Հիմնական նյութ
Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից
Դասընթաց․ (Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից) > Բաժին 1
Դաս 10: Նախապատմություններ. առավել վտանգված առարկաներ և վայրեր- Գիզայի մեծ բուրգերը
- Թութմոս, Նեֆերտիտիի կիսանդրին. նախապատմություն
- Սեպագիր տախտակներ. նախապատմություն
- Լամասու. նախապատմություն
- Կապիտոլիումի Բրուտոսը. նախապատմություն
- Մաչու Պիկչու
- Ացտեկների փետրային գլխազարդերը. նախապատմություն
- Խորհրդավոր ընթրիք
- Թաջ Մահալ
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Խորհրդավոր ընթրիք
«Լեոնարդոն պատկերացրել է և կարողացել է արտահայտել առաքյալների մեջ առաջացած ցանկությունը՝ պարզելու՝ ով է իրենց Ուսուցչին դավաճանել: Ուստի յուրաքանչյուրի հայացքում կարելի է տեսնել սեր, վախ, վրդովմունք կամ Հիսուսի նշանակությունը չհասկանալուց ծնված վիշտ, ինչը ոչ պակաս զարմանք է առաջացնում, որքան Հուդայի մեջ զգացվող համառ ատելությունն ու դավաճանությունը»: (Ջորջիո Վասարի, Նկարիչների կյանքը, 1568, թարգմանված Ջորջ Բուլի կողմից)
Թեման
Խորհրդավոր ընթրիքի թեման Հիսուս Քրիստոսի վերջին ճաշկերույթն է իր առաքյալների հետ, նախքան Հուդան կմատներ Քրիստոսին իշխանավորներին, ովքեր կձերբակալեն նրան։ Խորհրդավոր ընթրիքը (Հրեական Զատկին տեղի ունեցած) արժանահիշատակ է երկու իրադարձությունների պատճառով․
Քրիստոսն ասում է առաքյալներին․ «Ձեզնից մեկը մատնելու է ինձ»։ Առաքյալները արձագանքում են, յուրաքանչյուրը՝ համաձայն իր խառնվածքի։ Հղում կատարելով Ավետարաններին՝ Լեոնարդոն պատկերում է Փիլիպոսին՝ «Տե՛ր, մի՞թե ես եմ» հարցնելիս։ Քրիստոսը պատասխանում է․ «Ով որ իր ձեռքը ինձ հետ ամանի մեջ մտցնի, նա է ինձ մատնելու» (Մատթեոս 26)։ Նկարում տեսնում ենք՝ ինչպես են Քրիստոսն ու Հուդան միաժամանակ ձեռքերը մեկնում իրենց միջև դրված ամանին, չնայած որ Հուդան պաշտպանվելով ընկրկում է։
Միևնույն ժամանակ Լեոնարդոն պատկերում է Քրիստոսին հացն օրհնելիս և արտասանելիս․ «Վերցրեք, կերեք. սա խորհրդանշում է իմ մարմինը», ինչպես նաև գինին օրհնելիս և ասելիս․ «Բոլորդ խմեք դրանից, որովհետև սա խորհրդանշում է իմ «արյունը ուխտի», որ թափվելու է շատերի համար, որպեսզի նրանց մեղքերը ներվեն» (Մատթեոս 26)։ Դա հաղորդման խորհրդի սկզբնավորման պահն էր (Հաղորդումը հացի ու գինու միջոցով Քրիստոսի մարմնին ու արյանը հաղորդ դառնալու խորհուրդն է):
Առաքյալների բացահայտումը
Լեոնարդոյի Խորհրդավոր ընթրիքը լի է խորհրդանշական հղումներով: Հատկանիշներով կարելի է բացահայտել առաքյալներից յուրաքանչյուրին: Այսպես՝ Հուդա Իսկավրիոտացուն կարելի է ճանաչել, քանի որ նա ձեռքը մեկնում է Քրիստոսի մոտ գտնվող ամանին (Մատթեոս 26), և քանի որ նրա մոտ Քրիստոսին մատնելու համար ստացած պարգևատրությունը պարունակող քսակն է: Պետրոսը, ով նստած է Հուդայի կողքին, աջ ձեռքում դանակ է պահում՝ նախանշելով, որ Պետրոսը կտրելու է զինվորի ականջը, երբ կփորձի պաշտպանել Քրիստոսին ձերբակալությունից:
Երկնայինի հետ կապի ենթադրությունը
Հավասարակշռված կոմպոզիցիան խարսխված է Քրիստոսի մարմնով ձևավորված հավասարասրուն եռանկյան վրա: Նա նստած է կամարաձև ճակտոնից ներքև, որը, եթե ավարտուն տեսք ունենար, կկազմեր շրջան: Այս իդեալական երկրաչափական ձևերը կապված են Վերածննդի ժամանակ նեոպլատոնականության նկատմամբ հետաքրքրության հետ (հումանիզմի վերածննդի տարր, որը հաշտեցնում էր հունական փիլիսոփայությունը քրիստոնեական աստվածաբանության հետ): Քարանձավի մասին իր ալեգորիայով Պլատոնը ընդգծում է երկրային կյանքի անկատարությունը: Լեոնարդոն օգտագործել է երկնային կատարելությունն արտահայտելու համար հույների կողմից օգտագործված երկրաչափությունը՝ Քրիստոսին երկրի վրա երկնայինի մարմնավորում հաղորդելու համար:
Լեոնարդոն պատկերել էր պատուհանից դուրս բուսականությամբ հարուստ տեղանք: Ենթադրվում է, որ այդ երկնային սրբարան, որը հաճախ մեկնաբանվում է որպես դրախտ, կարելի է հասնել միայն Քրիստոսի միջոցով:
Տասներկու առաքյալները դասավորված են որպես չորս եռյակներ, և պատուհանների թիվը նույնպես երեք է։ Կաթոլիկ արվեստի մեջ երեք թիվը հաճախ հղում է հանդիսանում Սուրբ Երրորդությանը, այն դեպքում, երբ չորս թիվը կարևոր է կլասիցիզմի համար (օրինակ՝ Պլատոնի չորս առաքինությունները)։
Խորհրդավոր ընթրիքը Վաղ Վերածննդի ժամանակ
Անդրեա դել Կաստանյոյի Խորհրդավոր ընթրիքը (1447 թ․) բնորոշ է Վաղ Վերածննդին: Գծային հեռանկարը օգտագործվում է այնպիսի զարդարված ձևերի հետ համադրության մեջ, ինչպիսիք են նստարանի ծայրերում գտնվող սֆինքսները և մարմարե վահանակները, որոնք վերացնում էին իրադարձության հոգևոր լինելու տպավորությունը: Դրան հակառակ՝ Լեոնարդոն պարզեցնում է ճարտարապետությունը՝ հրաժարվելով ավելորդ և շեղող մանրամասներից, որպեսզի ճարտարապետությունը կարողանա ուժեղացնել հոգևոր լինելու տպավորությունը: Պատուհանն ու կամարաձև ճակտոնը նույնիսկ լուսապսակի պատրանք են առաջացնում: Բոլոր կերպարներին միասին հավաքելով՝ Լեոնարդոն սեղանը օգտագործում է որպես արգելք՝ հոգևոր իրականությունը դիտողի երկրային աշխարհից բաժանելու համար: Պարադոքսալ կերպով Լեոնարդոն շեշտը դնում է հոգևոր լինելու վրա, ինչը նկարն ավելի բնական է դարձնում, քան Կաստանյոյինը:
Որմնանկարի վիճակը
Խորհրդավոր ընթրիքը սարսափելի վիճակում է գտնվում: 1498 թ. փետրվարի 9-ին նկարն ավարտելուց հետո այն սկսեց փչանալ: 16-րդ դարի երկրորդ կեսին Ջովան Պաուլո Լոմացցոն հայտարարում է, որ «... նկարն ամբողջովին փչացել է»: Վերջին հինգ հարյուրամյակների ընթացքում որմնանկարի վիճակը լրջորեն վատացել է իր գտնվելու վայրի, նյութերի և կիրառված նկարչական տեխնիկայի, խոնավության, փոշու և վերականգնման վատ ջանքերի պատճառով: Ժամանակակից խնդիրները ներառում են 1943 թ. օգոստոսի 16-ին վանքին հարվածած և ճաշարանի զգալի մասը ոչնչացրած ռումբը, հետպատերազմյան Միլանում օդի ծանր աղտոտվածությունը և վերջապես՝ զբոսաշրջիկների մեծ թիվը:
Քանի որ Լեոնարդոն ձգտում էր հասնել ավելի մեծ մանրամասնության ու պայծառության, քան հնարավոր էր ավանդական որմնանկարների միջոցով, նա նախ ծածկում է պատը գիպսի կրկնակի շերտով։ Այնուհետև հաստոցային գեղանկարչությունից փոխառում է կապարի սպիտակ փաթույթ՝ բարձրացնելու համար դրա վրա քսվող յուղաներկի և տեմպերայի պայծառությունը: Այս փորձնական տեխնիկան թույլ է տալիս ստանալ շքեղ գունավորում և շատ մեծ ճշգրտություն, բայց քանի որ նկարը գտնվում է բարակ արտաքին պատի վրա, խոնավության հետևանքները իրենց մասին զգացնել են տալիս, և ներկը պատշաճ կերպով չի ներծծվում պատի մեջ։
Խորհրդավոր ընթրիքը վերականգնելու յոթ արձանագրված փորձ է իրականացվել: Ռեստավրացիայի առաջին փորձը տեղի է ունեցել 1726 թ., իսկ վերջինն ու առավելագույնսծավալունն ավարտվել է 1999 թ.: Նկարը վերականգնելու փորձ ձեռնարկելու փոխարեն, վերջին պահպանման ջանքերն ուղղված էին հետագա վատթարացումը կանխելուն և հնարավորության դեպքում Լեոնարդոյի նկարած բնօրինակը բացելուն: 1977 թ. սկսած և ավելի քան 12,000 ժամ կառուցվածքային աշխատանքներից ու 38,000 ժամ նկարչական աշխատանքներից բաղկացած այդ ջանքերի արդյունքում ստացվեց մի նկար, որի մակերեսի մոտ 42․5%-ը Լեոնարդոյի աշխատանքն է, 17․5% -ը կորսված է, իսկ մնացած 40%-ը նախորդ վերականգնողների հավելումները: Վերականգնված նկարի մեծ մասը երևում է պատերին և առաստաղին:
Նախապատմություն
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1943 թ․օգոստոսին, ը սկսեցին Միլանի և դրա հարակից շրջանների զանգվածային ռմբակոծումը։ Պայթյունների ու բռնկված հրդեհների պատճառով զոհվեց ավելի քան 700 մարդ, ավերվեցին քաղաքի ամենակարևոր շենքերից ու հուշարձաններից շատերը, այդ թվում՝ Սանտա Մարիա դելլա Գրացիե վանքի զգալի մասը։ Որմնանկարով պատը հրաշքով փրկվում է հավանաբար այն պատճառով, որ այն ամրացված էր ավազով լցված պարկերով ու ներքնակներով, այն դեպքում, երբ ճաշարանի առաստաղն ավերվում է պայթյունից։ Ամիսներ շարունակ Խորհրդավոր ընթրիքը մնում է ծածկված միայն բրեզենտով, մինչև ճաշարանը (վանքի ճաշասենյակը, որտեղ Խորհրդավոր ընթրիքը նկարվել էր) վերակառուցվում է, և նկարը վերականգնող վարպետների մի խումբ սկսում է որմնանկարի վերականգնման և պահպանման աշխատանքները։
Սակայն Լեոնարդոյի աշխատանքն արդեն շատ վատ վիճակում էր, այն ժամանակվանից էլ առաջ, երբ ռումբերը սպառնում էին ամբողջությամբ ոչնչացնել նկարը: 1498 թ. փետրվարի 9-ին ավարտին հասցվելուց հետո նրա վիճակը սկսեց վատթարանալ: Քանի որ Լեոնարդոն ձգտում էր ավելի մանրամասն և պայծառ նկար ստանալ, քան ավանդական ֆրեսկոները, նա ծածկել էր պատը չորացրած գիպսի երկու շերտով: Այնուհետև հաստոցային գեղանկարչությունից փոխառել էր կապարի սպիտակ փաթույթը՝ բարձրացնելու համար դրա վրա քսվող յուղաներկի և տեմպերայի պայծառությունը: Այս փորձնական տեխնիկայի շնորհիվ նա կարողացել էր ստանալ շքեղ գունավորում և շատ մեծ ճշգրտություն, բայց քանի որ նկարը գտնվում է բարակ արտաքին պատի վրա, խոնավության հետևանքները զգացնել են տալիս, և ներկը պատշաճ կերպով չի ներծծվում պատի մեջ։ Մակերևույթի և ներկերի միջև բորբոս է աճում, իսկ խոնավությունը հանգեցնում է փխրունության: 16-րդ դարի երկրորդ կեսին Ջովաննի Պաուլո Լոմացցոն հայտարարեց, որ «նկարն ամբողջովին փչացել է»: Առաջին վերականգնողական աշխատանքները սկսվում են 1726 թ., դարերի ընթացքում տեղի են ունեցել ևս մի քանիսը:
Վերջին հինգ հարյուրամյակների ընթացքում որմնանկարի վիճակը լրջորեն վատացել է վերականգնելու այդ վաղ ջանքերի պատճառով, ինչպես նաև իր գտնվելու վայրի (եկեղեցին գտնվում է ջրհեղեղավտանգ վայրում), նյութերի և կիրառված նկարչական տեխնիկայի, Նապոլեոնի բանակի կողմից գրավվելու (նրանք ձիերին կապում էին ճաշարանում և, վկայությունների համաձայն, առաքյալների պատկերների վրա աղյուսներ էին նետում), խոնավության, փոշու և վերջերս նաև զբոսաշրջիկների մեծ թվի պատճառով:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռմբակոծության արդյունքում տեղի ունեցած ավերումից հետո վերականգնողները որմնանկարը ծածկեցին շելլակի (խեժի տեսակ) հաստ շերտով՝ խոնավության և ներկի շերտավորվելու դեմ պայքարի համար: Այնուհետև նրանք սկսեցին հեռացնել երկար տարիների ընթացքում կիրառված ներկերի մի քանի շերտեր՝ բացահայտելով այն շերտը, որը, իրենց կարծիքով, պատկանում էր Լեոնարդոյի վրձնին: Ի վերջո, 1977 թ. իտալական կառավարությունը և մասնավոր ընկերությունները սկսեցին համագործակցել՝ մեծածավալ նախագծի ֆինանսավորման համար, որպեսզի ամբողջովին վերականգնվի բնօրինակը:Վերականգնման աշխատանքների գլխավոր մասնագետ Պինին Բրամբիլլա Բարսիլոնից պահանջվեց ավելի քան քսան տարի՝ աշխատանքը ավարտելու համար՝ վիրահատական գործիքներով և մանրադիտակով սանտիմետր առ սանտիմետր մակերևույթի շերտերը հեռացնելու համար: 1999 թ., երբ ամբողջովին վերականգնված նկարն իր նոր, վերահսկվող կլիմայով միջավայրում պաշտոնապես բացվեց, քննադատներն ամբողջ աշխարհից վիճաբանում էին՝ արդյոք այն համապատասխանում է բնօրինակին, թե անշրջելիորեն խեղաթյուրվել է, քանի որ մակերեսի միայն մոտ 42,5%-ն էր Լեոնարդոյի աշխատանքը, 17,5%-ը կորսվել էր, իսկ մնացած 40%-ը նախորդ վերականգնողների հավելումներն էին: (Վերականգնված նկարի մեծ մասը երևում է պատերի և առաստաղի վրա):
Խորհրդավոր ընթրիքը լավագույն օրինակ է, թե ինչպես վերականգնելու ջանքերի նկատմամբ հասարակական և մասնագիտական վերաբերմունքը ոչ միայն հաճախ վիճելի է լինում, այլ նաև ժամանակի ընթացքում փոխվում է: Մինչ 19-րդ դարում և ավելի վաղ վերականգնման աշխատանքները կենտրոնացած էին գերազանցապես ավարտուն աշխատանքի պատրանք ստանալու վրա, ժամանակակից մոտեցումները հակված են բացակայող հատվածները բացահայտել և բոլոր լրացումները տեսանելի և հստակ դարձնել: Խորհրդավոր ընթրիքի ներկայիս տարբերակը տարբերվում է 1498 թ․ Լեոնարդոյի ստեղծածից, բայց այն ցույց է տալիս որմնանկարի՝ տանջանքներով լի հրաշալի պատմությունը:
Վիճակագրական տվյալներ
Նկարն ավարտելուց հետո անցած տարիների քանակը, երբ նկատվել է վիճակի վատթարացում՝ 18
Ճաշարանին հարվածած ռումբերի քանակը՝ 1
Վերջին պահպանման և վերականգնման նախագիծն ավարտելու համար պահանջված տարիների քանակը՝ 22
Նկարն ավարտելու համար Լեոնարդոյից պահանջված տարիների քանակը՝ 4
Կոնսերվացման ծրագրի ընթացքում իրականացված հետազոտությունների քանակը՝ 60
Կոնսերվացման ծրագրի վրա ծախսված ժամերի քանակը՝ 50,000
Մակերեսի կորսված հատվածի մասնաբաժինը՝ 17,5 տոկոս
Նախկին յոթ վերականգնողական աշխատանքների ժամանակ վերա ներկված հատվածի մասնաբաժինը՝ 40 տոկոս
Լեոնարդոյի կողմից նկարված հատվածի մասնաբաժինը՝ 42,5 տոկոս
Ճաշարանին հարվածած ռումբերի քանակը՝ 1
Վերջին պահպանման և վերականգնման նախագիծն ավարտելու համար պահանջված տարիների քանակը՝ 22
Նկարն ավարտելու համար Լեոնարդոյից պահանջված տարիների քանակը՝ 4
Կոնսերվացման ծրագրի ընթացքում իրականացված հետազոտությունների քանակը՝ 60
Կոնսերվացման ծրագրի վրա ծախսված ժամերի քանակը՝ 50,000
Մակերեսի կորսված հատվածի մասնաբաժինը՝ 17,5 տոկոս
Նախկին յոթ վերականգնողական աշխատանքների ժամանակ վերա ներկված հատվածի մասնաբաժինը՝ 40 տոկոս
Լեոնարդոյի կողմից նկարված հատվածի մասնաբաժինը՝ 42,5 տոկոս
Էսսեի հեղինակ՝ դր Բեթ Հարիս և դր Սթիվեն Ցուկեր
Հավելյալ աղբյուրներ
Ross King, Leonardo and the Last Supper (Walker & Company, 2012)
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։