Հիմնական նյութ
Սկսիր այստեղից
Դասընթաց․ (Սկսիր այստեղից) > Բաժին 2
Դաս 4: Հարցադրումներ արվեստի պատմության մեջԻնչն է արվեստը դարձնում արժեքավոր. անցյալում և մեր օրերում
Նկարիչների (արվեստագետների) համար ժամանակակից դարաշրջանից առաջ ընկած ժամանակաշրջանում (մոտ 1800 թվից առաջ կամ դրան մոտ) արվեստի գործերի վաճառքի գործընթացն այլ էր, այսօրվա համեմատ: Միջին դարերում և Վերածննդի դարաշրջանում արվեստի գործերը պատվիրվում էին, այսինքն՝ պատվիրում էր մեկենասը (այն անձը, ով վճարում էր արվեստի գործի համար), և դրանից հետո էր այն պատրաստվում՝ պատվերի համաձայն: Մեկենասը սովորաբար նկարչի (արվեստագետի) հետ կնքում էր պայմանագիր, որտեղ նշվում էր, թե որքան գումար է վճարվելու, ինչ նյութեր են օգտագործվելու, որքան ժամանակ է պահանջվելու գործն ավարտին հասցնելու համար, և թե որը կլինի գործի առարկան:
Սա այն չէր, ինչը մենք համարում ենք գեղարվեստական ազատություն, սակայն այն ուներ իր առավելությունները: Ի տարբերություն այսօրվա շատ նկարիչների՝ այն ժամանակ անհատը չէր ստեղծագործում՝ հուսալով, որ իր գործը մի օր կվաճառվի:
Նկարիչների կարգավիճակը նախորդ դարաշրջաններում
Սա հասկանալու համար արի հիշենք, թե ինչեր կարող ես պատվիրել քեզ համար այսօր: Կարող ես մտաբերել պիցցան՝ պատվիրված տեղական պիցցերիայում. «Ես ուզում եմ մեծ կարկանդակ՝ պեպերոնիով», կամ ծննդյան տորթ՝ պատվիրված հրուշակագործից. «Ես ուզում եմ շոկոլադե տորթ՝ մոկկո սերուցքով, և վրան կապույտ տառերով «Ծնունդդ շնորհավոր, Ջերրի» գրեք»: Գուցե գրադարակներ կամ հարսանեկան զգեստ ես պատվիրել:
Արդյոք մեր մշակույթում խոհարարները և ատաղձագործներն ունեն նույնքան բարձր կարգավիճակ, որքան իրավաբանները կամ բժիշկները (հիշիր, որ նկատի չունենք այն, թե ինչ ենք մտածում, այլ ինչպես է մշակույթը արժևորում այդ մասնագիտությունները): Մեր մշակույթը ստեղծում է խտրականություն, որի արդյունքում մենք հակադրում ենք «կապույտ օձիքները» (բանվոր դասակարգ) «սպիտակ օձիքներին» (գրասենյակային ծառայողներ):
Միջնադարի և նույնիսկ Վերածննդի ժամանակաշրջանում արտիստները այն մարդիկ էին, որոնք աշխատում էին ձեռքով, նրանք համարվում էին փորձառու աշխատողներ, վարպետներ կամ արհեստավորներ: Սա այն էր, ինչի դեմ Վերածննդի արտիստները պայքարում էին: Նրանք, բնականաբար, ցանկանում էին ճանաչված լինել իբրև մտածողներ և նորարարներ: Վերածննդի շրջանում արտիստների կարգավիճակը կտրուկ փոխվեց, սակայն հաջողված արտիստից դարեր էր պահանջվում, որպեսզի նվաճեր բարձր կարգավիճակ, որը մենք այսօր անվանում ենք «արվեստի աստղեր» (օրինակ՝ Պաբլո Պիկասո, Էնդի Ոուրհոլ, Ջեֆ Կունս, Դեյմիեն Հիրսթ):
Այն, ինչ արժևորում էինք, փոխվել է
Միջնադարյան նկարները հաճախ արժեքավոր իրեր էին՝ նկարված ոսկով և այլ թանկարժեք նյութերով: Հենց այս նյութերն էին նկարները դարձնում արժեքավոր (օրինակ՝ կապույտը ստանում էին քիչ հանդիպող կիսաթանկարժեք լազուր քարից): Այս նյութերն անխնա օգտագործվում էին կտավները նկարելիս՝ կրոնական անձնվիրությունը արտահայտելու կամ գնորդի հարստությունը և կարգավիճակը ցուցադրելու նպատակով: Մեր օրերում նկարի արժեքը հաճախ բոլորովին այլ բաների արդյունք է: Պիկասոն կարող էր նկարել անձեռոցիկի վրա, և այն կլիներ աներևակայելի արժեքավոր միայն նրա համար, որ դրա հեղինակը Պիկասոն է: Մեր օրերում արվեստը նկարչի արտահայտչականությունն է, և օգտագործվող նյութերը շատ փոքր նշանակություն ունեն արվեստի գործի իրական արժեքի որոշման հարցում:
Էսսեի հեղինակ՝ դր Բեթ Հարիս և դր Սթիվեն Ցուկեր
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։