If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Վտանգված մշակութային ժառանգություն. Պերու

Հեղինակ՝ «SAFE» (Պահպանել հնությունները բոլորի համար)
Սանդղավանդավոր սարալանջերը Պիսակի ինկերի ավերակների մոտ, Պերու (լուսանկարը՝ Paulo JC Nogueira, CC BY-SA 3,0)
Սանդղավանդավոր սարալանջերը Պիսակի ինկերի ավերակների մոտ, Պերու (լուսանկարը՝ Paulo JC Nogueira, CC BY-SA 3,0)
Պերուի մշակութային ժառանգությունը լայնածավալ է ու բազմազան՝ իր մեջ ներառելով Մոչեի և Նասկայի հնագույն քաղաքակրթությունների կարևոր հնավայրեր և արտեֆակտներ: Թեև երկրի ժառանգությունը պաշտպանելու համար գոյություն ունի ազգային և միջազգային օրենսդրություն, այն հիմնականում անարդյունավետ է իր լայն ընդգրկման, ինչպես նաև հնավայրերը պաշտպանելու և օրենքները կիրառելու համար բավարար ֆինանսավորման բացակայության պատճառով (ինչպես հաճախ է պատահում): Ներկա հանգամանքների լրջությունն ակնհայտ դարձավ 2014 թ. դեկտեմբերի Գրինփիսի (Greenpeace) բողոքի ցույցի հետագա զարգացումներով, երբ ակտիվիստները օրինազանց կերպով խախտեցին երկրի պատմական Նասկայի սահմանագծերը գովազդային ճարպիկ հնարքի ժամանակ, որով մտադիր էին ուղերձ հղել Լիմայում ՄԱԿ-ի կլիմայի հարցերով բանակցություններ վարող պատվիրակներին:
Նասկայի սահմանագծի խայտառակ սկանդալից անմիջապես հետո Պերուի մշակույթի նախարարը հայտարարեց, որ «Պերուի ավելի քան 1, 000 հնագիտական տեղավայրեր վտանգված են, քանի որ անվտանգության և հնավայրերը հսկելու ռեսուրսների պակաս կա»: Նախարարի խոսքերով՝ «Մշակույթի նախարարությունն իր ունեցած ռեսուրսներով անկարող է հսկել հազարավոր հնագիտական տեղավայրեր կամ Նասկայի 5,500 կիլոմետր ձգվող սահմանագծերը»:
Բայց և այնպես, սա առաջին անգամը չէր, որ Պերուի ժառանգությանը վնաս են հասցրել այնպիսի հանգամանքներ, որոնցից կարելի է խուսափել: Մաչու Պիկչուի և Չան-Չանի աշխարհահռչակ հնավայրերը որպես զբոսաշրջության տեսարժան վայր լայն ճանաչում ունենալու պատճառով խոշոր վնաս են կրել: Ավելին՝ «2000 թ. ինկերի արեգակնային ժամացույցը վնասվեց գովազդի նկարահանման ժամանակ, մինչդեռ 2010 թ. մոտակա Պարակասում քառանիվը հետքեր թողեց Ճյուղավոր աշտանակի գեոգլիֆի վրա»: Նույն կերպ, 2013 թ. հաղորդվեց, թե ծանր սարքավորումները ապականել էին Նասկայի սահմանագծերի մի խումբ, և որ Փարիզ-Դաքար ավտոարշավը վնաս էր հասցրել Համաշխարհային ժառանգության տարածքից դուրս տեղամասերին: Նմանօրինակ անախորժ ու մտահոգիչ իրադարձությունները մատնացույց են անում, որ մշակութային ժառանգության պաշտպանության և իրազեկման կարիքն ավելի է զգացվում:
Բարբարոսությունն (վանդալիզմը) ու բռնազավթումը միակը չեն Պերուի հնագիտական տեղավայրերին սպառնացող վտանգների շարքում: Ռիսկի մեկ այլ մեծ գործոն է նաև երկրով մեկ համատարած թալանն ու անօրինական փորել-քանդելը:
2004-2006 թթ. ժամանակահատվածում կանխվեց ավելի քան 5,000 մշակութային և բնության իրերի ապօրինի արտահանումը: Այնուամենայնիվ, հնագիտական տեղավայրերում գաղտնի պեղումների թիվն աճել է, ինչպես և գողությունները եկեղեցիներից ու թանգարաններից: Պերուական մշակութային սեփականության ապօրինի առևտուրն անդառնալի վնաս է հասցնում երկրի ժառանգությանն ու ինքնությանը, միաժամանակ նաև մարդկության հիշողության լուրջ կորուստ է: Թանգարանների միջազգային խորհուրդ (ICOM)

Ինչն է դրված խաղաթղթի վրա Պերուի համար

Պերուական անապատի միջով նայելիս թվում է, թե դա լուսնի լանդշաֆտ է՝ ծակոտկեն խառնարաններով և այնքան հեռու, որքան աչքը կկտրի, բացառությամբ այն փոսերի, որոնք թալանված դամբարաններ են: Արքունի դամբարանները, որոնք մի ժամանակ ոսկյա, արծաթյա և պղնձյա զարդեր էին պարունակում, անխնա հանվել-տարվել են, առանց անհանգստանալու մշակութային այն տեղեկության համար, որ դրանց գիտական պեղումները կարող էին բացահայտել: Այսօր կարելի է գտնել eBay-ով վաճառվող Չիմուի և Նասկայի բնօրինակ խեցեղեն՝ փորած-հանած գեղջուկ շինականների կողմից, ովքեր փնտրում էին Sotheby-ի կատալոգներում եղած իրերի նման իրեր:
Ամեն տարի աշխարհի բոլոր ծայրերից այցելուները խմբվում են Մաչու Պիկչուի նման հնավայրերում՝ անձամբ ականատես լինելու ինկերի քաղաքակրթության հոյակերտությանը: Զբոսաշրջությունը Պերուի երրորդ խոշորագույն ոլորտն է, և մշակութային հնավայրերն ու թանգարանները գլխավոր տեսարժան վայրերն են: Հնագիտական տեղավայրերի թալանն ու Պերուից իրերի դուրսբերումը բացասաբար են ազդում զբոսաշրջության վրա: Հնագիտական ավերակները պահպանելն ու արտեֆակտները տեղի թանգարաններում ցուցադրելու համար վերադարձնելը փոխշահավետ է տեղի բնակչության և օտարերկրյա այցելուների համար, ովքեր հետաքրքրված են համաշխարհային ժառանգությամբ:
Թալանողներն այժմ այլևս չվերադարձան այդ վայրը, քանի որ ոչինչ չէր մնացել… 20-րդ դարի վերջին երկու տասնամյակի ընթացքում… կորավ Անդեայի պատմական ժառանգության ավելի մեծ մասը, քան նախորդ չորս դարերում…
—Ռոջեր Աթվուդն իր «Պատմությունը գողանալը» գրքում գրում է Պերոոււմ Անդեայի Չիլկայի հնավայրի մասին

Պերոոււմ թալանը շարունակվում է

Թալանն ու անտիկ իրերի ապօրինի մաքսանենգ առևտուրը, հակառակ ձեռնարկած պաշտպանական միջոցներին, շարունակվում է ինչպես Պերոոււմ, այնպես էլ արտերկրում: Բարեբախտաբար, Միացյալ Նահանգներ ներկրման սահմանափակումները հանգեցրել են բազմաթիվ արտեֆակտների առգրավմանն ու Պերու վերադարձնելուն, այդ թվում՝ եկեղեցիներից գողացված 18-րդ դարի կրոնական արտեֆակտներ, ինչպես նաև իրենց գերեզմաններից դուրս բերված հազարամյա մարդկային գանգեր: Թանգարանների միջազգային խորհրդի «Պերուական վտանգված անտիկ իրերի Կարմիր ցուցակի» համաձայն՝ Փոխըմբռնման հուշագրի (MOU) շնորհիվ 2004-2006 թթ. ժամանակահատվածում բռնագրավվել է ավելի քան 5,000 կողոպտված իր:
Անտիկ իրերի մաքսանենգ վաճառքի ամենախոշոր բացահայտումներից մեկի ժամանակ Միացյալ Նահանգների մաքսային մարմինները արվեստի մի իտալացի գողից առգրավեցին մինչկոլումբոսյան դարաշրջանի 412 արտեֆակտ, այդ թվում՝ արծաթյա դիմակներ, ինկերի կիպուներ (quipus. հատուկ գրային համակարգ) և խամաճիկ (քանդակ, արձան) անոթներ (նավակներ): 2007 թ. դրանք վերադարձվեցին Պերու: 2010 թվականից ի վեր Միացյալ Նահանգների մաքսային մարմինները կանխեցին, բռնեցին և Պերու վերադարձրեցին վերը նշված մինչկոլումբոսյան դարաշրջանի մարդկային գանգեր, նաև 18-րդ դարի ձեռագիր, ինկերի խեցեղեն, մոչեական քանդակ և գործվածքեղեն: 2011 թ. Նյու Մեքսիկոյի Կառավարիչների պալատի թանգարանում գտնվող կապիկի գլխի ձև ունեցող մոչեական ոսկե ուլունքահատիկը վերադարձվեց Պերու այն բանից հետո, երբ բացահայտվեց, որ այն ապօրինի հեռացվել է Սիփանի արքունի դամբարաններից:

Ինչ է անում Պերուն իր մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար

1990 թ. գերեզմաններ ասպատակողների հսկայածավալ փորել-քանդելը Պերուի կառավարությանը հուշեց պահանջել, որ Միացյալ Նահանգները Պերուի հյուսիսային ափերից Մոչեի որոշ արտեֆակտների վրա հարկադրաբար ներկրման արտակարգ սահմանափակումներ կիրառի: 1997 թ. Միացյալ Նահանգները Պերուի հետ կնքեց երկկողմ համաձայնագիր, որը ներկրման սահմանափակումներ սահմանեց Պերուի բոլոր շրջաններից մինչկոլումբոսյան դարաշրջանի հնագիտական արտեֆակտների և գաղութատիրական դարաշրջանի ազգաբանական (էթնոլոգիական) նյութերի վրա, ինչպես նաև շարունակեց 1990 թ. ուժի մեջ մտած Սիփանի շրջանից հնագիտական նյութերի ներկրման սահմանափակումների արտակարգ գործողությունները: Փոխըմբռնման հուշագիրը (MOU) թարմացվել է 2002 թ., 2007 թ. և վերստին՝ 2012 թ. հունիսի 9-ին:
2013 թ. հունիսին «Նյու Յորք Թայմսը» (The New York Times) տեղեկացրեց Մշակույթի նախարարության ծրագրի մասին, որը նպատաուղղված էր կանխել անտիկ իրերի՝ մաքսանենգ ճանապարհով արտահանումը երկրից, և որոնց մեծ մասը Միացյալ Նահանգներ ուղարկվելու ճանապարհին էին:
Ներկայումս հայրենիք են վերադարձվում Մաչու Պիկչուից գիտականորեն պեղված և պերուական կառավարության թույլտվությամբ Եյլի համալսարանի Փիբոդի թանգարանում ժամանակավորապես տեղակայված ինկերի արտեֆակտները: Պերոոււմ այդ իրերը պատշաճ պահելու և հրապարակայնորեն ցուցադրելու հնարավորություններն ընդլայնվում են, և պերուացի հնագետների ու ժառանգության փորձագետների մասնագիտական վերապատրաստումը շարունակում է աճել: Մաչու Պիկչուի և ինկերի մշակույթի ուսումնասիրման նպատակով հավաքածուն 2012 թ. վերջին վերադարձվելու է Միջազգային կենտրոն, և Պերուի բնակչությունը, ինչպես նաև Կուսկո և Մաչու Պիկչու այցելող զբոսաշրջիկները կկարողանան տեսնել դրանք հնավայրի նոր թանգարանում:
Մշակույթի պահպանման հարցերով Միացյալ Նահանգների Դեսպանների հիմնադրամը ներդրում է արել Պերոոււմ թանգարանի պահպանման և հետազոտման մի շարք նախագծերի մեջ: Պերուական թանգարաններում շարունակում է բարելավվել անվտանգությունն ու հանրության հասանելիությունն այնպես, ինչպես որ փխրուն գործվածքների և մումիաների պահպանումն ու ջերմաստիճանով (կլիմայով) վերահսկվող ցուցադրումները:
Պերուն պարտավորվում է մշակութային փոխանակումների միջոցով աշխարհի հետ կիսել իր հարուստ անցյալը՝ շեշտադրելով թանգարանների միջև փոխանակման փորձը: Միջազգային ցուցահանդեսի նպատակով վարձակալվել են պերուական իրեր, այդ թվում՝ պերուական թանգարանների կողմից 2010 թ. Փարիզի Պինակոտեկ թանգարանում (Pinacothèque de Paris museum) ցուցադրելու նպատակով փոխարինաբար տրամադրված ինկերի 253 հազվագյուտ ոսկյա զարդերը: Ի նշանավորումն Պերուի և Հարավային Կորեայի երկկողմ հարաբերությունների 20-ամյակի՝ Պերուի ինը թանգարանից 351 արտեֆակտ 2009 թ. ցուցադրվել է Սեուլում՝ Կորեայի Ազգային թանգարանում:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: