If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Վտանգված մշակութային ժառանգություն. Թուրքիա

Հեղինակ՝ «SAFE» (Պահպանել հնությունները բոլորի համար)
Չաթալ Հոյուքը Ջեյմս Մելաարտի ու նրա թիմի առաջին պեղումներից հետո (նկարը՝ Օմար Հոֆթունի, CC: BY-SA 3,0)
Չաթալ Հոյուքը Ջեյմս Մելաարտի ու նրա թիմի առաջին պեղումներից հետո (նկարը՝ Օմար Հոֆթունի, CC: BY-SA 3,0)
Ժամանակակից Թուրքիայի տարածքը հնագիտական ու մշակութային առումով աշխարհի հարուստ երկրներից մեկն է. գիտնականներն ուսումնասիրել են հարյուր հազարից ավելի վայրեր ողջ երկրով մեկ (Özdoğan 2013): Այդ թվում՝ մշակութային կարևորության տասնհինգ վայրեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, և վաթսուն այլ վայրեր, որոնք դեռ պետք է հետազոտվեն: Չնայած հազարավոր վայրերի հայտնաբերմանն ու զեկուցմանը, ընդամենը 11,000-ն է պաշտոնապես գրանցված թուրքական կառավարության կողմից: Գրանցումը չափազանց կարևոր է այդ վայրերի պահպանման ու պաշտպանության համար. առանց գրանցման դրանք կարող են ոչնչացվել նոր շինությունների կառուցապատման կամ հողերի մշակման ժամանակ:
Պայքարը, որն ուղղված է պատմական վայրերը ժամանակակից շինությունների կառուցումից պաշտպանելուն, բախվում է սահմանափակ ռեսուրսների ու սակավաթիվ անձնակազմի խնդիրների հետ: Իշխանությունների ուշադրությանը սպասող հազարավոր պատմական վայրերի հետ Մշակույթի և զբոսաշրջության նախարարության աշխատակիցները վարում են անվերջանալի պայքար: Բացի նոր վայրերի հետազոտումներից ու պեղումներից, նրանք պետք է նաև վերանորոգեն ու լավ վիճակում պահեն պաշտոնապես գրանցված պատմական վայրերը, որոնք վտանգված են տուրիստական մեծ հոսքի պատճառով: Այս վայրերի պահպանմանն ուղղված ծրագրի մշակումը ոչ միայն չափազանց կարևոր է, այլև ժամանակատար:
Մինչ Թուրքիայի սեփական հնությունները շարունակում են այսօր թալանվել, այն մայրուղի է դարձել հարևան անհանգիստ երկրներից՝ Սիրիայից ու Իրաքից ապօրինի հնությունների ներկրման համար:

Ինչն է դրված խաղասեղանին Թուրքիայի համար

Անատոլիայի սրտում գտնվելու պատճառով Թուրքիան օթևան է եղել զանազան ժամանակակից, պատմական ու անտիկ մշակույթների համար, իսկ պատմությունը գերում է մարդկության մտահորիզոնը:
Պալեոլիթի (400,000- 14,000 Ք.ա.) և Մեզոլիթի (14,000 - 10,000 Ք.ա.) շրջաններին պատկանող քարանձավներն ու արևմտյան ափամերձ տարածքները փաստում են, որ մարդիկ ապրել են Անատոլիայում դեռ վաղ շրջանում:
Նեոլիթի դարաշրջանը (Ք. ա. 10,000 - 5,000) շատ լավ է ներկայացված, և հայտնի են այդ դարաշրջանի մի քանի միջազգային ճանաչում ունեցող վայրեր: Չաթալ Հույուքը Արևմտյան Թուրքիայում ամենամեծ և լավ պահպանված նեոլիթյան դարաշրջանի պատմական վայրն է: Իր զարգացման գագաթնակետին այն հասել է Ք.ա. 7,000 թ., և կան ապացույցներ, որոնցից ելնելով կարելի է եզրակացնել, որ այնտեղ բույսեր և կենդանիներ են մշակել ու բուծել, ինչպես նաև մշտական բնակավայրեր են կառուցվել: Գյոբեքլի թեփե պատմական վայրում ՝ հարավարևելյան հատվածում, հնագետները սարի գագաթին հայտնաբերել են սրբավայր, որը թվագրվում է Ք.ա. մոտ 9,000 թ., ինչը դարձնում է այն աշխարհում հայտնաբերված հնագույն կրոնական կառույցը:
Թուրքիայի տարածքով մեկ հայտնաբերվել են ապացույցներ, որ Էնեոլիթի (Ք.ա. 5,000 - 3,000) և Բրոնզի (Ք.ա. 3,000 - 1200) դարաշրջաններում զարգացած են եղել մետաղագործությունը, առևտուրը և արտադրությունը: Աճող տնտեսական ու սոցիալական համակարգերը հանգեցնում են քաղաքայնացմանն ու խոշոր կենտրոնների ստեղծմանը, ինչպիսին է, օրինակ՝ Խաթթուսան՝ խեթերի մայրաքաղաքը: Այս շրջանում արևմտյան ափի բնակիչները սկսում են ակտիվ շփումները Միջերկրական ծովի այլ մշակույթների, հատկապես Կրետե կղզու Մինոյական մշակույթի ներկայացուցիչների և հույների հետ: Այս բնակավայրերից ամենահինը Տրոյան է, որը Հոմերոսի «Իլիական»-ում պաշարվել էր հույների կողմից, իսկ հետագայում թալանվել Հենրիխ Շլիմանի 19-րդ դարում կատարած հետազոտության արդյունքում:
Պատմական ավելի ուշ շրջանում Անատոլիայում հաստատվում են զանազան մշակույթներ, իսկ այնուհետև Թուրքիա պետությունն է ներազդում այդ շրջանի, դրա պատմության ու շրջակա երկրների վրա: Բազմաթիվ հասարակություններ, այդ թվում՝ ուրարտացիները, լիդյանները, պարսիկներն ու լիկյաններն Անատոլիայում թագավորություններ են հիմնել կամ նվաճել, ինչի մասին իմանում ենք և՛ հնագիտական, և՛ գրավոր աղբյուրներից: Երբ Ալեքսանդր Մակեդոնացին գրավում է Պարսկաստանը, Անատոլիան հայտնվում է հունական ազդեցության ներքո և թևակոխում է զարգացման Հելլենիստական շրջան (Ք.ա. 4-1 դդ.): Ավելի ուշ Հռոմեական կայսրությունն (Ք.ա. 1 դ. - Ք. հ. 4-րդ դ.) է իշխում Անատոլիայում՝ զարկ տալով նոր մշակութային փոփոխությունների ու պատմական իրադարձությունների, որոնց արդյունքում հետագայում ստեղծվելու էր Բյուզանդական կայսրությունը (Ք.հ. 395- 1453 թթ.) Կոստանդնուպոլսում՝ ժամանակակից Ստամբուլում: Անատոլիայի հարուստ պատմության միջնադարյան ու ժամանակակից ժառանգների շարքերում եղել են տարբեր թուրքմենական ցեղեր, սելջուկ թուրքերը, շահ արմենները և, ի վերջո, օսմանները:

Թուրքիայի վտանգված մշակութային ժառանգությունը

Աշխատուժի պակաս/Ֆինանսավորման պակաս
Թուրքիայում գործում են բազմաթիվ օրենքներ, որոնք ուղղված են երկրի մշակութային ժառանգության պահպանմանը, սակայն հնագույն նյութերի չափազանց մեծ քանակությունը զգալի բեռ է դարձել պետական հաստատությունների համար, քանի որ ռեսուրսների ու աշխատուժի պակասը թույլ չեն տալիս կիրառել օրենքներն ու պահպանել այդ հնագույն վայրերը:
Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունների որդեգրած քաղաքականությունը ոչ միտումնավոր, բայց հակառակվում է պատմական վայրերի պահպանման գործընթացին: Օրինակ, եթե նույնիսկ գիտական հրատարակում է արվել ինչ-որ պեղված վայրի վերաբերյալ, դա բավարար հիմք չէ պետության կողմից պաշտոնական գրանցում ստանալու համար: Ավելին՝ նախարարության անդամներից ինչ-որ մեկը պետք է այցելի այդ վայրը և կրկին փաստաթղթավորի այն, ինչ պեղել են (Özdoğan 2013): Աշխատողները դրանից ավելի են ծանրաբեռնվում, իսկ այս տեսակ փաստաթղթավորման համար պահանջվող ժամանակն ու ռեսուրսները չափազանց սահմանափակ են:
Նույն կերպ, այն հնագույն վայրերի պեղումները, որոնք վտանգված են ժամանակակից շինությունների կառուցման պատճառով, իրավասու են իրականացնել միայն թանգարաններն ու համալսարանները, որոնք նույնպես չունեն բավարար աշխատուժ հավելյալ ուսումնասիրություն կատարելու համար, իսկ ինչ վերաբերում է պայմանագրային հնագիտությանը, այն չի ընդունվում իշխանության կողմից (Özdoğan 2013): Այս սահմանափակումները հանգեցնում են կա՛մ կիսով չափ, կա՛մ չափազանց արագ արված պեղումների:
Ժամանակակից շինարարությունն ու զարգացումը
Թուրքիայի անցյալն ու ներկան անդադար բախվում են միմյանց. երկրի համար մեկ մարտահրավերներից է ժամանակակից քաղաքացիների իրավունքների մասին խոսելը՝ միաժամանակ անցյալը պահպանելով: Հնագիտական վայրերի ամբողջականությանը սպառնացող արդի գործողություններից են պատմական վայրերի մերձակա տարածքներում հողագործությունն ու արոտակեցությունը, արևելյան հատվածում ամբարտակների կառուցման արդյունքում հողատարածքների ջրի տակ անցնելը և նոր ճանապարհների ու շինությունների կառուցումը: Վերջին երկու նշվածները Ստամբուլի հիմնական խնդիրներն են, քանի որ քաղաքի բնակչությունն օրեցօր շատանում է, ինչը հանգեցնում է ռեսուրսների ու ենթակառուցվածքի գերծանրաբեռնվածությանը:
2004 թ. Ստամբուլում նոր մետրոյի ու թեթև երկաթուղային համակարգի կառուցումը միտված էր թեթևացնել քաղաքի երթևեկությունը: Հաշվի առնելով քաղաքի ստորգետնյա հարուստ հնագիտական հուշարձանները՝ մետրոն փորելու էին ապարի միջով, որպեսզի խուսափեին պահպանման ենթակա վայրերը վնասելուց: Ծրագիրը հավանության արժանացավ, սակայն այն հաշվի չէր առնում մետրո հասնելու համար անհրաժեշտ օդափոխման համակարգն ու աստիճանները, որոնց կառուցումն ի հայտ էր բերելու հնագիտական վայրեր: Այդ վայրերը հայտնաբերվեցին, ու սկսվեցին Ստամբուլի հնագիտական թանգարանի կողմից իրականացվող չնախատեսված պեղումները, որոնց արդյունքում մետրոյի կառուցման ծրագիրը մի քանի տարով հետաձգվեց (Özdoğan 2013): Հանրության ու կառավարության կողմից ճնշումների արդյունքում պեղումներն անցկացվում են ավելի արագ, քան սովորաբար լինում է: Չնայած պեղումները հաջող էին անցնում, պարզ էր, որ ժամանակակից ենթակառուցվածքների հարցն ավելի արդիական էր, քան քաղաքի տակ գտնվող հնագիտական հուշարձանների պահպանումը: Ստամբուլում կառուցվող գրեթե բոլոր շինարարական ծրագրերն ապագայում բախվելու են նման մարտահրավերների:
Yedikule այգիները Ստամբուլի անբաժան մասն են եղել դեռ Բյուզանդական կայսրության ժամանակ, և մինչ օրս օգտագործվում են տեղացիների կողմից որպես քաղաքային պարտեզներ: Պարտեզի մի մասը շրջապատված է հսկայական պատով, որը կառուցվել է Ք.հ. 5-րդ դարում Թեոդոս II-ի կողմից և այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող ժառանգության շարքն է դասվում: Ըստ 2013 թ. ծրագրի՝ պարտեզը դառնալու էր քաղաքային զբոսայգի և ունենալու էր դեկորատիվ լողավազան: Տարածքի քանդումը սկսվում է առանց նախազգուշացման, ինչի արդյունքում ոչնչացվում են տեղացիների բանջարանոցները, իսկ հնագույն պատի շրջակայքում խորը փորելու արդյունքում վնասվում են դրա հիմքերը, և խախտվում է դրա կայունությունը: Ստամբուլի հնագիտական թանգարանի հնագետները բողոքի ձայն են բարձրացնում՝ նշելով, որ դա պահպահման ենթակա տարածք է, իսկ պետական ծրագիրը ոչնչացրել է Օսմանյան ու Բյուզանդական հնագիտական հուշարձանները, հետևաբար պեղումները պետք է անցկացվեն միայն իրենց հսկողության տակ, որպեսզի հնարավոր լինի խուսափել հավելյալ վնասից (White et al. 2015): Բարեբախտաբար, 2015 թ. հուլիսին դատարանի կայացրած որոշման համաձայն, պարտեզի մեջ և դրան հարող տարածքներում իրականացվող գործունեությունը դադարեցվում է անորոշ ժամանակով:
Վերջերս (2015 թ. օգոստոսին) Փիյալե փաշայի հետ ասոցիացվող 16-րդ դարի այգին նույնպես վտանգված էր: Տարածքը կայանատեղի դարձնելու ծրագրերը ժամանակավորապես դադարեցվել են և ենթակա են վերանայման: Այգու նախագծի հեղինակը եղել է մզկիթի ճարտարապետը, ով մեծ կարևորություն է տվել դրա օգտագործմանը:
Զբոսաշրջություն
Մի կողմից՝ Թուրքիայում զբոսաշրջության աճը դրական ազդեցություն է թողնում, սակայն, մյուս կողմից այն վտանգում է երկրի հնագիտական հուշարձանների պահպանումը: Այցելուների քանակի աճը (որոշ տվյալների համաձայն՝ տարեկան մեկ միլիոնից ավել այցելու) բերում է հուշարձանների մոտակայքում ավելի շատ կացարանների, սննդի ու տրանսպորտի պահանջի: Այդ ծառայություններով ապահովելը հղի է անխուսափելի հետևանքներով թե՛ հնագիտական հուշարձանների, թե ՛ շրջակա միջավայրի համար (Serin 2005): Եթե պատմական ինչ-որ հուշարձան տեսնել ցանկացող զբոսաշրջիկին կացարան ես առաջարկում, նշանակում է՝ հուշարձանի մոտակայքում հարկավոր է շինություն կառուցել: Շատ հաճախ լինում է, որ նույնիսկ անավարտ թողած պեղումների արդյունքում հուշարձանի մի մասը երևում է. առանց համապատասխան ուսումնասիրության նոր շենք կառուցելու արդյունքում հուշարձանների չերևացող հատվածները կարող են հեշտությամբ վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել:
Բացի դրանից, եթե մշակութային ժառանգության պահպանման գործում պատշաճ մշակված ծրագիր չկա, հուշարձանները կարող են վնասվել այցելուների կողմից, որոնք այս ու այն կողմ են քայլում փխրուն հատվածների շրջանում: Ռեսուրսների ու անձնակազմի պակասը բերում է նրան, որ որոշ հուշարձաններ մնում են ամբողջովին անտեսված ու անպաշտպան այցելուների վնասակար պահվածքից, շատ դեպքերում դա հանգեցնում է նաև գողության:

Թուրքական հնությունների պահանջարկը շուկայում

Թուրքիայից հնությունների գողությունն ու վաճառքը շարունակում է մնալ խնդիր, քանի որ հնագիտական վայրերից շատերը մնացել են առանց պաշտպանության կամ լիովին չեն պեղվել: Գողերի, մաքսանենգների, միջնորդների ու գնորդների ստեղծած ցանցերը երկրից դուրս են հանում հնությունները: Այս հնությունների մեծ մասը տարվում են Շվեյցարիա, որտեղ երբեմն մնում են մի քանի տասնամյակ, մինչև Գերմանիայից, Ճապոնիայից, Անգլիայից ու ԱՄՆ-ից գնորդները ձեռք են բերում դրանք:
Սիրիական կոնֆլիկտն ու ԴԱԻՇ-ի գործողությունները տվյալ պահին ամայացնում են հարևան Սիրիայի և Իրաքի հնագիտական տարածքները և խթանում են Թուրքիայի տարածքով ապօրինի հնությունների տեղափոխումը: Բնակչությունը մնացել է անգործ և անկարող է օգնել իրենց ընտանիքներին, իսկ պատրաստ ու հասանելի հնագիտական իրերը դարձել են եկամուտի առաջնային աղբյուր: Այս վայրերից գողացված իրերը հաճախ բերվում են Թուրքիա, իսկ հետո վաճառվում եվրոպացի գնորդներին:
Հին մետաղները, գլանաձև կնքիները և խաչաձև աղյուսակները շատ բարձր են գնահատվում Թուրքիայում, Սիրիայում ու Իրաքում: Դրանք հեշտ է թաքցնել ու տեղափոխել, բացի դրանից, այդ իրերն ամենամեծ պահանջարկն ունեն հավաքորդների շրջանում: Ավելին՝ նախաիսլամական բնույթի արձանիկները՝ որպես արվեստիի նմուշներ, չափազանց ցանկալի են և նույնպես հարմար են տեղափոխման համար:

Ինչ քայլեր է ձեռնարկում Թուրքիան երկրի մշակութային ժառանգությունը պահպանելու համար

Թուրքիան ընդունել է բազմաթիվ օրենքներ, որոնք ոչնչացումից և ապօրինի վաճառքից պաշտպանում են հնագիտական վայրերն ու հին մշակույթի իրերը ( UNESCO Database of National Cultural Heritage Laws–Turkey): Ամենակարևոր օրենքը՝ Մշակութային ու բնական սեփականության պահպանման մասին, ընդունվել է 1983 թ.: Ըստ դրա՝ Թուրքիայում հայտնաբերված ու դեռ չհայտնաբերված բոլոր հնությունները պետության սեփականությունն են, ուստի անօրինական է համարվում երկրի սահմաններում հայտնաբերված հնությունների արտահանումը: Այս օրենքից ելնելով՝ բոլոր այն իրերը, որոնք դուրս են բերվում երկրի սահմաններից, համարվում են գողացված: Սակայն դա չի վերաբերում այն հնություններին, որոնք հայտնաբերվել են երկրի սահմաններից դուրս, ինչը նշանակում է, որ Թուրքիայով շրջող ապօրինի հնությունները չեն ենթարկվում այս օրենքին:
Նման օրենքի ընդունումը թույլ է տալիս Թուրքիային պահանջել օտարերկրյա թանգարաններից վերադարձնել այն իրերը, որոնք, իրենց կարծիքով, թալանվել են Թուրքիայի տարածքից: Լիդյան գանձերի դեպքում Թուրքիան դատական գործ հարուցեց Նյու Յորքի «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանի դեմ՝ պահանջելով վերականգնել 363 հին մշակույթի իրեր, որոնք, ինչպես թուրքերին էին պնդում, գողացվել էին 1960-ական թթ. թուրքական Մանիսա և Ուշակ շրջաններից: Հավաքածուն, որը ներառում էր ոսկե և արծաթե իրեր, զարդեր, նկարներ և մարմարե սֆինքսների մի զույգ, թաքցվել էր մարդկանցից թանգարանի կողմից ձեռք բերելուց 25 տարի հետո: Հորերում հայտնաբերված իրերի համեմատությունից ու կողոպտիչների հետ զրուցելուց հետո Թուրքիային հաջողվում է ապացուցել, որ այդ իրերն իսկապես գողացված են եղել, ուստի դրանք վերադարձվեցին:
Հնագետներն այսօր աշխատում են Թուրքիայի տարածքում հնագիտական վայրերի պահպանության պլանի մշակման վրա: Աշխարհին հայտնի վայրերի, ինչպես, օրինակ՝ Կապադովկիան է, պահպանման ծրագիրն ընթացքի մեջ է միջազգային հանրության օգնության շնորհիվ: Աշխարհի մշակութային ժառանգության պահպանման ճապոնական ֆոնդը, Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության հետ մեկտեղ, 1,2 միլիոն $ է ներդրել Կապադովկիայի Քարե հուշարձանները (Rock Sites) պահպանելու համար: Նախագիծը նպատակ ունի պահպանել 22 ներկված քարաշեն եկեղեցիները և դարձնել տարածքը զբոսաշրջության համար ավելի կայուն վայր և միաժամանակ ամրապնդել միջազգային կառույցների հետ համագործակցությունը:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: