If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

«ARCHES»

Հեղինակներ՝ դր Բեթ Հարիս և դր Սթիվեն Ցուկեր

Վտանգված մշակութային ժառանգության կրթական ծրագրերի շարք (ARCHES)

Վտանգված մշակութային ժառանգության կրթական ծրագրերի շարքը (ARCHES) վտանգված մշակութային ժառանգության ուսումնասիրության Smarthistory-ի ուսումնական նոր ռեսուրս է, որը ֆինանսավորում է Ազգային մարդասիրական հիմնադրամը:

Վտանգված մշակութային ժառանգության կրթական ծրագրերի շարքն (ARCHES) ակտիվորեն զարգանում է, ուստի և խնդրում ենք պարբերաբար անդրադառնալ կազմակերպության գործունեությանը:

Մշակութային նյութական ժառանգությունը՝ հուշարձանները, հնավայրերն ու իրերը, որոնք արտահայտում են և օգնում են բնութագրել մեր համընդհանուր մարդկությունը, ենթարկված է անթիվ-անհամար վտանգների: Մինչ մենք պարբերաբար կարդում ենք տարբեր խորագրեր, որտեղ նկարագրվում է հնագույն հուշարձանների ոչնչացումը ծայրահեղականների կողմից, ինչպիսիք են իսլամական պետությունն ու թալիբները, այս ոտնձգությունները մատնանշում են առավել լայնածավալ համաշխարհային ճգնաժամ՝ մշակութային ժառանգության աննախադեպ ծավալի կորուստը:
Մշակութային վտանգված ժառանգության ծավալն ու քանակը պարզորոշ ցույց են տալիս, որ ներկայումս մեր անփոխարինելի ժառանգության պաշտպանությունն անխուսափելիորեն միահյուսված է հենց այս իրերի ու հնավայրերի ուսումնասիրության հետ: Մշակութային ժառանգության վրա ծայրահեղականների թիրախային վերջին հարձակումից պարզ դարձավ, որ մշակութային ժառանգության փառահեղ պատմությունն ընկալելու հնարավորությունները պետք է լայնորեն հասանելի լինեն հանրությանը: Իրազեկված հասարակության դերն էական է մշակութային ժառանգության պաշտպանման շարունակական ջանքերի համար:
Մեր մշակութային ժառանգությունը սահմանում է մեր մարդկությունը: Մշակութային բազմազանությունը, ինչպես որ կենսաբազմազանությունն է, քանակական և վճռորոշ դեր է խաղում մարդկային տեսակների առողջության հարցում: Մշակութային ժառանգության դեմ ոտնձգությունն աշխարհի մի մասում ոտնձգություն է բոլորիս դեմ՝ ողջ մարդկության դեմ: Բայց և մշակութային բազմազանությունը ողջ աշխարհում լուրջ սպառնալիքի տակ է: Այս սանձարձակ բարբարոսությունն (վանդալիզմ) ու ոչնչացումը պարզապես ուղեկցող ու կողմնակի վնասներ չեն. դա մշակութային և էթնիկ (ազգային) մաքրազտման անողոք ալիքի մի մասն է, որն անբաժանելի է մշակութային այս գոհարներն ստեղծած համայնքների հետապնդումից: Սա գողության ու եկամտի շղթայի մաս է նաև, որը ֆինանսավորում է ծայրահեղականների և ահաբեկիչների գործունեությունները: Մշակութային ժառանգության ցանկացած կորուստ մեր համընդհանուր հիշողության կորուստ է: Սա վտանգի տակ է դնում մեր ունակությունը՝ սովորելու, փորձ ձեռք բերելու և կուտակելու, ինչպես և անցյալի դասերը ներկայի ու ապագայի համար կիրառելու: — Բան Կի-մուն, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, 12 ապրիլի 2016 թ.

Թալան և հնագիտական տվյալների (արձանագրությունների) կորուստ

Մշակութային ժառանգության պաշտպանության գործում հնագիտությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում: Ներկա դարաշրջանում թալանողների համար ուժանակների (դինամիտների) և բուլդոզերների հասանելիությունն ու մատչելիությունը հանգեցրել է հնավայրերի արժեքային բովանդակության համատարած կորստի և ստեղծել է որբացած, անհայտ ծագման իրերի մի դաս, որն այսօր ներթափանցում է արվեստի շուկա: Այս իրերը՝ կիկլադյան արձանիկները, Մալիի խեցեղենը և հնագույն մետաղադրամները, հավաքորդների ամենասիրելի ու գերադասելի իրերն էին, ովքեր և բարձրացնում էին գները՝ ավելացնելով պահանջարկը և ավելի ու ավելի քաջալերելով թալանողներին:
Հնագիտական տեղավայրերի թալանը համաշխարհային գերխնդիր է. այն տեղի է ունենում ինչպես աղքատ երկրներում, որտեղ բնակչությունը գրեթե չունի ապրուստի այլ միջոցներ, այնպես էլ հարուստ երկրներում, օրինակ՝ Միացյալ Նահանգներում, որտեղ վերջերս թալանվեց քաղաքացիական պատերազմի վայր «Պետերբուրգի ազգային ռազմադաշտը»: Նման դեպքերում կորչում են ոչ միայն պարզապես թանկարժեք իրեր, որոնք անհետանում են մասնավոր հավաքածուներում, այլև գիտական արժեքավոր տեղեկություններ, որոնք վերանում են, երբ խաթարվում են հնավայրի նստվածքաշերտերն ու պակաս պահանջարկ ունեցող իրերը:
Նստած արձանիկ, թրծակավ (տեռակոտա), 13-րդ դար, Մալի, Նիգերի ներքին դելտայի շրջան, Ջեննեի բնակչություն, 25/4 x 29,9 սմ («Մետրոպոլիտան» թանգարան)
Նստած արձանիկ, թրծակավ (տեռակոտա), 13-րդ դար, Մալի, Նիգերի ներքին դելտայի շրջան, Ջեննեի բնակչություն, 25/4 x 29,9 սմ («Մետրոպոլիտան» թանգարան)
Օրինակ՝ աֆրիկյան հնագույն Ջեննե քաղաքում հնագետները հայտնաբերեցին թրծակավագույն (տեռակոտե) արձանիկներ (շատերը պատված էին առեղծվածային զարդեզրերով), որոնք բարձր գնահատվեցին հավաքորդների կողմից: Սա իր հերթին հանգեցրեց հնավայրերի համատարած թալանի (տարածաշրջանը համակած սովի ժամանակաշրջանում), ինչպես նաև շուկայում հարյուրավոր անհայտ ծագման իրերի հայտնվելուն: Հնագետներն ու արվեստի պատմաբանները բանավիճում են այն խնդրի շուրջ, թե իմաստ ունի արդյոք այս իրերն ուսումնասիրել և հրապարակել, ինչն ակամայից կբարձրացնի դրանց շուկայական արժեքը և դրանով իսկ կխթանի հետագա թալանը:
Պատկերները ոչ միայն մշակութային ինքնության շտեմարան են և հոգևոր անգերազանցելիության հասնելու ուղի, այլև ունեն դրամական արժեք, ինչն էլ դրանք դարձնում է թիրախ աղքատության մեջ ապրող մարդկանց, շահույթ հետապնդող միջնորդների և գործարքառուների, ինչպես նաև հավաքորդների համար, ովքեր կարևոր իրի փափագ ունեն: Հնագիտական տեղավայրերի թալանը կործանում է կուտակված նստվածքաշերտերով հնավայրի արժեքային բովանդակությունը, որը հարուստ է գիտական գիտելիքով: Վերջին տասնամյակների ընթացքն առաջ մղող այս ուժը (դինամիկան) երբեմն հնագետին (կամ մշակութային ժառանգության հարցերով զբաղվող կազմակերպությանը) հանում էր ընդդեմ տեղի բնակչությանը և նույնիսկ միջազգային ճանաչում ունեցող թանգարանների շահերին:

Թանգարանների դերը

Մենք դեռևս ապրում ենք գաղութային դարավոր տիրապետության (տհաճ) հետևանքներով: Խոշոր թանգարաններում, հատկապես Արևմուտքի թանգարաններում, պահվում են գանձեր, որոնք ձեռք են բերվել նվաճումների, հեղափոխությունների և գաղութատիրական բռնազավթումների միջոցով: Թանգարանում շեշտը դրվում է իրի գեղագիտական (էսթետիկ) հատկությունների վրա: Այդ իրերը հաճախ առանձին ցուցադրվում են լուսավորված թափանցիկ տուփի մեջ, որն էլ թաքցնում է դրանց ոչ միայն նախնական գործառնությունը (հավանաբար Արևմտյան Աֆրիկայի դիմակահանդեսում, բուդդայական տաճարում կամ եկեղեցու խորանի վրա), այլև ունի աշխարհիկի վերածելու միտումն այն բանի, որը մի ժամանակ համարվում էր սրբազան:
Հանրագիտարանային թանգարանների (որոնք ունեն համաշխարհային հավաքածուներ՝ հաճախ ձեռք բերված գաղութատիրական բռնազավթումների կամ անհայտ ծագման իրերի նվիրատվության միջոցով, և ձգտում են մարդկությունն ընկալել ժամանակի ու տարածության մեջ) աշխարհիկ արժեքների և հավանաբար ավելի ազգայնական (նացիոնալիստական) զգացմունքներ ունեցող ու գաղութացված մարդկանց միջև գոյություն ունեցող այս լարվածությունը պարբերաբար խաղարկվում է հնագետների, թանգարանի տնօրենների, խորհրդատու-վերահսկողների (կուրատորների) և տեղի բնակչության բանավեճերում:
Սա, սակայն, բարդ ու դժվարին քննարկում է: Որոշ դեպքերում այդ իրերն ստեղծած մշակույթներն այլևս գոյություն չունեն. այլ դեպքերում՝ իրերը այն ավանդույթների հետ կապելու ջանքերը, որոնք իրոք չեն կործանվել ու գոյատևել են, քննադատվել են որպես հեռուն գնացող գաղափարներ: Ոմանք էլ պնդում են, որ ընդհանրական, միասնական ու համընդհանուր ժառանգության արժեքներն ավելի կարևոր են, քան ազգային նկրտումները, հատկապես եթե դրանք առաջ են քաշվում քաղաքական օրակարգերով արատավորված կառավարությունների կողմից: Պարզ է, որ սա բանավեճ չէ նրանց համար, ովքեր հստակ սահմանված բարոյական բարձր հենակետ են փնտրում: Մյուս կողմից, եթե փնտրում ենք լայն ներկայացուցչական համաժողով (ֆորում), որտեղ կուսումնասիրենք, թե ինչպես ենք սահմանում ինքնությունը, և թե ինչի վրա կարող ենք հիմնել մշակութային փոխադարձ հարգանքը, այդ դեպքում մշակութային ժառանգությունն ընձեռում է ահռելի հնարավորություններ:
Եվֆրոնիոս, Սարպեդոնի պատկերով կրատեր (մակագրված է. խեցեգործ՝ Եվքսիթեոս և նկարիչ՝ Եվֆրոնիոս), մոտ մ.թ.ա. 515 թ., կարմիր թրծակավե (տեռակոտե) հարթաքանդակներ, 55,1 սմ տրամագծով (Չերիտեի ազգային թանգարան, Չերվետերի, Իտալիա)
Եվֆրոնիոս, Սարպեդոնի պատկերով կրատեր (մակագրված է. խեցեգործ՝ Եվքսիթեոս և նկարիչ՝ Եվֆրոնիոս), մոտ մ.թ.ա. 515 թ., կարմիր թրծակավե (տեռակոտե) հարթաքանդակներ, 55,1 սմ տրամագծով (Չերիտեի ազգային թանգարան, Չերվետերի, Իտալիա)
Եվֆրոնիոսի կրատերի պատմությունն այդպիսի մի օրինակ է: Կրատերը պունշի հին հունական մեծ գավաթ է, որը ձեռք է բերել «Մետրոպոլիտան» թանգարանը, և որը դարձել է թանգարանի ամենանշանավոր իրերից մեկը ոչ միայն խեցամանի ռեկորդային գնի, այլ նաև իր բացառիկ գեղանկարչության շնորհիվ: Կրատերն այժմ գտնվում է Իտալիայում և վերադարձվել է այն բանից հետո, երբ բացահայտվել է, որ սափորը հավանաբար գողացել են Հռոմի հյուսիսում գտնվող էտրուսկների հնագույն գերեզմանից: «Մետրոպոլիտանի» ձեռքբերման և խեցամանի ծագման հետ կապված բացթողումները վերանայելու վերջինիս պատրաստակամության շուրջ հարցերը մնում են անպատասխան:
Պատկերները՝ լինեն գեղանկար, քանդակ, գործվածք, փականագործական առարկա, խեցեղեն կամ ճարտարապետություն, լայն առումով պատկանում են մշակութային ժառանգության ամենաազդեցիկ ձևերին: Այնուամենայնիվ, չնայած դրանց զորեղ ու հաստատակամ լինելուն, ինչպես նաև այն դերին, որ խաղում են դրանք ինքնության բնորոշման գործում, միևնույն ժամանակ պատկերները փխրուն են և սպառնալիքի տակ են: Ներկայումս առավել, քան պատմության նախորդած որևէ ժամանակաշրջանում, սպառնալիքները, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների ազդեցությունը, որոնք շփումն ու ճամփորդելը դարձնում են ավելի արագ, քան երբևէ, և գլոբալ տաքացման հետևանքով շրջակա միջավայրի փոփոխությունները դառնում են ավելի ու ավելի շոշափելի ու ահարկու: Հուսանք, որ Վտանգված մշակութային ժառանգության կրթական ծրագրերի շարքը (ARCHES) կարող է բեկումնային դեր խաղալ՝ օգնելով հասարակությանը լինել առավել տեղեկացված այսօր տեղի ունեցող մշակութային ժառանգության նախադեպը չունեցող կորստի մասին:
Վտանգված մշակութային ժառանգության կրթական ծրագրերի շարքը (ARCHES) հնարավոր եղավ իրականացնել մասամբ Ազգային մարդասիրական հիմնադրամի խոշոր դրամաշնորհի շնորհիվ. Մարդկային ջանքերի ուսումնասիրություն:
Պարտադիր չէ, որ այս տեսանյութում արտահայտված որևէ տեսակետ, բացահայտում, եզրակացություն կամ առաջարկություն արտացոլի Ազգային մարդասիրական հիմնադրամի տեսակետը, բացահայտումը, եզրակացությունը կամ առաջարկությունը:

Հավելյալ աղբյուրներ

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: