If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

«Քան» ակադեմիան սովորողների հետ օգտագործելու ռազմավարություններ

«Քան» ակադեմիան մանկավարժների համար

Դասասենյակի նախապատրաստում

«Քան» ակադեմիան նախատեսված է օգտագործել դասասենյակի մյուս ռեսուրսների հետ համատեղ: «Քան» ակադեմիայի հետ աշխատելու փորձ ունեցող ուսուցիչներն առաջակում են արդեն սարքավորված և ինտերնետ կապով հագեցած դասասենյակներում «Քան» ակադեմիան օգտագործելու հետևյալ մոտեցումները:
Սովորողների համար ականջակալներ
«Քան» ակադեմիայում հարցերին պատասխանելիս հնարավոր է, որ սովորողները նախընտրեն տեսանյութեր դիտել, որպեսզի ավելի լավ հասկանան այն հմտությունները, որոնց վրա այդ պահին աշխատում են: Սովորողներով լի դասասենյակում տեսանյութի ձայնը կարող է հեշտությամբ շեղել ուշադրությունը: Յուրաքանչյուր սովորողին մեկական ականջակալ տրամադրելը կօգնի բոլոր սովորողներին պահպանել իրենց կենտրոնացումը: Եթե հնարավոր չէ բոլոր սովորողներին ապահովել ականջակալներով, այլընտրանքային տարբերակ է խնդրել սովորողներին անջատել տեսանյութի ձայնը և օգտագործել փակ ենթագրերը՝ ընտրելով ներքևի աջ անկյունի CC կոճակը:
Փոքր գրատախտակներ բոլորի համար
«Քան» ակադեմիան հարցերին պատասխանելու համար սովորողներին տրամադրում է թվային նոթատետր, սակայն շատերը նախընտրում են գրառումներ կատարել «Քան» ակադեմիայի հարթակից դուրս: Շատ ուսուցիչներ նշում են, որ անձնական գրատախտակները՝ մաքրվող մարկերով և ջնջիչով, օգտակար են սովորողների համար: Հուշաում ուսուցչին․ գնեք փոքր, մուգ գույնի գուլպաներ, որոնք սովորողնեը կօգտագործեն որպես ջնջիչ և միաժամանակ դրա մեջ կպահեն մարկերը: Գրատախտակներին կարող են փոխարինել թուղթը և մատիտը։
Պայմաններ ապահովիր սովորողների համագործակցության համար
Չնայած ամեն սովորող աշխատում է իր կրթական ուղուն համապատասխան վարժությունների վրա, փորձառու ուսուցիչներն առաջարկում են դասասենյակը նախապատրաստել այնպես, որ խրախուսվի սովորողների՝ միմյանց աջակցելը: Սա օգնում է սովորողներին դառնալ իրենց ուսման ջատագով և նրանց հնարավորություն է ընձեռում իրենց հասակակիցներին աջակցություն ցուցաբերել՝ ստեղծելով վստահություն:
Նպատակների վերահսկում սովորողների կողմից
Չնայած «Քան» ակադեմիան տրամադրում է հմտությունների և դասընթացի առաջընթացին հետևելու տարբերակներ, մենք գիտակցում ենք, որ դասընթացի մակարդակով նպատակները սովորողների համար կարող են մի փոքր ճնշող լինել: Ուսուցիչները խորհուրդ են տալիս սահմանել ավելի փոքր՝ միջանկյալ նպատակներ և այդ գործընթացում ներգրավել սովորողներին։ (Նպատակներ սահմանելու և դրանց հետևելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կարդա այս հոդվածը։) Սովորողներին նպատակներ սահմանելու թերթիկ տրամադրելը (ինչպիսին է ստորև ներկայացվածը) և/կամ դասարանում սովորողների առաջընթացը ցուցադրելը կարող է օգնել, որ նրանց մեջ իրենց ուսման նկատմամբ սեփականատիրական վերաբերմունք ձևավորվի, և բարձրանա առաջընթաց գրանցելու մոտիվացիան։

Ռազմավարություններ դասարանի ներսում

Ուսուցիչները տարբեր ռազմավարություններ են օգտագործում, որպեսզի օգնեն սովորողներին «Քան» ակադեմիայում առաջընթաց գրանցել: Ստորև ներկայացնում ենք փորձառու ուսուցիչների մի քանի առաջարկ։
Ամբողջ խումբ
Շատ ուսուցիչներ «Քան» ակադեմիայում սկսնակներին խորհուրդ են տալիս ամբողջ խմբին հանձնարարել նույն թեման։ Սկսիր ամբողջ խմբին նույն վարպետության դասընթացի նպատակը հանձնարարելով և շաբաթական առնվազն 45 րոպե ժամանակ տրամադրիր՝ այդ նպատակի վրա աշխատելու համար (ավելին՝ վարպետության նպատակները սահմանելու վերաբերյալ): Որոշ ուսուցիչներ խրախուսում են ամբողջ խմբին աշխատել ուսումնական ծրագրին համապատասխան հանձնարարված նույն առաջադրանքների վրա: Այս պարագայում մենք խորհուրդ ենք տալիս յուրաքանչյուր վարժության համար սովորողներին տրամադրել նույն հարցերը, որպեսզի հնարավորություն ստեղծվի քննարկելու և անդրադառնալու ընդհանուր սխալներին։
Փոքր խմբեր
Երբ քեզ ավելի հարմարավետ կզգաս «Քան» ակադեմիան օգտագործելիս, և սովորողները կսկսեն առաջընթաց գրանցել, սովորողներին խմբերի բաժանիր՝ նրանց կարիքներին ավելի լավ լուծում տալու համար: Օգտագործիր «Քան» ակադեմիայի Հմտությունների ամփոփագիրը (ցույց է տրված ստորև)՝ սովորողների հմտություններում ուժեղ և բաց կողմերը բացահայտելու համար։ Ապա սովորողների փոքր խմբերին հանձնարարիր հատուկ հմտություններ և թույլ տուր նրանց աշխատել և՛ ինքնուրույն, և՛ որպես խումբ՝ թույլ կողմերն ամրապնդելու համար: Շատ ուսուցիչներ օգտագործում են այս ժամանակը, որպեսզի աշխատեն սովորողների որոշակի խմբի հետ, որոնք դժվարություններ ունեն. այս մոտեցումը հնարավորություն է տալիս նրանց ավելի անհատականացված ուշադրություն դարձնել այն սովորողներին, ովքեր դրա կարիքն ունեն, միևնույն ժամանակ ճիշտ պահին ճիշտ բովանդակություն տրամադրել բոլոր սովորողներին:
Հերթափոխային մոդել
Այս մոտեցումը հատկապես օգտակար է, եթե դու ունես սահմանափակ թվով սարքեր սովորողների համար: Օգտագործիր «Քան» ակադեմիայի Հմտությունների ամփոփագիրը՝ սովորողների հմտություններում ուժեղ և բաց կողմերը բացահայտելու համար, ապա սովորողներին բաժանիր փոքր խմբերի: Դասասենյակում ֆիքսիր մի քանի կետ, որոնցից յուրաքանչյուրը հատկացված կլինի մի տեսակի գործողության․ օրինակ՝ մի մասում սովորողները կարող են կիրառական գործողությունների միջոցով հմտություններն օգտագործել իրական պրակտիկայում, մեկ այլ կետում կարող են վերանայել հիմնական ուսումնական ծրագրի բովանդակությունը, իսկ մյուսում ուսուցչի հետ փոքր խմբային քննարկումներ անել: Համոզվիր, որ դասասենյակում ունես «Քան» ակադեմիային հատկացված հատված: Սովորողներին հանձնարարիր յուրաքանչյուր կետում աշխատել որոշակի ժամանակ, ապա անցնել հաջորդ կետ: Սա հնարավորություն է տալիս սովորողներին աշխատելու անհրաժեշտ բովանդակության վրա, բոլոր սովորողներին ներգրավված է պահում և նվազեցնում է բոլոր սովորողների՝ սարքը մշտապես իրենց տրամադրության տակ ունենալու անհրաժեշտությունը:
Տնային աշխատանք
Եթե ​​համոզված ես, որ բոլոր սովորողները տանն ունեն հուսալի սարքավորում և ինտերնետ կապի հասանելիություն, «Քան» ակադեմիայի միջոցով տնային աշխատանք հանձնարարելը կարող է լավ տարբերակ լինել: Հանձնարարելով վարպետության նպատակ և աջակցող առաջադրանքներ (շաբաթական առնվազն 45 րոպե տևողությամբ)՝ դու շատ արագ պատկերացում կկազմես սովորողների առաջընթացի վերաբերյալ: Այնուհետև, դասի ժամանակը տրամադրիր ընդհանուր խնդիրները քննարկելուն, հատուկ հմտություններ սովորեցնելուն և հաջողությունները նշելուն: Առաջադրանքի պատասխանների ամփոփագիրը օգտակար է բացթողումները պարզելու համար, իսկ Առաջընթացի ամփոփագրերը (ներկայացված են ստորև) ցույց են տալիս ամբողջ դասարանի կտրվածքով բաժնի և դասընթացի առաջընթացը։ Դու նույնիսկ կարող ես առաջընթացը նշելու ժամանակ թաքցնել սովորողների անունները՝ միաժամանակ պահպանելով անհատական ​​անանունությունը։

Այլ հնարքներ

Ուսուցիչներն իրենց դասարաններում գործիքներ օգտագործելու մի շարք հնարքներ ունեն․ «Քան» ակադեմիայի ուսուցիչները բացառություն չեն: Ստորև ներկայացված են հնարքներ, որոնք ուսուցիչներն օգտագործել են «Քան» ակադեմիան իրենց դասարաններում ներդնելիս։
Ինչպես ավելի հարմար զգալ «Քան» ակադեմիան օգտագործելիս
Ճիշտ այնպես, ինչպես ուսուցիչները հաճախ ասում են սովորողներին՝ պարապել: Ամենատարածված խորհուրդն է ընտրել քեզ հետաքրքրող դասընթաց (հիանալի մեկնարկ է սկսել քո դասավանդած դասընթացով) և ուսումնասիրել այն «Քան» ակադեմիայում: Այսպես դու հնարավորություն ես ստանում օգտագործելու «Քան» ակադեմիան որպես սովորող և, հավանաբար, միաժամանակ թարմացնելու մի քանի հմտություն: Որոշ ուսուցիչներ նույնիսկ սովորողների հետ կիսում են իրենց վարպետության առաջընթացը՝ վերահաստատելու համար այն միտքը, որ իրենք նույնպես սովորող են:
Շաբաթական քանի առաջադրանք հանձնարարել սովորողներին
Շաբաթական երեքից հինգ առաջադրանքը դասարանների մեծ մասի համար ամենաարդյունավետ քանակն է: Շատ կարևոր է նաև առաջադրանքները հանձնարարելու և դրանց կատարման վերջնաժամկետները սահմանելու շուրջ հստակ, կանոնավոր օրինաչափություններ ունենալ: Օրինակ՝ ուսուցիչը կարող է յուրաքանչյուր կիրակի երեկոյան երեք-հինգ առաջադրանք տեղադրել և վերջնաժամկետ սահմանել մինչև ուրբաթ կեսօր։
Ինչպես մեկ խմբում միավորել սովորողներին
Օգտագործիր Հմտությունների ամփոփագիրը կոնկրետ հմտության միևնույն վարպետության մակարդակում գտնվող սովորողներին նույնականացնելու համար։ Սա հիանալի հնարավորություն է՝ ստեղծելու այնպիսի առաջադրանք, որը բոլոր սովորողների համար նույն հարցերը կպարունակի և այդպիսով կխրախուսի նրանց միջև համագործակցությունը։
Ինչպես խրախուսել սովորողներին դժվարությունների բախվելու դեպքում
Մենք խրախուսում ենք ուսուցիչներին ինքնուրույն հաստատելու իրենց դասարանական կանոնները, և շատ ուսուցիչներ դժվարությունների հանդիպած սովորողներին օգնելու համար խորհուրդ են տալիս կիրառել «Նախքան ինձ դիմելը՝ երեք քայլ» մոտեցումը։
Քայլ 1․ Դիտել տեսանյութ։ «Քան» ակադեմիայի յուրաքանչյուր հարց ունի համապատասխան տեսանյութ, որն օգնում է սովորողին յուրացնել հարցին պատասխանելու համար անհրաժեշտ հմտություն(ներ)ը:
Քայլ 2․ Օգտվել հուշումից։ «Քան» ակադեմիայի յուրաքանչյուր հարց ունի հուշումից օգտվելու և հարցին պատասխանելու ընթացքը քայլ առ քայլ տեսնելու հնարավորություն: Այնուամենայնիվ, եթե սովորողն օգտագործում է «Օգտվիր հուշումից» տարբերակը, հարցը նշվում է «սխալ», քանի որ հուշումի վերջին քայլը հարցի պատասխանն է:
Քայլ 3․ Հարցնել ընկերոջը։ Այս քայլը խրախուսում է սովորողներին հարցնել իրենց հասակակիցներին: Այս իրավիճակում հարցնողն ընդունում է մեկ այլ սովորողից օգնություն խնդրելու գաղափարը, և պատասխանողին հնարավորություն է տրվում կիսվելու գիտելիքով և կառուցելու վստահություն:
Քայլ 4։ Հարցնել ուսուցչին։ Միայն մեկից երեք քայլերը կատարելուց հետո սովորողը պետք է դիմի ուսուցչին՝ աջակցության համար:
Ինչպես ներգրավել ծնողներին/խնամակալներին «Քան» ակադեմիայում
Հաղորդակցությունը շատ կարևոր է, ուստի ժամանակ հատկացրու «Քան» ակադեմիայի մասին ծնողներին/խնամակալներին պատմելու համար: Սկսելու համար կարող ես օգտագործել ծնողներին ուղղված նամակի նմուշը։
Որոշ ուսուցիչներ խորհուրդ են տալիս դպրոցական երեկոյան ժողովներ անցկացնել՝ օգնելու ընտանիքներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է «Քան» ակադեմիան, ինչպես այն կարող է աջակցել սովորողների հաջողությանը, և ինչպես կարող են ընտանիքները ներգրավվել այդ գործընթացում:
Օգնիր ծնողներին և խնամակալներին ստեղծել «Քան» ակադեմիայի իրենց հաշիվը՝ սովորողների գործունեությանը հետևելու համար: Սկսելու համար օգտագործիր ծնողի արագ մեկնարկի ուղեցույցը:
Այն փաստը, որ «Քան» ակադեմիան հասանելի է 40-ից ավելի լեզուներով (լեզուների մասին ավելին՝ այստեղ), և ընտանիքները կարող են տանը սովորել իրենց ամենահարմար լեզվով, կարող է շատ լուրջ խթան լինել։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: