If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ինչ է ֆիզիկան

Արի մտածենք, թե ինչ է ֆիզիկան, և ինչ թեմաներ են ներառված ֆիզիկայի ներածական դասընթացում։ 

Ինչ է ֆիզիկան

Անկեղծ ասած, շատ դժվար է սահմանել, թե ինչ է ֆիզիկան։ Մարդկության նորանոր հայտնագործություններին զուգընթաց ֆիզիկան նույնպես շարունակում է փոփոխվել ու զարգանալ։ Նոր վարկածները իրենց հետ բերում են ոչ միայն նոր պատասխաններ, այլև մի շարք նոր հարցեր, որոնք նախկինում անհավանական կթվային։ Հենց սա էլ ֆիզիկան դարձնում է հետաքրքիր ու զարմանալի, բայց նաև ստիպում է ֆիզիկան սահմանել ավելի շատ որպես անցյալում արված հայտնագործությունների ընդհանրացում, քան որպես այն, թե ինչ կարող է ֆիզիկան լինել ապագայում։
Ահա թե ինչու սահմանումները օգտակար են։ Այսպիսով՝ եթե ցանկանում ես սահմանում, ապա կստանաս սահմանում։ Հիմնականում ֆիզիկոսները փորձում են անել հետևյալը.
  1. Ճշգրիտ սահմանել տիեզերքի հիմնական չափելի մեծությունները (օրինակ՝ արագություն, էլեկտրական դաշտ, կինետիկ էներգիա)։ Տիեզերքի ամենաընդհանուր սահմանումը տալու փորձերը պատմականորեն միշտ եղել են ֆիզիկայի հսկայական մասը, ինչն էլ երևում է ստորև ներկայացված ծաղրանկարում։
  2. Գտնել այս հիմնական մեծությունների միջև կապը (օրինակ՝ Նյուտոնի օրենքները, էներգիայի պահպանման օրենքը, հարաբերականության հատուկ տեսությունը)։ Այս կապերն ու կախվածությունները նկարագրվում են բառերի, հավասարումների, ուրվագրերի, գծապատկերների, տրամագրերի, մոդելների և բոլոր հնարավոր այլ տարբերակների միջոցով, որոնք հնարավորություն են տալիս նկարագրելու կապերն այնպես, որ մարդիկ կարողանան առավել հեշտ հասկանալ և օգտագործել դրանք։
Image credit: Ճամփորդություն ատոմի ներսում, 1948 General Electric, George Roussos (public domain)
Այո՛, ֆիզիկան ընդամենը երկու կետով ներկայացնելը բավականին կոպիտ պարզեցում է և գունազրկում է ֆիզիկոսների աշխատանքի և աշխատանքի ձևի ավելի հետաքրքիր հատվածները։ Բայց բարդ երևույթներն ու տիեզերքը պարզ և հասկանալի օրենքներով նկարագրելը հենց ֆիզիկայի իմաստն է։ Հենց այս պատճառով էլ գուցե ֆիզիկոսների աշխատանքն այսպես պարզ ներկայացնելն այնքան էլ վատ միտք չէր:

Ինչ կսովորեմ ես «Քան» ակադեմիայի հետ ֆիզիկա ուսումնասիրելով

Ֆիզիկայի միջոցով մենք փորձում ենք բացատրել մարմինների շարժումը։ Սակայն շատ դժվար կլինի բացատրել շարժումը, եթե չգիտենք, թե ինչպես նկարագրել շարժումը։ Այսպիսով՝ դասընթասի սկզբում մենք կուսումնասիրենք միաչափ շարժումը և երկչափ շարժումը, կսովորենք, թե ինչպես մանրամասն նկարագրել մարմինների շարժումը և կանխագուշակել նրանց շարժումը որոշակի դեպքերում։
Երբ արդեն կարողանանք ճշգրիտ նկարագրել շարժումը, կանցնենք ուժերին և Նյուտոնի օրենքներին, որոնք կբացատրեն, թե ինչու են մարմինները փոխում իրենց շարժման ձևը։
Մենք կշարունակենք խորացնել մեր գիտելիքները շարժման մասին՝ համոզվելով, որ պահպանման օրենքները մեկ այլ տարբերակ են շարժումը բացատրելու համար։ Այս օրենքները նաև օգնում են հասկանալու, թե ինչ սահմաններում կարող է փոփոխվել համակարգի շարժումը։ Էներգիայի պահպանման օրենքը կսովորենք Աշխատանք և էներգիա բաժնում, իսկ իմպուլսի պահպանման օրենքին կծանոթանանք Ազդեցություն և իմպուլս բաժնում։
Մինչ այդ պահը մենք կդիտարկենք մեծ մասամբ այնպիսի մարմիններ, որոնք չեն փոփոխում իրենց պտտական շարժումը, իսկ Իմպուլս, ուժի մոմենտ և իմպուլսի մոմենտ բաժնում կխոսենք պտտական շարժման և իմպուլսի մոմենտի պահպանման մասին։
Այս ամենից հետո կօգտագործենք արդեն ձեռք բերված գիտելիքը շարժման, ուժերի և պահպանման օրենքների մասին, որպեսզի վերլուծենք մի շարք նոր ուժեր և երևույթներ։ Կսովորենք՝ ինչպես վարվել հեղուկների և գազերի հետ Հեղուկներ և գազեր և Ջերմաֆիզիկա բաժիններում, ապա Էլեկտրականություն և Մագնիսականություն բաժիններում կիմանանք երկու նոր՝ էլեկտրական և մագնիսական ուժերի մասին։ Շղթաներ բաժնում կիմանանք, թե ինչպես է էլեկտական ուժը ստեղծում հոսանք։ Օպտիկա բաժնում կտեսնենք էլեկտրամագնիսական ալիքների (այսինքն՝ լույսի) անդրադարձման և բեկման երևույթները։ Լույսի մասին սովորելուց հետո մենք կսովորենք Այնշտայնի Հատուկ հարաբերականության տեսության մասին։ Եվ սա դեռ ամենը չէ։
Այս դասընթացի վերջում դու կկարողանաս լավ հասկանալ ֆիզիկայի հիմունքները և մաթեմատիկական գործիքները, որոնք օգտագործվում են ֆիզիկոսների կողմից տիեզերքը բացատրելու համար։ Բայց ոչ մի ամփոփ ներկայացում չի կարող նկարագրել ֆիզիկայի բոլոր հետարքիր ու հզոր կողմերը։ Լավագույն տարբերակը այս աշխարհ ցատկելն ու ինքնուրույն փորձելն է։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: