If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Գանձերի որսորդները գոյություն կունենան այնքան ժամանակ, քանի դեռ հնագույն հուշարձանները շարունակում են մարտադաշտ լինել:

Հեղինակ՝ Էմմա Քանլիֆ
11-րդ դարի Ումայյադի մեծ մզկիթի ավերակները Հալեպում, Սիրիա (լուսանկարը՝ Ֆաթի Նեզամի՝ «Թասնիմ» լրատվական գործակալությունից, CC BY 4,0)
11-րդ դարի Ումայյադի մեծ մզկիթի ավերակները Հալեպում, Սիրիա (լուսանկարը՝ Ֆաթի Նեզամի՝ «Թասնիմ» լրատվական գործակալությունից, CC BY 4,0)
Մշակութային ժառանգության ոչնչացումն ու թալանը միահյուսված են հակամարտության հետ արդեն հազարավոր տարիներ։ Թշնամու գանձերը հափշտակելը, նրա սրբազան վայրերը պղծելը և քաղաքները հրդեհելը միշտ էլ եղել են պատերազմի մասը։ Եվ, դժբախտաբար, առ այսօր նույնը շարունակվում է հին աշխարհի ժամանակից պատերազմական գոտիներում՝ Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, Եգիպտոսում և այլուր։
Հռոմի Կոլիզեումը, օրինակ, կառուցվել է 70 թ. Երուսաղեմի Տաճարից բերված ավարով։ Լուվրի բազմաթիվ հավաքածուներ «ձեռք է բերել» Նապոլեոնը, երբ արշավում էր Եվրոպայով (թեև հետագայում դրանք վերադարձվել են)։ Նապոլեոնի պատերազմական ավարի մի զգալի մաս, որ նա ձեռք էր բերել դեպի Եգիպտոս անհաջող արշավանքի ընթացքում, բրիտանացի հաղթողների կողմից բռնագրավված հայտարարվեց և տրվեց Բրիտանական թանգարանին 1801 թ. կապիտուլացիայի պայմանագրով։ Այս պայմանագրով է ձեռք բերվել և մինչ այսօր նույն թանգարանում ցուցադրվում հռչակավոր Ռոզետյան քարը, որի շնորհիվ հնարավոր եղավ վերծանել հին եգիպտական գաղափարագրերը։
Չնայած նրան, որ հնությունները դարձել էին լայն հանրության հետաքրքրության առարկա դեռևս 19-րդ դարի ողջ ընթացքում և 20-րդի սկզբին՝ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ էր, որ պատերազմի ընթացքում հնությունները պահպանելու գաղափարը վերջապես գերիշխող դարձավ։ Երբ Հիտլերի բանակը Եվրոպայով առաջ էր գնում, նա որոշեց օգտվել ոչ միայն հողերն ու ժողովուրդներին գրավելու հնարավորությունից, այլև պարտված երկրների մշակույթը սեփականացնելու։ Արվեստի միլիոնավոր գործեր ու կարևոր մշակութային առարկաներ հափշտակվեցին և ուղարկվեցին Գերմանիա, որտեղ Հիտլերն անձամբ էր ընտրում լավագույն գործերը։ Նրա նոր Ֆյուրերի թանգարանը պետք է դառնար արվեստի երբևէ կառուցված ամենատպավորիչ թանգարանը՝ արևմտյան աշխարհի մշակութային հարստություններով լցված։
Դաշնակից ուժերի հրամանատարությունը հանդիպեց աննախադեպ ծավալի պատմական ու մշակութային կորուստների։ Հայտարարելով անցյալի պահպանությանն իր աջակցության մասին՝ գերագույն գլխավոր հրամանատար Դուայտ Այզենհաուերն ասաց.
Մեր առաջխաղացման ճանապարհին անխուսափելիորեն հանդիպելու են պատմական հուշարձաններ և մշակութային կենտրոններ, որոնք աշխարհի առաջ խորհրդանշում են այն ամենը, ինչը պայքարում ենք պահպանել։ Յուրաքանչյուր հրամանատարի պարտականությունն է պահպանել ու հարգել այս խորհրդանիշներն ամենուրեք, որտեղ հնարավոր է։

Հուշարձանների մարդիկ

1943 թ. Դաշնակից ուժերը ձևավորեցին մի նոր կառույց՝ Հուշարձանների, կերպարվեստի և արխիվների հանձնախումբը (ՀԿԱՀ)։ Պատմության մեջ առաջին անգամ մարտադաշտ ուղարկվող բանակներում ընդգրկվեցին հակարմարտության ընթացքում արվեստի և հուշարձանների պահպանման հատուկ հանձնառությամբ սպաներ։ Նրանց աշխատանքը բարդ էր լինելու։ Ընդամենը օրերի ընթացքում քաղաքների (օրինակ՝ Վարշավայի) ամբողջական պատմական թաղամասեր ավերվեցին, և Եվրոպայի արվեստի գանձերը չքանում էին։
Միայն 345 տղամարդիկ և կանայք, առանց համապատասխան միջոցների, հանձնարարություն ստացան պահպանելու պատմական շենքերը, հուշարձանները, գրադարաններն ու արխիվները Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի ամբողջ տարածքում։ Այս մարդկանց մեծամասնությունը թանգարանների աշխատակիցներ էին, արվեստաբաններ, գիտնականներ և համալսարանների դասախոսներ։ Նրանց կատարած աշխատանքն աներևակայելի մեծ էր. նրանք գտան ու վերադարձրին ավելի քան հինգ միլիոն գողացված առարկաներ ու արվեստի գործեր և ապահովեցին բազմաթիվ շենքերի պահպանությունը՝ սա անելու համար հաճախ սեփական հնարամտությունից բացի ուրիշ ոչ մի միջոց չունենալով։
Նրանց պատմության մի մասը ներկայացված է «Հուշարձանների մարդիկ» հիմնադրամի ստեղծած նոր ֆիլմում՝ «Հուշարձանների մարդիկ» (որը հիմնված է Ռոբերտ Էդսելի համանուն գրքի վրա), ինչպես նաև «Եվրոպայի բռնաբարությունը» գրքում ու դրա վրա հիմնված ֆիլմում։ 1951 թ.՝ այն բանից հետո, որ քաղաքական գործիչները ստեղծեցին հակամարտության ժամանակ մշակութային ժառանգության պահպանության մասին 1954 թ. Հաագայի համաձայնագրի նախնական տարբերակը, ՀԿԱՀ-ը կազմալուծվեց։ 1954 թ. համաձայնագրին հետևեցին 1954 թ. Առաջին արձանագրությունն ու 1999 թ. Երկրորդ արձանագրությունը (որն ընդարձակեց ու հստակեցրեց սկզբնական դրույթները)։
Համաձայնագիրը վերաբերում է հակամարտության ժամանակ «յուրաքանչյուր ժողովրդի մշակութային ժառանգության համար մեծ կարևորություն ունեցող» վայրերի և առարկաների պահպանությանը։ Այն պնդում է, որ բոլոր կողմերի մշակութային ժառանգությունը պիտի պահպանվի, և որ պատերազմական կողմերը չպիտի օգտագործեն այդ ժառանգությունը կամ դրա անմիջական հարևանությամբ տարածքը և կամ ուղղակի գրոհեն դրա վրա։ Կարևոր է, որ փաստաթուղթը տարբերակում է ռազմական անհրաժեշտության և ռազմական հարմարության սկզբունքները։ Ցավոք, այս փաստաթուղթը միշտ չէ, որ հաշվի է առնվում, և ՀԿԱՀ-ի թողած շատ դասեր մոռացվել են։

Հուշարձանների համար պայքարն այսօր

Այսօրվա «հուշարձանների մարդիկ»՝ համարյա բոլորն էլ, կամավորներ են։ Մի մասը տեղացիներ են, օրինակ՝ Ժառանգության և հին տեսարժան վայրերի պահպանության սիրիական ընկերակցության աշխատակիցները, որոնք աշխատում են Հալեպում (ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության քաղաք) և ջանում փրկել հուշարձաններն ու շենքերը, իսկ որոշ կազմակերպություններ մշտադիտարկում են վիճակը։ Որոշ երկրներ ձևավորել են Կապույտ վահանի ազգային կամավորական հանձնախմբեր։
Կապույտ վահանի ցանցի ստեղծման առաջարկն արվել է Հաագայի համաձայնագրում։ Կապույտ վահանը Կարմիր խաչի մշակութային համարժեքն է և հասարակական կազմակերպությունների խումբ է, որն աշխատում է պահպանել հուշարձանները, մշակութային վայրերը, թանգարաններն ու արխիվները հակամարտությունների և բնական աղետների ընթացքում և դրանցից հետո։ Անդամները համալսարանների, թանգարանների և մշակութային ժառանգությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ են և համագործակցում են Կարմիր խաչից, ՅՈՒՆԵՍԿՕ-ից, ռազմական և այլ ոլորտներից եղած խորհրդատուների հետ։
Համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձան Սիրիայում՝ Սբ Սիմեոն Սյունակյացի բազիլիկ տաճարը, որը մեզ հասած ամենահին բյուզանդական եկեղեցին է (5-րդ դար) և պատերազմի հետևանքով այժմ խիստ վնասված է (լուսանկարը՝ Bernard Gagnon-ի, CC BY-SA 3,0)
Համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձան Սիրիայում՝ Սբ Սիմեոն Սյունակյացի բազիլիկ տաճարը, որը մեզ հասած ամենահին բյուզանդական եկեղեցին է (5-րդ դար) և պատերազմի հետևանքով այժմ խիստ վնասված է (լուսանկարը՝ Bernard Gagnon-ի, CC BY-SA 3,0)
Նրանք նպատակ ունեն ձևավորելու և առաջնորդելու ազգային ու միջազգային արձագանքներ այն արտակարգ իրավիճակներին, որոնք սպառնում են մշակութային արժեքներին։ Քաջալերում են մշակութային ժառանգության հանդեպ հարգանքն ու պահպանությունը, իրականացնում վերապատրաստումներ ու խորհրդատվություն։ Չնայած Հաագայի համաձայնագրի պահանջներին՝ հաճախ միակ ռազմական անձնակազմը, որ զբաղվում է մշակութային ժառանգության պահպանությամբ, կամավորներն են։
Այսօր 126 երկիր հաստատել է Հաագայի համաձայնագիրը, սակայն անհրաժեշտ աշխատանքը հազվադեպ է ֆինանսավորվում, և ոչ բոլոր սկզբունքներին է ուշադրություն դարձվում։ Մեծ Բրիտանիան չի հաստատել համաձայնագիրը՝ չնայած 2003-ին Իրաք ներխուժած դաշնակից ուժերի պատճառած ավերին։ 2013 թ. օգոստոսին քիմիական զենք կիրառվեց Սիրիայում, և քննարկվում էր ներխուժումն այդ երկիր։ Եթե դա պատահեր, բրիտանական զինուժը ոչ մի պարտավորվածություն չէր ունենա պահպանելու կամ նույնիսկ հաշվի առնելու այդ երկրում գտնվող հազարավոր կարևոր մշակութային հուշարձանները, որոնցից շատերի հնությունը հասնում է մինչև մարդկային քաղաքակրթության ակունքներ։
Մշակութային ժառանգության պահպանումն ավելին է, քան պարզապես հին գրքերի, շենքերի ու կերպարվեստի պահպանումը։ Մեր մշակութային ժառանգությունը խորհրդանիշն է այն ամենի, որին մարդկությունը հասել է՝ թե լավագույն ձեռքբերումների, թե վատագույն հանցագործությունների։ Այն մեր անցյալի ֆիզիկական հիշողութունն է և ապագայի ոգեշնչում։ Թեև հնարավոր չէ ամեն հուշարձան փրկել, սակայն դրա կորուստը պիտի պայմանավորված լինի անհրաժեշտությամբ և ոչ երբեք հարմարությամբ։ Ինչպես 70 տարի առաջ ասել է Այզենհաուերը, առանց այս գիտակցության պայքարելը նշանակում է զոհաբերել այն ամենը, ինչի համար պայքարում ենք։
Այս հոդվածը սկզբնապես հրապարակվել է The Conversation-ում:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: