If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Արևմտյան մշակույթը. պատմական ակնարկ

Լեոնարդո, Վիտրուվյան մարդ
Պատմությունը բնական բաժանումներ չունի: 15-րդ դարում Ֆլորենցիայում ապրող կինն իրեն չէր համարում Վերածննդի շրջանի կին: Պատմաբանները պատմությունը բաժանում են մեծ և փոքր միավորների՝ դրանց առանձնահատկությունները և փոփոխությունները իրենց և ուսանողների համար ավելի պարզ դարձնելու համար: Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր պատմական ժամանակաշրջան ներկայացվում է որպես կառույց և պարզեցում: Ստորև բերված են որոշ կարևոր հիմունքներ՝ սկսելու համար:
Ստորև ներկայացված ժամանակային սանդղակը կարդալիս պետք է հաշվի առնել, որ Աֆրիկայում, Ասիայում, Ամերիկայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հավասարապես տեղի էին ունենում նշանակալից զարգացումներ:

Նախապատմական դարաշրջան (մ.թ. 3000 տարի առաջ)

Մերկ կին (Վիլենդորֆյան Վեներա), մ.թ.ա. 28,000- 25,000, կրաքար, բարձրություն՝ 4 1/4 (Բնագիտության պատմության թանգարան, Վիեննա)
Մերկ կին (Վիլենդորֆյան Վեներա), մ.թ.ա. 28,000- 25,000, կրաքար, բարձրություն՝ 4 1/4 (Բնագիտության պատմության թանգարան, Վիեննա): Նկարը՝ Սթիվեն Ցուկերի
(CC BY-NC-SA 2,0)
«Նախապատմական դարաշրջան» տերմինը վերաբերում է գրված պատմությունից առաջ ընկած ժամանակաշրջանին: Գիրը հայտնագործվել է արևմուտքում՝ Հին Միջագետքում, մ.թ. 3000 տարի առաջ: Այսինքն՝ այս շրջանը ներառում է գեղարվեստական մշակույթը (նկարչություն, քանդակագործություն և ճարտարապետություն)՝ ստեղծված մինչ այս ժամանակահատվածը: Հնագույն դեկորատիվ իրերը, որոնք կարող են արվեստի գործեր համարվել, ստեղծվել են Աֆրիկայում և կարող են թվագրվել մ.թ. 100,000 տարի առաջ: Ի տարբերություն դրանց՝ մեզ հայտնի հնագույն քարանձավային նկարները մոտ 40,800 տարեկան են, և հակառակ ընդունված կարծիքին, որ միայն մեր տեսակը՝ «Homo Sapiens»-ն է ունակ ստեղծագործելու, անտրոպոլոգները ենթադրում են, որ որոշ հնագույն պատկերներ կարող էին նկարած լինել նեանդերթալյան մարդիկ:
Նեոլիթյան հեղափոխությունը՝ մարդկության պատմության ամենալուրջ զարգացումներից մեկը, տեղի է ունեցել նախապատմական շրջանում: Սա այն ժամանակաշրջանն է, երբ մեր նախահայրերը սովորում էին հողը մշակել և ընտելացնել կենդանիներին, ինչը նրանց հնարավորություն էր տալիս հրաժարվել քոչվորական կյանքից և սկսել կառուցել քաղաքներ, ստեղծել քաղաքակրթություն:

Հնադար (3000 մ.թ.ա - 400 մ.թ.)

Այս շրջանը ներառում է Հին Մերձավոր Արևելքի (այն է՝ Բաբելոն), Հին Եգիպտոսի, Հին Հունաստանի, էտրուսկների և հռոմեացիների քաղաքակրթությունները՝ այն ամենը, ինչ հաջորդում է գրերի գյուտին, մինչև Հռոմեական կայսրության անկումը: Չմոռանանք, որ Հռոմեական կայսրության քայքայումը դարեր է տևել, ուստի պայմանականորեն ընդունում են 400 թվականը:
Արտեմիսիոնի Զևսի կամ Պոսեյդոնի քանդակը (մ.թ.ա. 460 դար , բրոնզ, 2,09 մ բարձրություն, վաղ դասական (խիստ ոճ)), գտնվել է նավաբեկությունից հետո Արտեմիսիոն հրվանդանի մոտ, Հունաստան, 1928թ. (Աթենքի ազգային հնագիտական թանգարան), նկարը՝ Սթիվեն Ցուկերի (CC BY-NC-SA 2,0)
Զևսի կամ Պոսեյդոնի հին հունական քանդակը (մ.թ.ա. 460 դար, բրոնզ, 2,09 մ բարձրություն, վաղ դասական (խիստ ոճ)), գտնվել է նավաբեկությունից հետո Արտեմիսիոն հրվանդանի մոտ, Հունաստան, 1928թ. (Աթենքի ազգային հնագիտական թանգարան), նկարը՝ Սթիվեն Ցուկերի (CC BY-NC-SA 2,0)
Հենց այս ժամանակահատվածում էր, որ հին հույներն առաջին անգամ բնության հետազոտությունների հիմքում դիտեցին բանական մարդուն և ստեղծեցին մարդկանց ամենավաղ իրատեսական պատկերները: Այս ժամանակաշրջանը հաճախ ընկալվում է որպես արևմտյան փիլիսոփայության, մաթեմատիկայի, թատրոնի, գիտության և ժողովրդավարության ծնունդը: Հռոմեացիներն իրենց հերթին ստեղծեցին կայսրություն, որը տարածվում էր գրեթե ամբողջ Եվրոպայով և միջերկրական ծովին շրջապատող բոլոր տարածքներով: Հռոմեացիները փորձառու շինարարներ էին և կառավարիչներ, նրանք համարում էին, որ իրենք նախորդող մեծ քաղաքակրթությունների ժառանգորդն էին, մասնավորապես Հունաստանի և Եգիպտոսի (որոնք նվաճել էին):
Պետք է հիշել, որ թեև պատմությունը հաճախ հանդես է գալիս որպես առանձին-առանձին պատմությունների շարք, իրականում այդ պատմությունները համընկնում են՝ այն ավելի բարդ ու հետաքրքիր դարձնելով: Օրինակ՝ այն անձը, ում մենք Հիսուս ենք անվանում, ապրում էր Հռոմեական կայսրության ժամանակ: Հիսուսը և իր առաքյալները հրեա էին և ապրում էին այսօրվա Իսրայելում, որն էլ հենց այդ ժամանակ Հռոմեական կայսրության մաս էր կազմում:

Միջնադար ( մ.թ. 400 - մ.թ. 1400)

Այս հազարամյակի առաջին կեսին Արևմտյան Եվրոպայում սարսափելի քաղաքական և տնտեսական հեղաշրջում տեղի ունեցավ, քանի որ ժողովրդի միգրացիայի արդյունքում հարձակումների ալիքները խարխլել էին Հռոմեական կայսրության հիմքերը: 330 թ. հռոմեական կայսր Կոնստանտինը Կոստանդնուպոլիսը (այժմ՝ Ստամբուլ, Թուրքիա) դարձրեց արևելքի մայրաքաղաք, և Հռոմեական կայսրության արևմտյան մասը շուտով քանդվեց: Արևելյան Միջերկրական հատվածում բարգավաճում էր Բյուզանդական կայսրությունը (մայրաքաղաք Կոստանդնուպոլիս):
Քրիստոս, սրբապատկեր խճանկար (Քրիստոսը Մարիամ Աստվածածնի և Հովհաննես Մկրտչի հետ), մոտ. 1261թ., Կայսերական պարիսպ, հարավային պատկերասրահ, Սուրբ Սոֆիա, Ստամբուլ, նկարը՝ [Սթիվեն Ցուկերի]
Քրիստոս (դետալներ), սրբապատկեր (Քրիստոսը Մարիամ Աստվածածնի և Հովհաննես Մկրտչի հետ), մոտ 1261թ., խճանկար, Կայսերական պարիսպ, հարավային պատկերասրահ, Սուրբ Սոֆիա, Ստամբուլ, նկարը՝ Սթիվեն Ցուկերի
Քրիստոնեությունը տարածվեց Հռոմեական կայսրության ամբողջ տարածքով, մինչև անգամ գաղթական զավթիչների շրջանում (բարբարոսներ, վեստգոթեր և այլն...): Քրիստոնեական եկեղեցին՝ Հռոմի պապի գլխավորությամբ, դարձավ Արևմտյան Եվրոպայի ամենահզոր կառույցը, իսկ ուղղափառ եկեղեցին իշխում էր արևելքում:
Բյուզանդական կայսրությունը, 650 թ.
Բյուզանդական կայսրությունը, 650 թ.
Այս ժամանակահատվածում ի հայտ եկավ իսլամը՝ 3 հիմնական միաստվածային կրոներից մեկը: 632 թ.՝ Մուհամեդ մարգարեի մահից ավելի քան մեկ դար հետո, իսլամը վերածվեց կայսրության, որը տարածվում էր Իսպանիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Միջին և Մերձավոր Արևելքում և Հնդկաստանում: Միջնադարյան իսլամը առաջատար էր գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում և հիմնեց աշխարհի մեծագույն ուսուցողական կենտրոնները (Կորդովա): Իսլամական մշակույթը մեծ դեր խաղաց հին հունական տեքստերի պահպանման և թարգմանության գործում այն ժամանակ, երբ հին աշխարհի գիտելիքը վերացել էր:
Պետրարկան (իտալացի բանաստեղծ, 1300-ական թթ.) վաղ միջնադարյան շրջանը կոչում էր «մութ դարեր», քանի որ, ըստ նրա, դա մարդկային նվաճումների անկման ժամանակաշրջանն էր, մանավանդ հին հույների և հռոմեացիների համեմատ: «Միջնադարը» ստացել է իր անունը, քանի որ Վերածննդի գիտնականներն այն համարում էին բարբարոսական տիրապետության մի երկար ժամանակահատված, որը բաժանում էր իրենց Հունաստանի և Հռոմի մեծ քաղաքակրթություններից, որոնք փառաբանում էին և միաժամանակ մրցակցում նրանց հետ:
Լիմբուրգ եղբայրներ «Երիտասարդ ազնվականների երթը» («Très Riches Heures du duc de Berry») ֆոլիանտ 5, 1412 - 16 մայիս, ձեռագիր մանրանկար վելենի վրա, 22,5 x 13,6 սմ (Կոնդե թանգարան):
«Երիտասարդ ազնվականների երթը» («Très Riches Heures du duc de Berry»), հեղինակ՝ Լիմբուրգ եղբայրներ, ֆոլիանտ 5, 1412թ., 16 մայիսի, ձեռագիր մանրանկար վելենի վրա, 22,5 x 13,6 սմ (Կոնդե թանգարան)
Միջնադարյան հասարակությունը բաժանված էր հստակ ձևավորված շերտերի: Ամենավերևում գտնվում էր թագավորը: Նրա ներքևի շերտն էին զբաղեցնում ազնվականները: Վերջիններն իրենց հերթին իշխում էին գյուղացիների և ստրուկների (բնակչության ճնշող մեծամասնության) վրա: Ստրուկները աշխատավոր դասն էին ներկայացնում. նրանք պարտավոր էին աշխատել իրենց տերերին պատկանող հողատարածքներում: Ավատատիրություն կոչվող այս համակարգի հիմնական միավորը տեր - վասալ հարաբերությունն էր: Վասալները ծառայում էին տիրոջը (դաշտում կամ մարտում) հողի և պաշտպանության դիմաց:
Միջնադարը հազար տարվա ընթացքում արվեստի և գրականության բազմաթիվ գլուխգործոցներ է տվել, բայց դրանք տարբերվում էին Պետրարկայի արժեքներից: Միջնադարում ստեղծված արվեստի գործերը մեծ մասամբ կենտրոնացած էին եկեղեցու ուսմունքների վրա:
Կարևոր է հիշել, որ միջնադարում հազվադեպ էր պատահում, որ սովորական մարդիկ, բացի հոգևորականությունից (վանականներ, քահանաներ և այլն...), գրել և կարդալ իմանային: Չնայած աշխարհի վերջի սպասումներին՝ 1000-ականներին Արևմտյան Եվրոպան դարձավ հավասարաչափ զարգացող, և այս ժամանակաշրջանը երբեմն կոչում են ուշացած (կամ բարձր) միջնադար: Այս շրջանում լայնամասշտաբ շինարարություններ և մեծ քաղաքների վերականգնման աշխատանքներ ծավալվեցին: Քլունիի նման վանքերը դարձան կարևոր և հարուստ ուսուցողական կենտրոններ:
Միջնադարում արվեստի պատմությունը բաժանվեց ըստ ստորաբաժանումների՝ վաղ քրիստոնեական, բյուզանդական, կարոլինգյան, սաքսոնյան, ռոմանական և գոթական ոճեր: Միջնադարի 1000 տարի տևող արվեստը և քաղաքականությունն ուշադիր ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է դառնում հին հռոմեական կայսրության հիշողության և ժառանգության բարդ ու շարունակական հարաբերությունը, և սա հիմք է հանդիսանում Վերածննդի համար:

Վերածնունդ (մոտ 1400-1600 թթ.)

Որոշ առումներով Ռենեսանսը հին հունական և հռոմեական մշակույթի նկատմամբ եղած հետաքրքրության վերածնունդն էր: Այն նաև տնտեսական բարգավաճման շրջան էր Եվրոպայում, մասնավորապես Իտալիայում և Հյուսիսային Եվրոպայում: Արվեստի պատմության մեջ ուսումնասիրելու ենք և՛ Իտալական, և՛ Հյուսիսեվրոպական Վերածնունդը: Մենք խոսելու ենք հումանիզմ կոչվող աշխարհընկալման մի ձևի մասին, որը, օգտագործելով հին հունական և հռոմեական գրականությունն ու արվեստը՝ որպես օրինակ, վերաիմաստավորեց մարդկային գիտելիքներն ու այս աշխարհում ապրելու փորձառությունը (երկնային թագավորության վրա կենտրոնանալու փոխարեն):
Ռաֆայելի «Աթենական դպրոցը» ֆրեսկո, 1509 - 1511թթ («Stanza della Segnatura», Պապի պալատ, Վատիկան)
Ռաֆայելի «Աթենական դպրոցը» ֆրեսկայում պատկերված են Պլատոնը, Արիստոտելը և այլ հնադարյան փիլիսոփաներ ու մաթեմատիկոսներ, 1509-1511թթ. («Stanza della Segnatura», Պապի պալատ, Վատիկան)
Պատմության մեջ շատ քիչ են հանդիպում դեպքեր, երբ կարող ենք ասել, որ ամեն ինչ փոխվեց: Անկասկած, տպագրական մեքենայի հայտնագործումը և ընդունումը այդ դեպքերից մեկն էր: Գրքերի՝ ավելի մատչելի լինելու արդյունքում Եվրոպայում գրագիտության մակարդակը կտրուկ բարձրացավ: Ընթերցողները առավելություն ստացան: Բազմաթիվ առումներով կարող ենք հետազոտել մեր գիտատեխնիկական հեղափոխության ծագումը մինչև 15-րդ դարը և Գութենբերգի առաջին տպագրական մեքենան:
1517 թ. գերմանացի աստվածաբան և վանական Մարտին Լյութերը մարտահրավեր նետեց Պապի հեղինակությանը և բողոքական եկեղեցու բարեփոխումներ հրահրեց: Նրա գաղափարներներն արագ տարածվեցին, մասամբ նաև տպագրության շնորհիվ: Մարտահրավեր նետելով եկեղեցու իշխանությանը և ընդունելով անհատի խղճի ազատությունը (այժմ մարդիկ հնարավորություն ունեին Աստվածաշունչը կարդալ այն լեզվով, որով խոսում էին)՝ ռեֆորմացիան հիմք դրեց այն արժեքների համար, որ ժամանակակից մշակույթն ակնկալում էր անհատից:
Այս շրջանում սկիզբ առավ նաև գիտական հեղափոխությունը, դիտարկումները փոխարինեցին կրոնական ուսմունքին՝ որպես տիեզերքի և այնտեղ մեր տեղի ընկալման աղբյուր: Կոպեռնիկոսը փոխեց հին հույների պատկերացումները երկնքի մոդելի վերաբերյալ՝ առաջ քաշելով այն գաղափարը, որ Արևը Արեգակնային համակարգի կենտրոնում է, իսկ մոլորակները շարժվում են իրենց ուղեծրով Արեգակի շուրջը: Այնուամենայնիվ, դեռևս որոշ խնդիրներ կային տեսության և դիտարկումների համընկնման հարցում: 17-րդ դարի սկզբին Կեպլերը ենթադրեց (միանգամայն ճիշտ), որ մոլորակները շարժվում են էլիպտիկ (ոչ շրջանաձև) ուղեծրով, և որ ուղեծրերի արագությունները տարբերվում են՝ կախված Արեգակից մոլորակների հեռավորությունից:

Վաղ մոդեռնիզմ (մոտ 1600-1800 թթ.)

Հավանաբար զարմանալի կթվա, որ ժամանակակից դարաշրջանը այսքան վաղ ժամանակահատվածով է թվագրված, սակայն, մեծ հաշվով, այն մեր հասարակությունը ձևավորած 17-րդ և 18-րդ դարերի գիտական, քաղաքական և տնտեսական հեղաշրջումն էր:
Արվեստաբաններն ուսումնասիրում են 17-րդ դարի Բարոկկո ոճը: Սա կաթոլիկների և բողոքականների միջև ձգձգվող՝ հաճախ դաժան պայքարի ժամանակաշրջանն էր, որը ավելի բարդացավ Եվրոպայի մեծ միապետությունների հզորացման պատճառով: Սա այն ժամանակն էր, երբ ժողովուրդները մեծանում էին քանակով, հարստությամբ և դառնում էին ինքնավար, երբ ազգային սահմաններն ամրանում էին, կազմավորվում էին այժմ մեզ հայտնի երկրները (օրինակ՝ Ֆրանսիան, Իսպանիան և Անգլիան): Սա նաև գաղութացման շրջանն էր, երբ եվրոպական ուժերը բաժանել և շահագործում էին աշխարհի բնական ռեսուրսները և մարդկանց (հիշենք հատկապես աֆրիկացի ստրուկների առևտուրը կամ Ամերիկայի տեղաբնիկ ժողովուրդների հպատակեցումն ու բռնի կերպափոխումը):
Հենդրիկ Կոռնելիս Վռում, «Արևելյան Հնդկաստան մեկնած երկրորդ արշավախմբի վերադարձ Ամստերդամ», 1599թ., յուղաներկ, կտավ (Ամստերդամի պետական թանգարան)
Հենդրիկ Կոռնելիս Վռում, «Արևելյան Հնդկաստան մեկնած երկրորդ արշավախմբի վերադարձը Ամստերդամ», 1599թ., յուղաներկ, կտավ (Ամստերդամի պետական թանգարան)
1700-ականները հաճախ կոչում են Լուսավորության դարաշրջան: Այն բնորոշվում է անհատի նկատմամբ հետաքրքրության աճով, ինչը երևում է Իտալական Վերածննդի, և ավելի ընդգծված՝ Ռեֆորմացիայի ընթացքում: Այնպիսի մտածողներ, ինչպիսիք են Ռուսոն, Վոլտերը, Դիդրոն, պնդում էին, որ պետք է օգտագործել մտածելու կարողությունը, ոչ թե ենթարկվել ստեղծված հաստատությունների ուսմունքներին, որոնցից էր եկեղեցին:
Այս դարաշրջանում են տեղի ունեցել ամերիկյան և ֆրանսիական հեղափոխությունները: Նոր ձևավորվող միջին դասակարգերը (իսկ ավելի ուշ՝ բանվոր դասակարգը) բազմադարյան արշավ սկսեցին քաղաքական իշխանություն ձեռք բերելու համար՝ մարտահրավեր նետելով արիստոկրատիայի և միապետության հսկողությանը: Հետագա ռեֆորմային շարժումների (այս շրջանում և 19-րդ դարում) և հեղափոխությունների արդյունքում աստիճանաբար ընդլայնվեց ձայնի իրավունքը (ընտրություններին մասնակցելու իրավունք): Նախկինում ընտրելու իրավունք ունեին միայն այն տղամարդիկ, ովքեր հողատեր էին, կամ ովքեր սահմանված չափով հարկեր էին վճարում: Եվ միայն 19-րդ դարի կեսին և 20-րդ դարում համընդհանուր ընտրական իրավունքը հաստատվեց Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում:

Մոդեռնիզմ (մոտ 1800 թ. հետո)

Այս շրջանում գերակշռող տնտեսական համակարգ դարձավ կապիտալիզմը (չնայած դրա արմատները գալիս էին Վերածննդի դարաշրջանից): Անհատները վտանգի էին ենթարկում իրենց կապիտալը, որպեսզի ապրանք արտադրեն արժութային շուկայում, որը կախված էր էժան վարձատրվող աշխատանքից: Բանվոր դասակարգը, ի վերջո, կազմավորել էր միություններ (այսօրվա՝ գիլդիաները), ինչի շնորհիվ մեծ ազդեցություն էր ձեռք բերել: Քաղաքական ուժն ավելի ամրապնդվեց, ինչին նպաստեցին բնակչության կենսամակարդակի ընդհանուր աճը և հանրային կրթության առաջին փորձերը:
Գործարաններում շոգեմեքենաները և անփորձ աշխատողները սկսեցին փոխարինել հմուտ արհեստավորներին: Այս շրջանում Լոնդոնի, Փարիզի և Նյու Յորքի բնակչությունն աննախադեպ աճել էր, քանի որ գյուղերից մարդիկ տեղափոխվել կամ արտագաղթել էին՝ ավելի լավ ապրելու նպատակով:
Պաբլո Պիկասո «Գեռնիկա»,1937 թ., յուղաներկ, կտավ, 349 × 776 սմ (Ռեյնա Սոֆիա թանգարան, Մադրիդ)
Պաբլո Պիկասո «Գեռնիկա» ,1937 թ., յուղաներկ, կտավ, 349 × 776 սմ
(Ռեյնա Սոֆիա թանգարան, Մադրիդ)
20-րդ դարն ամենադաժանն էր պատմության մեջ: Այն իր մեջ ներառեց երկու համաշխարհային պատերազմ, սառը պատերազմները, գաղութատիրության ոչնչացումը և ամբողջատիրության հայտնագործումը: Բռնապետները (Մուսսոլինի, Հիտլեր, Ստալին, Իդի Ամին, Պոլ Պոտ, Հյուսիսային Կորեայի հետագա առաջնորդները և այլք) ստեղծեցին ծայրահեղ քաղաքական համակարգեր, որոնք հանգեցրին զանգվածային սովի, տեղահանումների և ցեղասպանությունների: Միևնույն ժամանակ 20-րդ դարը նշանավորվեց նաև մարդու իրավունքների համար պայքարի և գլոբալ կապիտալիզմի աճի շնորհիվ:
Եթե նախկինում նկարիչներն աշխատում էին եկեղեցու կամ պետության հետ կապված հարուստ հովանավորների պատվերով, ապա այս շրջանում արվեստը դարձավ շուկայական տնտեսության մի մասը, և սկսվեց դիտվել որպես ինքնադրսևորման միջոց: Անհատի արժևորումը, որ սկիզբ էր առել Հին Հունաստանում, Հռոմում, այնուհետև Վերածննդի ժամանակաշրջանում, դարձավ արևմտյան մշակույթի գլխավոր արժեքը: Եթե նախկինում գեղարվեստական ոճերը (օրինակ՝ բարոկկոն) միավորում էին տարբեր վայրերում և ժամանակաշրջաններում գործող շատ արվեստագետների, ապա 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի ընթացքում իրար հաջորդող արվեստի ոճերը փոփոխվում են սրընթաց արագությամբ և վերածվում անհատական արտիստիկ հմտությունների խճանկարի:

Ո՞րն է մեր տեղը

Մենք սուզվում ենք մեր սեփական ժամանակի մեջ, ինչի արդյունքում դժվարանում է աշխարհի օբյեկտիվ ընկալումը: Ժամանակակից սահմանումներից մեկի համաձայն՝ արվեստագետն այն մարդն է, ով խորաթափանց է իր մշակութային ոլորտի հանդեպ: Համաշխարհային կապիտալիզմի, սոցիալական լրատվամիջոցների և ինտերնետի շնորհիվ մենք ավելի փոխկապակցված ենք և ավելի շատ կախում ունենք միմյանցից, քան պատմության ցանկացած այլ ժամանակաշրջանում: Ոմանք սա ուտոպիա են համարում: Ինտերնետի միջոցով մենք կարող ենք նպաստել և օգտվել այն ամենից, ինչը կոչում ենք «Տեղեկատվական հեղափոխություն»: Ուրիշների կարծիքով՝ տեխնոլոգիաների գերակշռումը սպառնում է մեր անհատականությանը և անձնական կյանքի գաղտնիությանը և մեզ վերածում է տվյալների հավաքածուի, որը «Facebook»-ի, «Google»-ի և «Apple»-ի նման կազմակերպությունները փողի են վերածում: Մի բան ակնհայտ է. վերը նշված ժամանակահատվածներում արվեստը տարբեր նշանակություններ է ունեցել, և հավանական է, որ ապագայում էլ այն տարբեր կերպ կբնորոշվի:
Մարդկության պատմությունն արձանագրվում է արվեստի գործերի միջոցով: Ժամանակն ի վերջո կկործանի մերօրյա գեղարվեստական գործերի մեծ մասը՝ արժանացնելով նախորդ քաղաքակրթությունների ճակատագրին: Եվ ապագա արվեստաբանները կփորձեն վերակառուցել այն աշխարհը, որտեղ մենք այժմ ապրում ենք, որպեսզի ավելի լավ հասկանան այն իմաստային նրբերանգները, որոնք այնքան պարզ են թվում մեզ:
Էսսեի հեղինակ՝ դր Բեթ Հարիս և դր Սթիվեն Ցուկեր

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: