If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Մշակութային ժառանգությունը «ճգնաժամի» մեջ

Դր. Ստեֆանի Մուլդեր և դր Դեբորա Թրեին
Նկարը՝ «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանից

Հանդիպե՞լ եք «ճգնաժամում հայտնված մշակույթ» արտահայտությանը

Վերջին տարիներին, հատկապես Միջին Արևելքում ԻԼԻՊ-ի կործանիչ գործունեության սկզբնավորումից ի վեր, սովորական է դարձել լրատվական դաշտում ու ակադեմիական հանդեսներում տեսնել հոդվածներ «ճգնաժամում հայտնված մշակութային ժառանգության» վերաբերյալ։ Կարելի է ասել՝ սա խիստ արդիական թեմա է։
Բայց որքանո՞վ է այն արտացոլում իրականությունը
Միանգամայն ճիշտ է, որ աշխարհի բազմաթիվ վայրերում մշակութային ժառանգությունը ենթակա է ոչնչացման, թալանի կամ ապօրինի փոխադրումների վտանգին։ Ճիշտ է նաև, որ վերջին մի քանի տասնամյակում ի հայտ են եկել նաև նոր սպառնալիքներ մշակութային ժառանգությանը։
Դրանք են՝
  • պետությունից պետություն ապրանքների ավելի հեշտ տեղափոխումն առցանց շուկաների միջոցով (օրինակ՝ eBay-ի).
    • համաշխարհային բանկային ծառայությունների տարածումը.
  • պատերազմի, քաղաքական անկայունության այլ ձևերի և աղքատության բռնկումները.
  • ծանր տեխնիկայի ու պայթուցիկ միջոցների համատարած հասանելիությունը։
Որոշ շրջաններում, վերջին ժամանակներում՝ Միջին Արևելքի մշակութապես հարուստ տարածքներում, շարունակվող քաղաքական հեղաշրջումների և հակամարտությունների պատճառով զգալի աճել են ապօրինի փոխադրումները։
Սակայն աշխարհում մշակութային ժառանգության ոչնչացման համար «ճգնաժամ» եզրույթի գործածությունը մոլորեցնող է։ «Ճգնաժամը» մի եզրույթ է, որը ցույց է տալիս անհետաձգելի, բայց ժամանակավոր բնույթի խնդիր։ Մինչդեռ մշակութային ժառանգության ոչնչացումն ու ավերումը նոր երևույթ չեն մարդկության պատմության մեջ և չեն սահմանափակվում հեռավոր երկրներում քաղաքական անկայունության ժամանակաշրջաններով։ Աշխարհի շատ երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, չնայած քաղաքական, սոցիալական կամ տնտեսական կայունությանը, շարունակական երկարատև պայքար են մղում իրենց մշակույթի պահպանման համար բազմաթիվ այլ մարտահրավերների պատճառով։ Արժե նկատի ունենալ, որ «ճգնաժամի» գաղափարը խաբուսիկ բնորոշում է տալիս մշակութային ավերածությանը որպես ժամանակավոր անկայունության արդյունքի, որը հակամարտությունների ավարտից հետո դադարում է խնդիր լինելուց։ Իրականում «ճգնաժամի» պայմանները միայն նոր հնարավորություններ են տալիս մշակութային ավերածության արդեն իսկ տեղի ունեցող գործընթացների համար, որոնք շարունակվելու են նաև «ճգնաժամի» հաղթահարումից հետո։

Սպառնալիքներ մշակութային ժառանգությանը. պատերազմ

Եկեք ավելի ուշադիր դիտարկենք այս գործընթացները։ Ընդհանուր առմամբ՝ կա սպառնալիքների երկու տեսակ՝
  • մշակութային ժառանգության վայրերի ու առարկաների ոչնչացում պատերազմի, աղքատության և զարգացման նախաձեռնությունների հետևանքով.
  • առարկաների թալան ու ապօրինի փոխադրում, որոնք հաճախ վերոնշյալ երևույթների հետևանք են։
Պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության հուշարձանների ավերումը կարող է լինել կա՛մ կողմնակի վնասման արդյունք, օրինակ՝ երբ մի տարածք թիրախավորող ռումբն անզգուշորեն հարվածում է մեկ այլ տարածքի, կա՛մ կանխամտածված վնասման արդյունք՝ թշնամու արժեքները, կրոնական ու մշակութային խորհրդանիշներն անարգելու նպատակով։ Հաճախ դժվար է տարբերել կողմնակի և կանխամտածված վնասները, և դրանք հասցնողները, քրեական պատասխանատվությունից խուսափելու համար, կարող են կանխամտածված ոչնչացումը ներկայացնել որպես դիպվածի արդյունք։ Հավանաբար լսել եք, օրինակ, սիրիական համակամարտությունում ԻԼԻՊ-ի կատարած ավերածությունների մասին։ Սակայն սիրիական քաղաքներին ու մշակութային ժառանգությանը հասցված վնասների մեծ մասի պատճառն իրականում ԻԼԻՊ-ը չէ, այլ Սիրիայի կառավարության շարունակական օդային ռմբակոծությունները, որոնք ոչնչացրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձան հանդիսացող հին Հալեպի կառույցների մինչև 70%-ը։
Վալտեր Հան, Դրեզդենի ավերակների տեսարանը քաղաքապետարանի աշտարակի արձանի դիրքից, 1945 թ. (CC BY-SA 3,0 DE)
Վալտեր Հան, Դրեզդենի ավերակների տեսարանը քաղաքապետարանի աշտարակի արձանի դիրքից, 1945 թ. (CC BY-SA 3,0 DE)
Թեև հեշտ է մի հեռավոր երկրում իշխող վարչակարգը դիվականացնել, կարևոր է հիշել, սակայն, որ նման մակարդակի ավերածություններ հասցվել են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թե՛ Առանցքի ուժերի, թե՛ հակահիտլերյան դաշնակիցների կողմից։ Օրինակ՝ 1945 թ. բրիտանական և ամերիկյան օդային ռմբակոծությունները Դրեզդեն քաղաքի 70 տոկոսից ավելին վերածեցին ավերակների։ 2003 թ. Իրաքում ԱՄՆ ռազմական ուժերի անտարբերությունը հանգեցրեց թե՛ Իրաքի ազգային թանգարանի թալանին, որի հետևանքով հազարավոր թանգարանային նմուշներ կորան, և թալանվածի միայն կեսը վերադարձվեց, թե՛ Իրաքի հոյակապ ազգային գրադարանի (ներառյալ մինչև 16-րդ դար հասնող հարյուրավոր թանկարժեք ձեռագրերը) հրդեհմանն ու ավերմանը։ Մշակութային ժառանգության կանխամտածված թե անտարբերության հետևանքով ոչնչացումը վաղուց է պատերազմի գլխավոր ռազմավարություններից մեկը, և հանցագործները հազվադեպ են դրա համար պատասխանատվության ենթարկվում։
Մշակութային ժառանգության ոչնչացման երկար պատմությունը ցույց է տալիս, որ մշակույթի վերացումը միշտ դիտվել է որպես տիրապետման զորավոր գործիք և մարդկային կյանքը կարգավորող արժեքների վերացման գլխավոր ռազմավարություններից մեկը։ Վերջին տարիներին ՅՈՒՆԵՍԿՕ-ն մշակութային ժառանգության ոչնչացումը (պատերազմի, առևտրային շահագործման կամ թալանի հետևանքով) սահմանել է որպես մշակութային ցեղասպանության ձև։ Մարդկային կյանք խլելիս կեղեքիչները վերացնում են անհատ մարդկանց գոյությունը, իսկ մշակույթ ոչնչացնելիս վերացնում են ամբողջական ժողովուրդների հիշողությունն ու ինքնությունը։ Ուստի զարմանալի չի լինի, եթե ասենք, որ մշակութային ժառանգության ոչնչացումը հաճախ ցեղասպանության նախակարապետն է, որովհետև ժողովրդին իր անցյալից զրկելը նշանակում է զրկել նրան նաև իր ապագայից։

Սպառնալիքներ մշակութային ժառանգությանը. զարգացում, կլիմայական փոփոխություն, զբոսաշրջություն և բնական աղետներ

Այնուամենայնիվ, պատերազմական ժամանակների մշակութային ոչնչացումները աշխարհի մշակութային ժառանգության ընդհանուր կորուստների մի փոքր մասն են միայն։ Շատ ավելի նշանակալից ու երկարատև ավերածություններ են տեղի ունենում քաղաքային զարգացման, հանքարդյունաբերության, կլիմայական փոփոխությունների, զբոսաշրջության և անգամ բնական աղետների հետևանքով։ Օրինակ՝ հնագիտական արժեք ներկայացնող բուդդիստական Մեծ Այնակ վայրն Աֆղանստանում այժմ ենթակա է չինական հանքարդյունաբերության վտանգին։ Այս խնդիրը հանրային հնչեղություն ստացավ վերջերս ստեղծված մի վավերագրական ֆիլմի շնորհիվ։ Նմանապես, ԱՄՆ-ում համայնքային հողերում հանքարդյունաբերության զարգացման խթանումը նույնպես մշակութային ժառանգության համատարած ոչնչացման պատճառ է դառնում, ինչպես, օրինակ, «Արջի ականջներ» ազգային հուշարձանում, որը 85%-ով փոքրացավ պրեզիդենտ Թրամփի՝ 2017 թ. դեկտեմբերին ստորագրած որոշմամբ։
Պատմական Վենետիկ քաղաքի վրա զանգվածային զբոսաշրջության ազդեցությունը (լուսանկարը՝ Ալեսանդրո Ջումելիի, Հուշարձանների համաշխարհային հիմնադրամ)
Պատմական Վենետիկ քաղաքի վրա զանգվածային զբոսաշրջության ազդեցությունը (լուսանկարը՝ Ալեսանդրո Ջումելիի, Հուշարձանների համաշխարհային հիմնադրամ)
Թեև մշակութային ժառանգության շատ վայրեր պահպանվում են զբոսաշրջությունը խթանելու համար, զբոսաշրջությունը նույնպես կարող է զանգվածային ավերածություն պատճառել այցելող մարդկանց մեծ քանակի հետևանքով, ինչպես նաև որովհետև մշակութային ժառանգության հուշարձանը զբոսաշրջության համար հարմար վայր դարձնելը հաճախ մեծապես փոխում է այդ վայրի նշանակությունը տեղացիների համար, որոնց կապն այդ վայրի հետ կարող է ջնջվել։ Այդպիսին է Դուբրովնիկի դեպքը. մի քաղաքի, որը վերակառուցվեց Բալկանյան պատերազմից հետո նվիրատուների միջազգային առևտրային կազմակերպության կողմից և այժմ ստիպված է գործ ունենալ «Գահերի խաղից» ներշնչված զբոսաշրջիկների հեղեղի հետ, որը սպառնում է շատ քիչ բան թողնել սկզբնական քաղաքից, և սա մի ավերածություն է, որն այդ քաղաքի որոշ բնակիչներ համարում են ավելի վատ, քան ինչ որ եղել էր պատերազմի ժամանակ։

Թալան

Եթե պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության ոչնչացումը որոշ չափով նման է հանկարծամահության, ապա թալանը նման է դանդաղորեն քայքայող քաղցկեղի։ Թալանը մշակութային արժեք ներկայացնող առարկաների գողությունն է հնությունների վաճառքի շուկայում վաճառելու համար, հիմնականում ամերիկացի և եվրոպացի հարուստ անհատ գնորդներին։ Ինչպես ցույց է տվել արվեստաբանության պրոֆեսոր Նաթան Էլկինսը, անգամ փոքրիկ առարկաների (օրինակ՝ մետաղադրամների) գնման հետևանքները կարող են ավերիչ լինել անցյալի մասին մեր ունեցած պատկերացումների համար։ Երբ առարկան հեռացվում է իր սկզբնական միջավայրից, իսկույն կորցնում է ժամանակին մարդկանց ապրած կյանքի մասին տեղեկույթ հաղորդելու իր կարողության զգալի մասը։
Ոտնաթաթի բեկորներով պատվանդան, Պրասատ Չեն, Կոհ Կեր, լուսանկարը՝ © Simon Warrack-ի։ Հրապարակվում է հեղինակի թույլտվությամբ։ Հեղինակային բոլոր իրավունքները պահպանված են
Ոտնաթաթի բեկորներով պատվանդան, Պրասատ Չեն, Կոհ Կեր, լուսանկարը՝ © Simon Warrack-ի։ Հրապարակվում է հեղինակի թույլտվությամբ։ Հեղինակային բոլոր իրավունքները պահպանված են
Հնագետներն այն վայրը, որում գտնվում է մի առարկա, կոչում են վերջինիս համատեքստը։ Համատեքստն այդ առարկան է և դրա հարաբերությունը շրջապատող բոլոր մյուս առարկաների ու նյութերի հետ հնագիտական վայրում։ Այս առարկաների միջև հարաբերություններն են թույլ տալիս հնագետներին վերականգնել անցյալը (թալանված առարկաները, որ կտրվում են այս համատեքստից, կարող են չհիմնավորված համարվել։ Հետևաբար, անգամ ամենափոքր առարկաները, ինչպիսին հին մետաղադրամներն են, կարող են կարևոր տեղեկություններ հաղորդել անցյալում ապրած մարդկանց կյանքի վերաբերյալ։ Թեև թալանի համար հաճախ մեղադրում են տեղաբնակներին, կարևոր է մատնանշել, որ տեղաբնակները թալանում են հաճախ կենսական անհրաժեշտությունից՝ ապրելու սուղ միջոցները լրացնելու համար, և դա շահույթ է բերում միայն այն պատճառով, որ համընկնում է հարուստ երկրների պահանջներին։ Հնությունների շուկան շատ ընդարձակ է, և, ըստ անցյալ տարվա «Ոուլ Ստրիտ Ջըրնըլ»-ի հրապարակման, դա շատ ավելի մեծ հետևանքներ կարող է թողնել, քան անցյալի մասին մեր գիտության կորուստը, քանի որ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության պես, դրանից եղած եկամուտներն օժանդակում են ահաբեկչությանը, քրեական կազմակերպություններին և քրեական գործունեության բազմաթիվ այլ ձևերի։

Ինչ կարելի է անել

«Ընթացիկ ճգնաժամի» մասին քննարկումը դարձնելով քննարկում նրա մասին, թե ինչպես ենք այժմ համաշխարհային մակարդակով բախվում մի հին խնդրի հերթական կրկնությանը՝ մենք կարող ենք խուսափել պարզունակ լուծումներից, որոնք առաջարկում են ճզմել «վատ տղաներին», օրինակ՝ ԻԼԻՊ-ին, և այդպես մեկընդմիշտ լուծել մշակութային ժառանգության ոչնչացման ու թալանի խնդիրը։ Ամենակարևորն այն է, որ դա մեզ թույլ կտա կենտրոնանալու այդ ոչնչացման իրական պատճառների վրա, որոնք են՝ մշակութային արժեք ներկայացնող առարկաների պահանջը հարուստ երկրներում. պահանջ, որ խթանում է հնությունների ամբողջ առևտուրը, և այդ առևտրի ծաղկմանը նպաստող թույլ օրենսդրությունը։ Այս քննարկումը թույլ է տալիս ներառել նաև հարակից խնդիրները, օրինակ՝ հանրակրթության մեջ եղած բացը հնությունների առևտրի մասին կամ խնդրահարույց տարբերակումները, օրինակ՝ արվեստի գործի (որը սովորաբար դիտվում է որպես շուկայական պահանջին ենթակա անձնական ապրանք) և մշակութային ժառանգության միջև, որը բնորոշվում է որպես «համաշխարհային» արժեք և բոլորի սեփականություն։
Գիտակցելը, որ մշակութային ժառանգությունը վաղուց է վտանգված, մեզ թույլ է տալիս խուսափել կարճաժամկետ, ճգնաժամի վրա հիմնված արձագանքներից և հնարավորություն է տալիս գտնելու երկարաժամկետ համակարգային լուծումներ։

Հավելյալ աղբյուրներ
Trinidad Rico, "Heritage at Risk: The Authority and Autonomy of a Dominant Preservation Framework," in Heritage Keywords: Rhetoric and Redescription in Cultural Heritage, Kathryn Lafrenz Samuels and Trinidad Rico, editors, Boulder, University of Colorado Press, 2015, pages 147–162.

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: