If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Գիզայի մեծ բուրգերը

Խեֆրենի բուրգ (Լուսանկարը՝ Էմի Քալվերտի)
Խեֆրենի բուրգ (Լուսանկարը՝ Էմի Քալվերտի)

Հին Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը

Հնագույն աշխարհի յոթ հրաշալիքներից վերջին պահպանվածը՝ Գիզայի հոյակերտ բուրգերը, պատմության թերևս ամենահայտնի և քննարկված կառույցներն են: Այս զանգվածեղ կոթողները, որոնց բարձրությունն իրենց կառուցումից հազարամյակներ հետո էլ մնում էր անգերազանցելի, շարունակում են ապշեցնել ու հմայել իրենց վիթխարի մասշտաբով և անհնարին թվացող կատարելությամբ: Դրանց ճշգրիտ, խստապահանջ դիրքն ու ապշեցնող, անհավատալի կառուցվածքը հանգեցրել են դրանց ծագման մասին մի շարք տեսությունների, այդ թվում՝ չհիմնավորված ենթադրությունների՝ իբր դրանք ունեցել են ոչ երկրային ազդակ: Այդուհանդերձ, ուսումնասիրելով Գիզայի սարահարթը բուրգերի հայտնվելուց մի քանի հարյուր տարի առաջ, պարզ է դառնում, որ այս անհավանական կառույցները բազմաթիվ փորձառությունների արդյունք էին (որոշ փորձեր ավելի հաջող էին, քան մյուսները), և իրենցից ներկայացնում են արքունի դիարանի համալիրի զարգացման բարձրակետ:

Խեֆրենի հովտից դեպի իր բուրգը տանող ճանապարհը (Լուսանկարը՝ դր Էմի Քալվերտի)
Խեֆրենի հովտից դեպի իր բուրգը տանող ճանապարհը
(Լուսանկարը՝ դր Էմի Քալվերտի)
Երեք բուրգ, երեք ղեկավար
Գիզա լեռան վրա գտնվող երեք հիմնական բուրգերը կառուցվել են երեք սերունդների ղեկավարների՝ Քեոփսի, Խեֆրեի և Միքերի կողմից: Յուրաքանչյուր բուրգը թագավորական գերեզմանատան համալիրի մի մասն էր, որը նաև իր հիմքում տաճար ունի և երկար քարե ճանապարհ (մոտ 1 կիլոմետր երկարությամբ)՝ լեռան մոտից մինչև արևելք՝ գետի մոտ գտնվող հովտի տաճարը:

Այլ (փոքր) բուրգեր և փոքր գերեզմաններ

Ի լրումն այս հսկայական շինություններին՝ թագուհիներին պատկանող մի շարք բուրգեր դասավորված են, ինչպես արբանյակներ: Փոքր գերեզմանների ամենամեծ գերեզմանատունը, որը հայտնի է որպես մաստաբա (արաբերեն՝ նստարան, կապված դրա ձևի հետ. հարթ տանիքով, ուղղանկյուն, վայր իջնող կողքերով), տարածքը լրացնում է Քեոփսի բուրգի արևելքից ու արևմուտքից և կառուցված է ցանցի նման՝ դատարանի նշանավոր անդամների համար: Փարավոնի կողքին թաղված լինելը մեծ պատիվ էր և ապահովում էր արժանապատիվ տեղ հանդերձյալ կյանքում:
Գիզայի բուրգի համալիրը
Գիզայի բուրգի համալիրը

Արևի մասին

Բուրգի ձևն արեգակի անդրապատկերումն էր, որը թերևս նախատեսված էր որպես արևի ճառագայթների խտացված տարբերակը երկրի վրա: Բնագրերում արևի ճառագայթների մասին ասվում է, որ դրանք շարժական սանդուղք են (թեք հարթակ), որով փարավոնը բարձրանում էր դեպի երկինք. ամենահին բուրգերը, ինչպես, օրինակ՝ Ջոսերի աստիճանավոր բուրգը Սաքարայում, իրականում նախագծված էին որպես սանդուղք: Բուրգն ակնհայտորեն կապված է նաև սրբազան բեն-բեն քարի հետ. նախապատմական գերեզմանաբլրի մի կուռք, որը համարվում էր սկզբնական արարման տեղ: Բուրգը համարվում էր հանգուցյալ տիրակալի վերածնվելու վայր:
Նայեք վերև Խուֆուի բուրգի կողքով, որն ի ցույց կդնի հիմնական բլոկների մասշտաբը (Լուսանկարը՝ Էմի Քալվերթի)
Նայեք վերև Խուֆուի բուրգի կողքով, որն ի ցույց կդնի հիմնական բլոկների մասշտաբը (Լուսանկարը՝ Էմի Քալվերթի)

Շինարարական աշխատանքներ

Շատ հարցեր են մնացել զանգվածային հուշարձանների կառուցման մասին, և տեսությունները շատ են: Շինարարության համար պահանջված աշխատուժը նույնպես քննարկման առարկա է: Լեռան հարավի գյուղի աշխատավորների հայտնաբերումը շատ հարցեր է առաջացրել: Ամենայն հավանականությամբ, եղել է հմուտ արհեստավորների և շինարարների մշտական խումբ, որոնք համալրվել են մոտ 2000 գյուղացիների սեզոնային անձնակազմով: Այդ անձնակազմերը բաժանվել են 200 խմբավորումների, որոնցից յուրաքանչյուրն էլ իր հերթին բաժանվել է 20 թիմի: Փորձերը ցույց են տալիս, որ 20-հոգանոց այս խմբերը կարող էին մոտ 20 րոպեի ընթացքում քարհանքից մինչև բուրգ տեղափոխել 2,5 տոննա կշռող աղյուսներ. նրանց ճանապարհը ավելի հեշտացավ ճանապարհը յուղապատելուց հետո: Քարհանքից մինչև շինհրապարակ օրվա ընթացքում հնարավոր էր 340 աղյուս տեղափոխել, մանավանդ որ վերնամասի աղյուսները համեմատաբար փոքր էին:
Նյութը՝ ըստ դր Էմի Քալվերտի

Նախապատմություն

Մենք սովոր ենք տեսնել Գիզայի բուրգերը հրապուրիչ լուսանկարներում, որտեղ դրանք երևում են իբրև բաց, ամայի անապատից վեր խոյացող զանգվածեղ և հեռավոր կոթողներ: Մինչդեռ այցելուները կարող են զարմանալ՝ հայտնաբերելով, որ Մեծ բուրգից ընդամենը մի քանի հարյուր ոտնաչափ (ֆուտ) հեռավորության վրա գոլֆի խաղադաշտ և հանգստավայր կա, և որ Գիզայի արագ աճող ու բարգավաճող արվարձանները (Կահիրեի մեծ մայրաքաղաքային շրջանի մասը) ընդարձակվել են ընդհուպ մինչև Սֆինքսի ոտքերը: Քաղաքային այս ներխուժումը և դրանից ծագած խնդիրները, ինչպիսիք են աղտոտումը, թափոնները, անօրինական գործունեությունները և ավտոմեքենաների երթևեկությունը, այսօր իսկապես մեծ սպառնալիք են դարձել համաշխարհային մշակութային ժառանգության այս անգնահատելի նմուշների համար:
Բուրգերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ 1979 թ., իսկ 1990 թվականից ի վեր դրանց կարգավիճակն արժևորելու համար կազմակերպությունը հովանավորել է մեկ տասնյակից ավել առաքելություն: Այն աջակցել է Սֆինքսի վերականգնմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռք առնում կանխելու զբոսաշրջության ազդեցությունը և կառավարելու ու զսպելու հարևան գյուղի աճը: Այսուհանդերձ, վայրին սպառնացող վտանգները մինչ օրս շարունակվում են. թափոնների այրումից առաջացած օդի աղտոտումները նպաստում են քարերի քայքայմանը, իսկ հարակից սարահարթից մեծ քանակով ավազի անօրինական կրել-տանելու հետրանքով առաջացել են բավական մեծ անցքեր, որոնք տեսանելի են նույնիսկ Google Earth-ի վրա: Եգիպտոսում 2011 թ. տեղի ունեցած ապստամբություններն ու դրանց քաղաքական և տնտեսական խառնաշփոթ հետևանքները նույնպես բացասաբար անդրադարձան երկրի տնտեսական կարևորագույն ոլորտներից մեկի՝ զբոսաշրջության վրա, և այցելուների թիվը միայն այժմ է սկսել վերստին աճել:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն մշտապես վերահսկում է այս խնդիրները, բայց Գիզային վերաբերող ամենամեծ հանձնառությունը եղել է պաշտպանել մայրուղու ուղղությունը վերափոխելը. նախապես ծրագրված էր, որ այն պետք է բուրգերի և Սաքարայի ստորերկրյա գերեզմանատան (նեկրոպոլիս) միջև ընկած անապատը կտրելով անցնի դեպի հարավ: Կառավարությունն ի վերջո համաձայնեց մայրուղին կառուցել բուրգերից հյուսիս: Քանի որ Կահիրեի մայրաքաղաքային շրջանը (ամենամեծն Աֆրիկայում, ավելի քան 20 միլիոն բնակչությամբ) շարունակում է ընդլայնվել, նախագծողները ներկայումս առաջարկում են Գիզայի սարահարթի տակ բազմաշարք թունել կառուցել: ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Հուշարձանների և վայրերի միջազգային խորհուրդը (ICOMOS) կոչ են անում խորապես ու մանրակրկիտ ուսումնասիրել նախագծի հնարավոր ազդեցությունը, ինչպես նաև ունենալ Գիզայի բուրգերի համար վայրի կառավարման ընդհանուր ծրագիր, որը կներառի միջոցներ՝ կանխելու անօրինական աղբանետման և քարհանքի շահագործման շարունակական ազդեցությունը:
Որքան էլ վիթխարի են Գիզայի բուրգերը, դրանք անփոփոխ չեն: Կահիրեի արագ աճին զուգընթաց, եթե պետք է մնան անձեռնմխելի՝ որպես հնագույն պատմության առանցքային չափանիշ (նմուշօրինակ), դրանք ունեն բավարար ուշադրության և պաշտպանության կարիք:
Նախապատմության հեղինակ՝ Նարաել Հոհենսի

Mark Lehner, The Complete Pyramids, Thames and Hudson, 2008.

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: