Հիմնական նյութ
Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից
Դասընթաց․ (Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից) > Բաժին 1
Դաս 4: Ոչնչացում, թրաֆիքինգ և պահպանում- Փրկիր արվեստը, վերջ թրաֆիքինգին
- Թրաֆիքինգն անցյալում
- Մշակութային ժառանգության պահպանության շրջանակը. հնագույն գրություններից մինչև ժամանակակից օրենք
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի չկանխատեսված հետևանքները
- Գանձերի որսորդները գոյություն կունենան այնքան ժամանակ, քանի դեռ հնագույն հուշարձանները շարունակում են մարտադաշտ լինել:
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Թրաֆիքինգն անցյալում
Հեղինակ՝ դր Նիլ Բրոուդի
2014 թ. հունիսին «Դը Գարդիան» լրագիրը հրատարակեց մի պատմություն, որը պնդում էր, թե «Դաեշ» ահաբեկչական կազմակերպությունը 36 միլիոն դոլարի շահույթ է ստացել Սիրիայի Ալ-Նաբուկ շրջանի (Դամասկոսից արևմուտք գտնվող լեռնային շրջան) հնությունների վաճառքից և որ ընդհանրապես իր ֆինանսավորման մեծ մասը ձեռք է բերել հնությունների վաճառքից («Դաեշ»-ը «ԻԼԻՊ» անունով հայտնի ռազմական խմբավորման արաբերեն հապավումն է)։
Համարյա մի գիշերում այս պատմությունը հասարակական երևակայության մեջ մշակույթի հանդեպ հանցագործությունից վերածվեց մարդկության հանդեպ հանցագործության։ Հաջորդող շաբաթների ու ամիսների ընթացքում հրապարակված հոդվածների վերնագրերը խոսում էին այն մեծ գումարների մասին, որ հնությունների վաճառքից հոսում էին ԻԼԻՊ-ի և այլ զինված ահաբեկչական ու ապստամբական խմբավորումների պատերազմական սնդուկներ։
Պետք էր մի բան անել։ Դրանք համոզիչ պատմություններ էին, որոնք ազդում էին լրատվական դաշտին հեշտությամբ ենթարկվող հասարակության վրա և անշուշտ գրավեցին մտահոգ քաղաքական գործիչների ուշադրությունը, բայց այս ոլորտի բազմաթիվ փորձառու մասնագետների համար դրանք ճշմարտանման չէին։
Հորինաբանություն
Նախ՝ գաղափարը, որ 36 միլիոն դոլարը կարող էր գոյանալ մեկ տարվա ժամանակամիջոցում Սիրիայում, աննախադեպ է, նույնիսկ անհավատալի։ Շատ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ հնությունների դրամական արժեքը դրանց ծագման վայրերում չափազանց չնչին է՝ համեմատած Լոնդոնի և Նյու Յորքի պես վայրերի համապատասխան շուկաներում դրանց ունեցած արժեքի հետ։
1972 թվականին, օրինակ, «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանը հնությունների առևտրական Ռոբերտ Հեկտին վճարեց մեկ միլիոն դոլար Եվփրոնիոս Ատտիկեցու մի կարմրանկար սափորի համար։ Ասում են՝ տոմբարոլոները («տոմբարոլո»-ն իտալերեն նշանակում է գերեզմանագող), որոնք գողացել էին այդ անոթն Իտալիայում մի հին էտրուսկյան գերեզմանից, իրենց աշխատանքի դիմաց ստացել էին 88 000 դոլարի համարժեք գումար՝ անոթի վերջնական արժեքի միայն 9 տոկոսը։ Այսպիսի վրադիրները տիպական են։
Հետևաբար, եթե հավատանք «Գարդիանի» պատմությանը, ապա Սիրիայում վճարված 36 միլիոն դոլարը հնությունների շուկայում համարժեք պիտի լիներ 360 միլիոն դոլարի կամ գուցե նույնիսկ ավելի մեծ գումարի։ Սա հորինված պատմություն է։ Չկա ոչ մի փաստ, որ Սիրիայում այդպիսի շուկա է գործել, ուստի իրականությունը պիտի որ պակաս տպավորիչ լիներ։
«Գարդիանի» նշած թիվը երբեք չի հաստատվել։ Ավելի ճշգրիտ գնահատում կատարվեց, երբ 2015 թ. մայիսին ԱՄՆ հատուկ ուժերը, գրոհելով ԻԼԻՊ-ի հնությունների բաժնի ղեկավար Աբու Սայյաֆի սիրիական շտաբի վրա, հափշտակեցին անդորրագրերի գրքույկ։ Այս անդորրագրերից կարելի է ենթադրել, որ ԻԼԻՊ-ը տարեկան շուրջ չորս միլիոն դոլարի շահույթ է ունեցել հնությունների վաճառքից։ Սա մեծ ու անհանգստացնող թիվ է, սակայն ոչ այն թիվը, որ սկզբնապես ներկայացվում էր։ Այս թիվն ԻԼԻՊ-ի ընդհանուր եկամուտի միայն շուրջ մեկ տոկոսն է։
Հնությունների նենգափոխադրումը նոր բան չէ
Հնությունների նենգափոխադրումից գումար վաստակող ահաբեկիչներն ու ապստամբները նորություն չեն։ Նորություն էր հիշյալ զգայացունց հրապարակումը։ 1990-ականներին, օրինակ, քաջ հայտնի էր, որ մուջահեդինները (Աֆղանստանում զանազան դաշտային հրամանատարների կողմից առաջնորդվող իսլամական զինյալ պարտիզաններ 1980-ականների խորհրդա-աֆղանական պատերազմի ժամանակ), իսկ հետագայում՝ նաև թալիբանները (արմատական իսլամական զինյալ խմբավորման անդամներ) Աֆղանստանում հնությունների առևտրից գումար էին վաստակում, բայց սա երբեք չէր հայտնվում լրատվական վերնագրերում։
Մինչ այդ՝ 1970-ականներին, Կամբոջայի քաղաքացիական պատերազմի մարտական խմբավորումները, ինչպես նաև ՝ 1990-ից հետո, նույնպես ներգրավված են եղել հնությունների առևտրում։ Կասկած կա, որ, օրինակ, քմեր գեներալ Տա Մոկը՝ այսպես կոչված «Կամբոջայի մսագործը», կազմակերպչական կենտրոնական դեր է կատարել կամբոջական հնությունների առևտրում։
1980-ականների սկզբից մինչև 1985 թվականին իր դիրքերի թուլացումը հորեղբայր Ռիֆաաթ ալ-Ասադը վերահսկում էր հնությունների առևտուրը Սիրիայում, և Իրաքում նույնն անում էր թերևս Սադդամ Հուսեյնի փեսա Արշադ Յաշինը, որը, ասում են, կատարել է այդ երկրում հնությունների թալանի մեծ մասը։ Այս շրջանում բռնությունը հնությունների առևտրի ուղեկիցն էր։
Իրաքում 1990-ականների վերջում մշակութային ժառանգության հուշարձանների պահպանությունն իրականացնող որոշ անձինք դրանք պաշտպանելիս զոհվեցին փոխհրաձգության արդյունքում։ 2005 թվականին՝ ձերբակալված հնավաճառներին տեղափոխելիս, մաքսատան ութ իրաքյան ծառայողներ դարականալ հարձակման ենթարկվեցին և գնդակահարվեցին։ Ուստի թեև չափազանցություն է ասելը, թե հնությունների առևտուրը մարդկության դեմ հանցագործություն է, սակայն այն առնչվում է բռնությունների հետ և շահույթ բերում թե՛ զինյալ խմբավորումներին, թե՛ քրեական կազմակերպություններին։
Ինչու չհաջողեցինք պահպանել Սիրիայի մշակութային ժառանգությունը
Այս առևտրում ԻԼԻՊ-ի ներգրավման փաստի հետ կապված իրական զարհուրանքն այն էր, որ ընդհանրապես նման բան էր տեղի ունենում։ Հնությունների նենգափոխադրման սպառնալիքները մշակութային ժառանգությանը և, ավելի ընդարձակ իմաստով, լայն հասարակությանը՝ հայտնի էին առնվազն 1960-ականներից, երբ միջազգային հանրությունն օժանդակեց մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականացման արգելքի և կանխման միջոցների մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թ. համաձայնագրի կազմմանն ու հետագա ընդունմանը։ Առաջին անգամ հնությունների առևտուրը միջազգայնորեն ճանաչվեց որպես վնասակար գործունեություն, որն անհրաժեշտ է վերահսկել։
Այդ ժամանակից ի վեր շատացել են մշակութային ժառանգության առևտրի դեմ պայքարին ու ժառանգության պահպանությանն ուղղված համաձայնագրերը, հանձնարարություններն ու գործողությունները։ Այդ դեպքում ինչպե՞ս է, որ 45 տարի անց՝ 2015 թվականին, հնությունների առևտուրն ավերում էր Սիրիայի մշակութային ժառանգությունը։ Միջազգային քաղաքականության արձագանքն իրեն չարդարացրե՞ց։ Ի՞նչ սխալ էր թույլ տրվել։
Սպառողական պահանջարկի աճ
Այս հարցերի պատասխանները պետք է գտնել քաղաքական արձագանքի բնույթում։ Հնությունների առևտրի ծաղկումը պայմանավորված է սպառողական պահանջարկով։ Հնությունների գնորդները թիրախային շուկայի հարուստ երկրների թանգարաններն ու անհատ հավաքորդներն են։
Մինչդեռ միջազգային քաղաքականությունը երբեք չի զբաղվել պահանջարկի խնդրով և թանգարանների ու հավաքորդների համար հնությունների գրավչության նվազեցմամբ։ Այն կենտրոնացել է ծագման վայրում մշակութային ժառանգության պահպանության և դեպի թիրախային շուկա հնությունների հոսքի նվազեցման վրա։ Սակայն անհնար է պահպանել ամեն մշակութային հուշարձան աշխարհում, հատկապես աղքատ երկրներում, որոնք չունեն համապատասխան ենթակառուցվածք, կամ այն երկրներում, որոնցում ընթանում են պատերազմներ կամ տեղի ունենում քաղաքացիական անկարգություններ, և հասարակական կարգը խանգարված է։ Միայն այն ժամանակ գողերն ու նենգափոխադրորդները կդադարեցնեն հնությունների վաճառքը, երբ հավաքորդներին հնարավոր լինի համոզել չգնելու դրանք։
Թանգարանները՝ ուշադրության կենտրոնում
1960-ականներին, երբ ստեղծվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թ. համաձայնագիրը՝ մշակութային արժեքների ապօրինի նենգափոխադրման արգելքի վերաբերյալ, ընդունված էր կարծել, թե թանգարաններն են հիմնական պահանջարկ առաջացնողները։ Եվ հավանաբար դա այդպես էր։ Այդ ժամանակից ի վեր համաձայնեցված ջանքեր են գործադրվել մշակելու բարոյագիտական սկզբունքներ՝ թանգարաններին թույլ չտալու, որ ձեռք բերեն նենգափոխադրված հնություններ։ Այս առումով հատկապես ակնառու է Թանգարանների միջազգային խորհուրդի (ICOM) աշխատանքը։
Սակայն Իտալիայի և Հունաստանի իրավապահ մարմինների հետագա հետախուզությունների արդյունքում թանգարանային աշխարհը ցնցվեց 1990-ականներին, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ արվեստի խոշորագույն թանգարաններն ակտիվ կերպով ձեռք են բերել գողացված ու նենգափոխադրված հնություններ։ Այնպիսի թանգարանների, ինչպիսին Լոս Անջելեսի Ջ. Փոլ Գետտիի թանգարանը և Նյու Յորքի «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանն են, պարտադրեցին Իտալիա և Հունաստան վերադարձնել կարևոր հնություններ՝ ներառյալ Եվփրոնիոսի սափորը։
Սակայն վատ լուրերն այսքանով չավարտվեցին։ 2010-ականներին ոստիկանության և մաքսատան ծառայողները Հնդկաստանում և Միացյալ Նահանգներում կանխեցին նենգափոխադրման մի խոշոր գործողություն, որը գլխավորում էր նյույորքցի առևտրական Սուբհաշ Կապուրը։ Ցույց տրվեց, որ նա Ավստրալիայի ազգային պատկերասրահին 5 մլն դոլարով վաճառել է չոլայական մի մեծ բրոնզե Շիվա նատարաջա, որը գողացվել էր Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի մի տաճարից դրանից երկու տարի առաջ։ Պատկերասրահը նատարաջան վերադարձրեց Հնդկաստան 2014 թվականին։ Կապուրն այդ տաճարից գողացված այլ հնություններ նաև վաճառել էր Սինգապուրի ասիական քաղաքակրթությունների թանգարանին և Տոլեդոյի արվեստի թանգարանին։ Այս գործը պատճառ դարձավ, որ անկախ քննություն իրականացվի Ավստրալիայի ազգային պատկերասրահի՝ 1968-2013 թվականներին ձեռք բերած 36 հնությունների խնդրահարույց պատմությունների վերաբերյալ։
Հստակ է, որ թանգարաններն այս պահանջարկի դեռևս կարևոր բաղադրիչ են։ Նրանք ֆինանսական գործարքներ են իրականացնում՝ դրամական մեծ գնումներ կատարելով, բայց նաև բարոյական սկզբունք հաստատում, որը թույլ է տալիս կարծել, թե հնությունների անխտրական հավաքումն ընդունելի է հասարակության համար։
Աճող պահանջարկ
Սակայն Կապուրի ձերբակալության ժամանակ թանգարանները հնությունների նենգափոխադրման միակ նպատակավայրը չէին։ Հնությունները գովազդվում էին որպես նյութական արժեքներ խորամանկ ներդրողների համար և դարձել էին ներքին հարդարման նորաձև զարդարանքներ։
Միջին Արևելքի երկրների հնությունները շուկայում հայտնվում էին որպես «Սուրբ Երկրից մասունքներ», իսկ բուդդայական հնությունների խորհրդածական նշանակությունը գրավում էր արևելյան հոգևոր մշակույթով հետաքրքրվող հավաքորդներին։ Համացանցի՝ որպես հնությունների առևտրի միջոցի արագ տարածումը գոյացրեց շուկա ավելի փոքր ու պակաս արժեքավոր առարկաների համար, որոնք դրանից առաջ գողանալը շահավետ չէր։ Պահանջարկն աճում էր ավելի քան երբևէ և վերահսկողությունից դուրս էր։
Հնությունների նենգափոխադրման համար արդյունավետ մեղադրական եզրակացություններն ու օրինազանցների դատապարտումներն այնքան հազվադեպ էին, որ համարյա գոյություն չունեին։ Նույնիսկ երբ ինչ-որ մեկը դատապարտվում էր, պատիժը շատ մեղմ էր լինում և զսպող որևէ լուրջ դերակատարություն չէր ունենում։ 2012 թվականին երկու ամերիկացի առևտրականներ մեղավոր ճանաչվեցին հնությունների նենգափոխադրման հետ կապված հանցագործությունների համար։ Մեկը դատապարտվեց վեց ամսվա տնային կալանքի և մեկ տարվա պայմանական ազատազրկման, իսկ մյուսը 1000 դոլարի տուգանք վճարեց։ Մի քանի տարուց երկուսն էլ վերադարձան իրենց բիզնեսին։
Բացակայող ապացույցներ
Նենգափոխադրված հնությունները սովորաբար վաճառվում են առանց փաստաթղթերի կամ նույնիսկ ծագման պատմության կեղծ փաստաթղթերով. սրանք այսպես կոչված «անհայտ ծագման» հնություններն են։ Խնդիրները, որոնց բախվում են իրավապահները, որոնք պետք է հաստատեն հնությունների ծագումը, լիովին հստակ դարձան 2017 թ. հուլիսին, երբ հայտարարվեց, որ «Հոբբի Լոբբին» համաձայնել է ԱՄՆ կառավարությանը որպես տուգանք վճարել 3 մլն դոլար 2010-ին 1,6 մլն դոլարով գնված 3599 իրաքյան հնությունների համար և հրաժարվել սրանց հանդեպ սեփականության իրավունքից ու հավակնություններից։ Գործից քաջատեղյակները համոզված էին, որ այս հնությունները գողացվել էին Իրաքից, և որ ինչ-որ մեկը գողության համար պիտի մեղադրվեր։ Բայց սրա համար ապացույցներ չկային։ Գողությունն ապացուցել հնարավոր չէր։ Փոխարենը «Հոբբի Լոբբին» պատժվեց միայն մաքսային օրինախախտումների համար։
«Հոբբի Լոբբին» պատկանում է Գրին ընտանիքին, որը 2009 թ. հիմնեց հնությունների և աստվածաշնչյան պատմությանն առնչվող այլ առարկաների «Գրին» հավաքածուն և այն ուսումնասիրելու համար՝ համալսարանական գիտնականներից կազմված «Գրին» գիտնականների նախաձեռնությունը։ Ինչպես ցույց տվեցին 2017 թ. բռնագրավումները, անհայտ ծագմամբ նյութերի մեծ մասը, որ հետազոտում էին «Գրինի» գիտնականները, ամենայն հավանականությամբ, ձեռք էր բերվել նենգափոխադրմամբ։
«Գրինի» գիտնականները միակը չեն։ Մի նոր գիտարդյունաբերական ճյուղ է ի հայտ եկել, որում համալսարանական գիտնականներն ուսումնասիրում են խոշոր հավաքածուների ձեռք բերած կասկածելի հնությունները։ Ուշադրության արժանանում են հատկապես հին ձեռագրերն ու այլ տեքստային հնությունները, մեծավ մասամբ՝ Եգիպտոսից, Իրաքից, Աֆղանստանից, Իսրայելից և Պաղեստինից։ Գիտնականները որոշում են ուսումնասիրվող նյութերի կարևորությունն ու իսկությունը, հետևաբար՝ նաև դրամական արժեքը, և սա ֆինանսական օգուտ է բերում հավաքածուի տիրոջը։ 2007 թ., օրինակ, ԱՄՆ-ում բնակվող անհատ հավաքորդը պահանջեց 900 000 դոլարի հարկային հանուրդ Քորնելի համալսարանին իր նվիրած 1679 իրաքյան սեպագիր տախտակների համար։ Նա դրանք գնել էր 1990-ականներին 50 000 դոլարով։ Գնի բարձրացումը պետք է որ պայմանավորված լիներ այդ ընթացքում կատարված այն գիտական ուսումնասիրություններով, որոնց շնորհիվ որոշվել էր տախտակների կարևոր նշանակությունը, հետևաբար՝ նաև գինը։
Ինչպես դադարեցնել նենգափոխադրումները
Հնությունների նենգափոխադրումները վնաս են հասցնում մշակութային ժառանգությանն ամբողջ աշխարհում, և դրանցից եղած շահույթը ֆինանսավորում է կազմակերպված հանցագործություններն ու ահաբեկչական բռնությունը։ Ոչ ոք չպետք է գնի անհայտ ծագման հնություններ։ Հնություններ հավաքելը չի նպաստում մշակույթի զարգացմանը, և հնությունները լավ ներդրումներ չեն։ Հնությունների նենգափոխադրումը կդադարի միայն այն ժամանակ, երբ մարդիկ դադարեն գնել դրանք։
Դր Նիլ Բրոդի
Հավելյալ աղբյուրներ
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։