If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Բջջաթաղանթի կառուցվածքը

Բջջաթաղանթի հեղուկ խճանկարային մոդելը: Բջջաթաղաթի սպիտակուցային, լիպիդային և ածխաջրային բաղադրիչները:

Ներածություն

Քո մարմնի ցանկացած բջիջ պատված է բարակ թաղանթով: Այս թաղանթն ունի բուսայուղի թանձրություն: Երբ առաջին անգամ կարդացի այս հետաքրքիր փաստը, չթվաց այն շատ վստահելի: Բուսայուղը, թվում է, շատ նուրբ սահման է՝ տարանջատելու համար բջիջը և մնացյալ աշխարհը: Բարեբախտաբար, պարզվում է, որ բջջաթաղանթը, ունենալով բուսայուղի թանձրություն և այլ առանձնահատկություններ, շատ լավ է կատարում իր աշխատանքը:
Ո՞րն է նրա հստակ աշխատանքը: Պլազմային թաղանթը ոչ միայն սահմանում է բջիջների եզրերը, այլև թույլ է տալիս բջջին փոխազդել իր միջավայրի հետ վերահսկվող կերպով: Բջիջները պետք է կարողանան ընդարձակվել, վերցնել և արտազատել տարբեր նյութեր՝ բոլորը հատուկ քանակներով: Ավելին՝ դրանք պետք է կարողանան հաղորդակցվել այլ բջիջների հետ՝ ճանաչելով իրենք իրենց և փոխանակելով տեղեկություն։
Այս դերերը կատարելու համար պլազմային թաղանթը լիպիդների կարիք ունի, որոնք ստեղծում են կիսաթափանցիկ պատնեշ բջջի և շրջապատի միջև: Այն նաև սպիտակուցների կարիք ունի, որոնք ներառված են թաղանթով փոխադրման ապահովման և բջջային հաղորդակցման մեջ: Կան նաև ածխաջրեր (շաքարներ և շաքարային շղթաներ), որոնք զարդարում են թե՛ սպիտակուցները, թե՛ լիպիդները, և օգնում են, որ բջիջները միմյանց ճանաչեն:
Այստեղ մենք ավելի մարամասն կդիտարկենք պլազմային թաղանթի տարբեր բաղադրիչները՝ ուսումնասիրելով դրանց դերերը, բազմազանությունը և համատեղ աշխատանքը՝ բջջի շուրջ ճկուն, զգայուն և ապահով պատնեշ ստեղծելու համար:

Հեղուկ խճանկարի մոդելը

Պլազմային թաղանթի կառուցվածքի ներկայումս ընդունված մոդելը՝ հեղուկ խճանկարի մոդելը, առաջին անգամ առաջարկվել է 1972թ.: Այս մոդելը զարգացել է ժամանակի ընթացքում, բայց այն դեռևս տալիս է շատ բջիջներում թաղանթների կառուցվածքի և գործունեության լավ նկարագիր:
Համաձայն հեղուկ խճանկարի մոդելի՝ պլազմային թաղանթը բաղադրիչների խճանկար է՝ առաջին հերթին՝ ֆոսֆոլիպիդների, խոլեստերինի և սպիտակուցների, որոնք ազատորեն և հոսուն շարժվում են թաղանթի մեջ: Այլ կերպ ասած՝ պլազմային թաղանթի տրամագիրը (որը ներկայացված է ներքևում) պարզապես դինամիկ գործընթացի մեկ վայրկյանի լուսանկար է, որտեղ ֆոսֆոլիպիդները և սպիտակուցները շարունակաբար սահում են և անցնում միմյանց կողքով:
Հետաքրքական է, որ այս հոսունությունը նշանակում է, որ եթե բջջի մեջ շատ բարակ ասեղ մտցնես, թաղանթը պարզապես կսկսի հոսել ասեղի շուրջը, իսկ հենց ասեղը հեռացնես, թաղանթը սահուն կերպով հետ կհավաքվի:
Պլազմային թաղանթի նկար, որը ցույց է տալիս ֆոսֆոլիպիդային երկշերտը՝ ծայրամասային և ինտեգրալ թաղանթային սիտակուցներով, գլիկոպրոտեիններով (սպիտակուցներ, որոնց ածխաջուր է կցված), գլիկոլիպիդներով (լիպիդներ, որոնց ածխաջուր է կցված) և խոլեստերինի մոլեկուլներով:
Նկարի աղբյուրը՝ OpenStax Biology
Պլազմային թաղանթի շատ կարևոր բաղադրիչներն են լիպիդները (ֆոսֆոլիպիդները և խոլեստերինը), սպիտակուցները և ածխաջրային խմբերը, որոնք կցված են որոշ լիպիդների և սպիտակուցների:
  • Ֆոսֆոլիպիդը գլիցերինից, ճարպաթթվային երկու պոչիկից և ֆոսֆատային խմբի գլխիկից կազմված լիպիդ է: Կենսաբանական թաղանթները սովորաբար կազմված են ֆոսֆոլիպիդների երկու շերտից՝ դեպի ներս ուղղված պոչիկներով: Այս դասավորությունը անվանում են ֆոսֆոլիպիդային երկշերտ:
  • Խոլեստերինը մեկ այլ լիպիդ է՝ կազմված իրար միացած ածխածնային չորս օղակներից և տեղակայվում է թաղանթի մեջ՝ ֆոսֆոլիպիդների կողքին։
  • Թաղանթի սպիտակուցները կարող են մասամբ տարածվել պլազմային թաղանթի մեջ՝ ամբողջապես հատելով այն կամ ազատորեն կապվելով դրա ներքին կամ արտաքին մակերեսին:
  • Ածխաջրային խմբերը տեղակայված են պլազմային թաղանթի միայն արտաքին մակերեսին և կցված են սպիտակուցներին՝ ձևավորելով գլիկոպրոտեիններ, կամ լիպիդներին՝ ձևավորելով գլիկոլիպիդներ:
Տարբեր բջիջների սպիտակուցների, լիպիդների և ածխաջրերի համամասնությունը տարբեր է: Մարդու բջջում սպիտակուցները զբաղեցնում են զանգվածի 50%-ը, լիպիդները՝ մոտ 40%-ը, իսկ մնացած 10%-ը զբաղեցնում են ածխաջրերը:

Ֆոսֆոլիպիդներ

Ֆոսֆոլիպիդները, դասավորվելով երկշերտով, կազմում են պլազմային թաղանթի հիմնական կմախքը: Նրանց այս դերը շատ է սազում, քանի որ ամֆիպատիկ են՝ ունեն և՛ հիդրոֆիլ, և՛ հիդրոֆոբ հատվածներ:
Ֆոսֆոլիպիդի քիմիական կառուցվածքը, որտեղ երևում են հիդրոֆիլ գլիկը և հիդրոֆոբ պոչիկը:
Նկարի աղբյուրը՝ OpenStax Biology
Ֆոսֆոլիպիդի հիդրոֆիլ կամ «ջուր սիրող» հատվածը իր գլխիկն է, որը պարունակում է բացասական լիցքավորված ֆոսֆատային խումբ, ինչպես նաև լրացուցիչ փոքր խումբ (տրամագրում R-ով նշված փոփոխվող մասը), որը նույնպես կարող է լիցքավորված կամ բևեռային լինել: Երկշերտ թաղանթի ֆոսֆոլիպիդների հիդրոֆիլ գլխիկները բջջի և՛ ներսում, և՛ դրսում ուղղված են դեպի հեղուկ (ջրային) մասը։ Քանի որ ջուրը բևեռային մոլեկուլ է, այն ձևավորում է էլեկտրաստատիկ (լիցքի վրա հիմնված) փոխազդեցություններ ֆոսֆոլիպիդային գլխիկների հետ:
Ֆոսֆոլիպիդի հիդրոֆոբ կամ «ջրից վախեցող» հատվածը կազմում են նրա երկար, ոչ բևեռային ճարպաթթվային պոչիկները: Ճարպաթթվային պոչիկները կարող են հեշտությամբ փոխազդել այլ՝ ոչ բևեռային մոլեկուլների հետ, բայց ջրի հետ վատ են փոխազդում: Այդ պատճառով ֆոսֆոլիպիդների համար էներգիապես ավելի նպաստավոր է հավաքել իրենց ճարպաթթվային պոչիկները թաղանթի ներսում, որտեղ նրանք պաշտպանված են շրջապատող ջրից: Այս փոխազդեցությունների արդյունքում ձևավորված ֆոսֆոլիպիդային երկշերտը ստեղծում է լավ պատնեշ բջջի արտաքին և ներքին միջավայրերի միջև, քանի որ ջուրը և այլ բևեռային կամ լիցքավորված միացություններ չեն կարող հեշտությամբ հատել բջջի հիդրոֆոբ հատվածները:
Միցելի և լիպոսոմի նկար:
Մշակված նկարը՝ ըստ OpenStax Biology-ի, բնօրինակը՝ Mariana Ruiz Villareal-ի։
Իրենց ամֆիպատիկ բնույթի պատճառով ֆոսֆոլիպիդները թաղանթային երկշերտ ձևավորելուն չէ, որ լավ հարմարված են: Դա այն է, ինչ նրանք կանեն ինքնաբուխ՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում: Ջրում կամ ջրային լուծույթում ֆոսֆոլիպիդները հակված են դասավորելու իրենց հիդրոֆոբ պոչիկները՝ իրար ուղղված, իսկ հիդրոֆիլ գլխիկները՝ դուրս ուղղված: Եթե ֆոսֆոլիպիդներն ունեն փոքր պոչիկներ, ապա դրանք կարող են ձևավորել միցել (փոքր միաշերտ գունդ), մինչդեռ եթե ունեն խոշեր պոչիկներ, ապա կարող են ձևավորել լիպոսոմ (երկշերտ թաղանթից կազմված սնամեջ կաթիլ):

Սպիտակուցներ

Սպիտակուցները բջջաթաղանթի երկրորդ գլխավոր բաղադրիչն են: Թաղանթային սպիտակուցների երկու հիմնական տեսակները ինտեգրալ և ծայրամասային սպիտակուցներն են:
Մեկ անցուղիով տրանսմեմբրանային սպիտակուցի նկար՝ թաղանթապատ այֆա պարույրով, և երեք անցուղիով տրանսմեմբրանային սպիտակուցի նկար՝ թաղանթապատ երեք այֆա պարույրով:
Փոփոխված նկարի աղբյուրը՝ OpenStax Biology, բնօրինակը՝ ըստ Foobar/Wikimedia Commons-ի։
Ինտեգրալ թաղանթային սպիտակուցները, ինչպես դրանց անունն է հուշում, ներառված են թաղանթի մեջ. նրանք ունեն առնվազն մեկ հիդրոֆոբ հատված, որն ամրացնում է դրանց ֆոսֆոլիպիդային երկշերտի հիմքում: Որոշները մասամբ են մխրճվում թաղանթի մեջ, իսկ մյուսները ձգվում են թաղանթի մի մասից մյուսը և երևում են երկու կողմում էլstart superscript, 1, end superscript: Սպիտակուցները, որոնք ձգվում են թաղանթի ամբողջ երկայնքով, կոչվում են տրանսմեմբրանային սպիտակուցներ:
Թաղանթի ներսում հայտանբերված ինտեգրալ սպիտակուցների որոշ մասը հիդրոֆոբ է, իսկ ցիտոպլազմայում և արտաբջջային հեղուկում երևացողները հակված են լինելու հիդրոֆիլ: Տրանսմեմբրանային սպիտակուցները կարող են հատել թաղանթը մեկ անգամ, կամ ունենալ մոտ 12 տարբեր թաղանթապատ հատվածներ: Տիպիկ թաղանթապատ հատվածը կազմված է 20-25 հիդրոֆոբ ամինաթթուներից, որոնք ալֆա պարույրի տեսքով են, սակայն ոչ բոլոր տարնսմեմբրանային սպիտակուցներին է բնորոշ այս մոդելը: Որոշ ինտեգրալ թաղանթային սպիտակուցներ ձևավորում են անցուղիներ, որենք թույլ են տալիս իոններին կամ այլ փոքր մոլեկուլներին անցնել, ինչպես ցույց է տրված ներքևում:
_Նկարի աղբյուրը՝ "Components and structure: Figure 1", ըստ՝ OpenStax College, Biology-ի (CC BY 3,0)։_
Թաղանթի ծայրամասային սպիտակուցները հայտնաբերվում են թաղանթի ներսում և դրսում՝ կցված կա՛մ ինտեգրալ սպիտակուցներին, կա՛մ ֆոսֆոլիպիդներին: Ի տարբերություն ինտեգրալ թաղանթային սպիտակուցների՝ ծայրամասային թաղանթային սպիտակուցները չեն մխրճվում թաղանթի հիդրոֆոբ հիմքի մեջ և ավելի ազատորեն են կցված:

Ածխաջրեր

Ածխաջրերը պլազմային թաղանթի երրորդ կարևոր բաղադրիչներն են: Դրանք առկա են բջիջների արտաքին մակերեսին և կապված են կա՛մ սպիտակուցներին (ձևավորելով գլիկոպրոտեիններ), կա՛մ լիպիդներին (ձևավորելով գլիկոլիպիդներ): Այս ածխաջրային շղթաները կարող են բաղկացած լինել 2-60 միաշաքարներից և կարող են լինել գծային կամ ճյուղավորված:
Թաղանթային սպիտակուցների հետ միասին այս ածխաջրերը ձևավորում են առանձնահատուկ բջջային ցուցանիշներ, ինչպիսիք են մոլեկուլային նույնականացման քարտերը, որոնք թույլ են տալիս բջիջներին ճանաչել միմյանց: Այս ցուցանիշները շատ կարևոր են իմունային համակարգում, քանի որ թույլ են տալիս, որ իմունային բջիջները տարբերեն մարմնի բջիջները, որոնց վրա չպետք է հարձակվեն, և օտար բջիջները կամ հյուսվածքները, որոնց վրա պետք է հարձակվեն:

Թաղանթի հոսունություն

Ֆոսֆոլիպիդների ճարպաթթվային պոչիկների կառուցվածքը կարևոր է թաղանթի հատկանիշները որոշելիս, մասնավորապես՝ որքան հոսուն է այն:
Հագեցած ճարպաթթուները չունեն կրկնակի կապեր (հագեցած են ջրածիններով), հետևաբար հարաբերականորեն ուղիղ են: Չհագեցած ճարպաթթուները, ընդհակառակը, պարունակում են մեկ կամ ավելի կրկնակի կապեր՝ հաճախ պատճառ դառնալով թեքման կամ ճյուղավորման (չհագեցած պոչիկի թեքումը կարող ես տեսնել այս հոդվածի սկզբում պատկերված ֆոսֆոլիպիդի կառուցվածքում): Երբ ջերմաստիճանը նվազում է, ֆոսֆոլիպիդների հագեցած և չհագեցած ճարպաթթուների պոչիկները իրենց ցուցաբերում են տարբեր կերպ:
  • Սառը ջերմաստիճանում հագեցած ճարպաթթուների ուղիղ պոչիկները կարող են ամուր փաթեթավորվել՝ ստեղծելով խիտ և բավականին կոշտ թաղանթ:
  • Չհագեցած ճարպաթթվային պոչիկներով ֆոսֆոլիպիդները չեն կարող հավաքվել իրար մոտ, քանի որ պոչիկներն ունեն թեքված կառուցվածք: Այդ պատճառով էլ չհագեցած ֆոսֆոլիպիդներ պարունակող թաղանթը կմնա հոսուն ավելի ցածր ջերմաստիճաններում, քան հագեցած ճարպաթթուներից կազմվածը:
Բջջաթաղանթների մեծամասնությունը պարունակում է ֆոսֆոլիպիդների խառնուրդ՝ որոշները երկու հագեցած (ուղիղ) պոչիկներով, մյուսները՝ մեկ հագեցած և մեկ չհագեցած (թեքված) պոչիկներով: Շատ օրգանիզմներ, ինչպիսիք են ձկները, կարող են ֆիզիոլոգիապես հարմարվել ցուրտ պայմաններին՝ փոխելով չհագեցած ճարպաթթուների մասնաբաժինը թաղանթներում: Հագեցած և չհագեցած ճարպաթթուների մասին ավելին իմանալու համար տես լիպիդների մասին հոդվածը:
Կենդանիներն ունեն լրացուցիչ թաղանթային բաղադրիչ, որն օգնում է պահպանելու հոսունությունը: Խոլեստերինը, որը լիպիդի մեկ այլ տեսակ է և տեղավորված է թաղանթի ֆոսֆոլիպիդների մեջ, օգնում է փոքրացնելու ջերմաստիճանի ազդեցությունը հոսունության վրա:
Նկարի աղբյուրը՝ "Cholesterol," BorisTM (public domain)։
Ցածր ջերմաստիճաններում խոլեստերինը բարձրացնում է հոսունությունը՝ կանխելով միմյանց շուրջ ֆոսֆոլիպիդների փաթեթավորումը, իսկ բարձր ջերմաստիճաններում այն նվազեցնում է հոսունությունըstart superscript, 3, comma, 4, end superscript: Այս ձևով խոլեստերինն ընդլայնում է ջերմաստիճանների միջակայքը, որի պայմաններում թաղանթը մնում է գործնական, առողջ հեղուկ վիճակում։

Պլազմային թաղանթի բաղադրիչները

ԲաղադրիչՏեղակայման վայր
ՖոսֆոլիպիդներԹաղանթի հիմնական կառուցվածք
ԽոլեստերինՏեղակայված է թաղանթային ֆոսֆոլիպիդների հիդրոֆոբ պոչիկների արանքում
Ինտեգրալ սպիտակուցներՄխրճված են ֆոսֆոլիպիդային երկշերտում, կարող են կամ չեն կարող ձգվել երկու թաղանթների միջով
Ծայրամասային սպիտակուցներՖոսֆոլիպիդային երկշերտի ներքին կամ արտաքին մակերեսին են, բայց ոչ դրա հիդրոֆոբ միջուկում
ԱծխաջրերԿցված են թաղանթի արտաբջջային հատվածի սպիտակուցներին կամ լիպիդներին (ձևավորելով գլիկոպրոտեիններ և գլիկոլիպիդներ)
Աղյուսակը ձևափոխվել է OpenStax Biology-ից։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: