Հիմնական նյութ
Կենսաբանություն
Դասընթաց․ (Կենսաբանություն) > Բաժին 1
Դաս 2: Կենսաբանություն գիտությունըԳիտական մեթոդը
Ինչպես է օգտագործվում գիտական մեթոդը վարկածի ստուգման համար:
Ներածություն
Կենսաբանական հետազոտությունը սովորաբար սկսվում է դիտարկումից: Դա այն է, ինչ գրավում է կենսաբանի ուշադրությունը: Օրինակ՝ քաղցկեղի ուսումնասիրությամբ զբաղվող կենսաբանը կարող է նկատել, որ քաղցկեղի որոշակի տեսակ չի կարող բուժվել քիմիաթերապիայով, և զարմանալ, թե ինչու է այդպես: Ծովային բնապահպանը, տեսնելով, որ իր դաշտային տարածքի մարջանախութերը գունաթափվում են՝ սպիտակում են, միգուցե մեկնի այնտեղ, որպեսզի հասկանա, թե ինչու:
Ինչպե՞ս են կենսաբանները շարունակում իրենց հետազոտությունը այսպիսի դիտարկումներից հետո: Ինչպե՞ս դու կարող ես շարունակել հետազոտությունը բնության որևէ երևույթ դիտարկելուց հետո: Այս հոդվածում մենք կքննարկենք գիտական մեթոդը՝ խնդիրի լուծման տրամաբանական մոտեցում, որը կիրառվում է կենսաբանների և մի շարք այլ գիտնականների կողմից:
Գիտական մեթոդ
Կենսաբանության և այլ գիտությունների հիմքում ընկած է խնդիրների լուծման մի մոտեցում, որը կոչվում է գիտական մեթոդ: Գիտական մեթոդը կազմված է 5 հիմնական քայլից, որոնց գումարվում է ևս մեկը՝ հետադարձ կապի քայլը:
- Դիտարկում արա:
- Հարց տուր:
- Ձևակերպիր վարկած կամ ստուգվող բացատրություն:
- Կատարիր կանխատեսումներ վարկածի հիման վրա:
- Ստուգիր կանխատեսումը:
- Կրկնիր՝ օգտագործիր արդյունքները՝ նոր վարկածներ կամ կանխատեսումներ անելու համար:
Գիտական մեթոդն օգտագործվում է գիտության բոլոր ճյուղերում՝ ներառյալ քիմիան, ֆիզիկան, աշխարհագրությունը և հոգեբանությունը: Այս ոլորտների գիտնականները առաջադրում են տարբեր հարցեր և կատարում տարբեր փորձարկումներ: Այնուամենայնիվ, նրանք օգտագործում են միևնույն հիմնական մոտեցումը՝ տրամաբանական և փաստերով հիմնավորված պատասխաններ գտնելու համար:
Գիտական մեթոդի օրինակ․ ձախողումից մինչև բոված հացի կտոր
Եկ գիտական մեթոդի մասին որոշակի պատկերացում ձևավորենք՝ կիրառելով դրա քայլերն առօրյա կյանքի գործնական որևէ խնդրում:
1. Դիտարկիր
Ենթադրենք՝ դու ունես երկու կտոր հաց: Դրանք դիր տոստերի մեջ և սեղմիր կոճակը: Քո հացը չի տաքանում:
2. Հարց տուր
Ինչո՞ւ հացը չտաքացավ:
3. Ձևակերպիր վարկած
Վարկածը հարցի հնարավոր պատասխանն է, որը կարող է ինչ-որ եղանակով ստուգվել: Օրինակ՝ մեր վարկածն այս դեպքում այն է, որ հացը չի տաքացել, քանի որ էլեկտրական վարդակը սարքին չէ:
Պարտադիր չէ, որ վարկածը ճիշտ բացատրությունը լինի: Փոխարենը, այն հավանական բացատրություն է, որը կարող ենք ստուգել՝ համոզվելու համար արդյոք դա ճիշտ է, թե պետք է նոր վարկած մշակենք:
4. Կանխատեսիր
Կանխատեսումն այն ելքն է, որը մենք ակնկալում ենք, եթե վարկածը ճշմարիտ է: Այս դեպքում մենք կարող ենք կանխատեսել, որ եթե էլեկտրական վարդակը անսարք է, ապա տոստերն այլ էլեկտրական վարդակի միացնելով՝ խնդիրը կլուծվի:
5. Ստուգիր կանխատեսումը
Վարկածը փորձելու համար մենք պետք է դիտարկում անենք կամ կանխատեսման հետ կապված փորձ իրականացնենք: Օրինակ՝ այս դեպքում մենք տոստերն կմիացնենք այլ վարդակի և կտեսնենք՝ արդյոք այն տաքացնում է, թե ոչ:
- Եթե տոստերը տաքացնում է, ապա վարկածը հաստատվում է. այն, հավանաբար, ճիշտ է:
- Եթե տոստերը չի տաքացնում, վարկածը չի հաստատվում. այն, հավանաբար, սխալ է:
Ստուգման արդյունքները կարող են կա՛մ հաստատել, կա՛մ հերքել վարկածը: Այն արդյունքները, որոնք հաստատում են վարկածի ճշտությունը, սակայն չեն կարող վերջնականապես ապացուցել այն, նշանակում է, որ այն, հավանաբար, ճշմարիտ է: Մյուս կողմից, եթե արդյունքները հակասում են վարկածին, ապա այն, հավանաբար, ճշմարիտ չէ: Եթե ստուգման մեջ թերություն չի եղել (թերության հնարավորությունը պետք է միշտ հաշվի առնել), հակասական արդյունքը ենթադրում է, որ մենք կարող ենք հերքել վարկածը և առաջ քաշել նորը:
6. Կրկնիր
Գիտական մեթոդի վերջին քայլը մեր արդյունքների ստուգումն է և դրանց կիրառումը՝ մեր հաջորդ քայլերն առաջնորդելու համար:
- Եթե վարկածը հիմնավորվում է, այն հաստատելու համար գուցե ունենանք լրացուցիչ ստուգումներ կատարելու կամ ստուգումը կրկնելու կարիք՝ ավելի ճշգրիտ լինելու համար: Օրինակ՝ կարող ենք ուսումնասիրել, թե ինչու է վարդակը փչացել:
- Եթե վարկածը չի հիմնավորվում, կարող ենք նոր վարկած առաջ քաշել: Օրինակ՝ հաջորդ վարկածը կարող է լինել այն, որ տոստերի մեջ կտրված լար կա:
Գիտական մեթոդը հիմնականում շարունակական գործընթաց է: Այլ կերպ ասած՝ այն պարբերական է, այլ ոչ թե ուղղագիծ: Մեկ շրջափուլի արդյունքը հետադարձ կապ է ստեղծում՝ բարելավելով հարցադրումների հաջորդ փուլը:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։