If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Օգտագործենք «Քան» ակադեմիան հեռավար ուսուցման համար

«Քան» ակադեմիան մանկավարժների համար
Երբ ուսուցիչներն աջակցում են սովորողներին հեռավար ուսուցման միջավայրում, մենք խորհուրդ ենք տալիս «Քան» ակադեմիայի վարպետության դասընթացը համադրել առաջադրանքների հետ՝ բոլոր սովորողների կարիքները լավագույնս բավարարելու համար։
Վարպետության դասընթացն առաջադրանքների հետ համադրելով՝ դու երկարաժամկետ, սեփական արագության վրա հիմնված աշխատանքը միավորում ես ներկա պահին ուսուցչի կողմից ուղղորդված հմտությունների յուրացման հետ: Թույլ տալով սովորողներին յուրացնելու մեկ տարվա բովանդակությունն իրենց սեփական արագությամբ՝ դու հնարավորություն ես տալիս նրանց կենտրոնանալու վարպետության դասընթացի, ինչպես նաև ներկա պահին հիմնական հմտությունների վրա: (Վարպետության դասընթացն առաջադրանքների հետ համադրելու վերաբերյալ ավելին իմանալու համար կարդա այս հոդվածը։)
Ստորև ներկայացված են այս մոդելը հեռավար ուսուցման համար օգտագործելու առաջարկությունները:

Դեմ առ դեմ ժամանակն օգտագործիր համայնքի կառուցման և խնդիրների լուծման համար

Հեռավար ուսուցման պայմաններում դեմ առ դեմ ժամանակը կարող է սահմանափակ լինել: Փորձառու ուսուցիչները խորհուրդ են տալիս օգտագործել այս արժեքավոր ժամանակը սովորողների հետ կապ հաստատելու և նրանց հետ ամենաբարդ խնդիրները լուծելու համար:

Կապ հաստատիր սովորողների հետ

Սկսիր հեռավար դասը՝ սովորողներին հնարավորություն ընձեռելով շփվելու մյուս սովորողների և քեզ հետ։ Մարդկային հարաբերություններն էական նշանակություն ունեն բոլոր սովորողների համար։ Ուստի հնարավորության դեպքում փորձիր սովորողներին ժամանակ տրամադրել միմյանց հետ հաղորդակցվելու համար՝ հստակ ժամանակ նախատեսելով ավելի ուշ «Քան» ակադեմիայում աշխատելու համար։
Դասի ժամանակ, հատկապես հեռավար դասասենյակում, խոսակցությունները խրախուսելու համար կարող ես փորձել «Քան» ակադեմիայի Refresh-ը. այն հինգրոպեանոց միջոցառումների խումբ է, որն առաջարկում է մաքուր օդ շնչել և օգնում է սովորողներին ժամանակին վերադառնալ և շարունակել դասը։
Բացի այդ, եթե կարող ես, դասի ավարտին սովորողներին ժամանակ տրամադրիր միմյանց և քեզ լրացուցիչ հարցեր տալու համար: Յուրաքանչյուր դասարան յուրահատուկ համայնք է, և կարևոր է ժամանակ հատկացնել այդ համայնքը կառուցելուն, հատկապես, երբ սովորողները միմյանցից ֆիզիկապես հեռու են:
Հեռավար պայմաններում փոխգործակցությանն ավելի շատ ժամանակ հատկացնելու նպատակով կարող ես օգտագործել «Քան» ակադեմիայի ուսուցողական տեսանյութերը, որոնք կօժանդակեն իրական ուսուցմանը։ Իրական ուսուցումը տեսանյութերով փոխարինելով կամ դրանք որպես լրացուցիչ նյութ օգտագործելով՝ ուսուցիչները կարող են ավել ժամանակ շահել խնդիրներ լուծելու և հասարակական աշխատանքներ կատարելու համար։

Դժվար խնդիրներ և վերադասավանդում

Քանի որ սովորողներն ուսուցչի հետ միասին ֆիզիկապես նույն տարածքում չեն գտնվում, ապա քիչ հավանական է, որ վարժությունները կատարելիս նրանք օգնություն կխնդրեն, երբ դրա կարիքն ունենան։
Նախքան սովորողների հետ ուղիղ կապ հաստատելը օգտագործիր «Քան» ակադեմիայի Հմտությունների ամփոփագիրը՝ սովորողների համար խնդրահարույց հմտությունները բացահայտելու համար։ Այնուհետև, հեռավար դասի ժամանակ սովորողներին ներկայացրու մի հմտություն, նրանց հնարավորություն տուր, որ հարցեր տան, և նույնիսկ միասին լուծեք նմուշային մի խնդիր: Փորձիր խրախուսել սովորողներին ուսուցման ընթացքին զուգահեռ աշխատել իրենց սևագրերի վրա․ անհրաժեշտության դեպքում խնդրիր սովորողին ուսուցման ընթացքը քայլ առ քայլ վարել իր էկրանից։
Կարող ես օգտագործել նաև «Քան» ակադեմիայի Առաջադրանքի միավորների ամփոփագիրը՝ քո սովորողների կողմից ամենից հաճախ բաց թողնված հարցերը բացահայտելու համար: Ընտրիր ամփոփագրից մեկ հարց և հնարավորություն ընձեռիր, որ սովորողները հարցեր տան և կիսվեն ընտրված հարցի հետ կապված դժվարություններով: Այնուհետև միասին լուծեք խնդիրը։

Ակնկալիքների սահմանում և հետադարձ կապ

Հաշվի առնելով, որ հեռավար ուսուցման պայմաններում սովորողները «Քան» ակադեմիայում ինքնուրույն են սովորում, անհրաժեշտ է հստակ սահմանել, թե սովորողների կատարած աշխատանքն ինչ բովանդակություն պետք է ունենա, և թե ինչպիսի առաջընթաց է նրանցից ակնկալվում։ Ուսուցիչներն առաջարկում են սահմանել երկարաժամկետ նպատակներ՝ վարպետության դասընթացի, և կարճաժամկետ նպատակներ՝ առաջադրանքների միջոցով։ Ներգրավիր սովորողներին նպատակների սահմանման գործընթացում, իսկ նպատակների սահմանման և առաջընթացի մոնիտորինգի մասին ավելին իմանալու համար կարդա այս հոդվածը:
Կարևոր է սովորողներին հնարավորություն տալ մտորելու իրենց նպատակների ու առաջընթացի շուրջ․ որոշ ուսուցիչներ խրախուսում են օգտագործել թվային փաստաթուղթ, որը կծառայի որպես օրագիր, և որտեղ ուսուցիչներն ու սովորողները կարող են փոխանակել իրենց մտքերը։ Նպատակ սահմանելու այս ձևանմուշներն օգնում են սովորողներին կենտրոնանալ կարճաժամկետ առաջնահերթությունների ու երկարաժամկետ նպատակների վրա և մտորումների առիթ են ստեղծում:
Բացի այդ, սովորողները սովոր են դասարանում իրենց ուսուցիչներից հետադարձ կապ ստանալ: Չնայած «Քան» ակադեմիան և՛ ուսուցիչներին, և՛ սովորողներին ակնթարթային արձագանք և առաջընթացի ամփոփագրեր է տրամադրում, ամեն դեպքում այն չի կարող փոխարինել ուսուցչի կողմից տրվող հետադարձ կապին։ Ժամանակ հատկացրու, առնվազն շաբաթական կտրվածքով վերանայիր յուրաքանչյուր սովորողի առաջընթացը և դրա կապակցությամբ անմիջական կապ հաստատիր սովորողի և իր ծնողի/խնամակալի հետ՝ հաջողությունը նշելու համար։
Եթե ծնողները/խնամակալները ցանկանում են հետևել սովորողի առաջընթացին, կարող ես նրանց հետ կիսվել ծնողի արագ մեկնարկի ուղեցույցով, որը կօգնի նրանց ստեղծել ծնողի հաշիվ «Քան» ակադեմիայում:

Մյուս ուսուցիչների հետ կապ հաստատելու հնարավորություններ գտիր

Հեռավար ուսուցման պայմաններում հեշտ է մոռանալ ինքդ քեզ: Հնարավորության դեպքում ժամանակ հատկացրու մյուս ուսուցիչների հետ կապ հաստատելու և հաղորդակցվելու համար։
Փորձառու ուսուցիչների կողմից ամենից շատ հնչող առաջարկներից մեկը սեփական դժվարություններով ու հաջողություններով միմյանց հետ կիսվելն է: Հեռավար ուսուցումը լի է մարտահրավերներով, և լավագույն փորձն ու լավագույն աջակցությունն այս պահերին կարելի է գտնել ուսուցիչների համայնքի ներսում։

Եթե հավելյալ աջակցության կարիք ունես

Լրացուցիչ տեղեկատվության համար այցելիր մեր Աջակցության կենտրոն: Եթե ցանկանում ես ծանոթանալ մյուս ուսուցիչների տպավորություններին, այցելիր մեր «Դասավանդիր «Քան»-ի հետ» խումբը Facebook-ում կամ Twitter-ում:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: