If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Թութմոս, Նեֆերտիտիի կիսանդրին. նախապատմություն

Հեղինակ՝ դր Նարաել Հոհենսի
Թութմոս, Թագուհի Նեֆերտիտիի նմուշօրինակ (մոդել) կիսանդրին, մոտ մ.թ.ա. 1340 թ., կրաքար և գիպս, Նոր Թագավորություն (Եգիպտական կայսրություն), 18-րդ դինաստիա, Ամառնայի ժամանակաշրջան (Եգիպտական թանգարան և պապիրուսի հավաքածու/Նոր թանգարան (Neues Museum), Բեռլին) (լուսանկարը՝ Ժան-Պիեռ Դալբերայի, CC BY 2,0)
Թութմոս, Թագուհի Նեֆերտիտիի նմուշօրինակ (մոդել) կիսանդրին, մոտ մ.թ.ա. 1340 թ., կրաքար և գիպս, Նոր Թագավորություն (Եգիպտական կայսրություն), 18-րդ դինաստիա, Ամառնայի ժամանակաշրջան (Եգիպտական թանգարան և պապիրուսի հավաքածու/Նոր թանգարան (Neues Museum), Բեռլին) (լուսանկարը՝ Ժան-Պիեռ Դալբերայի, CC BY 2,0)
2009 թ. Բեռլինի վերականգնված Նոր թանգարանը (Neues Museum) տոնեց իր վերաբացումը՝ աչքի ընկնող տեղում ցուցադրելով Նեֆերտիտիի կիսանդրին՝ որպես իր գլխավոր տեսարժան իրերից մեկը: Տոնակատարությունը համընկավ կիսանդրին Եգիպտոս պաշտոնապես վերադարձնելու եգիպտական կառավարության շարունակական խնդրանքներից մեկի հետ: Թանգարանը կտրականապես մերժեց հրաժարվել քանդակից՝ պնդելով, որ գերմանացի հնագետ Լյուդվիգ Բորչարդթը կիսանդրին օրինական ճանապարհով ձեռք էր բերել 1912 թ.: Բորչարդթն այն պեղել էր հին եգիպտացի քանդակագործ Թութմոսի արհեստանոցում մի քանի այլ իրերի հետ և իր գտածոները բերել էր Գերմանիա՝ որպես Եգիպտական անտիկ իրերի (հնությունների) ծառայության հետ համաձայնագրի մաս: Թեև չկա որևէ ապացույց, որ Բորչարդթի գործարքները բացահայտ անօրինական էին, արդեն իսկ 1925 թ. Եգիպտոսի կառավարությունը սկսեց վիճարկել Գերմանիայի կողմից արժեքավոր անտիկ իրերի (հնությունների) յուրացման և սեփականացման հարցը՝ սահմանելով պատժամիջոցներ (սանկցիաներ), և այս ժամանակից ի վեր կիսանդրին վերածվել է երկու ազգերի միջև լարվածության աղբյուրի:
Այս հակասությունն առնչվում է եվրոպական և ամերիկյան թանգարաններում պահվող անտիկ իրերի (հնությունների)
ու քաղաքականությանը վերաբերող համընդհանուր աճող հանրային իրազեկման հետ: 2016 թ. Գերմանիայից երկու արվեստագետ՝ Նորա ալ-Բադրին և Յան Նիկոլայ Նելլեսը, այս խնդիրների շուրջ հանդես եկան համարձակ հայտարարությամբ՝ կազմակերպելով մի միջոցառում, որը նրանք կոչեցին «NefertitiHack»: Նրանք գաղտնի արտապատկերեցին քանդակը՝ օգտագործելով սպառողական մակարդակի եռաչափ սկանավորման սարք, որից հետո բացահայտորեն հրապարակեցին տվյալները Creative Commons-ի արտոնագրի տակ: Ըստ իրենց կայքի՝ արվեստագետների նպատակն էր «խթանել այսօրվա պայմանների քննադատական վերագնահատումը և հաղթահարել Գերմանիայի սեփականատիրության գաղութային հայեցակետը»:
Շատ խմբեր հրապարակավ սատարում են օգտագործել թվայնացված կրկնօրինակները կա՛մ որպես փոխարինող-կրկնորդ այն իրերի համար, որոնք վերադարձվում են իրենց ծագման վայր, կա՛մ հակառակը՝ բնօրինակների փոխարեն չափազանց ճշգրիտ կրկնօրինակների ստեղծման առաջարկների միջոցով: Հաստատությունների և իրերի նկատմամբ իրավունքներ ներկայացնող խմբերի միջև տվյալների փոխանակումը նույնպես առաջարկվել է իբրև վերադարձման շուրջ ստեղծված լարվածությունները մեղմելու տարբերակ: Նելլեսի և ալ-Բադրիի նախագիծը հայրենադարձության ու իրերի եռաչափ մոդելների և այլ տվյալների միջոցով հասարակայնությանը հասանելի լինելու շուրջ ծավալվող մի բեկումնային համոզմունք է, քանի որ Նոր թանգարանը (Neues Museum) չի թույլատրում լուսանկարել կամ հրապարակայնորեն փոխանակել կիսանդրու իր սեփական եռաչափ մոդելը:
Նորա ալ-Բադրին՝ NefertitiHack-ի արվեստագետներից մեկը, հայտարարել է.
«Նեֆերտիտիի գլուխը (կիսանդրին) խորհրդանշում է ներկայումս ողջ աշխարհում տեղի ունեցող մնացած միլիոնավոր գողացված և թալանված արտեֆակտները, օրինակ՝ Սիրիայում, Իրաքում և Եգիպտոսում … Հնագիտական արտեֆակտները, իբրև մշակութային հիշողություն, սկիզբ են առնում մեծ մասամբ Գլոբալ Հարավից. բայց կարևորագույն իրերի ճնշող մեծամասնությունը կարելի է գտնել արևմտյան թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: Պետք է ընդունենք այն փաստը, որ գաղութատիրական հասարակարգերն այսօր էլ շարունակում են գոյություն ունենալ և տակավին առաջ են բերում իրենց ներհատուկ խորհրդանշական պայքարները»:
Իր պեղումից ավելի քան մեկ դար հետո էլ Նեֆերտիտիի կիսանդրին մնում է կիզակետ հասարակության և հաստատությունների համար՝ ստիպելով մտորել, թե ինչպես են ձեռք բերվում, ցուցադրվում և փոխանցվում իրերն ու դրանց տվյալները:

Հավելյալ աղբյուրներ

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: