If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Մաչու Պիկչու

Մաչու Պիկչու, Պերու, մոտ 1450-1540 թթ․։ Սանդղավանդերը երևում են նկարի ձախ մասում։ Լուսանկարը հեղինակի կողմից
Մաչու Պիկչու, Պերու, մոտ 1450-1540 թթ․
Լուսանկարը՝ հեղինակի կողմից (CC BY-NC-SA 2,0)

Թագավորական կալվածք

Մաչու Պիկչուն հաճախ բնութագրվում է որպես «խորհրդավոր», բայց իրականում շատ բան է հայտնի դրա շինարարության և նպատակի մասին: Այն 15-րդ դարի կեսերին կառուցվել է ինկերի առաջին կայսր Պաչակուտի Ինկա Յուպանիկիի համար՝ որպես թագավորական կալվածք Ուրուբամբա գետին նայող լեռան լանջին (ժամանակակից Պերոոււմ): Կալվածքը տեղակայված էր ինկերի մայրաքաղաք Կուսկոյից երեք օր քայլելու հեռավորության վրա, իսկ բարձրությունը վերջինից 3000 ոտնաչափով ցածր էր (7972 ոտնաչափ կամ 2430 մետր), ուներ հաճելի կլիմա: Այն նախատեսված էր որպես մի վայր, որտեղ ինկերի կայսրը և իր ընտանիքը կարող էին տոնախմբություններ կազմակերպել, կրոնական արարողություններ կատարել և ղեկավարել կայսրությունը՝ միևնույն ժամանակ հաստատելով հողի նկատմամբ սեփականության իրավունքը, որն իր մահվանից հետո կփոխանցվեր իր սերունդներին: Տեղն ընտրվել էր Անդյան լեռներում իր տեղակայման պատճառով՝ հաշվի առնելով նաև տեսարանները, որ բացվում են ապուներ կոչվող այլ լեռնագագաթներին, որոնք հնուց Անդերի ամբողջ տարածքում համարվել են նախնիների ​​աստվածներ: Այդ վայրում կան էլիտայի, ծառաների, սպասարկող անձնակազմի համար բնակարաններ, կրոնական սրբավայրեր, շատրվաններ և սանդղավանդեր (տեռասներ), ինչպես նաև ապառաժների վրա կատարված փորագրություններ, որոնք ինկերի արվեստի առանձնահատուկ տարրեր են:

Ճարտարապետություն

Մաչու Պիկչու, Պերու, մոտ 1450–1540, սանդղավանդները երևում են ձախ մասում։ Լուսանկարը՝ Մաքս Ռեյզերի (CC BY-NC-ND 2,0)
Մաչու Պիկչու, Պերու, մոտ 1450–1540, սանդղավանդները երևում են ձախ կողմում
Լուսանկարը՝ Մաքս Ռեյզերի (CC BY-NC-ND 2,0)
Այդտեղ կան ճարտարապետական կառույցներ՝ տներից մինչև սանդղավանդներ, որոնք կառուցված են՝ առանձին քարերը մեկը մյուսին հարմարեցնելով: Սանդղավանդը լեռնային շրջանների գյուղատնտեսության մեջ կիրառվող տարածված տարր էր դեռևս ինկերից շատ առաջ: Դրանք մեծացնում էին հողատարածքների մակերեսը և կրճատում էին էրոզիան՝ կտրուկ լանջերի վրա աստիճաններ ստեղծելով: Յուրաքանչյուր աստիճանի վրա հետագայում հնարավոր էր մշակաբույսեր աճեցնել։ Սանդղավանդների օգնությամբ հնարավոր էր դառնում օգտվել տեղանքից և կայսեր ու իր արքունիքի այցերի համար կենսամիջոցներ, իսկ ծեսերի համար՝ եգիպտացորեն ապահովել։ Հավելյալ պարենը բերվում էր լեռների գագաթին հարող բերրի հողերից, որոնք նույնպես պատկանում էին Պաչակուտիին և նրա ընտանիքին:
Քարից պատրաստված ջրահեռացման ջրանցք, Մաչու Պիկչու, Պերու, մոտ 1450-1540
Ջրահեռացման քարե ջրանցք, Մաչու Պիկչու, Պերու,
մոտ 1450–1540, լուսանկարը՝ Էդուարդո Զարատեի
(CC BY-ND 2,0)
Ջրային ռեսուրսների կառավարումը շատ կարևոր էր, և ամբողջ Մաչու Պիկչոոււմ քարաշեն ջրանցքների համակարգը հեռացնում էր անձրևաջրերն ու մոտակայքում գտնվող աղբյուրի ջուրը: Ջրի մի մասն ուղղվում էր դեպի քարերից պատրաստված շատրվանները։ Թվով տասնվեց շատրվանները տեղաբաշխված են այդ վայրի ամբողջ բարձրությամբ։ Շատրվանների շարքից առաջինը տեղակայված է կայսեր համալիրի դռան կողքին: Այդ շատրվանն ունի պատեր, որոնք հավանաբար այն դարձնում էին կայսեր համար նախատեսված լողավազան, որը սրբազան կայսրն օգտագործում էր իր ծիսական պարտականությունները կատարելու համար։
Հիմնական շենքերի կառուցվածքը բնորոշ է ինկերի էլիտար ճարտարապետությանը: Պատերը կառուցվում էին քարերից, որոնք ոչ թե ձևափոխվում էին միանման միավորների, այլ անհատապես մշակվում էին, որպեսզի հարմարեցվեին միմյանց: Դա ծանր աշխատանք էր, որը կատարվում էր գործիքներով քարերին հարվածելով՝ աստիճանաբար ձևափոխելով դրանք այնպես, որ յուրաքանչյուր քարն անհատապես տեղադրվի իր շուրջը գտնվողների մեջ: Յուրաքանչյուր քարն այնպիսի կողմեր ուներ, որոնք փոքր-ինչ դուրս էին ցցվում, իսկ ոմանք փոքրիկ խոռոչներ ունեին, որոնք կցորդում էին միմյանց քարերը՝ միևնույն ժամանակ սեյսմիկ ակտիվ այդ տարածաշրջանում թույլ տալով մարել երկրաշարժի տատանումները։ Այնուհետև քարերի արտաքին կողմերը հարթեցվում էին, որպեսզի պատերը նմանվեն խճանկարի: Շենքերի մեծ մասի տանիքը ծածկված էր փայտով և ծղոտով: Մուտքերը սեղանաձև էին, ոչ թե ուղղանկյունաձև, ինչը հատուկ էր ինկերին։ Սեղանաձև էին նաև որմնախորշերն ու պատուհանները։ Ցածր կարգավիճակի մարդկանց կամ գործունեության համար նախատեսված շինությունները կառուցվում էին կոպիտ շինարարական մեթոդով՝ առանց քարերը տաշելու:
Քարաշեն պատեր և սեղանաձև պատուհաններ, Մաչու Պիկչու, Պերու, մոտ 1450-1540, լուսանկարը՝ Jill /Blue Moonbeam Studio-ի (CC BY-NC-ND 2,0)
Քարաշեն պատեր և սեղանաձև պատուհաններ, Մաչու Պիկչու, Պերու, մոտ 1450-1540, լուսանկարը՝ Jill /Blue Moonbeam Studio-ի (CC BY-NC-ND 2,0)

Բնակչությունը և սոցիալական դինամիկան

Կայսրն ու արքունիքը տարվա մի մասն էին միայն անցկացնում Մաչու Պիկչոոււմ: Այնտեղ մշտապես բնակվող մարդկանց մեծ մասը յանակոնաներ էին (ծառաներ) կամ միտիմաեներ (բռնի ուժով բնակության վայրը փոխած գաղթյալներ): Մաչու Պիկչոոււմ հայտնաբերված գերեզմանները վկայում են, որ յանակոնաներից շատերն արհեստավորներ էին, այդ թվում՝ մետաղագործներ, ովքեր եկել էին կայսրության ամբողջ տարածքից: Ամբողջ կայսրության տարածքում մարդկանց կառավարելու և ինկերի ազնվականության համար աշխատելու կարողությունը կայսերական ուժի արտահայտություն էր: Մաչու Պիկչուի շինությունները հստակորեն ցույց են տալիս բնակավայրի սոցիալական բաժանվածությունը. ավելի բարձր կարգավիճակ ունեցող բնակելի շինությունները գտնվում էին բնակավայրի հյուսիս-արևմուտքում: Կայսրն ինքն ապրում էր հյուսիս-արևմուտքում տեղակայված առանձին համալիրում, ինչը ընդգծում էր նրա հատուկ կարգավիճակը: Աստղադիտարանը (պատկերված է ստորև) մոտ էր գտնվում արքայական համալիրին՝ ընդգծելով ազնվականության, կրոնական ծիսակարգերի և աստղագիտական դիտարկումների կապը, ներառյալ Պաչակուտիի հավակնությունը՝ համարվելու ինչպես արևի ժառանգ (որին ինկերը կոչվում էին Ինտի), այնպես էլ հենց արև:
Աստղադիտարանը վերևից, Մաչու Պիկչու, Պերու, մոտ 1440-1540, լուսանկարը՝ Սթեֆան Թրևերի
Աստղադիտարանը վերևից, Մաչու Պիկչու, Պերու, մոտ 1440-1540, լուսանկարը՝ Սթեֆան Թրևերի (CC BY-NC-SA 2,0)
Արքայական ընտանիքի պարտականություններից մեկը ծեսերի կատարումն էր, որոնք պահպանում էին կապը գերբնական ուժերի հետ: Մաչու Պիկչոոււմ կրոնական կառույցների թիվը շատ մեծ է, ինչը ցույց է տալիս, որ Պաչակուտին և նրա ժառանգները ներգրավված էին կայսրության կրոնական գործառույթները կատարելու մեջ, որն ընդգծում էր կառավարելու իր իրավունքը:

Աստղադիտարան

Նաև Արևի տաճար կոչվող այս շինության նպատակային նշանակությունն արտացոլվում է իր յուրահատուկ ձևում: Այն բաղկացած է երկու հիմնական մասերից՝ վերևում քարից կառուցված կոր հատվածից՝ պատուհաններով և որմնախորշերով, և այդ կառույցի տակ գտնվող խորշից՝ քարակերտ հավելումներով, որոնցում նույնպես կան որմնախորշեր։ Աստղադիտարանի վերին պատերի պատուհանների ձևափոխումները վկայում են, որ դրանք օգտագործվում էին հունիսյան արևադարձի, ինչպես նաև Բազմունք և այլ կարևոր համաստեղությունների առավոտյան ծագի հաշվարկի համար: Շինության վերին հատվածի տակ գտնվող քարանձավը կարող էր խորհրդանշել ինկերի առասպելաբանության մեջ հանդիպող ստորերկրյա աշխարհը․ այդպիսով՝ աստղադիտարանը շինություն էր, որը ոչ միայն օգտագործվում էր աստղագիտական դիտարկումների համար, այլ նաև խորհրդանշում էր տիեզերաբանական մտածողությունը։

Ինտիհուատանա

Ինտիհուատանա, Մաչու Պիկչու, Պերու, մոտ 1450-1540, լուսանկարը՝ հեղինակի կողմից (CC BY-NC-SA 2,0)
Ինտիհուատանա, Մաչու Պիկչու, Պերու, մոտ 1450–1540, լուսանկարը՝ հեղինակի կողմից
(CC BY-NC-SA 2,0)
Ինտիհուատանան («արևը կապելու վայր») փորագրված քար է, որը գտնվում է բնակավայրի ծիսական տարածքում՝ հիմնական հրապարակից դեպի արևմուտք: Փորագրված գլաքարերը հողի հետ ինկերի հարաբերության մաս էին կազմում և արտահայտում էին տեղանքը գերբնական ուժերով բնակեցված լինելու գաղափարը: Այդպիսի փորագրված գլաքարեր շատ կարելի է հանդիպել ինկերի կայսրության կենտրոնում: Քարի անունն ակնարկում է, որ այն օգտագործվել է արևի ճանապարհը ամբողջ տարվա ընթացքում դիտելու համար, հանդիսացել է ժամանակի որոշման մի մաս, որի միջոցով պարզվում էր կրոնական իրադարձությունների տեղի ունենալու ժամանակը, ինչով էլ այն նմանվում էր աստղադիտարանին:
Էսսեի հեղինակ՝ Սարա Շեր

Նախապատմություն

Լինելով համաշխարհային և պերուական մշակութային ժառանգության կարևոր օբյեկտ՝ Մաչու Պիկչուն վերջերս հայտնվել է միջազգային հանրության հետաքրքրության կենտրոնում՝ գտածոները պեղումների վայր վերադարձնելու և պահպանված շինությունները շրջակա միջավայրի և մարդկանց ազդեցությունից պաշտպանելու կապակցությամբ։
Ջունգլիներով շրջապատված և 16-րդ դարից ի վեր միայն տեղաբնիկներին հայտնի լինելով՝ Մաչու Պիկչուն հայտնաբերվել է 1911 թ.՝ Հայրամ Բինգհեմ 3-րդի կողմից, ով Եյլի համալսարանում Հարավային Ամերիկայի պատմության դասախոս էր։ Բնակավայրի շինություններից բացի, նա իր թիմի հետ միասին պեղել է հազարավոր գտածոներ, այդ թվում՝ կերամիկայից պատրաստված իրեր, գործիքներ, զարդեր և մարդկային ոսկորներ, որոնք նա տեղափոխել էր Եյլ՝ Պերուի այդ ժամանակվա կառավարության հետ համաձայնության գալով։ Ըստ համաձայնագրի՝ գտածոները կարող էին ուսումնասիրվել Եյլի համալսարանում՝ պայմանով, որ դրանք հարցման դեպքում կվերադարձվեն Պերու։ Այդ ժամանակվանից ի վեր օբյեկտների մեծ մասը պահվում է Եյլի համալսարանի Փիբոդի թանգարանում։
Հակառակ անցյալ դարում Պերուի կողմից օբյեկտները վերադարձնելու վերաբերյալ բազմիցս բարձրացված հայցերի՝ պահանջվեց ԱՄՆ դաշնային դատարանում քննվող գործ և Պերուի նախագահի միջամտությունը, որպեսզի վերջնականապես ապահովվի դրանց վերադարձը հայրենիք 2010 թ.: Փիբոդի թանգարանի կայքի համաձայն՝
Որպես բարեկամական քայլ և ճանաչելով Մաչու Պիկչուի յուրահատուկ նշանակությունը Կուսկոյի և Պերուի ժողովրդի համար՝ Եյլի համալսարանը համաձայնվել է Պերու վերադարձնել 1912 թ. Բինգհեմի կողմից պեղված առարկաները։ Սա հիմք է Եյլի համալսարանի և Պերուի կառավարության միջև վեճի դիվանագիտական լուծման համար: Համաձայնագիրը պաշտոնական բնույթ է ստացել 2010 թ. նոյեմբերի 23-ին Պերուի կառավարության հետ ստորագրված Փոխըմբռնման հուշագրով, 2011 թ. փետրվարի 11-ին Կուսկոյի համալսարանի (UNSAAC) հետ ստորագրված երկրորդ Փոխըմբռնման հուշագրով և գտածոները 2011 ու 2012 թթ. Փիբոդի թանգարանից Մաչու Պիկչու վերադարձնելով:
Համաձայնագիրը նպաստել է Եյլի և Կուսկոյի (UNSAAC) համալսարանների միջև հետազոտությունների բնագավառում շարունակական համագործակցությանը, և գտածոները վերադարձնելու շնորհիվ արդյունավետ համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման օրինակ է հանդիսանում։
Մաչու Պիկչուն ինքը նույնպես արդեն կառավարության ուշադրության կենտրոնում է, քանի որ իշխանությունները փորձում են մեղմել այցելուների մեծ քանակի, ինչպես նաև շրջակա միջավայրի և գյուղատնտեսության ազդեցությունը, որը վտանգում է տեղանքի ամբողջականությունը։ Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքի՝
Մաչու Պիկչու պատմական սրբավայրն ամենամեծ գեղարվեստական, ճարտարապետական և հողօգտագործման նվաճումներից է, ինչպես նաև ինկերի քաղաքակրթության ամենակարևոր և նշանակալից ժառանգությունը.… Մաչու Պիկչու պատմական սրբավայրի այցելուների թվաքանակի արագ աճին պետք է համապատասխանի մուտքի վերահսկման կառավարումը.… Զբոսաշրջիկների և նոր բնակիչների համար նախատեսված տրանսպորտավորման և ենթակառուցվածքների կառուցման պլանավորումն ու կազմակերպումը, ինչպես նաև սանիտարական և անվտանգության պայմանները պահանջում են բարձր որակի և նոր երկարաժամկետ լուծումներ՝ շարունակելով մնալ զգալի մտահոգության առարկա։
Պերուի կառավարությունը վերջերս տոմսարկղային համակարգ է ներդրել, որը սահմանափակում է այցելուների քանակը և պահանջում է, որ նրանք ամրագրեն ու վճարեն հնավայրում ժամանակ անցկացնելու համար: Այնուամենայնիվ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն զգուշացնում է, որ
Ցուցակում ներառվելուց ի վեր հստակ մտահոգություններ են արտահայտվել էկոհամակարգի դեգրադացիայի մասին, որը տեղի ունենում փայտամթերման, վառելափայտի և վաճառքի հանվող բույսերի մթերման, թափոնների վատ կառավարման, որսագողության, հողերը գյուղատնտեսական նպատակներով շահագործելու հետևանքով … կենդանատեսակների և ջրի աղտոտման հետևանքով … դրան ավելացրած՝ շրջանի զարգացման հետ պայմանավորված ճնշումը.... Հետագա դեգրադացիան կանխելու համար շարունակական ջանքեր պետք է գործադրվեն, որոնք կհամապատասխանեն օրենսդրության պահանջներին։
Հաշվի առնելով Մաչու Պիկչուի պահպանության մեջ ներգրավված գործակալությունների թիվը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փաստում է, որ հնավայրի զարգացման գլխավոր պլանի հաստատվելը շարունակական մարտահրավեր է։ Մաչու Պիկչուն համաշխարհային ժառանգության բազմաթիվ այդպիսի օբյեկտներից միայն մեկն է, որը գործ ունի այցելությունների թվի աճից առաջացող վտանգների հետ, և այն ցույց է տալիս հակասությունները, որ առաջանում են յուրաքանչյուրի կողմից այդ հրաշալի հնավայրերը տեսնելու փորձից օգուտ և հաճույք ստանալու և հետագա սերունդների համար դրանք պահպանելու անհրաժեշտության միջև։
Նախապատմության հեղինակ՝ Նարաել Հոհենսի

Հավելյալ աղբյուրներ
Richard L. Burger and Lucy C. Salazar, Machu Picchu: Unveiling the Mystery of the Incas (New Haven: Yale University Press, 2004).
Carolyn Dean, A Culture of Stone: Inka Perspectives on Rock (Durham, NC: Duke University Press, 2010).
Lucy C. Salazar, "Machu Picchu: Mysterious Royal Estate in the Cloud Forest," in Machu Picchu : Unveiling the Mystery of the Incas, edited by Richard L. Burger and Lucy C. Salazar (New Haven: Yale University Press, 2004).
Lucy C. Salazar, "Machu Picchu's Silent Majority," in Variations in the Expression of Inka Power : A Symposium at Dumbarton Oaks, 18 and 19 October 1997, edited by Richard L. Burger, Craig Morris, Ramiro Matos Mendieta, Joanne Pillsbury and Jeffrey Quilter (Washington, D.C.; [Cambridge, Mass.]: Dumbarton Oaks Research Library and Collection ; Distributed by Harvard University Press, 2007).

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: