If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ուժերի և մարմնի վրա ազդող ուժերի տրամագրերի ներածության ամփոփում

Մարմնի վրա ազդող ուժերի հիմնական հասկացությունների և հմտությունների ամփոփում, ներառյալ, թե ինչպես կարելի է կառուցել մարմնի վրա ազդող ուժերի տրամագրերը։

Հիմնական հասկացություններ

ԵզրույթՆշանակություն
ՈւժՄարմնի վրա այլ մարմինների ազդեցությունը բնութագրող մեծություն։ Սովորաբար նշանակվում է F տառով։ ՄՀ-ում միավորը նյուտոնն է (Ն) կամ կգ մվ2-ն։
Կոնտակտային ուժՈւժ, որն առաջանում է մարմինների հպման հետևանքով։ Կոնտակտային ուժի օրինակներ են պարանի լարվածության (լարման) ուժը, հենարանի հակազդեցության և շփման ուժերը։
Հեռահար ուժՈւժ, որի առաջացման համար մարմինների հպում անհրաժեշտ չէ։ Հեռահար ուժի օրինակ է ծանրության ուժը։
Մարմնի վրա ազդող ուժերի տրամագիրՏրամագիր, որով ներկայացվում են մարմնի վրա ազդող ուժերը։ Մարմինը ներկայացվում է կետի միջոցով, իսկ ուժերը՝ այդ կետից դուրս եկող սլաքների։

Ուժերի տեսակները

Ուժը (նշանակումը)ՏեսակըՆկարագրությունը
Ծանրության ուժ (Fծ կամ W)ՀեռահարԶանգված ունեցող մարմնի վրա ազդող ձգողականության ուժը։ Միշտ ուղղված է դեպի Երկիրի կենտրոն (դեպի վար)։
Լարման ուժ (Fլ կամ T)ԿոնտակտայինՄարմինը ձգելու համար գործադրվող ուժը։ Կարող են գործադրել թելը, պարանը, շղթան, մալուխը կամ լարը։ Ազդում է մարմնի վրա և ուղղված է ուժը գործադրող մարմնի ուղղությամբ։
Հենարանի հակազդեցության ուժ (Fհ կամ N)ԿոնտակտայինՀպվող մարմինների միջև գործող ուժը։ Ազդում է մարմնի մակերևույթին ուղղահայաց ուղղությամբ և ուղղված է դեպի մարմնի մակերևույթը։
Շփման ուժ (Fշ կամ f)ԿոնտակտայինՈւժ, որը հակազդում է երկու մակերևույթների՝ միմյանց նկատմամբ սահքին։ Ազդում է հպման մակերևույթին զուգահեռ և հակուղղված է սահքի ուղղությանը։

Ինչպես պատկերել մարմնի վրա ազդող ուժերի տրամագիրը

  1. Նախ որոշիր կոնտակտային ուժերը։ Մարմինը եզրագծելով՝ որոշիր, թե ինչին է հպված մարմինը (տես ստորև պատկերված նկար 1-ը)։ Կետով նշիր այն մասը, որտեղ եզրագծին ինչ-որ մարմին է հպվում․ որտեղ կետ կա նշված, այնտեղ առնվազն մեկ կոնտակտային ուժ է ազդում։ Կոնտակտային կետերից տար ուժերի վեկտորները և ցույց տուր, թե ինչպես են նրանք ազդում մարմնի վրա (ցույց տուր ուժերի ուղղությունները)։
    Նկար 1․ Թեք հարթության վրա տեղադրված պանրի կտորի վրա ազդող կոնտակտային ուժը
  2. Կոնտակտային ուժերը որոշելուց հետո դիտարկվող մարմինը ներկայացնելու համար կետ նկարիր (տես ստորև ներկայացված նկար 2-ը)։ Անհրաժեշտ է որոշել միայն այն ուժերը, որոնք ազդում են դիտարկվող մարմնի վրա։ Այն ուժերը, որոնցով մարմինն ազդում է այլ մարմինների վրա, անհրաժեշտ չեն։
  3. Պատկերիր կոորդինատային համակարգ և նշիր առանցքների դրական ուղղությունները։ Եթե մարմինը գտնվում է թեք հարթության վրա, ապա կոորդինատների առանցքները համապատասխանեցրու թեք հարթությանը։
  4. Կետի վրա ազդող կոնտակտային ուժերը պատկերիր կետից դուրս եկող սլաքների միջոցով։ Համոզվիր, որ սլաքների երկարությունները մոտավորապես հավասար են։ Նշագրիր բոլոր սլաքները։
  5. Պատկերիր և նշագրիր հեռահար ուժերը։ Հեռահար ուժը սովորաբար ծանրության ուժն է, եթե առկա չեն էլեկտրական լիցքեր կամ մագնիսական դաշտեր։
  6. Մարմինը ներկայացնող կետից այն կողմ պատկերիր և նշագրիր արագացման վեկտորըայն չպիտի հատվի կետի հետ։ Եթե արագացում առկա չէ, ապա գրիր a=0։
Ահա սեղանի վրա դրված պանրի կտորի վրա ազդող ուժերի տրաագիրը (տես նկար 2-ը)։ Երկրի ձգողականության հետևանքով պանրի վրա ազդում է ծանրության ուժը (W), իսկ սեղանը պանրի վրա գործադրում է հակազդեցության ուժ (N)։ Քանի որ պարաններ չկան, և պանրի կտորը չի փորձում սահել, ապա լարման և շփման ուժերը բացակայում են։
Նկար 2․ Սեղանի վրա հանգստի վիճակում գտնվող պանրի կտորի վրա ազդող ուժերի տրամագրում ներառված են հենարանի հակազդեցության դեպի վեր ազդող N ուժը և դեպի վար ազդող W ծանրության ուժը։ Արագացումը զրո է։

Հաճախ հանդիպող սխալներ

  1. Երբեմն պատկերում են այլ մարմինների վրա դիտարկվող մարմնի գործադրած ուժերը։ Մեզ անհրաժեշտ է պատկերել միայն դիտարկվող մարմնի վրա ազդող ուժերը։ Մեզ հետաքրքիր է միայն, թե ինչ է տեղի ունենում դիտարկվող մարմնի հետ։
  2. Երբեմն մոռանում են, թե ինչ ուղղություններով են ազդում տարբեր տեսակի ուժերը։ Ծանրության ուժը միշտ ուղղված է դեպի վար, շփման ուժը միշտ զուգահեռ է հպման մակերևույթին, հենարանի հակազդեցության ուժը միշտ ուղղահայաց է հպման մակերևույթին, իսկ լարման ուժը միշտ ազդում է մարմնից։

Իմանալ ավելին

Որպեսզի ստուգես, թե որքանով ես յուրացրել թեման, և աշխատես թեմայի հասկացություններն ավելի լավ յուրացնելու ուղղությամբ, տես մարմնի վրա ազդող ուժերի տրամագրի վերաբերյալ վարժությունը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: