Հիմնական նյութ
Կենսաբանություն
Դասընթաց․ (Կենսաբանություն) > Բաժին 8
Դաս 1: Բջիջներ․ ներածությունԲջիջներ․ ներածություն
Ծանոթություն բջիջներին, ներառյալ՝ դրանց բացահայտման պատմությանը և բջջային տեսության զարգացմանը։
Ներածություն
Փակիր աչքերդ և պատկերացրու աղյուսե մի պատ: Ո՞րն է այդ պատի հիմնական կառուցվածքային միավորը: Իհարկե, աղյուսը: Մեր մարմինը ևս աղյուսե պատի նման կազմված է կառուցվածքային միավորներից, որոնք մեր մարմնի բջիջներն են:
Բարեբախտաբար, քո բջիջներն ավելի հետաքրքիր են, քան աղյուսները (հենց քեզ նման, անկասկած, դու շատ ավելի հետաքրքիր ես, քան աղյուսե պատը): Աղյուսները սովորաբար ուղղանկյունաձև են, և բոլորը միանման են, մինչդեռ բջիջները շատ տարբեր են՝ կլոր, քառակուսի, իլիկաձև և աստղաձև: Ի տարբերություն աղյուսների, որոնք անշարժ են մնում, բջիջների շատ տեսակներ տեղաշարժվում են մի տեղից մյուսը: Եվ եթե աղյուսը մեջտեղից կտրես, նորից աղյուս կտեսնես, բայց եթե մեջտեղից կիսես բջիջը, որը լավ հնարք է՝ հաշվի առնելով այն, թե որքան փոքր են դրանք, կտեսնես մասնագիտացված կառույցների բարդ և գեղեցիկ համակարգ, որոնք օգնում են բջջին կատարելու իր գործառույթը: Այո՛, բջիջները շինարարական հիմնաքարեր են, բայց դրանք աշխարհի ամենազարմանալի շինարարական հիմնաքարերն են:
Մեր մարմնում բջիջներն ահռելի քանակով գործառույթներ են կատարում: Օրինակ՝ էպիթելային բջիջները մաշկի մաս են կազմում և պաշտպանում են մարմնի արտաքին մակերևույթը, ինչպե նաև ծածկում են օրգանները և մարմնի խոռոչները: Ոսկրային բջիջներից են կազմված մեր ոսկրերը, որոնք ապահովում են մարմնի ամրությունը: Իմունային համակարգի բջիջները պայքարում են բակտերիաների դեմ: Արյունը և արյան բջիջները տեղափոխում են սննդանյութեր ու թթվածին ամբողջ օրգանիզմում, ինչպես նաև հեռացնում են ածխաթթու գազը օրգանիզմից: Բջջի այս բոլոր տեսակները շատ կարևոր դեր են կատարում օրգանիզմի աճի, զարգացման և ամենօրյա պահպանման գործում:
Չնայած այսպիսի բազմազանությանը, այնուամենայնիվ, բոլոր օրգանիզմների բջիջները, անգամ մարդու բազմազան բջիջները, սոխի և բակտերիայի բջիջները, որոնք ձախից դեպի աջ ներկայացված են նկարում, ունեն մի շարք նման հատկանիշներ: Դրանց ավելի մանրամասն կծանոթանանք առաջիկա հոդվածներում: Իսկ հիմա արագ կանդրադառնանք բջջային տեսությանը, և թե ինչպես են առաջին անգամ հայտնաբերել բջիջները:
Բջջային տեսություն
Այժմ ակնհայտ է թվում, որ մենք, նաև մնացած կենդանի օրգանիզմները, կազմված ենք բջիջներից: Սակայն մինչև 1600-ականները դա ամենևին էլ ակնհայտ չէր մի պարզ պատճառով. ոչ ոք անձամբ չէր տեսել բջիջ: Որպեսզի տարբերակենք հյուսվածքի առանձին բջիջները կամ հեղուկի մեջ եղած բակտերիան, անհրաժեշտ է մանրադիտակ: Այն մի սարք է, որն օգտագործվում է այն առարկաները խոշորացնելու համար, որոնք շատ փոքր են և տեսանելի չեն: Եթե ցանկանում ես իմանալ, թե ինչպես են այսօր մանրադիտակներն օգտագործվում կենսաբանության մեջ, կարդացա մանրադիտակի մասին հոդվածը:
Առաջին մարդը, որը դիտարկեց բջիջները որպես մանրադիտակային կառուցվածքներ, բրիտանացի գիտնական Ռոբերտ Հուկն էր: Իրականում հենց նա տվեց բջիջներին իրենց անվանումը: Իր «Միկրոգրաֆիա» գրքում տուփանման կառուցվածքները, որոնք տեսավ մահացած խցանի հյուսվածքը մանրադիտակով հետազոտելիս, Հուկն անվանում է «բջիջ» : Նա այդպես կոչեց, քանի որ այդ տուփերը Հուկին հիշեցնում էին մենաստանի այն պարզ խցերը՝ սենյակները, որտեղ քնում են վանականները (cell-վանդակ, խուց) :
Սակայն այն բջիջները, որոնք հայտնաբերեց Ռոբերտ Հուկը, մահացած հյուսվածքի բջիջներ էին և, ըստ էության, իրական բջիջների մահից հետո մնացած բջջապատերն էին: Առաջին մարդը, որ հետազոտեց կենդանի շարժվող բջիջը, հոլանդացի առևտրական և ոսպնյակներ արտադրող Անտոն վան Լևենհուկն էր: 1670-ականներին Հուկի գրքով ոգեշնչված՝ նա սկսեց կառուցել սեփական ավելի հզոր մանրադիտակները : Հենց այս մանրադիտակներով էլ Անտոն վան Լևենհուկը հետազոտեց միաբջիջ կենդանի օրգանիզմները, ինչպիսին են բակտերիաները, և սերմնաբջիջները, որոնք նա հավաքական անվանեց մանրէներ։
Բացի բջիջների հայտնագործումից՝ գիտնականներից բավականին ժամանակ պահանջվեց հասկանալու, որ բջիջները տարօրինակ տուփիկներ չեն, այլ բույսերի, կենդանիների և այլ օրգանիզմների կառուցվածքային հիմնական միավորներն են: 1830-ականներին բուսաբան Մատիաս Շլեյդենը և կենսաբան Թեոդոր Շվանը հեղափոխական գաղափար առաջադրեցին. կենդանիների և բույսերի բոլոր մասերը կառուցված են բջիջներից, և բջիջները կարող են առաջանալ այլ բջիջներից :
Հետագայում գերմանացի գիտնական Ռուդոլֆ Վիրխովը այս տեսությանը ավելացրեց, որ բոլոր բջիջներն առաջանում են մեկը մյուսից, այլ ոչ թե՝ որոշ բջիջներ կարող են առաջանալ նպաստավոր պայմաններում : Սակայն կարծես թե նա վերցրել է այդ գաղափարը լեհ գիտնական Ռոբերտ Ռեմակից :
Նախկին մտածողների այս բոլոր գաղափարները ամփոփվել են ժամանակակից բջջային տեսության մեջ, որն ասում է․
- Բոլոր կենդանի օրգանիզմները կազմված են մեկ կամ շատ բջիջներից:
- Բջիջը կյանքի հիմնական կառուցվածքային միավորն է:
- Նոր բջիջներն առաջանում են նախկինում գոյություն ունեցած բջիջներից:
Այս ամենը հիանալի է, բայց դու հավանաբար մտածում ես՝ եթե բոլոր բջիջներն առաջանում են բջիջներից, ապա որտեղի՞ց է առաջացել առաջին բջիջը: Այս հարցին մենք կանդրադառնանք հետագա հոդվածներում, երբ քննարկենք կյանքի ծագումը:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։