If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ի՞նչ կարող ես անել՝ իմանալով կենսաբանություն

Իմացիր կենսաբանության ոլորտում մասնագիտությունների բազմապիսի հնարավորությունների մասին։ Մենք նաև կքննարկենք այն քայլերը, որոնք անհրաժեշտ են քեզ հետաքրքրող մասնագիտությանը հասնելու համար։

Ի՞նչ կարող ես անել՝ իմանալով կենսաբանություն

Դու հաճույքո՞վ ես ուսումնասիրում կենսաբանության դասերը, սիրու՞մ ես բնությունը, կենդանիներ և բույսեր, հետաքրքրվա՞ծ ես բժշկությամբ, կամ պարզապես քեզ հետաքրքրու՞մ է կենդանի աշխարհը։
Եթե այո՛, ապա հավանաբար արդեն մտածում ես կենսաբան դառնալու մասին։ Բայց երևի թե շատ հարցեր ունես կենսաբանի մասնագիտության վերաբերյալ։ Հավանաբար մտածում ես՝ ինչպիսին կլիներ քո աշխատանքը որպես մասնագետ կենսաբան։ Կամ՝ ողջ ժամանակդ կծախսեիր լաբորատորիայո՞ւմ, թե՞ կուսումնասիրեիր արևադարձային ջունգլիները։ Կկարողանայի՞ր արդյոք բավարար գումար վաստակել, օգնել ուրիշներին, ի վերջո կկարողանայի՞ր արդյոք քո աշխատանքով փոխել աշխարհը։
Նշված հարցերը իսկապես շատ կարևոր են, իսկ դրանց պատասխանները մեծապես կախված են նրանից, թե կենսաբանական կրթությունից հետո ինչով կորոշես զբաղվել։ Կենսաբանությունն ուսումնասիրելուց հետո քո առջև կբացվեն ամենատարբեր մասնագիտական դռներ, այդ թվում նաև հետազոտական (օրինակ՝ կենսաբժշկություն և բնապահպանություն), ինչպես նաև ոչ հետազոտական՝ դասավանդում, գիտական հաղորդակցություն և հանրային քաղաքականություն։
Այս հոդվածի նպատակն է օգնել քեզ բացահայտելու կենսաբանության հետ փոխկապակցված մասնագիտություններ և պատկերացում կազմելու, թե որքան զանազան բաներ կարող ես անել այս զարմանահրաշ առարկայի հետ։

Կենսաբանությունը շատ դռներ է բացում

Կենսաբանությունը շատ բազմազան գիտություն է։ Կենսաբանը ուսումնասիրում է կյանքը եզակի մոլեկուլներից մինչև կազմավորված օրգանիզմներ և ամբողջ էկոհամակարգեր։ Իսկ կենսաբաններին հասանելի մասնագիությունների շարքն է՛լ ավելի բազմազան է։ Կենսաբանները կարող են աշխատել ամենատարբեր հետազոտական ոլորտներում՝ առողջապահության, բժշկության, միջավայրի պաշտպանության, կրթության և մի շարք այլ ոլորտներում։
Ահա մի քանի մասնագիտություն, որոնց հիմքում ընկած է կենսաբանությունը․
  • Բժիշկ, բուժքույր, բուժեղբայր, բժշկի օգնական, գենետիկ խորհրդատու
  • Բնապահպան, էկոլոգ
  • Լաբորատոր հետազոտող համալսարաններում կամ այլ հաստատություններում
  • Գիտության ոլորտում գրող (ժամավճարով կամ պայմանագրային աշխատակից)
  • Դեղագետ, կենսաբժշկական սարքերի ինժիներ
  • Սննդաբան կամ գյուղատնտեսության ոլորտի փորձագետ
  • Ուսուցիչ, պրոֆեսոր, իրազեկման համակարգող
  • Գիտության վերաբերյալ հանրային քաղաքականության, կառավարության կամ ըտրված քաղաքական գործիչների խորհրդատու
Վերը նշվածները հնարավոր տարբերակներից միայն մի փոքր մասն են։

Տեղեկացիր հենց կենսաբաններից

Ես կարող եմ շատ երկար նկարագրել մասնագիտական ընտրության այս բոլոր հնարավորությունները, բայց իրականում որպեսզի ասածս ավելի պատկերավոր լինի, թե ինչ տարբեր աշխատանքներ կարող է կատարել կենսաբանը, մենք ստեղծել ենք այս ոլորտներում հաջողության հասած մասնագետների հետ հարցազրույցների շարք։ Ահա դրանցից մի քանիսը․
  • Էրին Քեյն, Ջեյն Գուդոլի օրինակին հետևող պրիմատոլոգ, որը նաև բալետի հիանալի պարուհի է։
  • Ջովել Քուիրոլո, ավագ դպրոցի ուսուցիչ, որն իր աշակերտներին է փոխանցում իր մեծ սերը կենսաբանության հանդեպ և յուրաքանչյուր ամառ աշխատում է նաև որպես դաշտային էկոլոգ։
  • Քրիս Նորթարդ, սննդաբան, որը համատեղում է օգտակարն ու հաճելին՝ ավելի համեղ դարձնելով կաթնամթերքը։ Նա նաև ճանաչված ֆրիսբի խաղացող է։
  • Ստեֆանի Սփենս, Sierra Club-ի բնապահպանության վերաբերյալ հոդվածների թղթակից և գիտաֆանտաստիկ փոդքաստի հեղինակ։
  • Ալիսա Լեհման, գիտական հոդվածագիր, որը մարդկանց օգնում է հասկանալու սեփական գենոմը և ազատ ժամանակ սիրում է մասնակցել կիսամարաթոնների։
  • Կառլ Ստենոին, միջատաբան, որն ուսումնասիրում է մակաբույծ կրետներին, որոնք ձվադրում են թիթեռի հարսնյակում։ Նա նաև աշխատում է Decathlon-ում։
  • Փոլ Նիոլի, դեղագործական հետազոտող և ավեստի սիրահար։
Մենք պատրաստվում ենք այս շարքը համալրել ավելի շատ անուններով, այնպես որ անընդհատ ստուգի՛ր այս հոդվածը՝ քեզ հետաքրքրող նորանոր մասնագիտությունների մասին տեղեկանալու համար (ինչպես նաև այդ մասնագիտական ոլորտների մասին խորհուրդներ լսելու համար)։ Այս տեղեկույթը քեզ կներկայացնեն այնպիսի մարդիկ, որոնք այժմ աշխատում են հենց այդ ոլորտներում։

Եթե ես իսկապես հետաքրքրված եմ [X մասնագիտությամբ], ապա ի՞նչ պետք է անեմ

Եթե վերոնշյալ մասնագիտություններից մեկը հետաքրքրեց քեզ, ապա միանշանակ կարող ես քայլեր ձեռնարկել այն ավելի խորությամբ հասկանալու համար։ Ահա մի քանի առաջարկ քեզ հետաքրքրող մասնագիտությանն ավելի սերտ ծանոթանալու համար։

Ծանոթացիր քեզ հետաքրքրող մասնագիտությամբ աշխատող մարդկանց հետ

Անկախ նրանից, թե ինչ մասնագիտությամբ ես հետաքրքրված, քո շրջապատում հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք աշխատում են նմանատիպ ոլորտում։
  • Կարող ես էլեկտրոնային փոստով կապ հաստատել այդ մարդկանց հետ՝ ներկայանալով և խնդրելով զրուցել այդ մասնագիտության վերաբերյալ (սա կոչվում է տեղեկատվական հարցազրույց
  • Դու կարող ես նույնիսկ խնդրել նրանց հետևել նրանց աշխատանքային առօրյային, այսինքն՝ մի որոշ ժամանակ՝ մեկ օր կամ մեկ շաբաթ, հետևել իրականացվող աշխատանքներին՝ ուսումնասիրելով, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում նրանց աշխատանքը։
Մասնագետներին դիմելիս եղիր նրբանկատ և համբերատար, պատրաստ եղիր, որ ոմանք միգուցե չկարողանան ժամանակ գտնել կամ հնարավորություն չունենան քեզ օգնելու համար։ Այնուամենայնիվ, եթե հետամուտ լինես, ամենայն հավանականությամբ կգտնես մեկին, ով կկիսվի քեզ հետ իր փորձով (և նույնիսկ կարող է դառնալ քո ուսուցիչը)։

Ներգրավվիր մասնագիտությանդ առնչվող ցանկացած հնարավորությունում

Փնտրիր հնարավորություններ, որոնք քեզ թույլ են տալիս ընտրածդ ոլորտում «ձեռքերդ թաթախել»։ Նմանատիպ փորձի ձեռքբերումը կարևոր է, քանի որ՝ 1) արդյունքում դու կստանաս մասնագիտական կարևոր հմտություններ և կապեր, 2) ի վերջո այս փորձի միջոցով կհասկանաս՝ արդյոք տվյալ մասնագիտությունը համապատասխանում է քեզ, և արդյոք դու ցանկանում ես ապագայում զբաղվել դրանով։
Արդյոք քեզ հետաքրքրու՞մ են կենսաբանական կամ կենսաբժշկական հետազոտությունները։ Եթե դու սովորում ես ավագ դպրոցում, համալսարանում կամ նույնիսկ եթե չես սովորում նշված հաստատություններում, բայց այն քաղաքում, որտեղ բնակվում ես, կան համալսարաններ, ապա կարող ես ուսումնասիրել այդ համալսարանի կայքը և փնտրել կենսաբանական լաբորատորիա, որտեղ կատարվում են հետազոտություններ։ Եթե գտնես, ապա կարող ես կապվել լաբորատորիայի պրոֆեսորի հետ և հետաքրքրվել՝ արդյոք տվյալ հաստատությունը ընդունում է կամավոր հետազոտողների, կամ արդյոք այդտեղ անցկացվում են գործնական ուսուցման դասընթացներ։ Նման հնարավորություններ կարող ես գտնել նաև կենսատեխնոլոգիական ընկերություններում, ինչպես, օրինակ՝ դեղագործական, կենսաբժշկական սարքավորումներ արտադրող կամ ախտորոշում իրականացնող լաբորատորիաներում։
Եվ իհարկե, գիտությամբ զբաղվելու համար ոչ միշտ է պարտադիր համալսարան կամ ավագ դպրոց գտնելը։ Գոյություն ունի այսպես կոչված հանրամատչելի գիտություն, որտեղ մասնակիցները միավորվում են որևէ կենսաբանական երևույթ ուսումնասիրելու համար՝ չլինելով մասնագիտությամբ կենսաբաններ (օրինակ՝ ուսումնասիրել՝ արդյոք ինչ-որ բույսերի կամ կենդանիների պոպուլյացիաներում առանձնյակների քանակն աճում է, թե նվազում)։ Great Backyard Bird Count-ը դրա վառ օրինակներից մեկն է, որ զբաղվում է նման նախագծով։ Օրինակ՝ բնությամբ և կենդանիներով հետաքրքրվող շատ մարդիկ կարող են մասնակցել այս միջոցառմանը և որոշել՝ արդյոք ցանկանում են մասնագիտանալ էկոլոգիայի ոլորտում։

Հաջողություն եմ մաղթում քեզ սպասվող կենսաբանական ճանապարհորդությունում

Անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կուսումնասիրես, լավագույն տարբերակը՝ պարզելու արդյոք այն համապատասխանում է քեզ, թե ոչ, հետազոտությունների իրականացումն է (խորհուրդներ ստանալով տվյալ մասնագիտությամբ զբաղվող մարդկանցից կամ այդ աշխատանքով զբաղվելով)։ Բացի դրանից՝ պետք է անկեղծ լինես ինքդ քեզ հետ և ճիշտ պահին հասկանաս՝ արդյոք քեզ դուր կգա ամեն օր այդ աշխատանքով զբաղվելը։ Օրինակ՝ միգուցե որոշես կենսաբժշկության ոլորտում որպես հետազոտող աշխատել, բայց աշխատանքի ընթացքում հասկանաս, որ մկների հետ աշխատելը քեզ դուր չի գալիս, կամ ավելի շատ ցանկանում ես մարդկանց հետ աշխատել։
Եթե ստացվի այդպես, ապա մի՛ անհանգստացիր։ Փորձիր զբաղվել այլ մասնագիտություններով և աշխատանքով։ Որքան շատ հետազոտես, այնքան ավելի է հավանական, որ կգտնես քեզ համապատասխան մասնագիտությունը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: