If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ացտեկների փետրային գլխազարդերը. նախապատմություն

Հեղինակ՝ դր Նարաել Հոհենսի
Փետուրներով գլխազարդ, ացտեկական, վերարտադրանկար (ռեպրոդուկցիա) (Անթրոպոլոգիայի ազգային թանգարան, Մեխիկո)
Փետուրներով գլխազարդ, ացտեկական, վերարտադրանկար (ռեպրոդուկցիա) (Անթրոպոլոգիայի ազգային թանգարան, Մեխիկո) Լուսանկարը՝ դր Սթիվեն Ցուկերի, CC BY-NC-SA 2,0
Այս գլխազարդը կոչվում է նաև Մոնթեսումա II-ի Պենաչո (Penacho): Մոնթեսումա II-ի գլխազարդի մասին առաջին անգամ հիշատակվել է եվրոպական գույքամատյանում 1596 թ., երբ այն ձեռք բերեց ավստրիացի արքիդուքս Ֆերդինանդ II ֆոն Տիրոլը: Գլխազարդը գույքամատյանում նշված էր իբրև «մավրիտանական գլխարկ»: Հավանաբար այն Մեզոամերիկայից Եվրոպա էր ուղարկել Հերնան Կորտեսը, բայց հայտնի չէ, թե այն իրոք պատկանում էր հենց Մոնթեսումա II-ին:
19-րդ դարավերջին Ավստրիայում հիմնադրվեց առաջին Բնական պատմության թանգարանը, որի տնօրենը երկրաբան Ֆերդինանդ ֆոն Հոխշտետերն էր: Նոր թանգարանի համար ցուցանմուշներ փնտրելիս ֆոն Հոխշտետերը գլխազարդը գտավ արքիդուքս Ֆերդինանդի նախկին նստավայր Ամբրաս ամրոցում, Ինսբրուկ, Ավստրիա: Այդ ժամանակից ի վեր գլխազարդը ցուցադրվել է Վիեննայի ազգաբանության թանգարանում (այժմ կոչվում է Վիեննայի համաշխարհային թանգարան, Weltmuseum Wien): 2010 թ. Համաշխարհային թանգարանը Մեխիկոյի անթրոպոլոգիայի և պատմության ազգային ինստիտուտի (Instituto Nacional de Antropología e Historia IHAH) հետ համատեղ նախաձեռնեց գլխազարդի վերականգնման և ուսումնասիրման ծրագիրը:
Վերջին մեկուկես դարում գլխազարդը դարձել է Մեքսիկայի ազգային և տեղաբնիկ ինքնության կարևոր չափանիշ, և շատ մեքսիկացիներ կարծում են, որ այն պետք է վերադարձվի: Մեքսիկայի ներկայացուցիչներն ու ակտիվիստները մշտապես հանդես են գալիս գլխազարդը հայրենիք վերադարձնելու խնդրանքով, սակայն հակառակ 2011 թ. գրեթե ձեռք բերված պայմանավորվածությանը, Ավստրիայի իշխանավորները մինչ օրս հրաժարվել են պաշտոնապես թույլատրել գլխազարդի փոխառությունը կամ վերադարձը Մեքսիկա՝ պնդելով, որ տեղափոխումը Ատլանտյան օվկիանոսով փխրուն իրի համար խիստ վտանգավոր է: Ինչպես գրում է արվեստի պատմաբան Խադիջա ֆոն Զիննենբուրգ Քերոլը.
Չնայած 80-ական թվականներից ի վեր գլխազարդը հայրենիք վերադարձնելու ավելի ուժգնացող պահանջներին՝ [գլխազարդը] մնացել է ժամանակակից թանգարանի ուշադրության կենտրոնում գտնվող ամենաակնառու առարկան… Երբ ես 2012 թ. անսպասելի տեսա [գլխազարդը Վիեննայում], Ազգաբանության թանգարանի (Museum für Völkerkunde) հսկայական վերականգնողական ծրագրից հետո և նախքան այն, որ թանգարանը կվերանվանվեր Համաշխարհային թանգարան (Weltmuseum), գլխազարդը 45 աստիճան անկյան տակ ցուցադրված էր «Պենաչո. փառք և կիրք» (Penacho: Pracht & Passion) կոչվող հատուկ ցուցահանդեսի կենտրոնում գտնվող մեկ այլ նոր պատվերով պատրաստված ցուցափեղկում: Ցուցահանդեսը, որն անվճար էր Մեքսիկայի քաղաքացիների համար և ուներ իսպանալեզու տեղեկագիրք, կենտրոնացած էր թանգարանի պահպանման արվեստի վրա և ամեն կերպ խուսափում էր օրենսդիր մարմինների հայրենադարձության՝ մինչ օրս ձգձգվող աղմկահարույց ցանկացած հիշատակումից:
Մեխիկո քաղաքում գլխազարդի կրկնօրինակը, որը ներկայացված է վերոնշյալ տեսանյութում, ստեղծվել և տեղադրվել է 1940 թ.:

Հավելյալ աղբյուրներ
“The Penacho of Moctezuma’s Repatriation Battle,” Pulsamérica, November 3, 2017
“Return of Aztec artifact may be model deal,” IOL, January 19, 2011
“The Fight to Bring Home the Headdress of an Aztec Emperor,” Atlas Obscura, September 26, 2017
Khadija von Zinnenburg Carroll, “The Inbetweenness of the Vitrine: Three parerga of a feather headdress,” in The Inbetweenness of Things, ed. Paul Basu (London: Bloomsbury, 2017

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: