If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Վտանգված մշակութային ժառանգություն. ԱՄՆ

Հեղինակ՝ «SAFE» (Պահպանել հնությունները բոլորի համար)
Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսօր բախվում են հնագիտական վայրերի թալանի առանձնահատուկ մարտահրավերների հետ: Եթե մշակութային ժառանգության օբյեկտները հայտնաբերվում են դաշնությանը կամ ցեղերին պատկանող հողերում, ապա դրանք պատկանում են հողատիրոջը: Դաշնային հողերը չափազանց մեծածավալ են, որ պատշաճ կերպով վերահսկվեն պետական գործիչների սահմանափակ քանակի կողմից: Արդյունքում պետության համար թալանողներին հետապնդելն ու սև շուկան արգելափակելը չափազանց բարդ գործընթաց է:
Արտիֆակտները, որոնք ապօրինի կերպով պեղվել էին նախնադարյան ամերիկյան հնագիտական վայրից Հարավային Իլինոյսում, հայտնաբերվել են ԱՄՆ Ձկնեղեն և կենդանի բնություն ծառայության կողմից (U.S. Fish & Wildlife Service):
Արտիֆակտները, որոնք ապօրինի կերպով պեղվել էին նախնադարյան ամերիկյան հնագիտական վայրից Հարավային Իլինոյսում, հայտնաբերվել են ԱՄՆ Ձկնեղեն և կենդանի բնություն ծառայության կողմից (U.S. Fish & Wildlife Service):
Թանգարանների աշխատակիցների, մարդկանց, ակադեմիայի ու հնագետների համագործակցության շնորհիվ այսօր հնարավոր է դարձել զգալիորեն նվազեցնել թալանի դեպքերը: Սակայն սթափեցնող վիճակագրությունը խոսում է այն մասին, որ հարցը շարունակում է մնալ օրակարգում: Ամերիկայի հայտնի հնդկական հնագիտական վայրերի 90%-ից ավելին կա՛մ արդեն ոչնչացվել են, կա՛մ բացասական ազդեցության են ենթարկվել կողոպտիչների կողմից, և այս գործընթացը դեռ շարունակվում է: Չափազանց կարևոր է աշխատանքներ ծավալել մեր անցյալին հասցվող անուղղելի վնասը կանխելու ուղղությամբ:

Ինչ է դրված խաղասեղանին ԱՄՆ համար

ԱՄՆ հնագիտական վայրերում կան արտիֆակտներ, որոնք առանձին դեպքերում 14, 000 տարվա հնություն ունեն: Այս վայրերը վկայում են մոլորակի վրա մարդու կյանքի կախարդական պատմության մասին՝ սկսած գյուղատնտեսության ծագումից (Փովերթի Փոյնթ, Լուիզիանա) մինչև բնիկ ամերիկացիների դիվերսիֆիկացիա, նորարարություն, կոնֆլիկտ և Եվրոպայի հետ կապերի հաստատում: Այս թեմաների շուրջ քննադատական հետոզոտությունը դեռ շարունակվում է:
Փովերթի Փոյնթ հնագիտական վայրում ի հայտ են եկել փաստեր, որոնք ապացուցում են վաղ շրջանում այդ տարածքում կավագործական սպասքի առաջին օգտագործման մասին: Ադենայի ու Հոփվելի վայրերը (Օհայո գետի հովիտ, Ք.ա. 1000- Ք.հ. 500) ասոցիացվում են թաղման ինվենտարի ու թեթև կավագործության հետ: Կահոկիայում՝ Միսիսիպիի կենտրոնում, Մեքսիկայից դեպի հյուսիս, գտնվում է ամենամեծ բուրգը: Այս վայրում հայտնաբերված բազմաթիվ գերեզմաններն արտացոլում են բարդ սոցիալական հիերարխիաներն ու համայքային կառույցները, որոնք գոյություն են ունեցել ցեղերի շրջանում: Հարավարևմտյան վաղ շրջանի համայնքներից շատերը փոքր էին և ցիրուցան եղած, ունեին տարբեր տեսակի կացարաններ, կերամիկա, զբաղվում էին եգիպտացորենի, լոբու, դդումի, բամբակի և այլ սննդատեսակների մշակմամբ: Չաքո կանյոնը (Ք.հ 900) Նոր Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող շրջան է, որտեղ Պուեբլոնի ժայռափոր կացարանների վառ օրինակներ կան: Այդ բնակավայրերի բնակչությունն իր քանակով կմրցակցեր արդի փոքր քաղաքների բնակչության հետ:
Չաքոյի ազգային պատմամշակութային զբոսայգի, Նոր Մեքսիկա (նկարը՝ Սթիվեն Ս. Փրայսի, CC BY-SA 3,0)
Չաքոյի ազգային պատմամշակութային զբոսայգի, Նոր Մեքսիկա (նկարը՝ Սթիվեն Ս. Փրայսի, CC BY-SA 3,0)
Բարձր հանրային իրազեկվածության և պետական ու դաշնային ֆինանսավորման շնորհիվ Կահոկիայի ու Չաքո կանյոնի նման մեծ համալիրներն այսօր հաջողվել է պահպանել: Սակայն պահպանմանն ուղղված ջանքերը սահմանափակվում են մի քանի հնագիտական վայրերով: Քանի որ նախնադարյան և պատմական բնիկ ամերիկացիներն ապրել են փոքր, ցրված համայնքներում, կողոպտիչներն այսօր օգտվում են իրավիճակից այն վայրերում, որոնցում պահպանման միջոցներ կիրառված չեն: Բացի դրանից, գյուղատնտեսական ու զարգացման նախագծերի ձեռնարկման արդյունքում ևս հնագիտական վայրերը վնասներ են կրում:
Մինչև 1988 թ, Չորս Անկյան (Յուտա, Կոլորադո, Արիզոնա և Նոր Մեքսիկա) հայտնի պատմական վայրերի մոտ 90%-ը թալանվել է կամ վայրագորեն վնասվել: Դաշնային հողերից շատերը չեն էլ ուսումնասիրվել (Ազգային պարկի ծառայությունն ուսումնասիրել է դրա 5,29 ակր տարածքի ընդամենը 10%-ը): Դաշնային հնագիտական վայրերում անձնակազմի սահմանափակ քանակը թույլ չի տալիս այդտեղ անդադար պարեկություն իրականացնել:

ԱՄՆ վտանգված մշակութային ժառանգությունը

Հնագիտական վայրերի կողոպուտն ու վանդալությունը շարունակվում են մինչ օրս: 1980-1987 թթ. ընկած հատվածում, օրինակ, Նավախո Ռեզերվացիան հնագիտական նյութերի վանդալության ու կողոպուտի դեպքերի զգալի աճ է արձանագրել: 1996-2005 թթ. տարեկան կտրվածքով ֆիքսվել են մոտ 791 դեպքեր, սակայն նույն կտրվածքով դրանցից միայն 111-ն են լուծվել կամ հետաքննություն սկսվել: Շատ հին ամերիկյան հնագիտական ու ազգագրական առարկաներ վաճառվում են Եվրոպայում, Ճապոնիայում և Սաուդյան Արաբիայում աճուրդների ժամանակ, ինչը ստիպում է բնիկ ամերիկացիներին մասնակցել դրանց ու հետ գնել իրենց սեփական մշակութային ժառանգությունը:
Ժայռափոր արվեստի վանդալությունն այսօր նույնպես անհանգստացնող է: Հողատարածքների վերահսկողության բյուրոն (BLM) փնտրում է այն մեղավորներին, որոնք վայրագություններ էին թույլ տվել Յուտա լճի արևմտյան ափին գտնվող անապատի հնագույն ամերիկյան ժայռային կոթողի հանդեպ:
Քաղաքացիական պատերազմի շրջանի իրերը նույնպես ապօրինի կերպով են պեղվում: Հողափոր մեքենաները սրբելով մաքրում են հին սահմանամերձ քաղաքների տները, իսկ որոշ դեպքերում թալանում են Քաղաքացիական պատերազմի մասնակից զինվորների գերեզմանները:

ԱՄՆ հնությունների պահանջարկը շուկայում

Հնդկացիների արտիֆակտները, ինչպես նաև նրանց կողմից պատրաստված ժամանակակից արվեստի նմուշներն օրեցօր ավելի շատ ուշադրություն են գրավում արվեստի ոլորտում և համաշխարհային մշակույթի մեջ: Օրինակ՝ Սանտաֆե հնդկական խանութը գնալով մեծանում է ու դառնում ավելի հեղինակավոր. նշանավոր են Փիբոդի թանգարանը Էսսեքսում և հնդկական ցուցահանդեսները Բոսթոնում. Արևմտյան Ամերիկայի Սոթսբիում մայիսի 21-ին տեղի ունեցած աճուրդի շրջանակում կատարվել է $2,963,943 վաճառք, իսկ 2011 թ. Քրիստիի ազգային ամերիկական արվեստի աճուրդում՝ ընդհանուր $1,116,187 վաճառք:
Միջազգային շուկայում ևս հետաքրքրությունը բնիկ ամերիկական ժողովուրդների օբյետների հանդեպ աճել է: Néret-Minet Tessier & Sarrou ֆրանսիական աճուրդի տունը, օրինակ, 2013 թ. €930,000 արժողությամբ 70 հին մշակույթի իր է վաճառել: Մեկ այլ հայտնի վաճառք կապվում է Պիեր Սերվան-Շրիբերի անվան հետ (Հոփի ցեղի ֆրանսիական իրավաբան), ով €13,000 արժողությամբ Հոփի իր էր գնել Ֆրանսիայում աճուրդներից մեկի ժամանակ, որպեսզի վերադարձնի դա ցեղին: Աննենբերգ հիմնադրամը նույնպես ձեռք է բերել $530,000 արժողությամբ 24 հին ամերիկյան իրեր:
Շուկայում պահանջարկի աճը նշանակում է, որ աճում է նաև կասկածելի ճանապարհով ձեռք բերված արտիֆակտների վաճառքը: Օրինակ՝ 2013 թ. նոյեմբերին Սքիներ աճուրդի տունը վաճառքից հանում է Լակոտա հնդկական ժողովրդին պատկանող «Sioux Beaded and Quilled hide Shirt» կոչվող վերնաշապիկը հենց աճուրդից առաջ, քանի որ այն, հնարավոր է, պատկանել էր Լակոտայի առաջնորդ Լիթլ Թանդերին: Հարավային Դակոտայի Ռոզբուդ ռեզերվացիայից նրա հետևորդները կասկածի տան են առնում նրա սեփականության իրավաչափությունը: Վերնաշապիկը շուկայում գնահատվում էր մոտ $150,000-250,000:

Ինչ է անում ԱՄՆ-ն իր մշակութային ժառանգությունը պահպանելու համար

Որոշ գիտնականներ պնդում են, որ ԱՄՆ Կոնգրեսը չի ցանկանում մշակութային արժեքների պաշտպանությանն ուղղված լայնածավալ միջոցառումներ ձեռնարկել: Բազմաթիվ դաշնային օրենսդրություններ են ընդունվել և գործում կոնկրետ խնդիրների վերաբերյալ (Տես Քաուֆման, Ռ. Ս. Արվեստի օրենքների ձեռնարկ, Գայթերսբերգ, Ասպեն, Օրենք և բիզնես, 2000, 394-395 էջ):
Հնությունների մասին ակտը 1906 թ. (16 U.S.C. §§ 431-33m) հաստատում է, որ ցանկացած ոք, ով ոչնչացնում կամ վնասում է պատմական փլատակներն ու հանրային հողատարածքները, պեղում փլատակներն ու հուշարձանները կամ պեղում հնություններն ու հողերը, որոնք ենթակա են դաշնային իշխանություններին, պետք է պատժվի: Սրան հետագայում ավելանում է 1979 թ. հնագիտական ռեսուրսների պահպանման մասին ակտը (16 U.S.C. §§ 470aa-mm), որը պաշտպանում է հնդկական հողերի վրա գտնվող հնագիտական ռեսուրսներն առանց համապատասխան թույլտվության վաճառքից, փոխանակումից կամ տեղափոխումից:
1969 թ. Շրջակա միջավայրի մասին ակտը (42 U.S.C. § 4321-70a) պահանջում է կառավարությունից կիրառել «բոլոր իրագործելի միջոցներն ու քայլերը» կարևոր պատմական ու մշակութային վայրերը պաշտպանելու համար:
1991 թ. Բնիկ ամերիկական ժողովուրդների գերեզմանների պաշտպանության ու հայրենադարձության մասին ակտը (NAGPRA) (25 U.S.C. §§ 3001-3013) հասցեագրում է բնիկ ամերիկյան մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները: NAGPRA-ն պետության կողմից ֆինանսավորվող թանգարաններից և այլ ինստիտուտներից պահանջում է գույքագրել ցանկացած ամերիկացի հնդիկի մնացորդները, թաղման պարագաներն ու կրոնական իրերը: Ժառանգները կամ մոտ ցեղերը իրավունք ունեն որոշել՝ վերադարձնել իրերը ցեղերին, նորից թաղել դրանք, թե պահել հավաքածուներում: NAGPRA համաձայն՝ բոլոր նրանք, ովքեր մեղավոր են ճանաչվում այս իրերի ապօրինի թրաֆիքինգի մեջ, դատական որոշման դեպքում ենթակա են բանտարկության: Այս օրենսդրությունը նպաստել է մարդկային մնացորդների ու նրանց իրերի գողության դեպքերի նվազմանը:
Ամենակարևորը, 1983 թ. ԱՄՆ-ն օրենքի ուժ է տալիս Մշակութային ժառանգության իրականացման ակտին (CPIA): Սա 1970 թ. ԱՄՆ և դրա մշակութային ժառանգությանը վերաբերող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած կոնվենցիայի որդեգրած քաղաքականության իրականացումն է: Այս օրենսդրության համաձայն՝ ԱՄՆ-ն կարող է երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կնքել 1970 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի մյուս մասնակից պետությունների հետ կամ սահմանափակումներ դնել ներկրման դեպքում, եթե մյուս մասնակից երկիրը պահանջում է դրանք:
Գողացված ազգային ժառանգության մասին ակտը (NSPA) վերաբերում է կասկածելի իրերի ներկրման սահմանափակումներին և ապօրինի ներկրողների դատապարտմանը: Ըստ դրա՝ «ցանկացած ոք, ով երկրի ներսում կամ երկրից դուրս տեղափոխում է, փոխանցում կամ փոխադրում է իրեր, ապրանքներ ... $5,000 և դրանից ավել արժողությամբ, իմանալով հանդերձ, որ դրանք գողացվել են, փոփոխվել կամ խաբեությամբ ձեռք բերվել... տուգանվելու է այս հոդվածով կամ բանտարկվելու ոչ ավել, քան տաս տարով կամ երկուսը միասին»:
Ազգային պատմամշակութային օբյեկտների պահպանության մասին ակտը (16 U.S.C. §§ 470a to 470w-6) մեկն է այն ծրագրերից, որը պարբերաբար զբաղվում է պատմական հուշարձանների պահպանությամբ: Դրա շրջանակում բացվել են տարբեր գրասենյակներ, որոնք ստեղծել են հնագիտական և պատմական օբյեկտների պաշարներ:
Որոշ նահանգներ, ինչպես, օրինակ՝ Արկանսասը, ունեն իրենց սեփական ծրագիրը մարդկանց շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու համար: 2013 թ. տվյալներով՝ Արկանսասի հնագիտական կազմակերպության անդամ հանդիսացող 700 քաղաքացիներ մասնակցել են Արկանսասի հնագիտական դասընթացների ծրագրին, որի ընթացքում մարդիկ սովորել են պեղումներ անելու տեխնիկան և ծանոթացել ամերիկյան հնագիտության էթիկական հարցերի հետ: Ազգային պարկի ծառայության այլ բաժանմունքները, ինչպես, օրինակ՝ Հարավային Դակոտայինը, անցկացնում են իրազեկվածության ծրագրեր և ստեղծում թեժ գծեր:
Դաշնային և պետական օրենքներն ու ծրագրերը քայլեր են ձեռնարկում, որպեսզի բարձրացնեն մարդկանց իրազեկվածությունն ու պատժի ենթարկեն կողոպտիչներին, սակայն եղածը փաստաթղթավորելու և պաշտպանելու համար դեռ շատ անելիք կա:

ԱՄՆ մշակութային ժառանգությունը պահպանելուն ուղղված այլ ջանքեր

Ազգային պարկի ծառայությունը տեղեկություններ է տրամադրում թալանի կանխարգելման ու պատմական վայրերի պահպանության մասին: Դրա հնագիտական ծրագրի էջը ունի հարուստ ռեսուրսներ: Այն նաև իրականացնում է Պահպանման տեխնոլոգիաների մասին դասընթացներ(NCPTT), որոնք խթանում են գիտության ու տեխնոլոգիաների կիրառումը հնագիտության, ճարտարապետության, լանդշաֆտային ճարտարապետության և նյութերի պահպանության գործում:
SAFE-ն աշխատում է ԱՄՆ-ում հնագիտական իրերի կողոպուտի շուրջ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ: Հնագետների տարբեր հրապարակումները բլոգում օգնում են պատկերացնել կողոպուտի ներկայիս վիճակը ԱՄՆ-ում:
Ամերիկայի հնագիտության ինստիտուտը (AIA) գործի է դրել Պատմական վայրերի պահպանման ծրագիրը, որը տրամադրում է դրամական օժանդակություն և կազմակերպում հանրային գործունեություն: Այն նաև կազմակերպում է միջոցառումներ, որոնց միջոցով մարդիկ կարող են ավելի լավ ծանոթանալ հնագիտական էթիկային, այդ թվում՝ նաև հատուկ TV շոուներ:
Այլ մասնագիտացված հնագիտական կազմակերպությունների շարքն են դասվում Ամերիկյան հնագիտության կազմակերպությունը (SAA), որը զբաղվում է հնագիտական էթիկայով, ինչպես նաև Պատմահնագիտական կազմակերպությունը (SHA), որը զբաղվում է գիտական ուսումնասիրություններով և հնագիտությանը վերաբերող գիտելիքների տարածմամբ:

ԱՄՆ-ն ի պատասխան միջազգային մշակութային ժառանգության հետ կապված խնդիրներին

ԱՄՆ-ը պատմականորեն ողջունել է մշակութային ժառանգության ներհոսքը երկիր՝ ընդունելով, որ այդպիսի կապերը խթանում են ազգերի միջև գիտելիքների փոխանակումը և հարստացնում են նրանց մշակութային կյանքը: Սակայն ներմուծման սահմանափակումները երբեմն կապված են որոշակի քաղաքական բնույթի արգելքների հետ կամ սահմանափակում են ժառանգության մասը կազմող գողացված իրերի առքուվաճառքը:
Մշակութային արժեքների հարցով խորհրդատվական կոմիտեն (CPAC) աջակցում է ԱՄՆ-ին ու օտարերկրյա այլ կառավարություններին արտասահմանյան երկրների կողմից ներմուծման սահմանափակումների մասին երկկողմ համաձայնագրերի ստորագրման գործում: CPAC-ը կազմված է 11 ներկայացուցիչներից՝ հիմնականում հնագիտության, մարդաբանության, ազգագիտության ու թանգարանների ոլորտներից:
Կան նաև մի շարք դաշնային կառույցներ, որոնք խթանում են մշակութային ժառանգության հարցում պայմանագրերի, օրենքների ու սահմանափակումների ընդունումը, ինչպես, օրինակ՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) հովանու ներքո գործող Արվեստի հանցանքների թիմը, որն իր հերթին համագործակցում է միջազգային իրավունքը պարտադրող կառույցների հետ, ինչպիսին է, օրինակ՝ INTERPOL-ը: Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Բացի այդ, ԱՄՆ-ը երկկողմանի պայմանագրեր է կնքել մի քանի ազգերի հետ, որպեսզի հնարավոր լինի կանխել այդ ազգերի մշակութային ժառանգության ներմուծումը երկիր: Գործընթացի մասին ավելի մանրամասն կարող եք հետագայում կարդալ այստեղ:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: