If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ինչ է մշակութային ժառանգությունը

Լեոնարդո դա Վինչի «Մոնա Լիզա», մոտ. 1503-05, նյութ՝ յուղաներկ, փայտ, 30-1/4 x 21 դյույմ (Լուվր)
Լեոնարդո դա Վինչի, «Մոնա Լիզա», մոտ. 1503-05, յուղաներկ, փայտ, 30-1/4 x 21 դյույմ (Լուվր)
Մենք հաճախ ենք լսում մշակութային ժառանգության կարևորության մասին: Սակայն ի՞նչ է մշակութային ժառանգությունը, և ո՞ւմ ժառանգությունն է դա: Օրինակ՝ ո՞ր ազգի ժառանգությունն է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարը, ո՞ւմ է այն պատկանում: Ֆրանսիացիների՞ն, թե՞ իտալացիներին:
Նախ ուշադրություն դարձնենք բառիմաստներին: «Ժառանգություն» բառը նշանակում է սեփականություն, որը ժառանգված է նախորդ սերունդներից: «Մշակութային ժառանգություն» ասելով պետք չէ հասկանալ փողը կամ ունեցվածքը, իրականում դա վերաբերում է մշակույթին, արժեքներին և ավանդույթներին: Մշակութային ժառանգությունը կապում է մեր սեփականությունը հասարակության հետ: Այն ներկայացնում է մեր պատմությունը, ցույց է տալիս մեր ինքնուրույնությունը և կապը անցյալի, ներկայի ու ապագայի հետ:

Նյութական և ոչ նյութական ժառանգություն

Մշակութային ժառանգությունը հաճախ հիշեցնում է արվեստի գործեր (նկարներ, խճանկարներ, քանդակներ), պատմական հուշարձաններ և շենքեր, ինչպես նաև հնագիտական վայրեր: Սակայն մշակութային ժառանգության ընդհանուր պատկերացումը ավելի մեծ է և աստիճանաբար աճում է՝ ներառելով մարդկային ստեղծարարության և արտահայտման վկայությունները՝ նկարներ, փաստաթղթեր, գրքեր, մատյաններ, գործիքներ և այլն, որոնք հանդես են գալիս կամ առանձին առարկաների տեսքով, կամ հավաքածուների: Ներկայումս քաղաքները, ստորջրյա ժառանգությունը և բնությունը նույնպես համարվում են մշակութային ժառանգության մի մաս, քանի որ հասարակությունը նույնականացնում են այն տեղանքի հետ, որտեղ նրանք բնակվում են:
Ավելին՝ մշակութային ժառանգությունը չի սահմանափակվում սոսկ նյութական առարկաներով, որոնք կարող ենք տեսնել և շոշափել: Այն բաղկացած է նաև ոչ նյութական տարրերից՝ ավանդույթներ, բանավոր պատմություն, կատարողական արվեստ, սոցիալական պրակտիկա, ավանդական վարպետություն, ներկայացումներ, ծեսեր, գիտելիք և հմտություններ, որոնք համայնքի ներսում փոխանցվում են սերնդից սերունդ:
Այսպիսով՝ ոչ նյութական ժառանգությունը ներառում է ավանդույթների, երաժշտության և պարերի, ինչպիսիք են տանգոն և ֆլամենկոն, սրբերի երթերի, դիմակահանդեսների, բազեներով որսի, վիեննական սրճարանների մշակույթի, չինական ստվերային տիկնիկագործության, միջերկրածովյան դիետայի, Վեդիկ Չանտինգի, Կաբուկի թատրոնի, Կենտրոնական Աֆրիկայի «Aka»- ի պոլիֆոնիկ երգերի մի գլխապտույտ զանգված (բերված է ընդամենը մի քանի օրինակ):

Մշակութային ժառանգությունը պահպանելու կարևորությունը

Մշակութային ժառանգությունը պարզապես անցյալի մշակութային օբյեկտների կամ ավանդույթների հավաքածու չէ: Այն նաև ընտրության գործընթացի արդյունք է. հիշողության և մոռացության գործընթաց, որը բնութագրում է յուրաքանչյուր մարդկային հասարակություն, որը մշտապես զբաղված է ընտրությամբ՝ մշակութային և քաղաքական պատճառներով. ինչն է արժանի պահպանել ապագա սերունդների համար, ինչը՝ ոչ:
Յուրաքանչյուր մարդ աշխարհի մշակույթի մեջ ունի իր ներդրումը: Ահա թե ինչու է շատ կարևոր հարգել և պահպանել մշակութային ժառանգությունը ազգային օրենքների և միջազգային պայմանագրերի միջոցով: Արտեֆակտերի և մշակութային օբյեկտների անօրինական շրջանառության, հնագիտական վայրերի թալանի և պատմական շենքերի ու հուշարձանների ոչնչացման արդյունքում անուղղելի վնաս է հասցվել երկրի մշակութային ժառանգությանը: 1954 թ. հիմնադրված ՅՈՒՆԵՍԿՕ-ն (Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն) ընդունել է մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող միջազգային կոնվենցիաներ՝ խթանելու միջմշակութային փոխըմբռնումը՝ ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը:
Մշակութային սեփականության պաշտպանությունը հին խնդիր է: Մշակութային ժառանգության պահպանման ամենատարածված հարցերից մեկը անհատների և համայնքի շահերի բարդ հարաբերությունների, անձնական և հասարակական իրավունքների միջև հավասարակշռության հաստատումն է:
Հին հռոմեացիները հավաստում էին, որ արվեստի ստեղծագործությունը կարող է համարվել ամբողջ համայնքի ժառանգության մի մաս, նույնիսկ եթե այն պատկանում է մեկ անհատի: Օրինակ՝ մասնավոր շենքի ճակատը զարդարող արձանները ճանաչվել են որպես ընդհանուր արժեք և չեն կարող հեռացվել, քանի որ դրանք կանգնեցված էին հասարակական վայրում, որտեղ բոլոր քաղաքացիները կարող են տեսնել դրանք:
Լիսիպոս Սիկիոնից «Ապոքսիմենոս», 4-րդ դարից հետո հունական բնօրինակի հելլենիստական կամ հռոմեական կրկնօրինակ, մոտ. մ.թ.ա. 390-306, (Վատիկան,Պիո-Կլեմենտինո թանգարան)
Լիսիպոս Սիկիոնեցի, «Ապոքսիոմենոս», 4-րդ դարից հետո հունական բնօրինակի հելլենիստական կամ հռոմեական կրկնօրինակ, մոտ մ.թ.ա. 390-306 (Վատիկան,Պիո-Կլեմենտինո թանգարան)
Իր «Բնական պատմության» մեջ հռոմեացի հեղինակ Պլինիոս Ավագը (մ.թ. 23-79 թթ.) հաղորդել է, որ պետական գործիչ և գեներալ Ագրիպպան իր ջերմային լոգարանների առջև տեղադրել է «Ապոքսիոմենը»՝ հանրահայտ հույն քանդակագործ Լիսիպոսի գլուխգործոցը: Արձանը ներկայացնում է մի աթլետի, ով «strigil» կոչվող հատուկ գործիքով իր մարմինը քերելով մաքրում էր փոշուց, քրտինքից ու յուղից: Տիբերիոս կայսրը խորապես հիացած էր քանդակով և հրամայեց հեռացնել այն հանրության աչքից ու տեղադրել իր անձնական պալատում: Հռոմեացիներն ըմբոստացան և ստիպեցին կայսերը վերադարձնել «Ապոքսիոմենն» իր նախկին տեղը, որտեղ ամեն ոք կարող էր դրանով հիանալ:
Արվեստը վայելելու և համայնքի մշակութային կյանքին մասնակցելու մեր իրավունքը ներառված է 1948 թ. Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:

Ում է պատկանում մշակութային ժառանգությունը

«Մշակութային ժառանգություն» տերմինը սովորաբար հիշեցնում է մի հասարակության գաղափարը և դրա անդամների միջև հաղորդակցությունը: Սակայն մշակութային սահմանները պարտադիր չէ, որ հստակ սահմանազատված լինեն: Նկարիչները, գրողները, գիտնականները, արհեստավորները և երաժիշտները սովորում են միմյանցից, նույնիսկ եթե նրանք պատկանում են տարբեր մշակույթների, գտնվում ենտարբեր վայրերում կամ տարբեր ժամանակներում: Պարզապես ուշադրություն դարձրու Պոլ Գոգենի նկարներում ճապոնական տպագրության ազդեցությանը կամ աֆրիկյան դիմակներին՝ Պաբլո Պիկասոյի ստեղծագործություններում: Կարող ես նաև մտածել արևմտյան ճարտարապետության մասին, որը երևում է Աֆրիկայում լիբերական տներում: Ազատվելով՝ աֆրոամերիկացի ստրուկները վերադարձան իրենց հայրենիք և կառուցեցին տներ՝ ոգեշնչված ամերիկյան պլանտացիաներում գտնվող նեոկլասիկ ոճով կառուցված առանձնատներից: Ամերիկյան նեոկլասիկ ոճով ստեղծագործողները ոգեշնչվել էին Անդրեա Պալադիոյից, որն իր հերթին ոգեշնչվել էր հռոմեական և հունական ճարտարապետությունից:
Մեկ այլ օրինակ. 16-րդ դարում նկարված Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը ցուցադրվել էր Փարիզի Լուվր թանգարանում: Ժամանակակից տեսանկյունից ո՞ւմ մշակութային ժառանգությանն է պատկանում «Մոնա Լիզա» կտավը:
Մարդիկ՝ «Մոնա Լիզա»-ն լուսանկարելիս, նկարի հեղինակ՝ Հիֆեր Էնն Քեմփբել (CC BY-NC-ND 2,0) https://www.flickr.com/photos/call-to-adventure/8159509811
Մարդիկ լուսանկարում են «Մոնա Լիզա»-ն, նկարի հեղինակ՝ Հիֆեր Էնն Քեմփբել (CC BY-NC-ND 2,0)
Լեոնարդոն իտալացի հայտնի նկարիչ էր, այդ պատճառով «Մոնա Լիզան» պետք է իտալական մշակութային ժառանգության մաս կազմեր: Սակայն երբ Լեոնարդոն գնացել էր Ֆրանսիա՝ Ֆրանցիսկ Առաջինի պալատում աշխատելու, նա հավանաբար «Մոնա Լիզան» տարել էր իր հետ: Ենթադրվում է, որ 1518 թ. թագավոր Ֆրանցիսկը ձեռք է բերել «Մոնա Լիզան», որն էլ մնացել է արքայական հավաքածուներում: Այդ պատճառով էլ այն ֆրանսիական ազգային ժառանգության մի մասն է կազմում: «Մոնա Լիզան» համարվում է աշխարհի ամենահայտնի և լավագույն նկարներից մեկը, որի մասին ամենաշատն են գրում, որը ամենաշատն են այցելում, և որն ամենաշատն են կրկնօրինակում: Կարելի է ասել, որ այն ամբողջ մարդկության մշակութային ժառանգությունն է:
Մեր ծնողներից մեզ փոխանցած մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի՝ հանուն բոլորի շահի: Գլոբալիզացման դարաշրջանում ժառանգությունը օգնում է մեզ հիշել մեր մշակութային բազմազանությունը: Այն օգնում է զարգացնել տարբեր մշակույթների միջև փոխադարձ հարգանքը և նորացված երկխոսությունը:
Էսսեի հեղինակ՝ Ելենա Ֆրանչի

Հավելյալ աղբյուրներ

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: