Եթե տեսնում ես այս հաղորդագրությունը, նշանակում է՝ մեզ չի հաջողվում կայքում արտաքին ռեսուրսներ բեռնել։

If you're behind a web filter, please make sure that the domains *.kastatic.org and *.kasandbox.org are unblocked.

Հիմնական նյութ

Մշակութային ժառանգության պահպանության շրջանակը. հնագույն գրություններից մինչև ժամանակակից օրենք

ըստ դր Փեթի Գերստենբլիթի
Մշակութային ժառանգությանը հասցեագրվող սպառնալիքները երկու ձևով են հանդես գալիս՝ զինված հակարմարտության ժամանակ իրականացվող ոչնչացմամբ և հուշարձանների ու հավաքածուների թալանով։ Կարելի է նկատել, որ թե հնում, թե ներկայում այս ավերիչ գործողությունները հաճախ կատարվել ու կատարվում են միաժամանակ։ Կարելի է նաև նկատել, որ կա մշակութային այս մնացորդները պահպանելու գիտակցության կայուն աճ։

Մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության գիտակցություն

Մ.թ.ա. 2-րդ դարում հին հռոմեացի հեղինակ Պոլիբիոսը քննադատեց Սիկիլիայի (ներկայիս Սիցիլիայի) հունական սրբատեղիների հռոմեացի թալանչին։ Մեկ դար հետո հռոմեացի հռետոր Կիկերոնը դատական գործ հարուցեց Սիկիլիայի հռոմեացի կառավարիչ Գայիոս Վերեսի դեմ սիկիլիական քաղաքները թալանելու համար։ 17-18-րդ դարերում դանիացի իրավաբան Հուգո Գրոտիոսը և միջազգային իրավունքի տեսաբան Էմերիխ դե Վատելը հաստատեցին սկզբունքներ, համաձայն որոնց՝ արվեստի գործերը պետք է պահպանել, քանի որ, միևնույն է, դրանք ռազմական հաջողության համար ոչ մի նշանակություն չունեն։
Ապոլոնի հունական տաճարը, Սիրակուզա, Սիցիլիա (լուսանկարը՝ Allie_Caulfield-ի, CC BY 2,0)
18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի նապոլեոնյան պատերազմների շրջանում ֆրանսիացիներն արվեստի գործեր թալանեցին ամբողջ Եվրոպայից ու Եգիպտոսից և բերեցին Փարիզ, որը նպատակ ունեին վերածելու «նոր Հռոմի»։ Երբ Նապոլեոնը պարտվեց, բրիտանացի իշխանավորները (Ուելինգտոնի դուքսն ու վիկոնտ Քասլրին) ոչ միայն հրաժարվեցին այս հավաքածուները վերցնելուց, այլև որոշում կայացրին, որ ֆրանսիացիները պետք է վերադարձնեն արվեստի՝ եվրոպական այլ ազգերից խլված գործերը։ Չնայած սրան՝ Նապոլեոնի թալանած գործերի միայն կեսը վերադարձվեց եվրոպացի տերերին, իսկ ոչ եվրոպացիներից խլվածն ընդհանրապես չվերադարձվեց։
Փիդիաս, Պարթենոնի տաճարի արևելյան վերնաճակատի քանդակ («Էլգինի մարմարներ») (լուսանկարը՝ Սթիվեն Ցուկերի, CC BY-NC-SA 2,0)
Այս նույն շրջանում բրիտանացի լորդ Էլգինը, որ այդ ժամանակ դեսպան էր Օսմանյան կայսրությունում, հանել տվեց Պարթենոնի տաճարի և Աթենքի այլ կառույցների քանդակներն ու ճարտարապետական տարրերը և բերեց Լոնդոն, որտեղ դրանք հետո գնեց Բրիտանական թանգարանը։

Լիբերի օրենսգիրքը

1863 թվականին՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում, Ֆրանսիս Լիբերը, որն իբրև երիտասարդ զինվոր մասնակցել էր
, պրեզիդենտ Աբրահամ Լինկոլնի հանձնարարությամբ գրեց առաջին ռազմական վարքականոնը։ Ավելի ուշ Լիբերն ուսումնասիրեց անտիկ դարաշրջանը և ապա տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ դարձավ պատմության պրոֆեսոր։ Լիբերի օրենսգիրքն անդրադառնում է վերևում քննարկված երկու սպառնալիքներին՝ մշակութային ժառանգության ոչնչացմանն ու թալանին։ Լիբերը գրում է, որ կրոնական կամ կրթական կառույցները, ինչպես նաև արվեստի ու գիտության թանգարանները չպիտի ոչնչացվեն զինված հակամարտության ժամանակ, և «արվեստի դասական գործերը, գրադարանները, գիտական հավաքածուները կամ թանկարժեք գործիքները... պետք է պաշտպանվեն բոլոր տեսակի խուսափելի վնասվածքներից, նույնիսկ երբ գրոհի կամ ռմբակոծության ժամանակ գտնվում են ամրացված վայրերում»։ Նա ավելացնում է, որ այդպիսի առարկաները չպիտի «վաճառվեն կամ ցրվեն..., ոչ էլ պիտի երբևէ դառնան մեկի անձնական սեփականությունը, անմտորեն ոչնչացվեն կամ վնասվեն»։
Ֆրանսիս Լիբեր, շուրջ 1855-65 թթ. (Կոնգրեսի գրադարանի Բրեյդի-Հանդիի հավաքածու)

Առաջին միջազգային համաձայնագրերը

1889 և 1907 թթ. Հաագայի համաձայնագրերն ու կարգավորումները պատերազմական վարքականոնն օրենսդրորեն ամրագրելու առաջին միջազգային գործիքներն էին։ Լիբերի օրենսգրքից ներշնչված՝ դրանք միջազգային իրավունքի մեջ ներառեցին պահպանության վերոնշյալ գաղափարները։ Հաագայի այս երկու համաձայնագրերը կառավարող գործիքներ էին թե Առաջին, թե Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ։ Թեև դրանք չկանխեցին համատարած գողություններն ու մշակութային առարկաների ու կառույցների ոչնչացումը, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն հիմք ծառայեցին վերոնշյալ սկզբունքները խախտողներին քրեորեն հետապնդելու և պատժելու համար։
Հուշարձանների, կերպարվեստի և արխիվների հանձնախմբի (ՀԿԱՀ) աշխատակից Ջեյմս Ռորիմերը վերահսկում է ԱՄՆ զինվորների աշխատանքը, որոնք վերականգնում էին Գերմանիայի Նոյշվանշտայն դղյակից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1945 թ. ապրիլ-մայիս) թալանված նկարները (ԱՄՆ Ազգային արխիվ)

Հաագայի համաձայնագիրը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում, արձագանքելով նացիստների պատճառած մարդկային ու մշակութային կորուստներին, միջազգային հանրությունը մի շարք միջազգային հումանիտար համաձայնագրեր հրապարակեց։ Մշակութային արժեքների պահպանությանն այժմ նվիրվեց առանձին համաձայնագիր՝ 1954 թ. Հաագայի համաձայնագիրը զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պահպանության մասին և դրա «Առաջին արձանագրությունը»։
Այս համաձայնագրի հոդված 1-ը մշակութային արժեքը սահմանում է որպես
ցանկացած ժողովրդի մշակութային ժառանգության մեծարժեք շարժական կամ անշարժ գույք, ինչպիսին են ճարտարապետական, արվեստի կամ պատմության հուշարձանները՝ կրոնական թե աշխարհիկ, հնագիտական վայրերը, կառույցների խմբերը, որոնք՝ որպես ամբողջություն, ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք, արվեստի գործերը, ձեռագրերը, գրքերը և արվեստի, պատմության կամ հնագիտության համար արժեք ներկայացնող այլ առարկաներ, ինչպես նաև գիտական հավաքածուները և գրքերի կարևոր հավաքածուներն ու արխիվները..., այն կառույցները, որոնց հիմնական նպատակը շարժական մշակութային գույքի պահպանությունը կամ ցուցադրությունն է, ... օրինակ՝ թանգարանները, մեծ գրադարաններն ու արխիվային պահոցները, և զինված համակարտության ժամանակ որպես կացարան ծառայող ապաստարանները, շարժական մշակութային գույքը… Համաձայնագրի երկու գլխավոր սկզբունքներն են մշակութային արժեքների պահպանումն ու դրանց հանդեպ հարգանքը։
Համաձայնագիրը ստորագրած կողմերի առաջին պարտավորությունն է «խաղաղության ժամանակ ապահովել սեփական տարածքում գտնվող մշակութային արժեքների անվտանգությունը»՝ ձեռնարկելով ցանկացած քայլ, որը պատշաճ են համարում իրենց մշակութային արժեքները պատերազմական կանխատեսելի ազդեցություններից զերծ պահելու համար (հոդված 3)։
Հարգանքի պարտավորությունը (հոդված 4) արգելում է մշակութային արժեքների գործածությունը ռազմավարական կամ ռազմական նպատակներով, եթե սա անելը պիտի վտանգի այդ արժեքները պատերազմի ժամանակ։ Սակայն այս պարտավորությունն ունի մի էական բացառություն՝ «այն դեպքերը, որոնցում ռազմական անհրաժեշտությունը անհետաձգելիորեն պահանջում է այսպիսի խախտում» (հոդված 4, պարբ. 2)։ Այլ խոսքով՝ եթե մշակութային վայրի կամ հուշարձանի վրա հարձակումն անհրաժեշտ է անհետաձգելի ռազմական նպատակի համար, ռազմական անհրաժեշտությունը գերակայում է, և մշակութային արժեքների՝ այս հոդվածով պահանջվող պահպանությունը՝ անտեսվում։ Դժբախտաբար, համաձայնագիրը չի տալիս «ռազմական անհրաժեշտության» սահմանումը, և որոշ երկրներ այս բացառությունը քննադատել են, քանի որ անհրաժեշտության շատ ցածր մակարդակն իսկ կարող է հանգեցնել մշակութային վայրերի և հուշարձանների ոչնչացման կամ վնասման։
Հոդված 4-ը նաև պարտավորեցնում է համաձայնագրի որևէ կողմի «թույլ չտալ, կանխել և, անհրաժեշտության դեպքում, դադարեցնել մշակութային արժեքների գողության, կողոպուտի կամ ապօրինի յուրացման որևէ ձև և բարբարոսական գործողությունները» (հոդված 4, պարբ. 3)։
1954 թ. Հաագայի համաձայնագրի առաջին արձանագրությունը նաև անդրադառնում է շարժական մշակութային արժեքներին, սակայն դիտարկում միայն հետևյալ հանգամանքները՝ գրավյալ տարածքից մշակութային առարկաների ապօրինի հեռացում և մշակութային արժեքների կամավոր գրավադրում մի պետության կողմից մյուսում՝ դրանց անվտանգությունն ապահովելու համար։
Միջազգային քրեական դատարանի մասնակից պետությունների ժողովի 15-րդ նիստը Համաշխարհային ֆորումում, Հաագա, Նիդեռլանդներ (լուսանկարը՝ Eloïse Bollack-ի, Coalition for the ICC, CC BY-NC-ND 2,0)

Հաագայի երկրորդ արձանագրություն և Հռոմեական օրենք (ստատուտ)

Երկրորդ արձանագրությունն ընդունվել է 1999-ին՝ հստակեցնելու համար Հաագայի համաձայնագրի որոշ դրույթներ։ Օրինակ՝ այն նեղացնում է ռազմական անհրաժեշտության սահմանումը և պահանջում, որ երկրները դատաիրավական միջոցներ ձեռնարկեն նրանց դեմ, ովքեր միտումնավոր խախտում են համաձայնագրի դրույթները։ Մշակութային արժեքների պահպանման խնդրին անդրադառնում են նաև միջազգային իրավական այլ փաստաթղթեր, մասնավորապես՝ Միջազգային քրեական դատարանի հռոմեական օրենքը (ստատուտ), որը մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացումը համարում է պատերազմական հանցագործություն։

Մեծ կորուստներ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եվրոպական և հյուսիսամերիկյան երկրների հարստացմանը զուգահեռ, աճեց միջազգային արվեստի շուկայի ախորժակն արվեստի գործերի նկատմամբ (ներառյալ հնագիտական առարկաները)։ Միաժամանակ գիտական մեթոդաբանությունների (ներառյալ շերտագրական կորզումն ու գիտական վերլուծությունները) գործածության աճը նշանակում էր, որ հնարավոր էր դառնում ավելի մեծաքանակ տեղեկույթ վերականգնել հնագիտական վայրերի պատշաճ պեղումների միջոցով։ Հետևաբար, թալանը պատճառել է անցյալի մասին մեր գիտության ու պատկերացումների շատ մեծ կորուստ։ Վերջապես՝ աշխարհի մեծ մասում, հատկապես Աֆրիկայում ու Ասիայում, գաղութացման ավարտից հետո կազմավորված նոր պետությունները գաղութարար ուժերի պատճառով այդքան կորուստներ կրելուց հետո իրավական միջոցներ էին փնտրում պահպանելու իրենց երկրում այն, ինչ մնացել էր իրենց ժառանգությունից։

1970 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայնագիր

Ոգեշնչվելով հատկապես պրոֆեսոր Քլեմենսի Քոգինսի աշխատանքից, որն աշխարհի ուշադրությունը հրավիրեց մայաների ճարտարապետութան և ճարտարապետական մնացորդների ոչնչացմանը Կենտրոնական Ամերիկայում՝ համաշխարհային հանրությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ ստեղծեց 1970 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայնագիրը մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականացման արգելքի և կանխման միջոցների մասին՝ պայքարելու համար արվեստի գործերի, հնությունների և ազգագրական առարկաների ապօրինի առևտրի դեմ։ Այս համաձայնագիրն ապօրինի է համարում մշակութային արժեքների՝ իր դրույթներին հակասող ներմուծումը, արտահանումն ու սեփականացումը։ Որոշ երկրներ՝ օրինակ՝ Գերմանիան, Կանադան և Ավստրալիան, արգելում են ապօրինի արտահանված ցանկացած մշակութային առարկայի ներմուծումը։ Այլ երկրներ էլ, օրինակ՝ ԱՄՆ-ը և Շվեյցարիան, արգելում են ապօրինի արտահանված հնագիտական և ազգագրական նյութերի ներմուծումը, եթե կա հավելյալ երկկողմ համաձայնություն այդ երկրի և առարկայի ծագման երկրի միջև։
Բելի տաճարը, Պալմիրա, Սիրիա. լուսանկարվել է 2007 թ., ավերվել 2015-ին (լուսանկարը՝ Էրիկ Ալբերսի, հանրային սեփականություն)

Նոր վճիռներ ժամանակակից պատերազմների համար

Թե 2003-ի Ծոցի պատերազմը և թե Սիրիայի քաղաքացիական պատերազմը (2011-ից մինչ այսօր) հնագիտական հուշարձանների լայնածավալ ավերածությունների և թալանի հնարավորություններ ստեղծեցին։ Սիրիայի հակամարտության շրջանում ԻԼԻՊ-ը միտումնավոր ոչնչացրեց հնագույն կառույցներ Սիրիայի Պալմիրայում, Իրաքի Նինվեում, Նիմրուդում և այլ նորասորեստանյան հնավայրերում և առարկաներ Իրաքի Մոսուլի թանգարանում։ Հնավայրերի թալանն օգնեց ֆինանսավորելու ԻԼԻՊ-ի ահաբեկչությունն ու զինված հակամարտությունը և հավանաբար նաև Ասադի ռեժիմին Սիրիայում։
Ի պատասխան՝ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդը կայացրեց մի շարք վճիռներ՝ թելադրելով բոլոր անդամ երկրներին արգելել չփաստաթղթավորված հնագիտական և մշակութային նյութերի ներմուծումն ու առևտուրը Իրաքից ու Սիրիայից։ Այս վճիռները նոր ստանդարտ են հաստատել թալանված հնագիտական առարկաների շուկան վերահսկելու համար, գոնե զինված հակամարտության համատեքստում։ Այս իրադարձությունները նաև համաշխարհային հանրության ուշադրությունն են հրավիրել մշակութային ժառանգության թալանի ու ոչնչացման բացասական ազդեցությունների վրա և քաջալերել երկրներին հետագա քայլեր ձեռնարկելու մշակութային արժեքների ոչնչացումը կանխելու համար։
Հավելյալ աղբյուրներ
Kevin Chamberlain, War and Cultural Heritage: A Commentary on the Hague Convention 1954 and its Two Protocols (2nd ed., Builth Wells, UK: Institute of Art and Law, 2013).
C.C. Coggins, “Illicit Traffic of Pre-Columbian Antiquities,” Art Journal 29 (1969), pp. 94-114.
Patty Gerstenblith, Art, Cultural Heritage and the Law (3rd ed., Cary, N.C.: Carolina Academic Press, 2012).
Patty Gerstenblith, “The Destruction of Cultural Heritage: A Crime against Property or a Crime against People?,” John Marshall Review Intellectual Property Law 15 (2016), pp. 336-93.
Patty Gerstenblith and C.R. Smith, “Looting and the Antiquities Market,” Oxford Bibliographies in Classics, edited by Dee Clayman (New York: Oxford University Press, 2015).
M.P. Kouroupas, “Preservation of Cultural Heritage: A Tool of International Public Diplomacy,” in Cultural Heritage Issues: The Legacy of Conquest, Colonization, and Commerce, edited by James A.R. Nafziger and Ann M. Nicgorski (Leiden: Martinus Nijhoff, 2010), pp. 325-334.
K.E. Meyer, The Plundered Past (New York: Athenaeum, 1977).
M.M. Miles, Art As Plunder: The Ancient Origins of the Debate about Cultural Property (Cambridge: Cambridge Univ. Press, 2008).
P.J. O’Keefe, Protecting Cultural Objects: Before and After 1970 (Builth Wells, UK: Institute of Art and Law 2017).
J.F. Witt, Lincoln’s Code: The Laws of War in American History (New York: Free Press, 2012).

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: