If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի չկանխատեսված հետևանքները

Հեղինակ՝ Քլոյի Մորել
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում ներառված Մաչու Պիկչու տեղանք այցելում է օրական մոտ 1,000 զբոսաշրջիկ (լուսանկարը՝ Ռոդրիգո Արգենտոնի/Վիքիպեդիա, CC BY-NC)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում ներառված Մաչու Պիկչու տեղանք այցելում է օրական մոտ 1,000 զբոսաշրջիկ (լուսանկարը՝ Ռոդրիգո Արգենտոնի/Վիքիպեդիա, CC BY-NC)
Համաշխարհային ժառանգության սկզբունքը, որ հանրահռչակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, էապես կարևորվում է այն ժամանակ, երբ զբոսաշրջությունը դարձել է համընդհանուր բացառիկ երևույթ՝ ներառելով ավելի քան մեկ միլիարդ մարդ և 2014 թ․ բերելով տարեկան գրեթե 1245 միլիարդ ԱՄՆ դոլար եկամուտ:
Համաշխարհային մշակույթի և Բնության ժառանգության պահպանման 1972 թ․ կոնվենցիայի համաձայն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծեց այն վայրերի ցուցակը, որոնք համարվում են բացառիկ արժեքավոր: Թեպետ ցուցակագրումն ինքնաբերաբար չի հանգեցնում ցուցակի մեջ ներառված վայրերի պահպանման ֆինանսավորմանը, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն անզոր է կանխել դրանց կործանումն ու հասցված վնասը (ինչպես Բամիանական բուդդաներն Աֆղանստանում, որ ավերվեցին թալիբների կողմից 2001 թ․, կամ էլ Բելի տաճարը Պալմիրայում, Սիրիա, կործանված 2015 թ․), այնուամենայնիվ, համաշխարհային ժառանգության վայրերի ցուցակը շարունակում է մնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքի առանցքային տարր և առավել հայտնի է դառնում հանրությանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ ներառվելը մեծ պատիվ է համարվում: Այն մեծ պահանջարկ ունի այն երկրներում, որոնք ցանկանում են հանրահռչակել իրենց պատմական և բնության հարստությունը և տեղ գրավել համաշխարհային բեմահարթակում:

Նյութական, ոչ նյութական և վավերագրական ժառանգություն

Համաշխարհային ժառանգության վայրերի ցուցակը ներկայումս ընդգրկում է ավելի քան 1,000 վայր: Մեկ այլ՝ ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակ ստեղծվել է 2003 թ․՝ կատալոգի մեջ ներառելով ավելի շուտ սովորություններ, ավանդույթներ, պարեր, սովորույթներ և փորձառություն, քան ֆիզիկական վայրեր: Դրա նպատակն առաջին ցուցակի մեջ ակնհայտ անհամամասնությունը մասամբ փախհատուցելն ու որոշ չափով շտկելն է, որը ներառում էր եվրոպական վայրերի ճնշող մեծամասնությունը այն դեպքում, երբ Աֆրիկան հիմնավոր ներկայացված չէ, թերի է: Բացի դա, ցուցակում ներառված Աֆրիկայի վայրերը մեծամասամբ «բնության» ժառանգության վայրեր են, այնինչ Եվրոպան գերհագեցած է «մշակութային» վայրերով, ինչպես, օրինակ՝ եկեղեցիներ և դղյակներ, որոնք արդեն իսկ բարձր են գնահատվում և հետագա լրացուցիչ պահպանման կարիք չունեն:
1995 թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծեց նաև «Աշխարհի հիշողություն» (The Memory of the World) կոչվող գրանցամատյան (ռեգիստր), որը ներառում է մարդու ստեղծած վավերագրական ժառանգության նշանակալից, երբեմն էլ վտանգված կամ փխրուն արտիֆակտներ, ինչպես, օրինակ՝ «Bayeux» գոբելենը:
Հեշտ կլիներ ենթադրել, որ այս նախաձեռնությունները համախմբում են մարդկանց՝ միասնական ջանքերով պաշտպանելու համատեղ մշակութային ժառանգությունը: Իրականում դրանք հաճախ իշխանության համար պայքար և մրցակցություն են ծնում, և անգամ բաց հակամարտություն՝ ի ցույց դնելով, որ ժառանգության սկզբունքը կարող է հարմարեցվել ֆինանսական, քաղաքական ու աշխարհաքաղաքական նպատակներին:
Ամենաապշեցուցիչ օրինակը Ճապոնիայի և Չինաստանի միջև ծագած հակամարտությունն է, որի պատճառն էր Ճապոնիայի վերջերս արված հայցը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մահապարտ (կամիկաձե) օդաչուների 333 նամակները ներառել «Աշխարհի հիշողության» գրանցամատյանում (ռեգիստր): Հրաժեշտի այս նամակները, որ օդաչուները գրել էին իրենց ընտանիքներին իրենց վերջին հարձակումից առաջ, հաճախ արտացոլում էին նրանց պայքարելու հպարտությունն այն ժամանակվա ռասիստական (ցեղապաշտական) և իմպերիալիստական (կայսերապաշտական) վարչակարգի դեմ, որը դաշնակցում էր նացիստական Գերմանիայի հետ:
Ճապոնացի մահապարտ (կամիկաձե) օդաչու Ուգակի Մատոմեն իր վերջին առաքելությունից առաջ
Ճապոնացի մահապարտ (կամիկաձե) օդաչու Ուգակի Մատոմեն իր վերջին առաքելությունից առաջ
Չինաստանն առարկեց և իր հերթին պահանջեց ու ստացավ Նանջինգում 1937 թ․ ճապոնական զորքի կողմից իրականացված ջարդին վերաբերող մի շարք փաստաթղթերի ներառումը, որը, ինչպես հաղորդվում է, խլել է 300,000 չինացու կյանք: Սա հստակ օրինակ է, թե ինչպես է այդ ցուցակագրումն օգտագործվում որպես Չինաստանի և Ճապոնիայի միջև թշնամական հարաբերությունների տևական շարունակականություն, որոնց հիշողությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին մինչ օրս էլ շարունակում են զգայուն և խոցելի թեմա լինել:

Զանգվածային զբոսաշրջությունը ցուցակի մեջ ներառված վայրերում

Մի քանի դեպք լուսաբանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության պահպանման միջոցների խնդրահարույց բնույթը: Շատ հաճախ համաշխարհային մշակութային ժառանգության սկզբունքը շեղվում է իր պաշտոնական առաքելությունից և օգտագործվում է զբոսաշրջությունը հանրահռչակելու կամ էլ քաղաքական և տնտեսական պատճառներով: Մարդաբան Դեյվիդ Բերլիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ռազմավարությունների իր հետազոտական աշխատության մեջ խոսում է ժառանգության ցուցակում ներառված Լաոսի փոքր քաղաք Լուանգ Պրաբանգի «Յունեսկօյացման» (“Unescoization”) մասին: Նա ցույց է տալիս, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանման հակասական հետևանքներից մեկը զբոսաշրջության զգալի զարգացումն է:
Լուանգ Պրաբանգը Լաոսում իր վրա զգացել է զբոսաշրջության զգալի զարգացումը (լուսանկարը՝ Kolibri5/pixabay-ի, հանրային տիրույթ)
Լուանգ Պրաբանգը Լաոսում իր վրա զգացել է զբոսաշրջության զգալի զարգացումը (լուսանկարը՝ Kolibri5/pixabay-ի, հանրային տիրույթ)
Զբոսաշրջության զարգացումն իդեալականացրել է ավանդույթները, որոնք երբեմն ոչ ճշգրիտ են ներկայացվում Լուանգ Պրաբանգում: Պատմական իրադարձությունները, ինչպես, օրինակ՝ Վիետնամի պատերազմի և գաղութատիրական դարաշրջանի իրադարձությունները, ամբողջովին անտեսված են:
Ժառանգության ցուցակի մեջ ներգրավվելը կարող է ունենալ նաև հակընդդեմ հետևանքներ, ինչպես հաճախ լինում է Աֆրիկայում: Սասկիա Քազընն ու Ժան-Լյուկ Մարտինոն ուսումնասիրել են, թե ինչպես կարելի է օգտագործել սովորույթներն ու ավանդույթները համաշխարհային ժառանգություն ունեցող վայրերի ցուցակի մեջ դրանց հայտնվելուց հետո: Նիգերիայի Օսուն-Օշոգբոյում «Սրբազան պուրակ» (“Sacred Grove”) հետազոտական աշխատության մեջ նրանք ցուցադրեցին, որ լոբիստական գործունեությունը, քաղաքական և տնտեսական շահերի հետ մեկտեղ, կենտրոնական դեր խաղաց, որպեսզի այն 2005 թ. ներառվի ցուցակի մեջ:
Այս մասնավոր դեպքում քաղաքականապես ցանկալի էր պատմական խորություն վերագրել Օսունի նահանգի նոր մայրաքաղաքին՝ իր մրցակից Իֆե քաղաքի հարուստ անցյալի հետ մրցակցելու համար:
Համաշխարհային ժառանգության ցուցակում Օսուն-Օշոգբոյի «Սրբազան պուրակը» ներառելը Օսունի գրեթե 15 տարվա ջանքերի արդյունք է, որ դրան շնորհվի մշակութային և պատմական օրինականություն (լեգիտիմություն):
Նիգերիայում Օսուն-Օշոգբոյի «Սրբազան պուրակը» ցուցակում ներառվել է 2005 թ․ (լուսանկարը՝ Ալեքս Մազետոյի, CC BY-SA 3,0)
Նիգերիայում Օսուն-Օշոգբոյի «Սրբազան պուրակը» ցուցակում ներառվել է 2005 թ․ (լուսանկարը՝ Ալեքս Մազետոյի, CC BY-SA 3,0)

Բացասական հետևանքներ տեղի բնակչության համար

Լինելով հեղինակավոր՝ համաշխարհային ժառանգության վայրերի ցուցակը կարող է նաև բացասաբար ազդել տեղի բնակչության որոշ հատվածների վրա: Պանամա քաղաքում Կասկո Վիեխո պատմական թաղամասը 1997 թ. ցուցակի մեջ ներառելն արտաքսեց այնտեղի ամենաաղքատ բնակիչներին դեպի քաղաքի ծայրամասեր: Մինչդեռ կենտրոնական թաղամասը դարձավ զբոսաշրջության տեսարժան վայր:
Ժամանակին Կասկո Վիեխոն կիսախարխուլ թաղամաս էր: Այն արմատապես կերպարանափոխվեց, ինչի հետևանքով էլ առավել աղքատ դասի մարդիկ անմարդկային ու դաժան կերպով տեղահանվեցին. նրանց պատուհանները տախտակապատվում էին՝ փորձելով ստիպել նրանց դուրս գալ, այնինչ շրջակա թաղամասը վերանորոգվում և բարելավվում էր:
Ներկայումս այն հիմնականում բնակեցված է հարուստ օտարերկրացիներով, ովքեր գնում են բոլոր լավագույն գաղութային շենքերը՝ մեծածախ գներով վաճառելու համար: Ժառանգության ցուցակում ներառվելուց ի վեր Պանամա քաղաքում զբոսաշրջությունն աճել է երկրաչափական պրոգրեսիայով՝ քաղաքային լանդշաֆտը դարձնելով միատարր և խորացնելով ու սրելով անհավասարությունը:
Կասկո Վիեխոն՝ Պանամա քաղաքի երբեմնի աղքատ թաղամասը, մաքրվել, բարեկարգվել և պահպանվել էր զբոսաշրջիկներին հրապուրելու համար (լուսանկարը՝ Փիլար Բերգիդոյի/flickr, CC BY-SA)
Կասկո Վիեխոն՝ Պանամա քաղաքի երբեմնի աղքատ թաղամասը, մաքրվել, բարեկարգվել և պահպանվել էր զբոսաշրջիկներին հրապուրելու համար (լուսանկարը՝ Փիլար Բերգիդոյի/flickr, CC BY-SA)
Այս օրինակները ցույց են տալիս, թե ինչպես են ժառանգության խնդիրները սերտորեն կապակցված սոցիալական և քաղաքական խնդիրների կետ, և հանգեցնում են իշխանության անհավասարության: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության գործունեության մեջ Արևմտյան երկրներից պաշտոնական անձանց և փորձագետներին անհամամասնական դեր հատկացնելու համար այս կազմակերպությունը կարող է մեղադրվել ժառանգության Արևմտյան տեսլականը ամբողջ Հարավին պարտադրելու մեջ:
Չնայած այս թերություններին՝ մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին համաշխարհային ժառանգության պահպանման ջանքերի համար: Մյուս կողմից, վայրերի ցուցակում ակնառու անհավասարակշռությունը պարզապես արտացոլում է Հյուսիս-Հարավի բաժանելու տնտեսական, սոցիալական և մշակութային անհավասարությունը: Դրա դեմ անհապաղ պետք է միջոցներ ձեռք առնել:
The Conversation-ը ֆրանսերենից թարգմանել է Ալիս Հիթվուդը Fast for Word-ի համար:
Chloé Maurel-ի կողմից (CC BY-ND 4,0)
Այս հոդվածը սկզբնապես հրապարակվել է The Conversation-ում:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: