If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Հեռավար ուսուցման հնարքներ

«Քան» ակադեմիան մանկավարժների համար

Հարմարեցրու քո հաղորդակցման հմտությունները

  • Հնարավորության դեպքում ուղիղ կապ հաստատիր քո սովորողների հետ: Կան բազմաթիվ անվճար գործիքներ, որոնց միջոցով ուսուցիչները կարող են ուղիղ կապով տեսադասեր կազմակերպել, ինչպես նաև ձայնագրել այդ դասերը, որպեսզի սովորողները հետագայում դիտեն դրանք
  • Ցույց տուր սովորողներին, որ մտածում ես իրենց մասին: Նրանց նամակ ուղարկիր էլ. փոստի, ձեր ուսուցման կառավարման համակարգի կամ դասարանների հաղորդագրությունների ծրագրի միջոցով: Կիսվիր սովորողների հետ, թե ինչն ես ամենաշատը կարոտում նրանց հետ իրական շփման մեջ, և թե որքան ոգևորված ես, որ շուտով նորից կտեսնես նրանց:
  • Հետադարձ կապ տրամադրիր: Որակյալ հետադարձ կապն առանցքային է սովորողի աճի հարցում, սակայն շատ հաճախ հեռավար ուսուցման պայմաններում այն կարող է մոռացվել։ Սովորողները սպասում են իրենց հեռավար ուսուցման նպատակի և իրենց առաջընթացի վերաբերյալ արձագանքի։
  • Հեռավորությունը չի արգելում համագործակցությունը: Շատ գործիքներ, ինչպիսիք են Google Docs-ը և Slides-ը, հնարավորություն են տալիս սովորողներին իրական ժամանակում շփվելու և համագործակցելու ընդհանուր խնդիրների և գաղափարների շուրջ:
  • Պահպանիր կապը համայնքի հետ: Կարևոր է հիշել, որ ծնողները նույնպես աշխատում են հեռավար պայմաններում, և որ մենք բոլորս միասին ավելի ուժեղ ենք: Հնարավորության դեպքում շաբաթական կտրվածքով կապ հաստատիր մեկ կամ մի քանի ընտանիքների հետ՝ նրանց հետ սովորողի առաջընթացով կիսվելու համար: Բացի այդ, տեղեկացրու ծնողներին/խնամակալներին, որ դու գնահատում ես նրանց աջակցությունն իրենց երեխաների հեռավար ուսուցման հարցում։
  • Դիմիր մյուս ուսուցիչներին և դպրոցի անձնակազմին: Մյուս ուսուցիչները՝ կոլեգաները և ընկերները, նույնպես գտնվում են այս անցումային փուլում։ Օգտագործիր սովորողների հետ հաղորդակցման նույն գործիքները՝ այլ ուսուցիչների հետ կապ հաստատելու համար։

Ընտրիր լավագույն գործիքները և շարունակիր օգտագործել դրանք

  • Շարունակիր օգտագործել այն, ինչ աշխատում է։ Կա՞ն «Քան» ակադեմիայի նման այլ թվային գործիքներ, որոնք դու ամբողջ տարի օգտագործել ես քո դասարանում։ Հիանալի է, շարունակիր կիրառիր դրանք։
  • Նոր գործիքներ ընտրելիս համոզվիր, որ դրանք հարմար են քեզ և քո սովորողներին։ Հիշիր, միայն այն փաստը, որ ինչ-որ բան լավ է ստացվել ուրիշ դասարանում, չի նշանակում, որ այն կհամապատասխանի նաև քեզ և քո դասարանին։ Դու ամենալավն ես ճանաչում քո դասարանը, ուրեմն օգտագործիր այն, ինչ լավագույնս աշխատում է քո սովորողների և քեզ համար։
  • Հաստատուն եղիր։ Մի փոխիր գործիքներն ամեն օր կամ ամեն շաբաթ: Հեռավար ուսուցմանը հարմարվելը շատ առումներով մարտահրավեր է բոլորի համար, և գործիքները հաճախակի փոխելը միայն շփոթմունք և հավելյալ սթրես կառաջացնի։ Գտիր այն տարբերակը, որը լավագույնս է համապատասխանում, և շարունակիր դրանով աշխատել․ դա կօգնի սովորողներին կենտրոնացած մնալ նոր հասկացություններ սովորելու, այլ ոչ թե նոր գործիքների վրա:

Սահմանիր ժամանակացույց և հետևիր դրան

  • Հեռավար ուսուցման պայմաններում ժամանակացույց սահմանելն ու դրան հետևելը շատ ավելի բարդ է, քան թվում է: Հաստատուն կերպով հետևիր սովորողների հետ աշխատելու և նրանց հետ կապ հաստատելու ժամանակացույցին: Այն նախատեսված է ոչ միայն սովորողների, այլև ուսուցիչների համար: Որոշիր դասապլանի անցկացման, սովորողների հետ կապ հաստատելու կոնկրետ ժամերը, և այլն:
  • Փնտրու՞մ ես օրինակներ։ Ահա մի քանիսը։

Քաջալերիր ինքնուրույն ուսուցումը

  • Խրախուսիր սովորողներին յուրացնել նոր հմտություններ: Սովորողները կարող են օգտագործել այս ժամանակը՝ իրենց բացերը լրացնելու, առաջ շարժվելու կամ նոր բան սովորելու համար։ Օգտագործելով «Քան» ակադեմիայի վարպետության դասընթացը՝ դու կարող ես սովորողների համար սահմանել իրենց մակարդակից ցածր, իրենց մակարդակին համապատասխան կամ դրանից բարձր վարպետության նպատակներ։ Սովորողները կարող են առաջ շարժվել իրենց սեփական արագությամբ։ Որոշ ուսուցիչներ նույնիսկ խրախուսում են սովորողներին իրենց առարկայի շրջանակից դուրս այլ դասընթացներ գտնել։ Իմացիր ավելին, թե ինչպես օգտագործել վարպետության դասընթացը։

Մոտիվացրու քո սովորողներին

  • Սահմանիր հստակ նպատակներ և այդ գործընթացում ներգրավիր սովորողներին: Սովորողներին մոտիվացված պահելը դժվար է, և դա առավել բարդ է հեռավար ուսուցման պայմաններում: Հանձնարարիր, որ սովորողներն իրենք սահմանեն հեռավար պայմաններում աշխատելու համար անհատական կամ խմբային նպատակներ, այնուհետև այդ նպատակների մասին տեղեկացրու սովորողներին և ընտանիքներին։ Իմացիր ավելին «Քան» ակադեմիայում նպատակներ սահմանելու մասին։
  • Տոնիր կարևոր ձեռքբերումները: Փորձիր կիսվել հետաքրքիր տեսանյութով (օրինակ՝ մի ուսուցիչ տեսանյութ էր պատրաստել, որտեղ նա կծու պղպեղ է ուտում) և փոխարենը առաջարկիր ավարտել մի մարտահրավեր կամ ուղարկիր վիրտուալ հավաստագիր այդ շաբաթ առաջընթաց գրանցած սովորողներին։ «Քան» ակադեմիայի որոշ հավաստագրեր կարող ես տեսնել այստեղ:
  • Սովորողներին ներգրավված և մոտիվացված պահելու մասին ավելին իմանալու համար կարդա այս հոդվածը:

Ընդունիր հուզական ազդեցությունը

  • Սովորողներին մտորելու հնարավորություն տուր: Կարևոր է հիշել, որ հեռավար ուսուցումն ավելին է, քան պարզապես ուսումնական ծրագիրը: Փորձիր փոխել առաջադրանքը՝ հնարավորություն ընձեռելով սովորողներին անդրադառնալու իրենց հեռավար ուսուցման փորձին: Որոշ ուսուցիչներ խրախուսում են օգտագործել գործիքներ, որոնք թույլ են տալիս մեկնաբանություններ թողնել, որպեսզի սովորողները կարողանան կիսվել և աջակցել միմյանց։
  • Մի մոռացիր ցույց տալ քո երախտագիտությունը: Օգտագործիր կարճ նամակներ կամ դասարանում հաղորդագրությունների փոխանցման գործիքներ՝ խրախուսելու ինքդ քեզ և քո սովորողներին միմյանց երախտագիտության և գնահատման նամակներ ուղարկել։
  • Եղիր ազնիվ սովորողների և ինքդ քեզ հետ: Հեռավար ուսուցմանը միանգամից հարմարվելու համար շատ բան է պահանջվում: Սովորողների հետ կիսիր հեռավար ուսուցման քո փորձը և տեղեկացրու նրանց, որ բնական է նոր գործիքի կիրառման կամ նոր հասկացության յուրացման հետ կապված դժվարություններ ունենալը:

Ընդմիջում արա

  • Եղիր իրատես․ մի ակնկալիր, որ կհասցնես ներկայացնել այնքան, ինչքան կկարողանայիր անել դասասենյակում: Ընտրիր հիմնական չափորոշիչները կամ հասկացությունները, որոնց վրա պետք է կենտրոնանալ: Ո՞ր հմտություններն են ամենակարևորը սովորողների համար: Ընտրիր դրանցից մի քանիսը (ուսուցիչներից շատերն առաջարկում են շաբաթական 2-3 հմտություն), որոնց վրա սովորողները պետք է աշխատեն, և դրանց համապատասխան հանձնարարիր շաբաթական 3-5 առաջադրանք։ Իմացիր ավելին, թե ինչպես կարելի է «Քան» ակադեմիայում առաջադրանքներ ստեղծել:
«Քան» ակադեմիայի միջոցով հեռավար ուսուցման վերաբերյալ ավելին իմանալու համար դիտիր մեր վեբինարի ամբողջական ձայնագրությունը:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: