If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Պաիկեա (Կետ հեծնողը), Ամերիկայի բնագիտական թանգարան

Լուսանկարում երևում է Պայկիայի քանդակն իր սկզբնավայրում՝ մաորիական հանդիպատան տանիքին, Տե Կանի-ա Տակիրաու, Ուավա, Աոտեարոա (Նոր Զելանդիա)
Լուսանկարում երևում է Պայկիայի քանդակն իր սկզբնավայրում՝ մաորիական հանդիպատան տանիքին, Տե Կանի-ա Տակիրաու, Ուավա, Աոտեարոա (Նոր Զելանդիա)
19-րդ դարի ընթացքում և 20-րդի առաջին կեսում շատ տարածված էր էթնիկ հնությունների առևտուրը, հատկապես եվրոպական երկրների գաղութացրած տարածքներում։ Օրինական և ապօրինի ճանապարհներով վաճառվում էին խաղաղօվկիանոսյան երկրների ամեն տեսակի հազարավոր հնություններ, և շատերը՝ ներառյալ մաորի նահապետ Պայկիայի մի կարևոր քանդակ, այժմ գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում և այլ հաստատություններում։

Կետի հեծյալ

Պայկիան մաորի ցեղախմբերի կարևոր նահապետ էր Աոտեարոայի (Նոր Զելանդիայի մաորիական անվանումը) Հյուսիսային կղզու արևելյան ափին՝ Ուավայում (Տոլագա ծովածոց)։ Նա հին Հավայկիում՝ մաորիների խաղաղօվկիանոսյան ծննդավայրում, փրկվեց ծովային աղետից, երբ հմայամաղթանքներով կանչեց ծովախորքի արարածներին՝ իրեն օգնության հասնելու և ափ հանելու։ Պայկիան ցամաք ելավ Ահուահոոււմ (Մերկուրի կղզի, Նոր Զելանդիա)։ Մի քանի անգամ հարավ-արևելք գնալուց հետո Պայկիան ի վերջո ճանապարհ ընկավ դեպի արևելյան ափում գտնվող Ուայապուի գետաբերանը, ամուսնացավ Հուտուրանգիի հետ և բնակություն հաստատեց Վհանգարայում։ Աշխարհում նա ավելի հայտնի է «Կետի հեծյալ» անունով՝ համանուն ֆիլմից։
Պայկիա, 19-րդ դար, փայտ, գունանյութ, 64x42x19 սմ, լուսանկարը՝ Ջենիֆեր Ստեֆիի. տրամադրել է Ամերիկյան բնագիտական թանգարանը
Պայկիա, 19-րդ դար, փայտ, գունանյութ, 64x42x19 սմ, լուսանկարը՝ Ջենիֆեր Ստեֆիի. տրամադրել է Ամերիկյան բնագիտական թանգարանը
Իր բազմաթիվ հետնորդների համար Պայկիան կարևոր օղակ է, որ նրանց միավորում է նախնիների ծննդավայրի՝ Հավայկիի, ծովային պատմությունների և ծովագնացության գիտելիքի հետ, նաև Աոտեարոայի (Նոր Զելանդիա) երկու կղզիների արևելյան ափի ցեղերի բնակավայրերի։

Տուն և պար

Պայկիայի հետնորդներից մեկը՝ Տե Կանի-ա Տակիրաուն, ծնվել է 23 սերունդ հետո՝ մոտ 1790 թ.։ Մաորիները նրան համարում են առաջնորդող արիկի՝ իր ժամանակի ազնվական, բարձր դիրք ունեցող անձնավորություն։ Նրա մահից հետո, որ եղավ 1856-ին, նրա ժողովուրդը Ուավայում փորագրաքանդակներով տուն կառուցեց նրա անունով (տես էջի վերևի լուսանկարը)։ Տանիքի քանդակին տրվեց Պայկիա անունը, և նշանավոր հռետորներն այս առիթով հակա (ծիսական պար) ստեղծեցին։
Հակայի կատարումն Ամերիկյան բնագիտական թանգարանում 2017 թ. հունիսի 1-ին
Հակայի կատարումն Ամերիկյան բնագիտական թանգարանում 2017 թ. հունիսի 1-ին
Այդ ժամանակից ի վեր Պայկիայի հետնորդների վեց սերունդ կատարել է այս հական։ Վերջին չորս սերունդները դա կատարել են նաև որպես ուայատա ա-րինգա՝ գործողություններով ուղեկցվող երգ։ Վերջին երկու սերունդներն այն դարձրել են վեպ՝ «Կետի հեծյալը», որի հեղինակը Ուիտի Իհիմաերան է, և որի հիման վրա համանուն ֆիլմ է նկարահանվել։ Այս ժառանգությունն այժմ կենտրոնացել է մեկ այլ տան մեջ՝ Վհիտիրեայի (Վհանգարայում), որի տանիքին Պայկիան հեծնել է իր կետին։ Պայկիայի ժառանգությունը կրողների շրջանում ծնված երեխաները «ներծծում» են այս հական և ուայատա ա-րինգան, քանի որ մեծանում են դրանցով, դրանք կատարում տարեկիցների, ծնողների և տատիկ-պապիկների հետ։ Սա ցեղին պատկանելու նշան է, միախմբման կանչ, հպարտության արտահայտություն և սեփական ծագման մասին հիշեցում։
1908 թ. գեներալ-մայոր Ռոբլիի գնած հնությունների վավերագրական լուսանկար (Պայկիան աջ կողմում է). լուսանկարը՝ Թոմաս Լանտի. տրամադրել է Ամերիկյան բնագիտական թանգարանը
1908 թ. գեներալ-մայոր Ռոբլիի գնած հնությունների վավերագրական լուսանկար (Պայկիան աջ կողմում է). լուսանկարը՝ Թոմաս Լանտի. տրամադրել է Ամերիկյան բնագիտական թանգարանը

Պահեստում՝ մի դար

1908 թ. Ամերիկյան բնագիտական թանգարանը ձեռք բերեց Տե Կանի-ա Տակիրաուի Պայկիան այդ ժամանակի մի գաղութարար հավաքորդից՝ գեներալ-մայոր Հորեյշիո Ռոբլիից (բրիտանական բանակ)։ Պայկիան ի վերջո հանգրվանեց մի պահեստի դարակին մինչև 2013 թ., երբ Պայկիայի հետնորդների մի փոքր խումբ՝ Ուավայի Տե Այտանգա-ա Հաուիտիի ցեղից, այցելեց թանգարան իր նախնու քանդակին վերահաղորդակցվելու համար։ Սա Տե Կանի-ա Տակիրաուի տունը ֆիզիկապես կամ թվանշայնորեն վերակառուցելու ավելի մեծ ծրագրի մաս էր։
Ամերիկյան բնագիտական թանգարանում պահվող Պայկիայի հետ, 2013 թ. ապրիլի 16. լուսանկարը՝ դր Բ. Լիթբերգի (հեղինակը կանգնածների շարքում ձախից երկրորդն է՝ մուգ գույնի վերնաշապիկով)
Ամերիկյան բնագիտական թանգարանում պահվող Պայկիայի հետ, 2013 թ. ապրիլի 16. լուսանկարը՝ դր Բ. Լիթբերգի (հեղինակը կանգնածների շարքում ձախից երկրորդն է՝ մուգ գույնի վերնաշապիկով)
Դա շատ հուզիչ այցելություն էր՝ արտասվախառն միավորում, մեծ հպարտության ապրում և թախծալից անդրադարձ անցյալին։ Այցելությունը զուգադիպեց Ուելսի (Տոհորա) ցուցահանդեսին, որ միաժամանակ ընթանում էր թանգարանում և թույլ տվեց մեզ Պայկիայի մեր պատմություններին հաղորդակից դարձնել հասարակության այլ անդամների ևս, թանգարանի մասնագետներին, ուսանողներին և այլոց։

Սիրո նշան

Շաբաթվա վերջում դժվար ու արտասվալից հրաժեշտ տվեցինք Պայկիային։ Ըստ մեր ավանդույթի՝ մենք նրան, որպես սիրո նշան, նվեր թողեցինք՝ կետի փորագրված ատամով կախազարդ. այդ ատամը պատկանում էր մի արու կաշալոտի, որն ափ էր դուրս եկել 1967 թ. Նոր Զելանդիայի Հոկս ծոցի հյուսիսում՝ Մահիայում։ Մենք կախազարդը գցեցինք Պակիայի վիզը։ Սա անելով՝ մենք խախտեցինք թանգարանային ձեռքբերումների արձանագրություններն ու կետոսկրի առևտրի վերաբերյալ միջազգային օրենքները, թեև արեցինք այն, ինչ տիկա էր, այսինքն՝ ճիշտ՝ մեր տեսանկյունից։ Սա մեզ ընդունած թանգարանային աշխատակիցներին դժվարին կացության մեջ էր դրել, ուստի այդ տարի՝ ավելի ուշ, նրանք կետի ատամը վերադարձրին մեզ Նոր Զելանդիա։
Լանս Նգատայի փորագրած կախազարդը՝ պատրաստված այն կաշալոտի ատամից, որը 1967-ին ափ էր դուրս եկել Նոր Զելանդիայի Հոկս ծոցի հյուսիսում՝ Մահիայում
Լանս Նգատայի փորագրած կախազարդը՝ պատրաստված այն կաշալոտի ատամից, որը 1967-ին ափ էր դուրս եկել Նոր Զելանդիայի Հոկս ծոցի հյուսիսում՝ Մահիայում
2017 թ. «Հնություններ» վավերագրական ֆիլմաշարի նկարահանումների շրջանակում և «Գրինստոուն» հեռուստաընկերության, Ամերիկյան բնագիտական թանգարանի և Օքլանդի համալսարանի մասնագետ գործընկերների աջակցությամբ մենք կազմակերպեցինք այդ կետոսկրե ատամի վերադարձը Պայկիային՝ այս անգամ օրինական ճանապարհով՝ սկզբնապես մեր տված նվերը հաստատելու համար։ Դարձյալ Տե Այտանգա-ա Հաուիտիի ցեղի երիտասարդների մի փոքր խումբ ուղեկցեց այդ ատամին, և ևս մեկ հուզիչ, թեև կարճ, հանդիպում տեղի ունեցավ։ Սա նաև առիթ էր վերստին Պայկիայի հայրենադարձության մասին մտածելու՝ թե՛ դրա գործընթացի, թե՛ այն հետևանքների, որ կարող էին լինել թանգարանի, ինչպես նաև Պայկիայի սերունդների ու նրանց համայնքների համար։ Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում պիտի մտածենք այս մասին, երբ անդրադառնանք մեր փորձառությանը՝ կապված մեր պատմական ժառանգության այս նմուշի հետ, որը խորհրդանշում է գաղութարարների կողմից հնությունների առևտուրը։

Հավելյալ աղբյուրներ

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: