If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Պատրաստվում ենք կենսաբանություն սովորել

Պատրաստվում ես կենսաբանությո՞ւն սովորել: Հավանաբար կցանկանաս վերհիշել հետևյալ հիմնարար թեմաները:

Ինչ պետք է իմանամ նախքան կենսաբանություն ուսումնասիրելը

Եթե դու հետաքրքրված ես կենսաբանությամբ կամ պատրաստվում ես առաջիկայում ուսումնասիրելու այն, գուցե ցանկանաս իմանալ, թե ինչ նախադրյալներ ունի կենսաբանությունը, այսինքն՝ ինչ այլ գիտելիքներ կծառայեն քեզ որպես ամուր հիմք՝ կենսաբանությունն ուսանելու համար: Եթե այդպես է, ուրեմն անցնենք առաջ:
Կարծում եմ՝ կենսաբանություն սովորելու միակ հստակ նախադրյալը հետաքրքրասիրությունն է, նոր փորձություններին պատրաստ լինելն ու բնական աշխարհի մասին քննադատաբար մտածելու ցանկությունը: Եթե դու ունես այս հատկանիշները, ապա կարող ես սկսել սովորել կենսաբանություն առանց հավելյալ գիտելիքների, իհարկե, եթե պատրաստ ես միաժամանակ ուսումնասիրելու նաև քիմիայի, ֆիզիկայի, վիճակագրության և մաթեմատիկայի որոշ տարրեր:
Այդուհանդերձ, կենսաբանության ոլորտում քո ճամփորդությունը շատ ավելի հեշտ ու հաճելի կլինի, եթե արդեն ինչ-որ չափով ծանոթ ես քիմիայի որոշ թեմաների: Ստորև բերված են քիմայի հիմնարար թեմաներից մի քանիսը, որոնք քեզ կօգնեն հասկանալու «Քան» ակադեմիայի կենսաբանության նյութերը (կամ կենսաբանության ցանկացած դաս):

Գիտական ընդհանուր հմտություններ

  • Գիտական մեթոդ: Արդյոք դու հիշո՞ւմ ես, թե ինչ է վարկածը, կամ ինչպես է այն փորձարկվում: Իսկ ի՞նչ է փորձը: Այս հիմնական հասկացությունների իմացությունը քեզ կօգնի ոչ միայն կենսաբանությունը, այլև գիտության տարբեր ոլորտներն ուսումնասիրելիս։

Քիմիա

  • Ընդհանուր քիմիա։ Վերհիշի՛ր, թե ինչ են ատոմները, մոլեկուլները, և ինչպես են դրանք փոխազդում միմյանց հետ: Ի վերջո՝ դա այն է, ինչից կազմված ենք մենք (և ամբողջ աշխարհը):
  • Թթվահիմնային քիմիա: Քո օրգանիզմում իրականացող քիմիական ռեակցիաները հիմնականում թթվահիմնային բնույթի են։ Այդ գործընթացները սովորաբար տեղի են ունենում ջրային լուծույթներում: Թթուների և հիմքերի իմացությունը քեզ առաջ կմղի կենսաքիմիայի ոլորտում։

Ֆիզիկա

  • Թերմոդինամիկայի օրենքները (տեսանյութը անգլերեն է): Վերհիշի՛ր, թե ինչ է էներգիան, և թե որ օրենքներին է ենթարկվում էներգիայի փոխանցումը: Էներգիան մշտապես հոսում է էկոհամակարգերում, օրգանիզմներում և բջիջներում՝ ապահովելով դրանց կենսագործունեությունը։

Վիճակագրություն

  • Հավանականության տեսության հիմունքները։ Հավանականությունը կենսաբանության առանցքային հասկացությունն է: Դու բազմաթիվ բանաձևերի կամ մանրուքների կարիք չունես, բայց հիմնական հասկացությունների ըմբռնումն ու կիրառումը զգալիորեն կօգնեն քեզ ուսումնասիրելու գենետիկան և պոպուլյացիոն գենետիկան։
  • Վիճակագրություն։ Վերհիշի՛ր, թե ինչ է տվյալագիտությունը, այդ թվում՝ ի՞նչ են թվաբանական միջինը, միջնարժեքը և մոդան: Իսկ եթե դու ավելի հեռուն գնաս և իմանաս վարկածների փորձարկման մասին, ապա, անկասկած, կգերազանցես շատերին։

Մաթեմատիկա

  • Հանրահաշվի հիմունքներ և գծապատկերներ։ Կենսաբանության ներածական դասերը չեն պահանջում մաթեմատիկական խոր գիտելիքներ, բայց հանրահաշվի հիմունքները և գծապատկերներ վերլուծելու հմտությունները (օրինակ՝ թեքության իմաստը) քեզ կօգնեն հասկանալու պատկերների և տվյալների նշանակությունը կենսաբանության մեջ։

Նախքան սկսելը կարիք կա՞, որ իմանամ այս ամենը

Իհարկե, ոչ: Ինչպես նշեցինք, դու կարող ես այս ամենը նաև սովորել կենսաբանությունն ուսումնասիրելու ընթացքում: Կենսաբանություն սովորելիս պարզապես պիտի պատրաստակամ լինես՝ այս թեմաները ևս զուգահեռ ուսումնասիրելու։ Ուստի մի՛ խուսափիր կենսաբանությունից, եթե դեռևս չես տիրապետում վերոնշյալ թեմաներին:
Դիպուկ օրինակ բերեմ: Երբ ես երեխա էի, հրաշալի օրինակ կարող էի ծառայել, թե ինչպես չպատրաստվել կենսաբանության դասերին: Ես երբեք չեմ ուսումնասիրել ֆիզիկա ո՛չ ավագ դպրոցում, ո՛չ էլ համալսարանի առաջին կուրսում: Դասընկերներիցս ես հետ էի մնում նաև քիմիայի իմ գիտելիքներով։ Չնայած խորհուրդ չեմ տալիս այսպիսի մոտեցում ունենալ, բայց իմ օրինակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մոտիվացված անձը կարող է հասնել հաջությունների կենսաբանության բնագավառում, եթե նույնիսկ հարակից ոլորտներում այնքան էլ չի առաջադիմել։

Իսկ եթե ես չեմ սիրում [քիմիա/ֆիզիկա/վիճակագրություն/մաթեմատիկա]

Մի՛ խուսափիր կենսաբանությունից, եթե այս թեմաներից որոշները չես սիրում (դեռ): Կենսաբանությունը հսկայական, բազմազան ոլորտ է: Բոլոր կենսաբանները պետք է ունենան որոշ հիմնարար գիտելիքներ քիմիայից, ֆիզիկայից, մաթեմատիկայից և վիճակագրությունից: Բայց պարտադիր չէ, որ նրանք մասնագիտացած լինեն այս բոլոր ոլորտներում:
Նաև, եթե դու նախկինում այս ոլորտներից մեկում վատ փորձառություն ես ունեցել, ապա ինչու՞ չփորձես «Քան» ակադեմիայի մոտեցումը։ Դա կարող է քո սպասածից ավելի հաճելի լինել:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: