If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Թաջ Մահալ

Թաջ Մահալ, Ագրա, 1623-1653 թթ․
Թաջ Մահալ, Ագրա, Հնդկաստան, 1632-1653 թթ․, լուսանկարը՝ Մեթյու Նոթ (CC BY-NC-SA 2,0)
Շահ Ջահանը Մողոլների արքայատոհմի հինգերորդ կառավարիչն էր։ Նրա սիրելի կինը, ով հայտնի էր Մումթազ Մահալ անվամբ, մահանում է իր կառավարման երրորդ տարվա ընթացքում՝ իրենց տասնչորսերորդ երեխային լույս աշխարհ բերելիս առաջացած բարդացումների պատճառով։ Խորապես տխրելով՝ կայսրը գրեթե անմիջապես սկսեց նախագծել իր սիրելի կնոջ համար հարմար և մշտական հանգստավայր կառուցելու աշխատանքները: Նրա ջանքերի և ծախսված միջոցների արդյունքն այն էր, ինչ այդ ժամանակների մոնղոլական տեքստերում անվանվում էր «Լուսավոր գերեզման», և այն, ինչ այսօր աշխարհը ճանաչում է որպես Թաջ Մահալ:
Ընդհանուր առմամբ, սունի մահմեդականները նախընտրում են պարզ գերեզմաններ՝ բաց երկնքի տակ: Սակայն գմբեթավոր դամբարանները մողոլների (և միջինասիական այլ կառավարիչների) համար շահ Ջահանից առաջ էլ կառուցվում էին, ուստի Թաջ Մահալը եզակի չէր։ Սակայն Թաջ Մահալը եզակի էր իր չափերով, ապշեցնող այգիներով, հարուստ զարդաքանդակներով և մարմարի կիրառմամբ։
Թաջ Մահալը և Յամունա գետը
Թաջ Մահալը և Յամունա գետը, լուսանկարը՝ Լուիս Վեստ (CC BY-NC 2,0)

Գտնվելու վայրը

Ագրա, Ուտտար Պրադեշ, Հնդկաստան
Ագրա, Ուտտար Պրադեշ, Հնդկաստան
Շահ Ջահանը կառուցել է Թաջ Մահալը Ագրայում, որտեղ նա գահէ բարձրացել 1628 թ.: Մահմեդական զավթիչների կողմից առաջին անգամ 11-րդ դարում գրավվելուց հետո քաղաքը Շահ Շահանի իշխանության ընթացքում վերածվել է ծաղկող առևտրի գոտու: Յամունա գետի ափին տեղակայված լինելը ջրին հասանելիության հնարավորություն էր տալիս, և շուտով Ագրան վաստակում է «գետի ափամերձ պարտեզ քաղաքի» հեղինակություն՝ 16-րդ դարում ծաղկող թփերով և պտղատու ծառերով լի մանրակրկիտ կերպով նախագծված պարտեզների շնորհիվ։

Դրախտ երկրի վրա

Մուտքը, Թաջ Մահալ, Ագրա, Հնդկաստան, 1632-1653 թթ․
Մուտքը, Թաջ Մահալ, Ագրա, Հնդկաստան, 1632-1653 թթ․
Թաջ Մահալի մուտքի նախագավիթը (որտեղ 16-րդ դարում գործում էին խանութներ), դեպի ներս տանող դարպասների կոթողային զարդաքանդաներն ու կարմիր ավազաքարից շինությունները շքեղության ու համաչափության զգացողություն են ստեղծում. այդ դարպասների ուղղությամբ դեպի հյուսիս՝ ջրանցքի երկայնքով, վեհափառ Թաջն է: Ուղղանկյունաձև այս համալիրը 1860 ֆուտ ձգվում է հյուսիս-հարավ առանցքով և 1000 ֆուտ՝ արևելք-արևմուտք առանցքով:
Google Earth-ի օդային լուսանկար, Թաջ Մահալ, Ագրա, Հնդկաստան, 1632-53
Google Earth-ի օդային լուսանկար, Թաջ Մահալ, Ագրա, Հնդկաստան, 1632-53
Սպիտակ մարմարից դամբարանը երկու կողմերից շրջապատված է կարմիր ավազահատիկից կառուցված միանման շինություններով: Դրանցից մեկը մզկիթ է, իսկ մյուսը, որի հստակ գործառույթն անհայտ է, չի գործում, այլ միայն ապահովում է ճարտարապետական համաչափությունը:
Մարմարե կառույցը ծածկված է ուռուցիկ գմբեթով և շրջապատված է հավասար բարձրության չորս մինարեթներով: Չնայած իսլամական ճարտարապետության մեջ մինարեթները ասոցիացվում են մզկիթների հետ, այստեղ նրանք ոչ թե գործառական, այլ դեկորատիվ նշանակություն ունեն և մեկ անգամ ևս ընդգծում են մողոլների կողմից սիրված կառուցվածքային համաչափությունն ու ներդաշնակությունը:
Թաջի ներքին հատակագիծը կառուցվել է hasht bishisht (ութ մակարդակ) սկզբունքի համաձայն, որը խորհրդանշում է դրախտի ութ մակարդակները: Կառույցն ունի ութ դահլիճ ու այլ սենյակներ, որոնք միանում են իրար խաչաձև հատակագծով (15-րդ դարից ի վեր իսլամական նախընտրելի ճարտարապետական ձևը), իսկ գլխավոր դահլիճի կենտրոնում՝ բարձրության վրա, Մումթազ Մահալի մարմարե կենոտաֆն է: Կայսեր կենոտաֆը տեղադրել են կնոջ կենոտաֆի կողքին նրա մահվանից երեք տասնամյակ հետո միայն: Երկուսն էլ ծածկված են մարմարե ութանկյուն պատվարներով: Նրանց մնացորդներով դագաղները գտնվում են անմիջապես կենոտաֆների տակ:
Կենոտաֆներ, Թաջ Մահալ, Ագրա, Հնդկաստան, 1632-53
Կենոտաֆներ, Թաջ Մահալ, Ագրա, Հնդկաստան, 1632-53, լուսանկարը՝ Դերեկ Ա. Յանգի (CC BY-NC 2,0)
Փորագրված և ներզարդած քար, Թաջ Մահալ, Ագրա, Հնդկաստան, 1632-53, լուսանկարը՝ Մարտին Լամբի (CC BY-NC-SA 2,0)
Փորագրված և ներզարդած քար, Թաջ Մահալ, Ագրա, Հնդկաստան, 1632-53, լուսանկարը՝ Մարտին Լամբի (CC BY-NC-SA 2,0)
Ղուրանից վերցված տները՝ ներգծված շինության պատերի մեջ, և նկարները՝ արված կիսաթանկարժեք քարերով (մարջան, օնիքս, սարդիոն, ամեթիստ, լազուր), լրացնում են Թաջի սպիտակ արտաքին շքեղությունը: Փորագրված նկարների մեծ մասը հայտնի ու անհայտ ծագման ծաղիկներ են՝ ևս մեկ հղում դրախտային թեմային:
Թաջ Մահալի ճարտարապետության որոշ հատվածներ իսլամական այլ ավանդույթներ են պարունակում, սակայն մնացածն արտացոլում են տեղական ոճի տարրերը: Մասնավորապես դա երևում է մինարեթների վրա տեղադրված անձրևանոցի ձև ունեցող տաղավարներից:
Մողոլական դարաշրջանի կառույցների զգալի հատվածը արտաքինից ծածկում էին կարմիր քարով, իսկ սպիտակ մարմարը հատուկ խնայում էին ներքին հատվածների կամ դամբարանների համար, մինչդեռ Թաջի դեպքում ողջ կառույցը պատված է սպիտակ մարմարով, իսկ մնացած երկրորդական շենքերը կառուցված են կարմիր ավազաքարից: Սպիտակի ու կարմիրի գունային այս սխեման, հնարավոր է, կապված է Հինդու տեքստերում գրի առնված սկզբունքների հետ, որոնց համաձայն սպիտակը խորհրդանշում էր մաքրությունն ու նախատեսված էր քրմերի համար, իսկ կարմիրը ասոցիացվում էր մարտիկների դասի հետ:

Այգիները

Թաջ Մահալի դիմաց ձգվում է Չար բաղ կոթողային այգին: Այն բաժանված է եղել չորս հիմնական հատվածների, որոնց կենտրոնան առանցքով ձգվում էր մի շինություն (դամբարան կամ տաղավար): Թաջ Մահալի հիմնական դարպասից ներս նայելիս թվում է, թե այն շեղվել է այդ նորմայից, քանի որ գտնվում է ոչ թե այգու կենտրոնում, այլ համալիրի ծայրին, որի հետնամասով անցնում է գետը:
Թաջ Մահալ, Ագրա, Հնդկաստան, 1632-53, լուսանկարը՝ Սթիվ Էվանսի (CC BY-NC 2,0)
Տեսարան Մահթաբ այգուց, Թաջ Մահալ, Ագրա, Հնդկաստան, 1632-53, լուսանկարը՝ Սթիվ Էվանսի (CC BY-NC 2,0)
Մահթաբ այգուց նայելիս, երբ լուսնի լույսի ներքո երևում են այգիներն ու գետը, նկատվում է, որ հուշարձանը ներկայումս տեղակայված է ավելի մեծ համալիրում, քան նախատեսված է եղել սկզբում: Այս տեսարանը, որը հնարավոր է միայն նկատել, երբ համալիրի հետ միասին դիտարկվում է Յամունա գետը, խոսում է դրա ճարտարապետի հանճարի մասին: Ավելին՝ Թաջը բարձր հիմքերի վրա կառուցելով՝ շինարարները պայմաններ են ստեղծել, որպեսզի շահ Ջահանի, ինչպես նաև այլ Մողոլ ազնվականների դամբարանները դրանց կից այգիների հետ միասին հնարավոր լինի տեսնել գետի շատ կողմերից:
Այգին ընդգրկել է նաև ջրային ուղիներ ու շատրվաններ: Սա այգեպանության նոր տեսակ էր, որը Հնդկաստանին ներկայացրել էր Բաբուրը՝ շահ Ջահանի ապուպապը 16-րդ դարում: Ժամանակի ու շատ մարդկանց միջամտության պատճառով այսօր դժվար է հասկանալ, թե ինչպիսին է եղել Թաջի տնկիների ու ողջ այգու նախնական նախագիծը:
Առաջին իսկ օրվանից որոշվել էր, որ Թաջը դարեր շարունակ հիշվելու է իր փառահեղությամբ, և հենց դա էր պատճառը, որ այն կառուցելիս կիրառվել են լավագույն նյութերն ու գործի են դրվել տարբեր հմտություններ: Լավագույն տեսակի մարմարը բերվել էր 250 մղոն հեռու գտնվող Մաքրարնայից, Ռաջաստան: Միր Աբդ ալ-Քարիմը նշանակվել էր որպես գլխավոր ճարտարապետ, Աբդուլ Հաքքը՝ գեղագրիչ, իսկ Ուստադ Ահմադ Լահաուրին՝ որպես այդ ամենի ղեկավար: Շահ Ջահանը հոգ էր տարել, որպեսզի շինարարության ընթացքում հաշվի առնվեն մողոլական ճարտարապետությանը բնորոշ սկզբունքները:
Թաջ Մահալ, Ագրա, Հնդկաստան, 1632-53, լուսանկարը՝ LASZLO ILYES-ի (CC BY 2,0)
Թաջ Մահալ, Ագրա, Հնդկաստան, 1632-53, լուսանկարը՝ LASZLO ILYES-ի (CC BY 2,0)

Ինչ է արտացոլում Թաջ Մահալը

Ասում են, երբ 1631 թ. Մումթազ Մահալը մահանում է 38 տարեկանում, կայսրը հրաժարվում է մասնակցել արքունական խնջույքներին, հետաձգում է երկու որդիների հարսանիքները և շտապ այցելում է իր կնոջը, որն այդ պահին ժամանակավորապես հանգստանում էր Բուրհանփուրում, մինչև որ Թաջի կառուցումն ավարտին կհասցվեր: Այս պատմությունը առիթ է հանդիսացել, որ միջազգային գրականության մեջ Թաջ Մահալը ընկալվի որպես «սիրո խորհրդանիշ»: Սակայն կան նաև այլ տեսություններ. դրանցից մեկի համաձայն՝ Թաջը սգո հուշարձան չէ, և շահ Ջահանը նման շինություն կկառուցեր, նույնիսկ եթե կինը չմահանար: Հիմնվելով Ղուրանի մետաֆորիկ առանձնահատկությունների, այլ մակագրությունների և կայսեր՝ գահի հանդեպ ունեցած սիրո վրա՝ մեկ այլ տեսություն ասում է, որ Թաջ Մահալը Աստվածային գահի արտացոլումն է Դատաստանի օրը: Ըստ «դրախտային ապարանքի» տեսության՝ Թաջը մի շքեղություն էր, որը կառուցվել էր Մողոլների իշխանությունն ու ինքնին կայսերը փառաբանելու համար:
Չնայած որ շահ Ջահանի գահին նստելը հարթ է անցնում, նույնը չի կարելի ասել նրա գահը լքելու մասին: Կայսրը մահանում է ոչ թե որպես իշխանավոր, այլ որպես բանտարկյալ: Ագրայի ամրությունում մինչև իր մահը՝ 1666 թ., ութ տարի բանտարկված անցկացնելով, շահը կարող էր Թաջ Մահալով հիանալ միայն հեռվից: Սակայն այդ հրաշալի մարմարե դամբարանը, որը կառուցվել էր «սերունդների մասին մտքերով», կառուցումից հետո 350 տարի է, ինչ կանգուն է մնում ու համարվում է ամենագրավիչ տեսարժան վայրերից մեկը: Թաղված լինելով իր սիրելի կնոջ կողքին՝ երբեմնի փադիշահը՝ աշխարհի տիրակալը, նույնպես համբավ է վայելում՝ աշխարհի ամենահիշարժան ու էքստրավագանտ դամբարանը կառուցելու համար:
Տեքստը՝ Ռոշնա Կապադիայի

Նախապատմություն

Թաջ Մահալը աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող վայրերից է. տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդ է այցելում այն: Չնայած որ այն 1983 թ. դասվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության վայրերի շարքը, այժմ ևս այն գտնվում է Հնդկաստանի հնագիտական ծառայությունների հսկողության ներքո, քանի որ այցելուների ինտենսիվ տեմպը կարող է սպառնալ այդ վայրի ամբողջականությանը:
Թաջ Մահալին սպառնացող ռիսկերից մեկը օդի աղտոտվածությունն է, որը գունափոխում է միջավայրը. որոշ մասնագետներ կարծում են, որ դա առաջացնում է թթվային անձրև, ինչը ոչնչացնում է մարմարը: Օդի աղտոտվածության պատճառներից են արդյունաբերությունը, տրանսպորտը և կենցաղային թափոնների այրումը: Հնդկաստանի իշխանություններն առանձնացրել են մի հատված (սեղանի ձև ունեցող), որը ներառում է Ագրայի 4000 քառակուսի կմ տարածքը, ներառյալ Թաջ Մահալը, Ագրա ամրոցը և մողոլների պատմական բնակավայրը՝ Ֆաթեփուր Սիկրին: Այդ շրջանում գործող նավթամշակող և ածխաջրածնային արդյունաբերություններին հրամայված էր կարգավորել իրենց թափոնների քանակը կամ անցնել բնական գազի օգտագործման, և շատերը այդպես էլ արել են:
Թաջ Մահալի շրջակայքում հաստատվել է նաև ավտոմեքենաների երթևեկության արգելք, դրվել են օդի որակը որոշող մոնիտորներ, Հնդկաստանի հնագիտական ծառայությունն առաջարկել է սահմանափակել զբոսաշրջիկների քանակը և ավելացրել է այցելության վճարը՝ նրանց հոսքը կրճատելու նպատակով:
Թաջ Մահալի համար մեկ այլ սպառնալիք է համալիրը շրջապատող Յամունա գետի չորացումը: Գետը մասնակի փակել էին դրա հոսանքով դեպի վեր Թաջ Մահալը, որպեսզի ավելացնեին կոմունալ ջրամատակարարումը, և ոմանք պնդում են, որ հողի պարունակության փոփոխությունները կարող են սպառնալ համալիրի կառուցվածքին: Տարբեր ակտիվիստներ ու գիտնականներ պնդում են, որ ճեղքվածքներ, տեղ-տեղ նստվածքներ ու մինարեթների թեքվածություն են հայտնաբերել մարմարե հենահարթակներին, չնայած որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հավաստում է, որ
Շինության ֆիզիկական կառուցվածքը լավ վիճակում է. Թաջ Մահալի կառուցվածքային կայունությունը, հիմքերը, մինարեթների ուղղահայացությունը և այլ շինարարական ասպեկտները ուսումնասիրվել են ու շարունակում են վերահսկվել:
Թաջ Մահալը միլիոնավոր ճանապարհորդների համար թոփ մեկ ուղղություն է: Համաշխարհային զբոսաշրջության և տնտեսական աճի տեմպերը հաշվի առնելով՝ տեսարժան վայրը հսկող իշխանությունները այս անփոխարինելի հուշարձանի գոյությունը պահպանելու համար պետք է ջանք չխնայեն իրավական ու կառուցվածքային միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:
Նախապատմության հեղինակ՝ Նարաել Հոհենսի

Հավելյալ աղբյուրներ
Baburnama: Memoirs of Babur, Prince and Emperor, translated, edited and annotated by Wheeler M. Thackston (Oxford University Press, 1996).
Milo C. Beach and Ebba Koch,  King of the World: The Padshahnama, with new Translations by Wheeler Thackston (Thames and Hudson, 1997).
Wayne Begley, “The Myth of the Taj Mahal and a New Theory of its Symbolic Meaning,” Art Bulletin, vol 61, no 1, March 1979, pp. 7-37.
Vidya Dehejia, Indian Art (Phaidon, 1997).
Ebba Koch, Mughal Architecture: An Outline of its History and Development (1526-1858) (Neues Publishing Company, 1991).
______, The Complete Taj Mahal and the Riverfront Gardens of Agr a (Thames and Hudson, 2006).
______, “The Taj Mahal: Architecture, Symbolism and Urban Significance,” Muqarnas, vol. 22, 2005.
George Michell, George and Amit Pasricha, Mughal Architecture and Gardens (Antique Collectors’ Club, 2011).
D. Fairchild Ruggles, “A Garden in Landscape,” in Islamic Gardens and Landscapes: Penn Studies in Landscape Architecture (University of Pennsylvania Press, 2007).

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: