Հիմնական նյութ
Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից
Դասընթաց․ (Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից) > Բաժին 1
Դաս 7: Վտանգված ժառանգություն. Եվրոպա և Արևմտյան Ասիա- Պալմիրա. հնագույն քաղաքի ժամանակակից կործանումը
- Վտանգված մշակութային ժառանգություն. Սիրիա
- Կողոպուտ, հավաքագրում և ցուցադրում. Բուբոնի բրոնզները
- Վտանգված մշակութային ժառանգություն. Թուրքիա
- Հնագիտական հայտնաբերման կարևորությունը. Լուլինգսթոնի կիսանդրիները
- Դիարնա. հրեական պատմության անհետացող վայրերի արձանագրումը
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Վտանգված մշակութային ժառանգություն. Սիրիա
Աշխարհի որոշ հնագույն ու մշակութայնորեն հարուստ քաղաքների և հնագիտական վայրերի բնօրրան Սիրիան ներկայումս ոչնչացման եզրին է: Սիրիայի այն բոլոր վայրերում, որոնք գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, արձանագրվել են վնասներ, և սա դեռ սկիզբն է: Ոչ միայն ուղիղ գնդակոծություններն ու ռազմական օկուպացիան են հիմնական խնդիրները, այլ նաև անկարգություններից բխող լայն տարածում ստացած գողությունները, ինչպես նաև պատկերամարտության դեպքերը, որոնց ականատես եղանք վերջերս:
Իրավիճակը վատթարացել է այն պահից ի վեր, երբ Իրաքի ու Սիրիայի Իսլամական պետության (ԴԱԻՇ) ջիհադիստներն իրենց սալաֆիտական իսլամի մեկնաբանության շրջանակում տապանաքարերն ու ոչ իսլամական իրերը երկրպագելը համարում են կռապաշտություն, ինչի արդյունքում վերջին ամիսների ընթացքում գրավել են Սիրիայի ու Իրաքի որոշ հատվածներ՝ ոչնչացնելով հնագույն վայրերն ու կրակի մատնելով արժեքավոր ձեռագրերն ու արխիվները (Al-Akhbar):
Նոր ստացված արբանյակային պատկերներից կարելի է եզրակացնել, որ երկարատև այս կոնֆլիկտի արդյունքում սիրիական անթիվ-անհամար պատմական հուշարձաններ ոչնչացվել են, վնասվել կամ պարզապես թալանվել:
ՄԱԿ-ի Ուսումնասիրությունների ու հետազոտությունների ինստիտուտը (UNITAR) հայտնաբերել է, որ պատմական հուշարձաններից 24-ն ամբողջովին ոչնչացվել են, 189-ը՝ խիստ կամ մասամբ վնասվել, իսկ մնացած 77-ը նույնպես հավանաբար վնասված վիճակում են:
Հաճախ տեղեկություններ ենք ստանում այն մասին, թե ինչպես են զինված խմբավորումները գրոհել հինավուրց ցիտադելները և շարունակում են վնասել դրանք: Արձանագրվել են նաև թալանի բազմաթիվ դեպքեր ողջ երկրով մեկ, հատկապես Պալմիրայում: Սիրիայի ներկայիս վիճակն ընդգծում է մշակութային ժառանգության ծանր դրությունն այն երկրներում, որոնք պատերազմի մեջ են կամ քաղաքական առումով անկայուն վիճակում են:
Սիրիայի վտանգված մշակութային ժառանգությունը
Մերձարևելյան հնագիտությունըն, անկասկած, աշխարհում ամենազարգացածներից է: Երկար պատմություն ունեցող հետազոտական ավանդույթները դարձրել ես այս շրջանը կարևոր, ինչի արդյունքում մշակվել ու զարգացվել են տարբեր հնագիտական ու պահպանման պրոյեկտներ, որոնց իրագործումը հնարավոր է դարձել տեղի և միջազգային թիմերի համագործակցության շնորհիվ: Սիրիայում գրեթե յուրաքանչյուր հնագիտական շրջան ներկայացված է հնագիտական վայրերի իր շարքով (2010 թ. գրանցվել են ավելի քան 6,000), որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումն ունի անցյալը հասկանալու գործում: Հնագետները Ում էլ Տլելում, Հուրեյրայում, Համուքարում, Էբլայում, Պալմիրայում ու Դամասկոսում ապացույցներ են գտել, որոնք մատնանշում են վաղ պալեոլիթում այդ վայրերում զարգացած գյուղատնտեսության, ոռոգման ցանցերի, քաղաքագրության (ուրբանիզմ) և գրավոր խոսքի մասին: Ներկայումս երկրում կա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն համարվող վեց օբյեկտ, որոնց շարքում են Դամասկոսը (1979), Պալմիրան (1980), պատմական Բոսրան (1980), Հալեպը (1986), Սալահ ալ-Դինի բերդը (2006) և Հյուսիսային Սիրիայի պատմական գյուղերը (2011):
Ինչպես նշում է Բրյուս Թրիգերն իր 2006 թ. հրատարակված Հնագիտական մտքի պատմությունը գրքում, արաբական ու մուսուլմանական երկրներից շատերն իրենց մշակութային ժառանգությունը պահպանելու համար ստեղծել են բարդ բյուրոկրատական համակարգեր: Սիրիայում օրենսդրորեն ամրագրված են հնություններին վերաբերող սեփականության ու փոխհատուցման դրույթները, ինչպես նաև այն հատկանիշները, համաձայն որոնց առարկան համարվում է «հնություն» (այն է՝ իրերը, որոնք արտադրվել են, գրվել կամ նկարվել են ավելի քան 200 տարի առաջ, ինչպես նաև այն բոլոր նմուշները, որոնք չեն համապատասխանում այս հատկանիշներին, բայց կարևոր պատմական կարգավիճակ ունեն): Այդ առարկաները չեն կարող դառնալ անձանց սեփականությունը և համարվում են պետության անօտարելի սեփականությունը: Հնությունների ու թանգարանների գլխավոր տնօրինությունը (DGAM) պաշտոնապես կառույց է տրամադրել այս նյութերի պահպանման և ուսումնասիրության համար: Սակայն կան որոշ խնդիրներ, որոնք բնորոշ են այս տեսակի կառույցին: Շրջանի թանգարաններից մի քանիսում անվտանգության համակարգի բացակայությունը, սահմանափակ պաշարները և հավաքածուների անբավարար փաստաթղթավորումը հանգեցնում են անկայուն իրավիճակների, որոնք վտանգի են ենթարկում այս երկրների մշակութային ժառանգությունը (ինչպես պատահեց Լիբանանում 1978 և 1982 թթ. կամ Սիրիայի Համա քաղաքում 1982 թ.):
Որոշ ասոցիացիաներ ու կազմակերպություններ (տես Appel à la préservation des musées syriens adressé aux institutions internationales et à la communauté internationale) հետևել են, թե որքան վնաս է հասցվում մշակութային ժառանգությանը խռովությունների առաջին իսկ օրվանից: Նրանք բոլորը միաձայն նշում են, որ պետք չէ թերագնահատել այն սպառնալիքը, որի մեջ այսօր հայտնվել է Սիրիայի մշակութային ժառանգությունը: «Patrimoine Syrien en Danger» (PAS) կազմակերպությունը 07,07,2011 թ. Ադել Սաֆարի անունից նամակներ է ուղղում տարբեր նախարարությունների: Նամակում նա նշում է, որ երկրի պատմական ժառանգությունը ենթարկվում է թալանի հատուկ մասնագիտացված ու լավ վարժեցված խմբերի կողմից, որոնց թիրախը հնագույն փաստաթղթերն ու արվեստի նմուշներն են:
Վերջերս Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը հրապարակել է պարբերական զեկույցներ Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ: Լայնամասշտաբ կոնֆլիկտը, որը շարունակում է երկիրն անկայունության մեջ պահել, վտանգի տակ է դրել դրա մշակութային ժառանգության ամենաարժեքավոր վայրերը:
Հասցված վնասը կարելի է բաժանել մի քանի տարբեր խմբի՝ ըստ վատթարացման աստիճանի: Ցանկը գլխավորում է Դումայեր տաճարին նկարված հասարակ գրաֆիտին և ավարտվում է Քալաաթ ալ Մադիկի ոչնչացմամբ: Դուրհամի համալսարանից Էմմա Քանլայֆի զեկույցը, որը լույս էր տեսել 2012 թ. մայիսի 16-ին, թվարկում է այն հիմնական ավերածությունները, որոնք հայտնի են մեզ: Բացի զեկույցից, շատ աղբյուրներ, որոնք հասանելի են մեզ, տեղադրված են Patrimoine archéologique Syrien en danger Facebook-յան խմբում, որտեղ սիրիացիները հոդվածներ են տեղադրում, և Youtube-յան տեսահոլովակներով, թե ինչպես են ոչնչացվում պատմական հուշարձանները: Տեսանյութերի մի մասը տարածվել են սոցցանցերում, իսկ մնացածը կարելի է դիտել այստեղ: Տեղեկության մի մասն ուղղակիորեն հաստատվել է սիրիական անկախ աղբյուրների կողմից:
Թալանի ավերիչ հետևանքները Սիրիայի համար
Այս դասին են պատկանում ապօրինի պեղումները, ինչպես նաև հնությունների թալանը, իսկ ավելի ընդհանուր՝ ցանկացած վնաս, որը հասցվել է մշակութային ժառանգությանը կոմերցիոն նպատակներով: Ադել Սաֆարի նամակից հետո որոշ պետական մարմիններ ձեռնամուխ են լինում Դառաայից, Ալպեից, Ալ-Կունեյտրայից, Համայից և Հոմսից թանգարանային հավաքածուները Դամասկոս և անհայտ ուղղություններով տեղափոխելուն: Այս իրավիճակում հավաքածուների սահմանափակ փաստաթղթավորման ու գույքագրման վտանգը զգալի է դառնում:
Ամենահայտնին, որ արձանագրվել է կոնֆլիկտի սրումից ի վեր, Համայի թանգարանի դեպքն է, որի ժամանակ, այլ արտիֆակտներից բացի, գողացվել էր արամեական ոսկե արձանիկ: Ինտերպոլը հրահանգել էր զգոն լինել և գողացված արձանիկը 2011 թ. դեկտեմբերից դրվել է ամենաշատ որոնվածների ցանկում:
Նույն Համայի շրջանում արձանագրվել էր, որ Շայզարի ցիտադելը նույնպես թալանել են:
Կրակ դե Շեվալյեյում Բասաամ Ջամուսը՝ DGAM տնօրենը, խոսում է զինված խմբերի մասին, որոնք թափանցել են ամրոցն ու ապօրինի պեղումներ կատարել: Նմանատիպ ապօրինի գործողություններ արձանագրվել են նաև Դարյայում, Համայում և Հոմսում:
PAS-ը նաև հայտնում է Հոմսի թանգարանի որոշ նմուշների հափշտակման մասին:
Պարոն Մարվան Հասանը՝ Հնությունների տնօրենը, նշում է Տարտուսում ավելի քան 1,300 առարկաների առգրավման և մաքսանենգների կողմից երկրից դուրս բերելու մասին:
Թել Համուկարում՝ Խաբուր Բասինում, որոշ մարդիկ ականատես են եղել ապօրինի պեղումների ու թալանի դեպքերի: PAS-ի կողմից նույնիսկ զեկույց է կազմվել, թե ինչպես են այդտեղ տուն կառուցել: Նմանատիպ դեպքեր արձանագրվել են նաև Թել Աշարիում, Թել Աֆիսում, Խան Շիխունում և Թել Աչարնեում:
Աֆամյա հնագիտական վայրից (Համա քաղաքի մոտ) գողացվել են որոշ խճանկարներ:
Պալմիրայում, բացի տանկերի առկայությունից, թալանի ու Դիոկլիտյան ճամբարի, Բելի տաճարի ավերածությունների ապացույցներ են հայտնաբերվել: 2015թ. մայիսին ԴԱԻՇ-ը գրավում է Պալմիրա պատմական քաղաքը:
Աֆամեայում անհետացել են մեկ խճանկար և քաղաքի կենտրոնում գտնվող Դեկումանուսի սյունը:
Վերջապես՝ պետք չէ մոռանալ այն վտանգը, որ առաջանում է իշխանական վերահսկողության բացակայության պատճառով այն թանգարաններին կից մի քանի շրջաններում, ինչպիսիք են Մաարաթ ալ-Նումանը, Էբլա-Թել Մարդիխը, Ջաբեր ամրոցը և Դեր Զորը:
Այս կատեգորիան ընդգրկում է այն վնասը, որ հասցվել է Սիրիայի սեփականությանը հնագիտական շրջանների ռազմական կամ քաղաքացիական օկուպացիայի և հուշարձանների գնդակոծության արդյունքում:
Բազմաթիվ կրոնական շինություններ վնասվել են: Դարյայի, Բոսրայի, Ինխիլի մզկիթները և Ալ-Տայիդի մզկիթը ռմբակոծության են ենթարկվել: Քաբ էլ-Ահբարի (Հոմս) և Ալ-Թեքիեի (Արիհա), ինչպես նաև Հոմսի Խալիդ իբն Ալ-Վալիդի մզկիթը մասամբ ոչնչացվել են: Հալեպում PAS-ը մատնանշում է վնասը, որ հասցվել է շեյխ Դահուր ալ-Մուհամեդի գերեզմանին ու Աբու Դեր ալ-Գեֆարիի մզկիթին: Որոշ քրիստոնեական վայրեր նույնպես վնաս էին կրել: Այդ թվում՝ Սուրբ Մովսեսի Հաբիսինյան վանքը, Սեյդանյաի և Մար Էլիասի տաճարները և Հոմսում գտնվող Ումմ ալ-Զիննարի տաճարը, որոնց վրա փամփուշտների հետքեր են հայտնաբերվել: Չնայած այս ավերածությունների հարցում կրոնական գործոնը չպետք է անտեսվի, կարևոր է հաշվի առնել այս հուշարձանների ոչնչացման բոլոր պատճառները:
Ռազմական օկուպացիան նույնպես հանգեցնում է որոշ հնագիտական հուշարձանների ոչնչացմանը, որն իրականանում է գնդակոծության կամ լանդշաֆտների փոփոխության արդյունքում: Հատկապես Հոմսի հուշարձանները լրջորեն վնասվել են: Վերոնշյալ մզկիթներից բացի, Համմա Ալ-Բաշայի, Բաբ Դրեբի, Սուք ալ-Հաշիշի գմբեթները նույնպես լրջորեն վնասվել են: Համմայի էլ-Արբաեն թաղամասը կրակոցների հետևանքով մասամբ վնասվել է: Աթ Թել Շեյխ Համադը՝ ասորեստանյան տաճարը, փլուզվել է, քանի որ այն վերածվել էր մարտի դաշտի: Նույն կերպ, Աֆամեայի (ու դրա ցիտադելի), Պալմիրայի, Սալամյե-Ջմեսիսի բերդերը, Էբլա Թել Մարդիխը և Թել Ազզազը զգալիորեն վնասվել են, երբ տանկերը պահելու համար փոսեր են փորել: Նույն տեսարանին կարելի է ականատես լինել նաև Լատամնեի Աշելյան պատմական վայրում: Դրանից բացի, Հյուսիսային Սիրիայում ու հատկապես Իդլիբի շրջանում, Լայմստոն լեռնազանգվածն ու դրա «մեռած քաղաքները» նույնպես դարձել են ոչնչացման թիրախ: Մինչ օրս վնասներ են արձանագրվել նաև Քաֆր Նուբբել, Աին Լարոսե, Ալ-Բարա և Դեյր Սանբել գյուղերում:
Հնագիտական շրջանների քաղաքացիական օկուպացիան հանգեցրել է հուշարձանների հավելյալ ոչնչացմանը, հիմնականում տների կառուցման ժամանակ հնագիտական նյութերի վերաօգտագործման, ինչպես նաև ակտիվ վատթարացման արդյունքում: Վերջինիս օրինակ է ծառայում Էլ Դումայերի հռոմեական տաճարը, որի պատերին հայտնաբերվել է գրաֆիտի: Նույն խնդրի հետ բախվում են նաև Բոսրայում, որտեղ որոշ պատերի վրա դեռ մնացել են ներկերի հետքեր: Դարյա նահանգում շրջանի քաղաքացիական օկուպացիան հանգեցնում է հնագույն հուշարձանների քարերի ու նյութերի կրկնակի օգտագործմանը: Ալ-Կունեյտրայի մերձակայքում տեղական իշխանությունները թույլատրել են նոր շենքեր կառուցել պահպանվող պատմական տարածքներում: Սա վերաբերում է նաև Թերկայի, Ջաբալ Վաստանիի, Շեյխ Համադի, Սուրայի ու Շեյխ Հասանի հնագիտական վայրերին:
Ինչ է արվում Սիրիայի ժառանգությունը պահպանելու ուղղությամբ
Սիրիայում կոնֆլիկտն ավելի քան մեկ տարի է, ինչ շարունակվում է: Առաջին իսկ ընդվզումներից հետո ի հայտ է գալիս այն վնասը, որ հասցվել էր սիրիական մշակույթին. տեղացիները, ովքեր հնագիտական հուշարձանների քարերն օգտագործում եին նոր տներ կառուցելու համար; զինվորականները, ովքեր իրենց տանկերը պահելու համար փորում էին հնագիտական տարածքները; մարտերը Հոմսում ու Համայում, որոնք հողին էին հավասարեցնում քաղաքները: Դեռ հայտնի չեն վնասի ճշգրիտ չափերը: Վերջիվերջո, սիրիական իշխանության ու DGAM-ի պարտականություն է պաշտպանել երկրի ժառանգությունը ամեն տեսակի ոչնչացումից: Որոշ ինստիտուտներ իրենց մտահոգությունն են հայտնել սիրիական իշխանությունների վարած անտեսող քաղաքականության մասին: Բամակոյում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկումների ժամանակ խոսվեց Սիրիայի իրավիճակի մասին և նշվեց նաև այնտեղ մասնագետների խումբ ուղարկելու հավանականության մասին:
Ինտերպոլը նույնպես անտարբեր չի մնում և կոչ է անում զգոն լինել Սիրիայից գողացված հնագույն խճանկարների հարցում, որի նպատակն է գտնել և վերադարձնել Աֆամեայից գողացված մի քանի խճանկարներ: Սա վկայում է, որ միջազգային ճնշումը Սիրիայի վրա գնալով ավելանում է, ինչը, հույս ունենք, շուտով կհանգեցնի համապատասխան ջանքերի՝ ուղղված սիրիական տոհմական վայրերի ու համամարդկային մշակութային ժառանգության պահպանմանը:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։