և հասարակ փորձառության սահմաններից: Մեծագույն օրինակները վկայում են մարդկային փառասիրության, հմտության, երևակայության, ընկալման և զգացմունքների ծայրահեղության մասին: Արվեստը դրդում է մեզ խորհել հիմնարար տեսանկյունների մասին, թե ինչ է նշանակում լինել մարդ: Ցանկացած արտիֆակտ, որպես մարդկային հմտության արդյունք, կարող է պատկերացում տալ մարդկային վիճակի մասին: Բայց արվեստը, դուրս գալով սովորականի շրջանակներից, օժտված է ավելին անելու ներուժով: Այսպիսով՝ արվեստը թերևս լավագույնս ընկալվում է որպես արտիֆակտի հատուկ կարգ, որն իր բացառիկ ունակությամբ մեզ ստիպում է մտածել և զգալ տեսողական (վիզուալ) փորձառության միջոցով:
Coatlicue արձանը, մոտ 1500թ., Մեքսիկա (ացտեկներ), գտնված Մեխիկոյում, «Գլխավոր հրապարակի»՝ Zocalo-ի հարավարևելյան ծայրամասում, բազալտ, 257 սմ բարձրություն (Անթրոպոլոգիայի ազգային թանգարան, Մեխիկո) (լուսանկարը՝ Սթիվեն Ցուկերի, CC BY-NC-SA 2,0)

Պատմություն. անցյալի իմաստավորումը

Պատմության գաղափարները, արվեստի և գեղեցկության սահմանումների նման, ժամանակի ընթացքում ենթարկվում էին փոփոխությունների: Կարող է թվալ, թե պատմություն գրելը շատ հեշտ է. ամեն ինչ հիմնված է փաստերի վրա, այնպես չէ՞: Տեսականորեն, այո, բայց անցյալի վկայությունները լայնածավալ են, հատվածական և չկարգավորված: Պատմաբանները պետք է որոշում կայացնեն՝ ինչը ներառեն, և ինչը բացառեն, ինչպես բաշխեն նյութերը և ինչ ասեն դրանց մասին: Արդյունքում նրանք ստեղծում են պատմություններ, որոնք բացատրում են անցյալն այնպիսի միջոցներով, որոնք իմաստավորվում են նաև ներկայում: Քանի որ ներկան փոփոխվում է, անխուսափելիորեն, այս պատմությունները ևս նորոգվում են, նորից են գրվում կամ էլ ընդհանրապես դեն են նետվում ու փոխարինվում նորերով: Ամբողջ պատմությունը, այսպիսով, սուբյեկտիվ է. մեծ մասամբ ժամանակի ու տեղի արդյունք, ուր այն գրվել է իբրև անցյալի վկայություն, ինչը և պատմությունն ինքը մեկնաբանում է:
Արվեստի պատմության դիսցիպլինը (առարկան) զարգացել է Եվրոպայում գաղութատիրության ժամանակաշրջանում (մոտ 15-ից մինչև 20-րդ դարի կեսը): Վաղ շրջանի պատմաբանները շեշտում էին եվրոպական ավանդույթը՝ նշելով նրա հունական և հռոմեական ծագումն ու ակադեմիական արվեստի իդեալները: 20-րդ դարի կեսերին ստեղծվել է «արևմտյան արվեստի» ստանդարտ (նմուշօրինակ) պատմություն, որը հետևել է դրա զարգացմանը նախապատմական, հնագույն և միջնադարյան Միջերկրականից մինչև ժամանակակից Եվրոպա և Միացյալ Նահանգներ: Մնացյալ աշխարհի արվեստը, պիտակավորված «ոչ արևմտյան արվեստ» անվամբ, սովորաբար դիտարկվում էր սոսկ մակերեսորեն և գաղութատիրության տեսանկյունից:
20-րդ դարում տեղի ունեցած սոցիալ-մշակութային հսկայական փոփոխություններն ստիպեցին պատմաբաններին փոխել այդ շարադրանքները: Արևմտյան արվեստի արձանագրումները, որոնցում ինչ-որ ժամանակ միայն սպիտակամորթ տղամարդիկ էին ներկայացված, վերանայվել են, որպեսզի ներգրավեն այլ ռասայի նկարիչների և կանանց: Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ավանդական ուղղվածությունն ընդլայնվել էր, որպեսզի ներգրավեն այսպես կոչված երկրորդական (փոքր) արվեստներ, ինչպիսիք են կերամիկան ու տեքստիլը, նաև ժամանակակից լրատվական միջոցներ, ինչպիսիք են տեսանյութերն ու կատարողական արվեստը: Ոչ արևմտյան արվեստի նկատմամբ հետաքրքրությունն աճեց՝ կտրուկ թափ առնելով վերջին տարիներին:
Մայր թագուհու կախազարդ դիմակ (Իոբա), 16-րդ դար, Էդո ժողովուրդներ, Բենինի դատարան, Նիգերիա, փղոսկր, երկաթ, պղինձ, 23,8 x 12,7 x 8,3 սմ («Մետրոպոլիտան» արվեստի թանգարան, Նյու Յորք) (լուսանկարը՝ Սթիվեն Ցուկերի, CC BY -NC-SA 2,0)
Արվեստի պատմության ամենամեծ սոցիալական զարգացումն այսօր գլոբալիզմն է (համահարթեցումը): Քանի որ մեր աշխարհը գնալով դառնում է ավելի ու ավելի փոխկապակցված, տարբեր մշակույթների հետ ծանոթությունը և բազմազանությանը հարմարվելը դառնում է անհրաժեշտություն: Արվեստի պատմությունը՝ որպես մշակույթի լայն շրջանակի բացառիկ արտիֆակտների պատմություն, այդ հմտությունների զարգացման մեջ որոշակի դեր է խաղում: Այժմ արվեստաբանները խորհում ու քննարկում են, թե ինչպես կարելի է համատեղել դիսցիպլինի եվրոպական ինտելեկտուալ մտքի սկզբնաղբյուրն ու դրա խնդրահարույց գաղութատիրական ժառանգությունը ժամանակակից բազմամշակութայնության հետ, և թե ինչպես գրել արվեստի պատմությունը գլոբալիզացիայի դարաշրջանում:
«Smarthistory»-ի տեսանյութերն ու հոդվածներն արտացոլում են արվեստի պատմության այս պատմությունը: Քանի որ կայքը նախապես ստեղծվել էր աջակցելու արևմտյան արվեստի ու պատմության դասընթացին, դրա բովանդակությունն սկզբնական շրջանում կենտրոնացած էր արևմտյան կանոնի առավել նշանավոր գործերի վրա: Շնորհիվ այն հանգամանքի, որ այս ավանդույթի առանցքային շրջափուլերն ու քաղաքակրթությունները այժմ լայնորեն ներկայացված են, և ավելի մեծ թվով գիտնականներ են բերում իրենց ներդրումը, վերջին տարիներին առարկաների ու թեմաների շրջանակն ընդլայնվել է: Եվ, որ ամենակարևորն է, ավելացվել է Արևմուտքից դուրս գտնվող համաշխարհային ավանդույթների էական լուսաբանումը: Քանի որ կայքը շարունակում է ընդլայնվել, ներկայացված աշխատանքներն ու հեռանկարները արվեստի պատմության մեջ կզարգանան ժամանակակից միտումներին համընթաց: Փաստորեն, լինելով թվայնացված լրատվամիջոցների և համացանցի օգտագործման ապագա նորարարներ՝ պատմագեղարվեստական գիտելիքները ստեղծելու, տարածելու և հետազոտելու բնագավառում, «Smarthistory»-ն ու իր օգտատերերը ներուժ ունեն օգնել և ձևավորել դիսցիպլինի ապագան:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: