If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ինչպես են թանգարանները կարծիք ձևավորում

Մշակույթը կարող է սահմանվել որպես սոցիալական հմտություն [կամ քննախոսություն], որի հիմնական նպատակն է իմաստ ունենալը, այսինքն՝ խելացի միտք ստեղծելը կամ իմաստի ներդրումը աշխարհի մեջ, որտեղ մենք ապրում ենք: Մշակույթը հասարակական մակարդակ է, որտեղ ստեղծվում են աշխարհի այն պատկերները և իրականության այն սահմանումները, որոնք կարող են գաղափարախոսականորեն մոբիլիզացված լինել, որպեսզի իրականացնեն դասակարգերի, ռասաների և սեռերի միջև գերակայության և ենթակայության հարաբերությունների արդեն իսկ գոյություն ունեցող կարգը: —Գրիզելդա Պոլլոկ, «Պատկերացում և տարբերություն. ֆեմինիզմ, կանացիություն և արվեստի պատմություններ», Նյու Յորք, «Routledge, Chapman & Hall, Inc.», 1988թ, էջ 20
Ջեյմս Տիսո, «Լոնդոնի այցելուները», 1874թ., յուղաներկ, կտավ, 160 x 114 սմ (Տոլեդո արվեստի թանգարան)
Պոստմոդեռնիզի քննադատության հիմնական նախադրյալն այն է, որ մենք կազմված ենք մշակութային կոնտեքստի ծածկագրերից, դատողությունից և լեզուներից: Մենք այս ծածկագրերն արհեստական չենք համարում, ընդհակառակը, դրանք թվում են բնական: Սակայն այս ամենը մշակութային ուժի ազդեցությունն է մեզ բնորոշելու և աշխարհն ընկալելու հարցում: Մշակույթը նատուրալիզացնում է ինքնության ծածկագրերը, ինչի արդյունքում մենք մոռանում ենք, որ մեզ և ուրիշներին տրված բնորոշումները կախված են մեր ընտրություններից: Մեզ թվում է, թե ամեն ինչ միշտ էլ այսպես է եղել: Պոստմոդեռն արվեստի քննադատությունը մարտահրավեր է նետում այդ գաղափարին՝ ցույց տալով, թե ինչպես են ստեղծվել, փոխվել և ինքնությունը ձևավորել ռասաների, դասակարգերի, գենդերի և սեռերի տեսական, այսինքն՝ մշակութային պատկերացումները:

Թանգարանների վերելքը

Մշակութային հաստատությունները ինքնության ստեղծման անբաժանելի մասն են կազմում: 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին եվրոպական մշակույթում տեղի ունեցավ նոր կարևոր հաստատության՝ ժողովրդական արվեստի թանգարանի կառուցումը: Անգլիայի (Բրիտանական թանգարան և ազգային արվեստի պատկերասրահ), Ֆրանսիայի (Լուվր), Գերմանիայի, Իտալիայի և Միացյալ Նահանգների թանգարանները կարևոր դեր խաղացին ազգային ինքնության ձևավորման հարցում: Քերոլ Դանքնը իր «Քաղաքակրթելով ծեսերը» գրքից հետևյալ մեջբերման մեջ վիճում է թանգարանների վճռական դերի մասին:
Վերահսկել թանգարանը նշանակում է հստակ վերահսկել համայնքի ներկայացուցչությունը և նրա բարձրագույն արժեքներն ու ճշմարտությունները: Այն նաև համայնքի ներսում գտնվող անձանց հարաբերական դիրքերը սահմանելու ուժն է համարվում: Նրանք, ովքեր պատրաստ են կատարելու իրենց գործունեությունը, նրանք, ովքեր կարողանում են արձագանքել տարբեր ակնարկներին, հենց այն մարդիկ են, որոնց ինքնությունը (սոցիալական, սեռական, ռասայական և այլն) թանգարանի գործունեությունն ամբողջությամբ ընդունում է: Հենց այդ պատճառով թանգարանները և թանգարանային գործառույթները կարող են դառնալ կատաղի պայքարի և խանդավառ բանավեճի օբյեկտներ: Ի՞նչ ենք տեսնում և չենք տեսնում արվեստի թանգարաններում, ըստ ո՞ր պայմանների և ո՞ւմ թույլտվությամբ ենք տեսնում կամ չենք տեսնում: Այս բոլոր հարցերը սերտորեն կապված են ավելի մեծ հարցերի հետ, թե ով է կազմում համայնքը, և ով է սահմանում դրա ինքնությունը: [էջ 8-9]
Վիլյամ Վիլկինս, Ազգային պատկերասրահ, 1832-38թթ․, «Թրաֆալգարյան հրապարակը Լոնդոնում» (Նկարի հեղինակ՝ Վեյլանդ Սմիթ, CC BY-SA 2,0)
Ջեյմս Տիսո, «Լոնդոնի այցելուները» (հատված), 1874թ., յուղաներկ, կտավ, 160 x 114 սմ (Տոլեդո արվեստի թանգարան)
Գաղափարախոսության ձևավորման մեջ թանգարանների դերը հասկանալու համար ուշադրություն դարձրեք Ժակ Ջոզեֆ Տիսոյի «Լոնդոնի այցելուները» նկարին: Այս նկարում ծածկագրված են 19-րդ դարի վերջի հասարակական և մշակութային գործառույթները: 19-րդ դարի բրիտանացի քննադատ Ուիլյամ Հազլիթն արտահայտում է արվեստի ազգային պատկերասրահի հիմնական նպատակը, որը զարմանալիորեն արտացոլվում է Տիսոյի նկարում:
Հենց սա է չմտածված հոգսերի և անհանգիստ կրքերի բուժումը (համենայն դեպս՝ ժամանակավոր): Տեղափոխվում ենք մեկ այլ ոլորտ, շնչում ենք էմպիրեական օդը, ներթափանցում ենք Ռաֆայելի, Պուսենի, Տիցիանի, Կարաչիի մտքի մեջ և նայում ենք բնությանը նրանց աչքերով, տեղափոխվում ենք անցյալ, և թվում է, թե նույնացվում ենք որոշ մշտական երևույթների ձևերի հետ: Ամբողջ աշխարհի բիզնեսը և նույնիսկ նրա հաճույքները կարծես թե ընկալվում են որպես ունայնություն և անպատկառություն: Ի՞նչ են աղաղակը, փոփոխվող տեսարանը, ֆանտոչինիի թվերը, ֆոլլին, անօգուտ նորաձևությունը՝ համեմատած ներսի մենակության, լռության, խոսող հայացքների, անթառամ ձևերի հետ: Սա է մտքի ճշմարիտ տեղը: Ճշմարտության և գեղեցկության մասին մտորումը հատուկ օբյեկտ է, որի համար ենք մենք ստեղծվել, որն առաջացնում է հոգու ամենաուժգին ցանկությունները, և որից այն երբեք չի ձանձրանում [մեջբերված է Քերոլ Դունկանի «Քաղաքակրթելով ծեսերը ժողովրդական արվեստի թանգարանների ներսում» գրքից, Լոնդոն, 1995թ., էջ. 15]:
Ջեյմս Գիբս, «Սենտ- Մարտին-ին-դե-ֆիլդս», 1722-24թթ, Լոնդոն, նկարը՝ ChrisO CC BY-SA 3,0
Տիսոյի նկարն արտահայտում է աշխարհի անկանոն և չեզոք նշույլը: Այս տեսության հավաստիությունն ապացուցում է այն փաստը, որ կարող ենք որոշել նկարում պատկերվածի փաստացի գտնվելու վայրը:
Ժողովուրդը կանգնած է Լոնդոնի արվեստի ազգային պատկերասրահի Հունական Վերածնունդի սրահի մուտքի մոտ: Սյուների միջով կարող ենք տեսնել 18-րդ դարի սկզբին Քրիստոֆեր Ռենի կողմից ոգեշնչված և Ջեյմս Գիբսի նախագծած Սենտ-Մարտին-ին-դե-ֆիլդս եկեղեցին:

Թանգարանը և դրա ճարտարապետությունը

Եկեղեցու ֆասադները և Ազգային պատկերասրահը անմիջականորեն կապված են հունահռոմեական արվեստից ժառանգված դասական ճարտարապետության ավանդույթի հետ: Պանթեոնի ֆասադը կառուցել է Հադրիանոս կայսրը 2-րդ դարի սկզբին: Այն ավանդական տաճարային ֆասադի օրինակ է:
Պանթեոն, 126թ․, Հռոմ (նկարը՝ Ժան-Պոլ Գռանդմոնի (CC BY 3,0)
Հիշիր, թե որտեղ ես հանդիպել նման ֆասադներ: Որտե՞ղ ես գտնում դրանք: Ի՞նչ ես զգում դրանք տեսնելիս: Ո՞րն է դրանց նպատակը:
Վիլյամ Ռեյլտոն, Է. Հ. Բեյլի և սըր Էդվին Լենդսիր, Նելսոնի սյուն, 1840-43թթ, Թրաֆալգարյան հրապարակ, Լոնդոն (նկարը՝ Eluveitie CC BY-SA 3,0)
Նկարի աջ կողմում պատկերված է Թրաֆալգարյան հրապարակը, որի կենտրոնում հուշարձանն է՝ նվիրված Բրիտանական նավատորմի ծովակալ Լորդ Նելսոնին, ով սպանվել է Թրաֆալգարի ճակատամարտում հաղթանակի ժամանակ: Լորդ Նելսոնի հուշարձանը տեղադրված է հունական և հռոմեական ճարտարապետության Կորինթիական սյունի վրա: Այս հուշարձանի ձևը ուղղակիորեն կապված է հաղթական հուշարձանի ձևի հետ, որն առնչվում է հռոմեական արվեստի հետ, և որի լավագույն օրինակն է Հռոմում 2-րդ դարի սկզբին կառուցված Տրայանոսի սյունը:
Քաղաքների նախագծման ավանդույթում անհնար է գտնել այնպիսի հանրային տարածք, ինչպիսին Թրաֆալգարյան հրապարակն է: Օրինակ՝ Հռոմում Տրայանոսի սյունը ավելի մեծ համալիրի՝ Տրայանոսի ֆորումի մի մասն էր կազմում: Հռոմեական քաղաքի նախագծման ընթացքում ավանդական էր համարվում կենտրոնում մեծ հասարակական տարածք ունենալը, որի սահմաններում կարող էին տեղադրվել խոշոր ֆորմալ հասարակական շենքեր: Հռոմ քաղաքում գտնվող այս ֆորումը ծառայում էր տեսողական ձևով գերիշխող հռոմեական արժեքներին և պետության հեղինակությանը:
Հատկանշական է ճանաչել տարբեր հուշարձաններ, որոնք ընդգրկված են Տրայանոսի հրապարակի մեջ: Հրապարակ մտնելու համար պետք է անցել Տրայանոսին նվիրված հաղթական կամարի տակով: Այնուհետև հայտնվում ես մի տարածքում, որտեղ կենտրոնում տեղադրված է հեծյալի արձանը: Այս տարածքը եզրափակվում է Բազիլիկա Ուլտրա կոչվող մեծ շենքով: Նրա հիմնական գործառույթներից մեկն է ծառայել որպես իրավաբանական դատարան: Բազիլիկայից բացի, կան երկու գրադարան՝ հունական և լատինական: Այս գրադարանները տեղակայված են Տրայանոսի սյունակի երկու կողմերում: Համալիրն ավարտվում է Սուրբ Տրայանոսի տաճարով, որը նվիրել է նրան հաջորդողը:
Ուշադրություն դարձրու հրապարակում տեղակայված տարբեր հաստատություններին և Տրայանոս կայսեր հեղինակության և հռոմեական կայսրության հետ նրանց խորհրդանշական հարաբերություններին: Համեմատիր Թրաֆալգարյան հրապարակի հետ: Նաև հիշիր այլ քաղաքներում խոշոր հասարակական տարածքներ: Զուգահեռներ տանենք Վաշինգտոնում Կոլումբիայի շրջանի մոլի հետ: Հիշիր, որ Արվեստի ազգային պատկերասրահը մոլի մի մասն է: Մտածիր արևմտյան ճարտարապետության այսպիսի պլանավորման հետևանքների մասին: Որպես միտում՝ դիտարկիր «կայսրության» գաղափարի հետևանքները: Հիշիր, որ Հռոմի իշխանության գաղափարական կենտրոնը կայսրության պատկերացումն է: Նաև հիշիր, որ Տիսոն իր նկարը ստեղծել է Բրիտանական կայսրության վերելքի ժամանակ:
Կոլումբիայի շրջան, Վաշինգտոնի Ազգային ծառուղու տեսարանը երկնքից, որտեղից երևում է Լինքոլնի հուշահամալիրը՝ ներքևում, կենտրոնում՝ կոթողը, իսկ Կապիտոլիումը՝ վերևի մասում:
Ակնհայտորեն, նկարչության և արվեստի դերն Արևմուտքի սոցիալական, մշակութային և քաղաքական կյանքի հետ կապող հաստատություններից մեկը արվեստի թանգարանն է: Համեմատիր այս նկարի ուսումնասիրության փորձը անձամբ արվեստի թանգարան գնալու փորձի հետ: Ի՞նչ ընդհանրացումներ կարող ես անել արվեստի թանգարանների վայրերի մասին: Ըստ քեզ՝ ի՞նչ հարաբերություններ պետք է լինեն արվեստի թանգարանի և շրջակա շենքերի և տարածքների միջև: Ի՞նչ ես ակնկալում տեսնել արվեստի թանգարանում:
Էսսեի հեղինակ՝ դր Ալեն Ֆարբեր

Հավելյալ աղբյուրներ

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: