If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Պահպանումն ընդդեմ վերականգնման. Կնոսոսի պալատը (Կրետե)

Հեղինակ՝ դր Սենտա Ջերման
Կրետեում Կնոսոսի հնագիտական հուշարձանը՝ հետևի մասի վերականգնված սրահներով (լուսանկարը՝ Jebulon-ի, հանրային տիրույթ)
Կրետեում Կնոսոսի հնագիտական հուշարձանը՝ հետևի մասի վերականգնված սրահներով (լուսանկարը՝ Jebulon-ի, հանրային տիրույթ)

Վերականգնում և պահպանություն

Ի՞նչ է կատարվում հնագիտական վայրում հնագետի աշխատանքի ավարտից հետո: Կարիք կա՞ արդյոք փաստերի վրա հիմնվելով
հուշարձանի (կամ դրա որոշ մասերի) նախնական տեսքը, թե՞ հարկավոր է իրականացնել հուշարձանի
և թողնել այնպես, ինչպես որ կա: Չվերականգնված հնագիտական հուշարձան այցելությունը կարող է բացարձակապես անհետաքրքիր լինել. նույնիսկ ամենաշքեղ հնամյա վայրերը կարող են կոտրված սյուներով և այլ բեկորներով շրջապատված քարերի կույտ թվալ: Եվ չնայած պահպանության արդի սկզբունքները պահանջում են, որ ցանկացած գործողություն լինի շրջելի (որպեսզի ապագայում բացահայտվելիք մոտեցումները կիրառելի լինեն), անցյալում հասանելի չէին մերօրյա ռեսուրսները և գիտությունը:
Սըր Արթուր Էվանս, 1911 թ.
Սըր Արթուր Էվանս, 1911 թ.

Կնոսոս

Կրետե կղզում գտնվող Կնոսոսի հնագիտական հուշարձանը, որն ավանդաբար պալատ են կոչել, Հունաստանում զբոսաշրջության երկրորդ ամենահայտնի վայրն է (Աթենքի Ակրոպոլիսից հետո): Ամեն տարի Կնոսոս են այցելում հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ: Սակայն դրան յուրահատուկ գրավչություն են հաղորդում ոչ թե բրոնզի դարի յուրօրինակ գտածոները (որոնք երեք հազարի տարուց ավել հնություն ունեն), այլ 20-րդ դարի սկզբին սըր Արթուր Էվանսի կողմից անցկացված մեծածավալ վերականգնողական աշխատանքները:
Հնագիտական վերականգնումների արդյունքում պատմական վայրի մասին կարևոր տեղեկություններ են ստացվում: Կնոսոս այցելելիս կարելի է տեսնել Եվրոպայի հնագույն գահասենյակը, հոյակապ Հյուսիսային մուտքով քայլել դեպի պալատ, զմայլվել պատերի երփներանգ գեղանկարներով և վայելել թագուհու հարկաբաժնի վայելչությունը: Սակայն բոլոր այս տարածքները ստացվել են մեծածավալ, վիճելի և երբեմն վնասակար վերականգնման գործընթացի արդյունքում: Կնոսոսը պահանջում է, որ մենք մտածենք, թե ինչպես կարող ենք պահպանել հնագիտական հուշարձանը՝ միաժամանակ այցելուներին գտածոների վերաբերյալ արժեքավոր և կրթական փորձառություն տրամադրելով:

Էվանսի կատարած վերականգնողական աշխատանքները

Կնոսոսում Էվանսի իրականացրած վերականգնողական աշխատանքները կարևոր են հետևյալ պատճառներով.
  1. Եթե 1901 թ. սկզբին Էվանսը ջանք չներդներ Կնոսոսի հուշարձանի պահպանության և վերականգնման մեջ, ապա դրա նշանակալից մասն անշուշտ կկորչեր:
  2. Ներքևում պատկերված գահասենյակի նրբագեղ գույների վերականգնման արդյունքում մենք ավելի լավ պատկերացում ենք կազմում Կրետեի արքաների հզորության և հեղինակության վերաբերյալ, որն ի սկզբանե ներկայացվել է Հոմերոսի կողմից:
  3. Էվանսի կողմից ճարտարապետության և պատերի գեղանկարների գեղեցիկ, չնայած երբեմն ոչ այդքան ճշգրիտ իրականացված վերականգնումը ներկայացնում է մինոացի ճարտարապետների և նկարիչների վայելչությունը և հմտությունը:
Սրանք Էվանսի վերականգնողական աշխատանքների անհերքելի առավելություններն են և Կնոսոս այցելության շարժառիթներից մեկը, որն ամեն ոք արժևորում է: Կնոսոսում ողորկ ու սահուն քիվերով պատերը, վառ գեղանկարներն ու բազրիքներով աստիճանների ամբողջական հատվածներն են, որ պահպանվում են բացիկների, ֆոտոխցիկի լուսանկարների և մարդու հիշողության մեջ, որոնք և հանգեցրել են պեղավայրի մտավոր, քաղաքական և ֆինանսական կարևոր աջակցությանը:
Գահասենյակ, Կնոսոս (լուսանկարը՝ Olaf Bausch-ի, CC BY 3,0)
Գահասենյակ, Կնոսոս (լուսանկարը՝ Olaf Bausch-ի, CC BY 3,0)
Էվանսի վերականգնողական աշխատանքները միևնույն ժամանակ խնդրահարույց են: Որոշ դեպքերում վերականգնվածը չի ներկայացնում գտնվածը, այլ ստեղծում է ավելի հսկայական և ամբողջական փորձառություն: Օրինակ՝ վերականգնողական աշխատանքների շնորհիվ Կնոսոս այցելելիս շատ հեշտ է հավատալ, որ ամեն գտածո նախկինում հանդիսացել է ուշ բրոնզի դարում կառուցված պալատ:
Կնոսոսի գահասենյակի պեղումները: Պատկերը վերցված է Կրետեի հետազոտական ֆոնդի՝ աջակցելու կոչ անող գրքույկի տիտղոսաթերթից (1900 թ.)
Կնոսոսի գահասենյակի պեղումները: Պատկերը վերցված է Կրետեի հետազոտական ֆոնդի՝ աջակցելու կոչ անող գրքույկի տիտղոսաթերթից (1900 թ.)
Էվանսի կողմից հուշարձանի գահասենյակում և այլ մասերում իրականացված վերականգնողական աշխատանքներն արտոնություն են տալիս ուշ բրոնզի դարաշրջանին: Շարքային այցելուն հավանաբար չի գիտակցի, որ գահասենյակը թվագրվում է Կնոսոսի պատմության ամենաուշ շրջանին՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ավարտին, թեև հուշարձանը շարունակաբար գրավված է եղել նեոլիթյան դարաշրջանից մինչև հռոմեական կայսրության դարաշրջանը (մ.թ.ա. 8-րդ հազարամյակից մինչև առնվազն 5-րդ դարը):
Հուշարձանի՝ բացառապես մինոանյան՝ կղզու բնիկ մշակույթի արդյունքում ստեղծված լինելու Էվանսի մեկնաբանությունը և վերականգնումը դեռևս առկա է, անկախ այն փաստից, որ շատ բան է փոխվել Կնոսոսի տարբեր ժամանակաշրջանների կառույցների վերաբերյալ արվեստի պատմաբանների և հնագետների ընկալման մեջ: Էվանսի վերականգնած վերջնական նախագիծը և կազմությունը ներկայումս դիտարկվում են ոչ թե որպես մինոական, այլև միկենյան կառույցներ: Թեև այս տեղեկությունը նշվում է հուշարձանի տարածքում տեղադրված ցուցանակներում, այցելուները հաճախ ուշադրություն չեն դարձնում դրան:
Հոյակապ Հյուսիսային մուտքից դեպի հարավ-արևմուտք Կնոսոսի մերօրյա տեսքը (լուսանկարը՝ Theofanis Ampatzidis-ի, CC BY-SA 4,0)
Հյուսիսային մուտքից դեպի հարավ-արևմուտք Կնոսոսի մերօրյա տեսքը (լուսանկարը՝ Theofanis Ampatzidis-ի, CC BY-SA 4,0)

Ինչ է հնագիտական վերականգնումը

Պեղումների ընթացքում հայտնաբերվում են հնագիտական գտածոներ, որոնք հաճախ շատ նուրբ են լինում, և դրանք պահպանելու անհրաժեշտություն է առաջանում: Որոշ հնագետներ գտածոները պահպանելու նպատակով խրամատները նորից հետ են լցնում պեղած նյութով: Այլ դեպքերում ճարտարապետության, գերեզմանների կամ այլ վաղանցիկ կառույցների նյութերի (օրինակ՝ փայտի) թողած հետքերը վտանգվում են: Այս դեպքում որոշակի պահպանության կարիք է առաջանում: Ըստ սահմանման՝ ցանկացած պահպանություն վերականգնում է, երբ ժամանակակից նյութեր են ավելացվում հին նյութերի վրա այնպես, որ ներդաշնակ տեսք, գույն և/կամ կազմություն ստացվի: Արդյունքում վերականգնումները երբեմն հնարավոր չէ տարբերել սկզբնական նյութերից, և հենց այստեղ է, որ իրավիճակը բարդանում է, ինչպես Կնոսոսի դեպքում:
Նախքան հնագիտական վերականգնում կատարելը հարկավոր է դիտարկել երեք հիմնական խնդիր.
  1. Հուշարձանի պատմության ո՞ր շրջանն է հանդիսանալու վերականգնման կետը: Հնագիտական բազմաթիվ հուշարձաններ արտացոլում են երկարատև զավթման կամ տիրապետության շրջան, որի ընթացքում շատ բան փոխվում է, նորոգվում կամ վերակառուցվում: Վերականգնումը հուշարձանի պատմության ո՞ր շրջանին նախապատվություն կտա, և հուշարձանի պատմության ո՞ր շրջանները բացահայտելն ու հասկանալը կլինի ամենադժվարը:
  2. Վերականգնողական աշխատանքների ժամանակ ինչպե՞ս հաշվի կառնվեն պեղավայրի կամ հուշարձանի վերաբերյալ մեկնաբանության և գիտելիքի հետագա փոփոխությունները: Պեղավայրերի հնագիտական մեկնաբանությունները շարունակ զարգանում են, հաճախ այլ վայրերում կատարված հայտնագործությունների շնորհիվ: Վերականգնումները, որպեսզի ճշգրիտ մնան, պետք է հաշվի առնեն առաջիկա (պոտենցիալ) նոր գիտելիքը, որը կարող է փոխել պեղավայրի կամ հուշարձանի պատմությունը կամ նշանակությունը:
  3. Վերջապես, և ամենակարևորը, վերականգնումները չպետք է լինեն ավերող և անշրջելի: Վերականգնման առաջնային դերը պահպանումն է: Այս իսկ պատճառով բնօրինակ պեղածոները պետք է լիովին ապահով լինեն և որևէ վնաս չկրեն վերականգնման միջոցներից ու նյութերից: Վերականգնումների շրջելիությունը պայմանավորված է ոչ միայն թվարկված մեկնաբանությունների փոփոխություններին հարմարվելու միտումով, այլև նրանով, որ ապագայում հնարավոր լինի վերականգնմանը պակաս միջամտող, ավելի նուրբ միջոցներ կիրառել:

Կնոսոսի վերականգնումը

Բացի մի քանի ընդհատումներից (օրինակ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ), Էվանսն ամեն տարի 1900-1930 թթ. պեղել է Կնոսոսի հնավայրը: Գրեթե անմիջապես սկսվեց ճարտարապետական գտածոների վերականգնողական աշխատանքը, որը կարելի է բաժանել երեք փուլի, և որոնցից յուրաքանչյուրը բնութագրել էր ճարտարապետ Էվանսը, ում վարձել էին այդ գործն անելու համար: Այս երեքից յուրաքանչյուրը (Թեոդոր Ֆայֆ, Քրիստիան Դոլ և Պիտ դե Յոնգ) ուներ վերականգնման շատ տարբեր փիլիսոփայություն:
Փուլ 1. Թեոդոր Ֆայֆ
1901-1904 թթ. Թեոդոր Ֆայֆ անունով երտասարդ ճարտարապետին հանձնարարեցին զբաղվել Կնոսոսի վերականգնողական աշխատանքներով: Ամենայն հավանականությամբ, Էվանսը վարձել էր նրան, որովհետև 1900/01 թ. ձմեռը վնասել էր նոր հայտնաբերված Գահասենյակը՝ հնավայրի ամենակարևոր տարածքը, որ պեղվել էր հենց այդ առաջին սեզոնի ընթացքում:
Ֆայֆի կատարած աշխատանքը Կնոսոսում կարելի է բնութագրել երկու բանով: Ամենից առաջ՝ նա նվիրված էր նվազագույն միջամտության գաղափարին: Երկրորդ, երբ հարկավոր էր միջամտել, նա մեծ ջանքեր էր գործադրում, որպեսզի օգտագործեն Բրոնզե դարի կառույցի համանման նյութեր (փայտ, կրաքար, որմնաքար) և նույնիսկ Բրոնզե դարի շինարարական հնարներ, որոնք նա կարողացավ քաղել այդ պեղավայրում իր աշխատանքից: Հստակ է, որ Ֆայֆը չափազանց մտահոգ էր իր միջամտությունների և վերակառուցումների ճշմարտացիությամբ. միակ բացառությունը Գահասենյակը և Կրկնակի կացինների սրբավայրը պաշտպանելու նպատակով ժամանակակից ոճով իր կառուցած խեժից տանիքներն էին:
Փուլ 2. Քրիստիան Դոլ
Կնոսոսում վերականգնողական աշխատանքների երկրորդ փուլը թվագրվում է 1905-1910 թթ., այն ղեկավարում էր Քրիստիան Դոլը: Պահպանման առաջին աշխատանքը, որ Դոլը պետք է աներ 1905-ին, Ֆայֆի աշխատանքն էր: Ըստ էության, Ֆայֆի բուռն ձգտումը՝ օգտագործել նույնական նյութեր, ձախողվեց. շատ դեպքերում նա անտեսում էր փայտանյութը վերամշակելու կարևորությունը նախքան այն օգտագործելը, և հակված էր ընտրել սոճու, այլ ոչ թե կաղնու փայտ (իսկ դրանք բոլորը փտում են): Բացի այդ, անձրևը ձմռանը կործանարար էր, հատկապես երբ հոսում էր պեղավայրի նոր բացված մասերով: Դոլի առաջին և ամենակարևոր նախագիծն էր Մեծ սանդուղքի վիճակը կայունացնելը և այն իր սկզբնական չորսհարկանի բարձրությամբ վերակառուցելը: Դա չափազանց բարդ գործ էր, քանի որ հնագույն նախագծի ճշգրիտ բնույթը սպրդում էր թե Դոլի և թե Ֆայֆի ձեռքից, ուստի հնարամտության դիմելու որոշակի կարիք կար: Եվ քանի որ կառույցը չափազանց ծանր էր, ուստի Դոլն օգտագործեց ցեմենտապատ երկաթե առաստաղակալներ (որոնք շատ թանկ գնով ներմուծվել էին Անգլիայից), և դրանց հնագույն փայտե գերանների տեսք հաղորդեց:
Դոլի պահպանման մոտեցումը շարունակում էր հիմնվել պեղված գտածոների պահպանման վրա: Այնուամենայնիվ, Դոլը կողմ չէր Ֆայֆի օգտագործած բնօրինակ նյութերի կիրառմանը, քանի որ այդ դեպքում չէր հաջողվել պահպանել շատ տարածքներ, որտեղ իրենք աշխատում էին: Փոխարենը Դոլը կառուցեց կրող կոնստրուկցիաներ՝ հիմնվելով այդ ժամանակ Լոնդոնում կիրառվող մեթոդների վրա: Բացի այդ, նա օգտագործեց ճարտարապետական ժամանակակից նյութեր, ինչպիսիք են վերը նշված երկաթե սյուները, ինչպես և ցեմենտ (այս նյութն առաջին անգամ էր օգտագործվում Կնոսոսում):
Փուլ 3. Պիտ դե Յոնգ
Պիտ դե Յոնգ, Մեգարոն թագուհու «Դելֆինի որմնանկար»-ի («Dolphin Fresco») վերականգնումը, Կնոսոս (հանրային տիրույթ)
Պիտ դե Յոնգ, Մեգարոն թագուհու «Դելֆինի որմնանկար»-ի («Dolphin Fresco») վերականգնումը, Կնոսոս (հանրային տիրույթ)
Պահպանման աշխատանքների երրորդ փուլը Պիտ դե Յոնգն իրականացրել է ավելի երկար ժամանակահատվածում՝ 1922-1952 թթ.: Կնոսոսի այժմյան տեսքի հիմնական մասը նրա աշխատանքի արդյունքն է՝ վերականգնված պատերի և սենյակների լայն հատվածներով:
Երեք հիմնական տարր են բնութագրում Դե Յոնգի աշխատանքը Կնոսոսում: Ամենաակնառուն երկաթբետոնի օգտագործումն էր: Դոլի և Դե Յոնգի աշխատանքի միջև ընկած տասներկու տարիների ընթացքում երկաթբետոնի օգտագործումը մեծ տարածում գտավ արագ շինարարության, համեմատաբար մատչելի լինելու և գրեթե ամեն ձևի մեջ ձուլվելու իր ունակության շնորհիվ: Այն համարվում էր նաև գրեթե չքանդվող:
Կնոսոսում Դե Յոնգի աշխատանքի մեկ այլ էական առանձնահատկությունն այն էր, որ նա երկաթբետոնն օգտագործում էր պալատի այն հատվածները կառուցելու համար, որոնք գտնվածի սահմաններից դուրս էին. որոշ հատվածներ հիմնված էին հնագիտական փաստերի վրա, որոշները՝ ոչ (այս վերակառուցումների հիմնական գաղափարը հենց Էվանսինն էր):
Դե Յոնգը հաճախ պատերը ոչ թե թողնում էր հենց այն բարձրության վրա, որ դրանք ունեին հայտնագործման ժամանակ, այլ կամ ավարտում էր հարթ տանիքով և քիվով՝ հաճախ զարդարված կրկնակի սպիտակ ելուստներով (հենց այն տեսքով, ինչ ունեին Բրոնզե դարի տների ժամանակակից որոշ որմնանանկարներ), կամ էլ պատերի վերին եզրին թողնում էր անտաշ (անկանոն ու անհարթ) քարեր՝ դրանց տալով վայելչագեղ, հնաոճ տեսք: Հնագույն Կնոսոսի ավարտուն տեսքը հնարավոր չեղավ վերականգնել, փոխարենը կառուցվեց դրա ռոմանտիկ պատկերը:
Հարավային Պրոպիլեում, Կնոսոս (լուսանկարը՝ Stegop-ի
Հարավային Պրոպիլեում, Կնոսոս (լուսանկարը՝ Stegop-ի, CC BY-SA 4,0)
Գահասենյակի ներքին հարդարանքի վերականգնումն իրականացվել է այդ ժամանակահատվածում և հավասարապես ի ցույց է դնում հնագիտական պեղածոների ճշմարտացի արտապատկերի և Էվանսի ստեղծագործ մոտեցման համադրումը:
Եվ, ի վերջո, Դե Յոնգի վերականգնումների կարևոր առանձնահատկությունն իր նոր կառուցած տարածքի շուրջ որմնանկարների վերարտադրումների (ռեպրոդուկցիաների) տեղադրումն էր: Որոշ նկարներ շատ մոտ էին տեղադրված իրենց
(findspot), ուստի և նպատակաուղղված էին առավել նույնանման վերականգնմանը, մինչդեռ մյուս նկարները վերականգնվում էին հայտնաբերված վայրերից որոշ հեռավորության վրա:
Մնում է հարցական. ինչո՞ւ է Էվանսը խրախուսում Դե Յոնգի պահպանման ծայրահեղ արմատական մոտեցումը, հատկապես նրան նախորդած երկու ավելի պահպանողական վերականգնողներից հետո: Անկասկած, կա մի քանի պատճառ: Առաջինը, և թերևս ամենակարևորը, Կնոսոսի վիճակն էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գրեթե ութ տարվա լքվածությունից հետո: Մոլախոտերի վայրի գերաճից բացի, կային նաև եղանակի հետ կապված և այլ վնասներ: Այսուհանդերձ, պեղավայրի այն մասերը, որոնք ծածկվել էին տանիքով (ինչպես, օրինակ՝ Գահասենյակը և Կրկնակի կացինների սրբավայրը), և առավել չվնասված հատվածները (ինչպես, օրինակ՝ Մեծ սանդուղքը) գերազանց վիճակում էին, ինչն էլ անկասկած համոզեց Էվանսին պահպանման հաստատակամ աշխատանքի կարևորության հարցում: Երկրորդ՝ երկաթբետոնը, որը Դե Յոնգն առաջարկեց օգտագործել, թանկ չէր և կարելի էր արագ կիրառվել: Երրորդ՝ Էվանսը, ապագա զբոսաշրջության զարգացման զորեղ ակնկալիքով նպատակ ուներ պեղավայրը, որն իսկապես կհմայեր իր հայտնաբերած մշակույթով, դարձնել այնքան հիշարժան ու գեղատեսիլ, որքան և պատմականորեն ճշգրիտ:

Պահպանումը Կնոսոսում Էվանսից հետո

Կնոսոսի վերականգնումների մասին արդար կլինի խորհել միայն դրանք դիտարկելով պատմական շրջանակում: Պեղավայրում վերականգնման ժամանակ կիրառված նպատակները, մեթոդները և նյութերը մոտ վաթսուն տարվա ժամանակահատվածից ի վեր փոփոխվել էին՝ արտացոլելով ճգնաժամերի, սահմանափակումների, տեսությունների և ցանկությունների մի երկար ցանկ: Ամենանշանակալին, թերևս, Էվանսի առանցքային համոզմունքն էր, որ Կնոսոսի պահպանումը պարտավորվածություն է՝ ծնված իր խոր հնությունից և բացառիկ կարևորությունից: Նա գիտեր դա իր սեփական Էդվարդյան կրթությունից, Բրիտանական գաղութատիրական աշխարհայացքից և Օքսֆորդի համալսարանում քսանչորս տարի Աշմոլեան թանգարանը ղեկավարելուց: Էվանսը քաջատեղյակ էր, թե որքան սերտորեն է կապված Կնոսոսի պատմության ուսուցանումը այն բանի հետ, թե ինչպես է այն ներկայացված պեղավայրում: Նա Կնոսոսը վերածեց թանգարանի և հնագույն պատմության նոր հայտնաբերված Էգեյան բրոնզեդարյան հատվածի ցուցադրման վայրի, ինչպես և մշակութային զբոսաշրջության ամենավաղ նմուշօրինակի, որն այսօր հասարակական-պատմական կրթության հիմքն է՝ չնշելով անգամ տեղական տնտեսությունները: Էվանսն առաջինն էր, որ դա արեց Կնոսոսում:
Դե Յոնգի աշխատանքից ի վեր պահպանումը Կնոսոսում շարունակվել է, թեպետ և նոր մարտահրավերներով: Պեղավայրում ամենավերջին պահպանման աշխատանքը հիմնականում կենտրոնացած էր Էվանսի վերակառուցումների վերանորոգման վրա: Հակառակ այն համոզման, որ երկաթբետոնը հավերժ կծառայի՝ պարզվեց, որ այն զգայուն է խոնավ Կրետեյան ձմեռների հանդեպ՝ քայքայելով և թույլ տալով, որ ներքին երկաթե կառուցվածքները ժանգոտեն: Այլ վայրերում պարզվեց, որ երկաթբետոնն իր կառուցվածքով ամուր չէ:
Կնոսոս այցելողները, 2016 թ., լուսանկարը՝ Նեյլ Հովարդի
Կնոսոս այցելողները, 2016 թ., լուսանկարը՝ Նեյլ Հովարդի, CC BY-NC 2,0
Բացի այդ, 1950-ականներից ի վեր զբոսաշրջության հոսքի կայուն աճը աճող սպառնալիք էր թե Կնոսոսի նախաբնօրինակ ճարտարապետության և թե դրա վերականգնումների համար: Ոտքով տևական քայլքը, քաշի աճը, ինչպես նաև դիպչելն ու նստելը, դառնում են ավելի ու ավելի կործանարար: Դրա դեմ պայքարելու համար Հունական հնագիտության ծառայությունը, Հունաստանի Մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո, փակեց մուտքը դեպի Կնոսոսի մեծ տարածքներ և ընդհանուր առմամբ սահմանափակեց անցուդարձը պեղավայրում: 1990-ականներին այն իրականացրեց հսկայածավալ պահպանություն թե հնագույն և թե ժամանակակից շինարարության վրա, ինչպես նաև կառուցեց նոր ծալքավոր ճկվող (պլաստիկ) տանիքածածկ: Ներկայումս Ծառայությունն աշխատում է պեղավայրի այցելուի կառավարման նախագծի վրա, և Հունաստանի կառավարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Կնոսոսի Համաշխարհային ժառանգության կարգավիճակի, ինչպես նաև չորս այլ Մինոսյան պալատական պեղավայրերի համար, ինչը և կապահովի խիստ անհրաժեշտ աջակցություն դրանց պահպանման շարունակական ջանքերի համար:

Հավելյալ աղբյուրներ

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: