Հիմնական նյութ
Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից
Դասընթաց․ (Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից) > Բաժին 1
Դաս 5: Վտանգված ժառանգություն. ԱֆրիկաՄշակութային վտանգված ժառանգություն. Մալի
Հեղինակ՝ «SAFE» (Պահպանել հնությունները բոլորի համար)
Վերջին տարիներին ներքին հակամարտությունը կործանարար ազդեցություն է ունեցել Մալիի հարուստ հնագիտական ժառանգության վրա: 2012 թ. տուարեգ և իսլամական անջատողականները (սեպարատիստները) գրավեցին Մալիի հյուսիսային հատվածը՝ ոչնչացնելով Մալիի ժառանգության շատ կարևոր գործերը (AllAfrica): Տիմբուկտուի, Գաոյի և Կիդալի բոլոր պատմական վայրերն էլ զգալի վնաս են կրել:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Ավերվել է Տիմբուկտուի տասնհինգ դամբարան, այդ թվում՝ Համաշխարհային ժառանգության մաս կազմող ինը վայր: Ըստ մեր հաշվարկների՝ այրվել է Ահմեդ Բաբայի հետազոտական կենտրոնի մոտ 4,200 ձեռագիր, և մոտ 300,000-ն էլ Տիմբուկտու շրջանում խոցելի է ապօրինի մաքսանենգ առևտրի համար»:
Նման իրավիճակում ակնհայտ է հակամարտության և քաղաքացիական երկպառակության աղետալի, կործանարար ազդեցությունը ներքին ժառանգության վրա, ինչն ընդգծում է հետագայում միասնաբար աշխատելու անհրաժեշտությունը, որպեսզի օգնենք Մալիին պաշտպանելու իր ժառանգությունը:
Ինչն է դրված խաղաթղթի վրա Մալիի համար
Մալիի բազմաթիվ մեծ ու հզոր քաղաքակրթություններն իրենցից հետո թողել են հարուստ հնագիտական արձանագրություններ՝ նեոլիթյան ժամանակաշրջանից մինչև 18-րդ դար: Նիգեր գետի հովտում էր գտնվում մշակույթի և առևտրի խաչմերուկը՝ հիմնված տրանսսահարական առևտրի վրա, որը ոսկի, փղոսկր, աղ և ստրուկներ էր փոխանակում Միջերկրական ծովի և Միջին Արևելքի ապրանքների հետ: Գաոյի և Տիմբուկտուի նման քաղաքները միջնադարում վերածվեցին առևտրային և կրթական կենտրոնների՝ պարծենալով փառահեղ մզկիթներով և իսլամական ճարտարապետությամբ, ինչպես նաև կայսր Ասքիա Մոհամեդի գերեզմանների համալիրով: Ավելի ուշ՝ 17-րդ դարում, Բամակոն դարձավ առևտրային կարևոր կենտրոն: Բնակեցումը Ջեննե-Ջենոյում՝ առևտրային կարևոր կենտրոնում, տևեց ավելի քան 16 դար: Զբաղվածությունն այստեղ իրենից հետո թողել է ավելի քան հինգ մետր հաստությամբ հնագիտական գերեզմանաբլուր, որը և տրամադրել է արժեքավոր տեղեկություն այս վայրի առևտրային և սոցիալական ամբողջականության ի հայտ գալու վերաբերյալ:
Ցավոք, մշակութային այս հարուստ պաշարները մեծ գայթակղություն էին կողոպտիչների համար: Մալին տուժել է կողոպուտից, քանի որ վաղ գաղութատիրական պաշտոնյաները հավաքում էին արտեֆակտները՝ որպես հուշանվերներ, սակայն խնդիրն իրապես լրջացավ 1970-ականներից ի վեր, երբ իրար հաջորդող երաշտներն աղքատ հողագործներին ստիպեցին եկամտի այլ աղբյուրներ փնտրել: Այնպես եղավ, որ այս երաշտները համընկան Ջեննեում (Սանոգո, Սիդիբե, 1995 թ.) թրծակավագույն (տեռակոտե) արձանիկների հայտնաբերման հետ: Այս պահից ի վեր թալանի ծավալները զգալիորեն աճեցին. ըստ նախահաշվարկների՝ Նիգեր գետի հովտում թալանված վայրերի քանակը ներկայումս կազմում է 80-90 տոկոս: Թալանով զբաղվում էին մակերեսից գտնված պատահական արտեֆակտներ հավաքող անհատներից մինչև բանվորների խմբեր, ովքեր փոսեր և խրամատներ փորելով զանգվածաբար ավերում էին ամբողջական վայրեր: Կողոպտիչները թալանել են հնագիտական բոլոր գերեզմանաբլուրները Քանե Բորոյում, Համմա Ջամում և Նաթամատաոյում՝ խրամատներով ու հանքահորերով ավերելով այդ վայրերը:
Այս նույն ընթացքում անտիկ իրերի միջազգային շուկան բուռն հետաքրքրություն է ցուցաբերել Մալիից բերված իրերի նկատմամբ: Թրծակավե կենդանակերպ արձանիկները, ուլունքները, պղնձե անոթներն ու թանկարժեք զարդեղենը, ինչպես նաև երկաթե արձանիկներն այն իրերի թվում էին, որոնք պարբերաբար վաճառվում էին աճուրդի տներում, գործարքառուների պատկերասրահներում և նույնիսկ առցանց: Թալանի շնորհիվ շուկան հեղեղող իրերի քանակը զգալի է, մինչդեռ հնագույն Մալիի մասին մեր գիտելիքները մնում են խիստ սահմանափակ:
Ինչ է անում Մալին իր մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար
Ի պատասխան թալանի պատճառած համատարած վնասի՝ Մալիի կառավարությունը 1985-1987 թթ. անցկացված մի շարք օրենքների և հրամանագրերի միջոցով քայլեր ձեռնարկեց իր մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար: Այս կանոնադրություններն ուղղված էին պաշտպանելու և հանրահռչակելու Մալիի մշակութային ժառանգությունը, կանոնակարգելու պեղումները, ինչպես նաև վերահսկելու և կառավարելու մշակութային սեփականության արտահանումն ու առևտրայնացումը: Այս օրենքները ներառում են այն դրույթը, համաձայն որի՝ երկրից դուրս հանվող արտեֆակտները պետք է ուղեկցվեն Բամակոյում գտնվող Ազգային թանգարանի Մշակութային ժառանգության ծառայությունների կողմից տրված արտահանման արտոնագրով: 1987 թ. Մալին վավերացրեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թ. կոնվենցիան՝ ցույց տալով իր աջակցությունն աշխարհով մեկ անօրինական արտեֆակտների շրջանառության կանոնակարգման հարցում: Ի լրումն այս օրենսդրության՝ Մալիի կառավարությունը ձգտել է կրթել իր պաշտոնյաներին և լայն հասարակությանը՝ բարձրաձայնելով և իրազեկելով թալանի խնդրի մասին:
Տեղային մակարդակի վրա կենտրոնացած ծրագրերն օգտագործել են ռադիոն, հեռուստատեսությունը, ժողովները, շարժական ցուցահանդեսները և անգամ բեմականացված ներկայացումները, որպեսզի իրազեկեն և խրախուսեն ներգրավվածությունը (Սիդիբե, 2001 թ.): 1993 թ. Ջեննեում, Բանդիագարայում և Տիմբուկտոոււմ հիմնվեցին մշակութային առաքելություններ: Որոշ շրջաններում այս ջանքերի արդյունքում պոտենցիալ թալանողները վերածվեցին մշակութային ժառանգության խնամակալ-պահապանների. գյուղացիները հիմնում են թանգարաններ և աշխատում են պաշտպանել ու պահպանել Մալիի հնագիտական գանձերը Մոպտիի շրջանում և Ջեննե-Ջենոյում (Սիդիբե, 2001 թ.): Ավելի մեծ մասշտաբով Բամակոյում Մալիի ազգային թանգարանը մշակութային սեփականությունը պաշտպանելու և պատմության ընկալման կատարելագործմանն ուղղված առանձնահատուկ ջանքեր է գործադրել ոչ միայն Մալիի, այլև ընդհանրապես Աֆրիկայի համար:
Հենց անցած տարի թանգարանն արժանացավ արքայազն Կլաուս հիմնադրամի մրցանակին՝ մշակութային ժառանգությունն ու մշակույթի փոխանակումը հանրահռչակելու համար: Երկիրը նաև մասնակցել է Արուշայում, Բամակոյում և Կինշասայում Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կազմակերպած սեմինարներին: Թանգարանի մասնագետներ, իրավապահ մարմիններ, մաքսային պաշտոնյաներ, հնագետներ և այլ մասնագետներ. այս սեմինարների ժամանակ համագործակցեցին բոլորը, որպեսզի ներմուծող և արտահանող երկրների միջև ավելի լավ փոխըմբռնում հաստատվի:
Ինչ են անում մյուս երկրները՝ հօգուտ Մալիի
Մալիի ներքին ջանքերը ցույց են տալիս, որ երկիրը դրական քայլեր է ձեռնարկել՝ պաշտպանելու իր մշակութային ժառանգությունը, սակայն, ցավոք, դա բավարար չէ թալանի և անօրինական առևտրի հոսքի դեմն առնելու համար: Թեև երկիրը մեծ նախաձեռնություն է ստանձնել թալանի դեմ պայքարում, այնուամենայնիվ, Մալին՝ որպես զարգացող երկիր, հնագիտական վայրերը պաշտպանելու և դրա սահմանները հսկելու համար սահմանափակ ռեսուրսներ ունի (McIntosh, 1995 թ.): Բայց և այնպես, ազգն այդ ջանքերի իրականացմանը տրամադրում է իր աղքատիկ բյուջեի զգալի մասը: Քանի դեռ մալիական արտեֆակտների նկատմամբ միջազգային պահանջարկ կա, թալանի դեմ պայքարելու համար անհրաժեշտ կլինի միջազգային համագործակցություն:
Բարեբախտաբար, այլ երկրները համագործակցում են Մալիի հետ՝ համաշխարհային մշակութային ժառանգությունը պաշտպանելու իրենց պարտավորությունը ցուցադրելու նպատակով: 2005 թ. Նորվեգիան կյանքի կոչեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Funds-in-Trust ծրագիրը Մալիի, Եթովպիայի, Սենեգալի երկրներին օգնելու համար: Այս ծրագիրն ուղղված է պահպանելու և փաստաթղթով հիմնավորելու հնագիտական հավաքածուներ և հնագիտական վայրեր, բարձրացնելու իրազեկվածությունը թալանի ճգնաժամի վերաբերյալ, ինչպես նաև կրթելու տեղի պաշտոնյաներին և հանրությանը: Թանգարանների միջազգային խորհուրդը (ICOM), որին անդամակցում են հաստատություններ աշխարհի տարբեր ծայրերից, Մալիի համար կազմել է թալանից առավել տուժած արտեֆակտների խմբերի «կարմիր ցուցակ»: Թանգարանների միջազգային խորհուրդը (ICOM) կոչ է անում թանգարաններին, հավաքորդներին (կոլեկցիոներներ), գործարքառուներին, աճուրդի տներին չգնել այդ իրերը, և տեղեկություն է տրամադրում դրանք պաշտպանելու օրենսդրության վերաբերյալ: Այս կարգի կանխարգելիչ միջոցները փորձում են նվազեցնել գողացված արտեֆակտների պահանջարկը արտերկրներում. դրանք օգտակար են ու անհրաժեշտ: 2007 թ. հունվարին Մալիից Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանով մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու ժամանակ ֆրանսիացի մաքսային պաշտոնյաներն առգրավեցին 650-ից ավելի արտեֆակտներ: Այս իրերը հավանաբար ուղարկվելու էին Միացյալ Նահանգներ, որտեղ դրանք կվաճառվեին գործարքառուներին և մասնավոր հավաքորդներին: Նման դեպքերը ցույց են տալիս, որ անհրաժեշտ է համագործակցել Միացյալ Նահանգների հետ թալանի խնդրի դեմ պայքարելու գործում: Բարեբախտաբար, 2012 թ. թարմացվել է Միացյալ Նահանգների և Մալիի միջև Փոխըմբռնման հուշագիրը (MoU):
Ինչպես է Մալին մասնակից դարձնում իր մշակույթին՝ առանց վտանգելու իր պաշարները
Այս ջանքերը ցույց են տալիս, որ արտեֆակտների անօրինական առևտրի սահմանափակումը չի խոչընդոտում ազգերի միջև մշակութային փոխանակմանը: Ընդհակառակը, այն հանգեցրել է միջազգային համագործակցության, ինչպես նաև կրթելու և ազգերի միջև մշակույթի տարածման նոր ջանքերի: 1993 թ. Փարիզում բացվեց «Նիգերի հովիտ» (“Vallée du Niger”) շարժական ցուցահանդեսը, որն այցելեց աֆրիկյան բազմաթիվ երկրներ: 2003 թ. Սմիթսոնյան ժողովրդական կյանքի փառատոնը կազմակերպեց Մալիի մշակույթի հսկայածավալ ցուցահանդես, որտեղ ներկայացված էին երաժշտություն, պար, սնունդ, ֆիլմեր, արվեստ և նույնիսկ Մալիի նախագահ Ամադու Թումանի Տուրեի ելույթը: Միացյալ Նահանգների բազմաթիվ համալսարաններ, այդ թվում՝ Հարվարդի, Միչիգանի, Դրուի համալսարանն ու Անտիոքի քոլեջը, հպարտանում են, որ Մալիում ունեն արտերկրյա կրթական ծրագրեր: Նմանատիպ օրինակները ցույց են տալիս, որ Մալիի մշակութային ժառանգությունը փոխանակման դրական ձևերի շնորհիվ համաշխարհային մշակութային ժառանգության մաս կարող է դառնալ:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։